Archive | November 2016

Իմ Տիկնիկները

…Մի սպանեք Ձեր սերը, դուք երկրորդը էլ չեք ունենա…

art-vs-science-create-destroy-music-video

Գիտությունը հզոր ուժ է, մտքի և խելքի դրսևորում, առաջընթացի հնարավոր ուժ և անհերքելի գրավական: Լավ բան է, խոսք չկա… Ընդ որում՝ հիմնականում մարդիկ ավելի խելացի են համարում գիտնականներին, ովքեր գյուտեր են անում, հաջողությամբ լուծում են մաթեմատիկական խնդիրներ, հասկանում են, թե տիեզերքում, որ աստղը ինչ դիրքում է գտնվում, երբ է ջուրը սառույց դառնում, բենզինն ու կրակն ինչ են իրարից ստանում հրդեհ դառնալիս:

Արվեստը և մշակույթը բնականաբար զգացմունքային դրսևորման արդյունք են, մարդու զգացողությունների արտահայտում: Նկարիչը կամ կոմպոզիտորը արվեստի գլուխգործոց ստեղծելիս սովորաբար դրական կամ բացասական զգացմունքային պոռթկում է ապրում, ինչն էլ բացահայտ արտահայտվում է նրա ստեղծագործություններում:

Եվ բնականաբար միջին վիճակագրական անձը երկուսի կարիքն էլ զգում է, նրան առնվազն երկուսի արդյունքներն էլ անհրաժեշտ են և պետքական: Միգուցե մեկին մի քիչ շատ, մյուսին՝ քիչ, բայց դե երկուսի կարևորությունն էլ բացահայտ է:

Երևի բնական է, որ վերջին հարյուրամյակում գիտությունը տեխնոլոգիական պայթյունի տեսքով թուլացրել է մարդկանց սերը դեպի գեղանկարչությունը, գրականությունը և խորացրել է անպատասխան, բայց անդավաճան սերը դեպի բոլոր տեսակի էլեկտրոնային սարքերը և հեռահաղորդակցման միջոցները: Դե, ինչ խոսք, Wi-Fi-ի առկայությունը երջանկության բարձրագույն մակարդակի ապահովման պարտադիր պայման է, իսկ առանց Facebook չարիքի մի տեսակ լիարժեք չենք: Եվ ընդհանրապես կարևոր չէ, թե ով է դիմացդ նստած՝ սիրելի անձ, ընկեր, թե թշնամի, սիրում է քեզ, թե հանդուրժում, կարևորն այն է, որ դու ինչ որ հիմար սարքի ես նայում, ժպտում կամ նյարդայնանում: Եվ բոլորիս ուրախացնում է այն փաստը, որ Facebook-ում կարելի է ինչ-որ մեկի մասին տեղեկություններ ստանալ առանց մեզ նեղություն տալու, այսինքն՝ առանց զանգելու, առանց խոսելու, առանց հանդիպելու, և որ ամենասարսափելին է, առանց ