Գինու գավաթը, ոչ ջրի ․․․

Գինու գավաթը կիսով չափ լի էր կամ կիսով չափ դատարկ․․․Գինու գավաթ էր, ոչ ջրի ․․․

Ամեն ինչ ավելի պարզ կլիներ, եթե գավաթում ջուր լիներ, բայց գավաթում, բարեբախտաբար կամ ցավոք, գինի էր․․․

Կյանքն էլ կիսով չափ լավը կամ կիսով չափ վատն էր թվում․․․

Ինչ-որ պահի թվում էր, թե ամեն ինչ դեռ առջևում է, իսկ ինչ-որ սարսափելի մղձավանջային պահերի թվում էր, թե ամեն ինչ անցյալում է և ոչինչ այլևս ուղղել հնարավոր չէ․․․

Իսկ իրականությունը ինչ-որ մի տեղ միջնամասում էր․ լավի ու վատի, արդարի ու անարդարի, չարի ու բարու, հարավի ու հյուսիսի, արևի ու լուսնի, սիրո և ատելության ․․․․ իսկ նա չէր սիրում հորիզոնների միջնակետ, նա գիտեր իր համար ցանկալի և իր կողմից ընդունելի հորիզոնը․․․

Ամբողջ էությունը արևի էր ձգտում, իսկ հիմա լուսնի ժամանակն էր, ամբողջ կյանքը բարու և արդարության պայքար էր մղել, իսկ պարզվել էր, որ ինչ-որ պահերի չարն էլ է հաղթում․․․ բարեբախտաբար ինչ-որ պահերի էր չարը հաղթում, ոչ միշտ, իսկ բարու հաղթանակը լինում էր ոչ շատ հաճախ, բայց երբեմն շռնդալից ու հավիտենական․․․ Եվ պատրաստ էր սպասել այս ոչ հաճախ, բայց շռնդալից ու հավիտենական պահին, քանի որ դա մարդկության գոյության հիմքն էր, մարդուն սովորական կենդանուց տարբերակող թերևս քիչ բնութագրերից մեկը՝ արդարության համար պայքարի մղումը ․․․

Անցյալում կորսված սեր էր մնացել, կիսատ բառեր ու ճիշտ պահին չժպտացած ժպիտներ, անցյալում պայքարներ էր անտեսել կամ ճակատամարտերից էր խուսափել, անցյալում կատարյալ բարությունն էր մնացել ու ամենակարողության հավատը․․․

․․․Իսկ առջևում հավասարակշռված արևն էր ու կյանքի ինչ-որ պահերի արդարի ոչ շռնդալից, բայց մեղմ հաղթանակը, քանզի արդարությունը երբեմն լռություն է նախընտրում և գալիս հանգրվանում է հանգիստ խղճի, հանդարտ քնի, մաքուր մտքերի և դեմքի տարբեր անկյուններում հոգատարության, սիրո և նվիրման արդյունքում ձեռքբերած կնճիռների անքակտելի հանգույցներում ․․․

Գինու գավաթը կիսով չափ լի էր կամ կիսով չափ դատարկ․․․Գինու գավաթ էր, ոչ ջրի․․․

Մաս 1․ Տիեզերքը

Եվ տիեզերական ինչ-որ պահի հանդիպել էին կատարյալ ներդաշնակության ձգտող և ներդաշնակությունից մշտապես խուսափող երկու մարդ․․․

Իսկ ներդաշնակությունը բացարձակ արժեք է և չի ընդունում սակարկվող ինքնախաբեություն։

***

Լվացվելիս հայացքը բարձրացրեց ու նայեց հայելուն ինքնաբերաբար, բնազդաբար, ակամայից, սակայն հանդիպեց սեփական աչքերին․․․

Հայելուն օրվա մեջ շատ անգամներ էր նայում շպարվելու, սանրվելու, մի քիչ ժպտալու համար, սակայն այդ պահին սեփական աչքերի մեջ տեսավ այն, ինչին դեռ պատրաստ չէր․․․

Ու արդեն տևական բնույթ կրող ինքնախաբեության փորձերը ձախողվեցին։ Փաստորեն բարձր գիտակցությունը, ճշտի ու սխալի սահմանումների ծանրութեթևը, բնատուր լրջության ու խոհեմության նոտաները իրենց խաղը տանուլ էին տվել։

Իսկ ինքը դրա մասին չգիտեր․․․ Ավելի ճիշտ, թվում էր, թե գիտեր․․․ բայց  իրականության հենց հակառակը ․․․

Մի վերջին թույլ և աղավաղված ճիգ գործադրեց՝ մտածելով, թե միգուցե այս հայելին էր սխալ լուսավորության տակ ․․․

Ինչ կարևոր է, թե ճշտի ու սխալի ինչ սահմանումներ կան, ինչ կարևոր է, թե խոհեմության ելևէջները ինչ էին պնդում․․․․ Կար արդեն բացահայտ ինչ-որ ճշմարտություն, որի հետ կռիվը չէր հաջողվել․ կար այն, ինչ կար․․․

Եվ հայելու միջոցով արտացոլված այդ նոր ճշմարտությունը թափանցել էր հոգու թաքնված անկյունները և բացել նոր հորիզոններ ․․․ ուղղակի «հայելին» դեռ չէր բացահայտում, թե դեպի ուր ․․․

Ներդաշնակ տիեզերք

Անցյալ կյանքից 😊

Ամեն ինչ շատ սովորական էր և հասկանալի․․․

Ինչ-որ տարվա ինչ-որ ամսվա ինչ-որ օր՝ օրացույցի սովորական օր․․․

Թվում էր, թե ամեն ինչ հանդարտ է և բնականոն․․․

Իսկ Աստված ժպտում էր ․․․

Առավոտյան հարդարանքի հաճելի ջանքեր․․․

Ցածր և հանգիստ բլյուզ, անդորր, որը ոչնչով չի խաթարվում․․․

Կրեմներ, օծանելիք, շպար, հարդարանք, ինչպես միշտ․․․

Նոր ջինսեր, նոր վերնաշապիկ, նոր գուլպաներ և նոր կոշիկներ ․․․ շատ սովորական․․․

Սիրելի ժակետ, փոքր պայուսակ ուսին, նեղլիկ փողոց ․․․

Շտապող մարդիկ փողոցում․․․ ինչպես միշտ․․․

Հանգիստ և հաճելի եղանակ․․․

Երկար սպասված հաղորդագրություն և երջանիկ ժպիտ․․․

Հանգիստ քայլվածք և հաճելի մտքեր․․․

Takeaway սուրճ և նվեր ստացած բլիթ սրճարանի աշխատակցից, ում այլևս չի հանդիպելու․․․

Շնորհակալ ժպիտ և երախտագիտություն առ Աստված․․․

Սիրելի զբոսայգի, գեղեցիկ շատրվան, շատրվանի շուրջ կանաչ աթոռներին նստած մարդիկ․․․

Ավազի վրա դեղին և նարնջագույն մեքենաներով խաղացող փոքրիկ տղա․․․

Կապույտ երկինք, կանաչ ծառեր և խոտ, երփներանգ ծաղիկներ և շնչող շենքեր․․․

Եվ Արև․․․

Եվ հորիզոնում այրվող Արև, որը տարածում էր իր գույնն ու էներգիան ամենուր և հասցնում բոլորին․․․

Միակ ազատ կանաչ աթոռը (message from God) որը նայում էր վառվող հորիզոնին․․․

Եվ պահը հավերժացնելու և ցմահ վայելելու անհագ ցանկությունը ․․․

Հաճելի զգացողություններից դժվարացած շնչառություն․․․

Այդ զգացողությունները կլանող հոգի և երջանկության համար շնորհակալ գիտակցություն․․․

Երջանկություն վայելող աշխարհ․․․

Ոչինչ սովորական չէր ․․․

Դա երջանկության կատարյալ վայելքի օրն էր․․․

Եվ Աստված ժպտում էր․․․

Անվերնագիր․․․

Բավական երկար ուշադիր հետևում եմ տեղի ունեցող իրադարձություններին, զարգացումներին և ընդհանրապես այս անհասկանալի աշխարհի արժեքներին․․․

Ցավալի իրականություն ունենք և վերջին արդեն չորս տարիների ընթացքում նույն վարքագիծն է հայը դրսևորում․ խնդիրներն ունենում են լուծման բազմաթիվ տարբերակներ, որոնցից հիմնականում նախապատվությունը տրվում է նրան, որում զոհում ենք ․․․ մարդկային արժանապատվությունը․․․․ Իմ կարծիքով մեր ժողովրդի մեծամասնությունը երբեք չի ունեցել արժանապատվության վեհագույն զգացողության հնարավորություն, այլապես կգիտակցեր, որ արժանապատվության կորուստը հավասար է մահվան ․․․․ Այդ իսկ պատճառով ինձ համար հիմա հայ ժողովուրդը չի ապրում՝ նա ինքնասպան է լինում ժամանակի մեջ․․․ Այլապես փողը և գոյությունը քարշ տալը չէին լինի ավելի կարևոր, քան հոգու ազատությունը և սեփական անձի արժանապատվությունը ․․․

Տարաբնույթ լավատեսական տեսություններ հիմա կպնդեն, թե պետք է լավը մտածել և հուսալ, թե հիմա մենք ունենք այնպիսի հարևաններ, ովքեր մեզ շատ են սիրում և ուզում են մեզ հետ բարեկամություն անել․․․ Այլ, երևի ավելի խելացի կամ ոչ խելացի մարդիկ բարձրախոսներով աղաղակում են, թե մեզ բիզնես է պետք անել մեր երեխաներին սպանելու հրաման տված և իրականացրած մարդկանց հետ, որ սովից չմահանանք․․․ Մեկ այլ ստվերային խումբ ֆեյսբուքում այլոց նկարների տակ թաքնված կարդում է բոլորի գրածները, նայում է ամեն բան, բայց այդ ընթացքում հեռախոսի էկրանին այնքան զգուշորեն է դիպչում, որ հանկարծ մի ավել գործողություն չնկատվի իր կողմից, հանկարծ իր զգուշավոր կյանքը չխաթարվի․․․ Սա անվերջ ցանկ է․․․

Ես մարդասիրությունը համարում եմ լրջագույն արժեք, և այն պետք է սերմանվի բոլորի մեջ և բոլորի նկատմամբ անկախ ռասայից, սեռից կամ ազգությունից․․․ բայց ես գիտեմ մի պարզ բան դեռ մանկուց․ եթե ինչ-որ մեկը քեզ վատություն է արել, հարաբերությունները լավացնել հնարավոր է միայն այն բանից հետո, երբ նա ընդունում է իր սխալը ․․․ հիմա մեր հարևաններն ասում են, որ իրենք ամեն բան ճիշտ են արել, ինչը նշանակում է, որ այդ ճիշտ բաներից նորից են անելու՝ չնայած ձեր վարդագույն ակնոցներին․․․

Արդյունքում ես հարցեր ունեմ թուրքասեր անձանց․ հարաբերությունները լավացնու՞մ եք, որ ի՞նչ լինի․․․ Փող աշխատե՞ք․․․ Ձեզ հիասթափեցնեմ․ դուք չեք աշխատելու․ իրենք են աշխատելու․․․․ որ լա՞վ ապրեք․․․ Դուք լավ չեք ապրելու այնքան ժամանակ, քանի դեռ ձեր վատ ապրելու մեջ մեղավորներ և արդարացումներ եք փնտրում․․․ որ ձեզ ասեն խաղաղասե՞ր․․․ աշխարհին հաղթողներ են պետք․․․ խաղաղություն մուրում են պարտվածները․․․

Եվ ինձ համար մի շատ ցավալի, բայց շատ արագ զարգացող փաստ․ թուրքերին կարծես թե ավելի շատ եք սիրում, քանի հայերին ․․․ Եվ ոնց որ թե արդյունքում հենց թուրքերի հետ էլ ապրելու եք․․․

… Արդեն սիրում էր աշունը ․․․

․․․ Նա սկսել էր սիրել աշունը ․․․

Անշուշտ, դա վկայում էր հասունանալու մասին կամ, եթե ավելի ճիշտ, լավ էլ, մեծանալու մասին․․․

Երեկոյան հանդիպեց առույգ և էներգիայով լեցուն մի երիտասարդի, ով դեմքի տհաճ արտահայտությամբ ասում էր, թե ինքը գարունն ու ամառն է սիրում, իսկ աշնանն ու ձմռանը անելիք չկա ․․․

Իսկ ինքն արդեն սիրում էր աշունը և հիշում էր հենց իր դեմքի նույն տհաճ արտահայտությունը աշնան մասին արտահայտվելիս նույն երիտասարդ տարիքում․․․

Սիրում էր գույները, սառնությունը, տաք և փափուկ հագուստ կրելը, տաք թեյը կամ տաք գլինտվեյնը անձրևի ժամանակ, բնության այն ներդաշնակությունը, որով նա գլորվում էր դեպի վերջ ․․․․

Այդ ձևական հասունությունը ոչինչ չէր նշանակում, քանի որ ինքն էլ էր գիտակցում, որ 18 տարեկանում ինքը շատ ավելի լուրջ էր, ուժեղ և շատ ավելի քիչ էր սխալվում, գիտակցում էր, որ արդեն հասուն տարիքում ավելի հաճախ է թույլ տալիս սխալներ, որոնք նույն 18-ում չէր անի ոչ մի դեպքում ․․․ Եվ թաքցնում էր այդ սխալներն իր մեջ թաքնված 18 տարեկանից նրա խոժոռ և դժգոհ դեմքից խուսափելու համար․․․

Դե, իհարկե, փոփոխություններ էլ կային․․․

Սիրված և վստահելի մարդկանց շրջանակն էր նեղացել, որտեղ մուտքը անհնար էր գրեթե, այլևս չէր պայքարում շատ սուրճ խմելու դեմ, համակերպվել էր ոչ կատարյալ լինելու հետ և շուտ էր իրեն ներում արած սխալների համար (18 տարեկան իր խոժոռ և դժգոհ դեմքից խուսափելով), գիտակցում էր, թե կյանքը որքան կարճ է և թե որքան անիմաստ զբաղմունք է կյանքի իմաստ փնտրելը ․․․

․․․ Եվ սկսել էր սիրել աշունը ․․․

Մեդիչիները

Մեդիչիների ընտանիքը ձեռք է բերել իր հարստությունը և իշխանությունը առևտրի և բանկային գործունեության շնորհիվ Ֆլորենցիայում 13-րդ դարում․․․ Մեդիչիների ընտանիքի բոլոր սերունդներին առանձնահատուկ էր մշակույթի և արվեստի ֆինանսավորումը․․․ Նրանց օրինական և անօրինական զավակներից 4-ը դարձել են Հռոմի պապ․․․

Սկսած 1430-ականներից՝ լուրջ իշխանություն է ստանում Կոզիմո Մեդիչին, որը անձամբ սիրում էր նկարել և սկիզբ է դնում Ֆլորենցիայում ճարտարապետական կոթողների կառուցմանը և արվեստի դպրոցների հիմնմանը․․․ Պատերազմին, սովին, սեփական բանկի սնանկացմանը և զրկանքներին զուգընթաց բոլոր հնարավոր աղբյուրներից շարունակել է մշակույթի և արվեստի ֆինանսավորումը․․․

Կոզիմոյի թոռը՝ Լորենցո Մեդիչին (Magnificent, Великолепный) Վերածննդի ժամանակաշրջանում Ֆլորենցիան դարձրեց մշակույթի կենտրոն, որն այդպիսինն է առայսօր․․․ Նա է եղել այն անձնավորությունը պատմության մեջ, որը լուրջ գումարներ է հատկացրել արվեստի այն դպրոցներին և կենտրոններին, որտեղ ձևավորվել են Սանդրո Բոտտիչելլին, Լեոնարդո Դա Վինչին և Միքելանջելոն ․․․

Մեդիչիների բոլոր սերունդները ունեցել են թշնամիներ․․․ Նրանցից յուրաքանչյուրին փորձել են սպանել, որոշներին նաև հաջողվել է սպանել ․․․

Լորենցո Մեդիչիին աստծո ձեռքով հաջողվել է փրկվել, երբ նրանց թշնամիները որոշել էին իրեն և հարազատ եղբորը Սուրբ Զատիկի օրը՝ նույն պահին, սպանել Ֆլորենցիայի Սանտա Մարիա Դել Ֆիորե մայր տաճարում․․․

Չնայած անհնարինությանը՝ Մեդիչիները ոչ մի վայրկյան չեն մտածել իրենց սիրելի քաղաքը թողնել, հեռանալու մասին և աշխարհին թողել են մշակույթ, արվեստ, պատմություն, երկիր ․․․

․․․ Մեդիչիները իրենց ժամանակաշրջանում հայտնի  էին՝ որպես բանկիրներ, իսկ մենք նրանց գիտենք՝ որպես արվեստի և մշակույթ մեկենասներ ․․․

Հ․Գ․ Մեր զարգացումը կսկսվի այն օրվանից, երբ հարուստ մարդիկ այնքան հարստանան և այնքան խելոքանան, որ գիտակցեն մշակույթի և արվեստի կարևորությունը պատմության կերտման մեջ․․․

Մեր կործանման արհավիրքը

․․․ Մեզ կործանեցին․

․․․ Մեր մեծամտությունը, թե իբր մենք բոլոր ազգերից լավն ենք․․․

․․․ Մեր ծուլությունը, ինչի պատճառով մեր տան քանդած պատերի պատասխանատուն էլ ենք ուրիշին համարում․․․

․․․ Մեր անգրագիտությունը, նորը չսովորելը, որը հանգեցրեց չքավորության և խավերի տարանջատման․․․

․․․ Տարբեր օղակների ղեկավարների բարդույթները, թե իրենցից խելացի չկա ու իրենք իրենց ենթականերին լսելու կարիք չունեն ․․․

․․․ Արգահատելի քծնանքն ու սողունությունը, որոնք փոխարինեցին արժանավոր և իմաստալից ամեն ինչին ․․․

․․․ Մեր ծանոթներին «տեղավորելը» տեղերում, որոնց իրենք ընդհանրապես չէին համապատասխանում ․․․

․․․ Մեր բամբասկոտությունը և այլոց կյանքի մեջ խցկվելը, հատկապես նրանց, ովքեր ավելի հետաքրքիր և ինքնաբավ կյանքով են ապրում ․․․

․․․ Մեր քաղքենիությունը, որը թույլ չէր տալիս տեսնել իրականությունը ․․․

․․․ Մեր անգրագետ և տհաճ մամուլը, որը ավտովթարի, բռնաբարության և մարդասպանության թեմաներից զատ շատ քիչ նյութ է տարածում ․․․

․․․ Մեր մշակութային սովը, որը մարդու անհատականությունը սպանեց և թողեց սննդի համար կոկորդ կրծող կենդանի ․․․

… Եվ «նորին մեծություն» նախանձը, անհուն նախանձը ․․․

Հ․Գ․ «Հիանում եմ» իրականում բազմաթիվ հայրենակիցներով, ովքեր լավատեսությամբ լեցուն են և համարում են, որ տեղի ունեցած արհավիրքները և տեղի ունեցող սրտխառնոց առաջացնող իրադարձությունները որևէ դրական տարր են պարունակում ․․․

Ես էլի լավատեսություն կունենայի, եթե այս մեկ տարվա ընթացքում չլսեի հրավառություններ, չտեսնեի «կյանքը շարունակվում է» հիմնավորման ներքո անթույլատրելի ճոխություններ, չտեսնեի թատերական բեմադրություններ մարդկանց տարբեր խմբերի համար, չիմանայի, որ զոհված զինվորի տան դիմաց աղաղակներով նախընտրական արշավներ են տեղի ունեցել․․․

Ես հույս կունենայի, եթե մենք ազգով առնվազն մեկ տարի մեզ լուրջ պահեինք ․․․

․․․ իսկ հիմա ես անհույս եմ և լավատես չեմ, և ես համարում եմ, որ ոչ մի հայ լավատես լինելու իրավունք այսօր չունի ․․․

Այսօր յուրաքանչյուր հայ գլխիկոր, օրական 20 ժամով աշխատելու, սովորելու, կրթվելու, մարզվելու, մտածելու, արարելու, ստեղծագործելու, իր վրա աշխատելու պարտականություն ունի ․․․

Մնացածի իրավունքն արդեն կորցրել ենք ․․․

․․․ Մեզ կործանեցին․

․․․ Մեր մեծամտությունը, թե իբր մենք բոլոր ազգերից լավն ենք․․․

․․․ Մեր ծուլությունը, ինչի պատճառով մեր տան քանդած պատերի պատասխանատուն էլ ենք ուրիշին համարում․․․

․․․ Մեր անգրագիտությունը, նորը չսովորելը, որը հանգեցրեց չքավորության և խավերի տարանջատման․․․

․․․ Տարբեր օղակների ղեկավարների բարդույթները, թե իրենցից խելացի չկա ու իրենք իրենց ենթականերին լսելու կարիք չունեն ․․․

․․․ Արգահատելի քծնանքն ու սողունությունը, որոնք փոխարինեցին արժանավոր և իմաստալից ամեն ինչին ․․․

․․․ Մեր ծանոթներին «տեղավորելը» տեղերում, որոնց իրենք ընդհանրապես չէին համապատասխանում ․․․

․․․ Մեր բամբասկոտությունը և այլոց կյանքի մեջ խցկվելը, հատկապես նրանց, ովքեր ավելի հետաքրքիր և ինքնաբավ կյանքով են ապրում ․․․

․․․ Մեր անգրագետ և տհաճ մամուլը, որը ավտովթարի, բռնաբարության և մարդասպանության թեմաներից զատ շատ քիչ նյութ է տարածում ․․․

․․․ Մեր մշակութային սովը, որը մարդու անհատականությունը սպանեց և թողեց սննդի համար կոկորդ կրծող կենդանի ․․․․

Հ․Գ․ «Հիանում եմ» իրականում բազմաթիվ հայրենակիցներով, ովքեր լավատեսությամբ լեցուն են և համարում են, որ տեղի ունեցած արհավիրքները և տեղի ունեցող սրտխառնոց առաջացնող իրադարձությունները որևէ դրական տարր են պարունակում ․․․

Ես էլի լավատեսություն կունենայի, եթե այս մեկ տարվա ընթացքում չլսեի հրավառություններ, չտեսնեի «կյանքը շարունակվում է» հիմնավորման ներքո անթույլատրելի ճոխություններ, չտեսնեի թատերական բեմադրություններ մարդկանց տարբեր խմբերի համար, չիմանայի, որ զոհված զինվորի տան դիմաց աղաղակներով նախընտրական արշավներ են տեղի ունեցել․․․

Ես հույս կունենայի, եթե մենք ազգով առնվազն մեկ տարի մեզ լուրջ պահեինք ․․․

․․․ իսկ հիմա ես անհույս եմ և լավատես չեմ, և ես համարում եմ, որ ոչ մի հայ լավատես լինելու իրավունք այսօր չունի ․․․

Այսօր յուրաքանչյուր հայ գլխիկոր, օրական 20 ժամով աշխատելու, սովորելու, կրթվելու, մարզվելու, մտածելու, արարելու, ստեղծագործելու, իր վրա աշխատելու պարտականություն ունի ․․․

Մնացածի իրավունքն արդեն կորցրել ենք ․․․

***

Նայում ես նրա աչքերին ու տեսնում ես կյանքի համար “անկարևոր” ցավ, անելանելի խուց, ելքի որոշման ճիգեր, ճչացող լռություն…
…Չէ, ճիշտ չեմ ասում…
…Լավ էլ լսում ես չարտաբերված ճչացող լռությունը… Շատ լավ էլ գիտես, թե ինչու այդ լռությունը ձայն չի դառնում… Եվ իրականում ինքդ էլ չէիր ուզենա լսել այն… Եվ իրականում հենց քո ձևական, իբր անմիջական, բայց իրականում թափանցիկ, սակայն անէ քարե պարսպով ժամանակավոր կանխում ես այդ լռության քեզ հասնելը… Դու չգիտես էլ, թե ինչ կանես, եթե հանկարծ պարիսպը փլվի և քեզ ձայն ուղղվի…
Այդ լռությունն էլ աներես դավաճանի պես սողոսկում է քո հորինած քարե պարսպի վատ ցեմենտված անցքերից ու սառնագույն քամու պես պարուրում քո ողջ էությունը… Մի պահ սարսռում ես ամբողջ մարմնով, հետո կծկվում են ուսերդ, հետո սիրտդ է ելքի ուղի փնտրում իր բանտախցից, հետո աչքերդ են խորունկ արտահայտություն ստանում, հետո մտածում ես ու մտածում, զգում ես ու զգում, հետո անընդհատ հարցնում ես “ինչու՞”, հետո՞…
Հետոն արդեն, ոնց կլինի…
Հետոն արդեն, ոնց կստացվի…
Հետոն արդեն լավ կլինի, որ լեցուն լինի այլ ձայներով, այլոց աչքերով…
Եվ, ի վերջո, հետո լավ կլինի լավ շինարար դառնաս, պարիսպդ ավելի ցեմենտես, ավելի որակյալ ցեմենտով, որ ոչ մեկի ճչացող լռությունը չլսես…

…Քեզ քո լռությունն էլ բավարար է…

Չէ, դա սեր չէր․․․

Դե, իհարկե, դա սեր չէր․․․

Նա վստահ էր․ ինքն իրեն քրքրել էր տարիներով և ինքն իրեն լավ էր ճանաչում, ինքնախաբեությունը երբեք չէր ստացվել, գիտեր իր զգացմունքները շատ լավ, սեփական սրտի զարկերի արագացումն ու դանդաղումը այլևս չէին զարմացնում․․․

Չէ, սա սեր չէր․․․

Սա հետաքրքրվածություն էր, կորստի անհանգստություն, քմահաճություն մի փոքր, զգացմունքային անհասկանալի մի կույտ, կենտրոնացած ուշադրություն կամ ուղղակի երկարատև ձանձրույթի և միապաղաղության բուժում․․․

Նրան դեռ մանկությունից թվացել էր, թե իր մոտ չի ստացվում ինքնախաբեությունը (այլոց խաբելն էլ առանձնապես լավ չէր ստացվում), թե ինքը ամեն ինչ լավ է տեսնում և հասկանում․․․

Առաջին հերթին տեսնում էր իրականությունը հոգով, ապրում էր լավը կամ վատը և հետո նոր փորձում դատողություններ անել․․․ Դատողություններն էլ միայն մեղմացուցիչ բնույթ էին կրում, որպեսզի, հնարավորության դեպքում, մարդկանց և կյանքը ավելի վառ ու դրական գույների մեջ տեսներ․․․ Իսկ վերջում՝ շատ հաճախ ներքին երկարատև քննարկումների արդյունքում խորը հոգոց էր հանում և նորից ու նորից ընդունում, որ ինքնախաբեությունը նրա «առավելություններից» չի եղել երբեք․․․

Տեսնում էր կեղծիքը, սուտը, իր հանդեպ անշահախնդիր սերն ու ուշադրությունը․․․

Սերն ու ուշադրությունը սովորական էին, կեղծիքն ու սուտը՝ աններելի ու մեղսավոր․․․

Նրան թվացել էր, թե ինքն իր մեջ գիտի ամեն ինչ․․․ Գիտի ամենակարևորը․․․ Ու գիտի միշտ․․․

․․․Եվ հիմա գիտեր, որ սա սեր չէր․․․

Ուղղակի, չգիտես թե ինչու, այս իրավիճակում բազմակետերը հենց սկզբից էին և ազդարարում էին լռություն․․․ Ավելի ճիշտ, միայն բազմակետեր էին․․․ Նա ինքն էլ ապշահար նայում էր սեփական խիստ կանոնակարգված կյանքի այդ կետին, որը սլանում էր դեպի ինչ-որ անվերջանալի խորություն, դեպի անհայտ սկիզբ և գոյություն չունեցող ապագա․․․

Չէ, դա սեր չէր․․․

Սերն այնպես չպիտի սկսվի, որ նրա վերջանալու ցանկությունը այսքան մեծ լինի․․․

Սերն այսքան «ոչ» և «հերքում» չպիտի ունենա, այսքան սառը չպիտի լինի եվ վերջապես այն այսքան սխալ չպիտի լինի․․․

Եվ նույնիսկ հիմա այս զգացմունքի սեր կամ չ-սեր լինելը չէր մեծ խնդիրը․․․

Այլ հարց էր առաջ եկել և չէր նահանջում․․․

Արդյո՞ք ինքն իրեն չի խաբում և չի խաբել շատ երկար․․․

Միգուցե ինքը ինքնախաբեության լրջագույն, արհեստավարժ «մասնագետներից» է եղել դեռ մանկությունից․․․ Եվ ինքնախաբեությունը օգտագործել է ոչ թե ի շահ սեփական անձի, այլ մյուսների պաշտպանության կամ արդարացման համար․․․

Իսկ, եթե սե՞ր էր․․․

Իսկ, եթե, իրոք, սխալվե՞լ էր, թե ինքնախաբեություն իր մոտ չի ստացվում․․․

Իսկ, եթե տարիներ շարունակ շատ այլ հարցերին է նույն վստահությամբ ներքին պատասխաններ տվել ու անցել առաջ այն համոզմունքով, որ ինքը ոչ ոքի չի խաբում, ուստի՝ իրեն էլ չի խաբում․․․

Եվ այդ հարցի պատասխանը դեռ չէր գտնում ո՛չ ներսում, ո՛չ դրսում․․․

Ներսում ճնշված փոթորիկ էր, դրսում՝ մեղմ անձրև ու սեթևեթող քամի․․․

Ներսում շրջապատին թողած բազմաթիվ հնարավորություններն էին, դրսում՝ կատարյալ անտարբերությունը․․․

Ներսում պաշտպանական վստահությունն էր, որ ամեն ինչ ճիշտ է, դրսում՝ հենց աչքի առաջ, օդում կախված օրորվող հարցականները և դրանց գրեթե բացահայտ, մի քիչ վախեցնող պատասխանները․․․

 

Ինքնախաբեությունը արդեն չգիտեր ստացվում է, թե ոչ, բայց տեսողությունից հաստատ երբեք չէր բողոքել․․․

Դեռ մանկությունից սկսած՝ տարբեր տարիքներում մի շարք բժիշկներ փաստաթղթավորել էին գրեթե կատարյալ տեսողությունը․․․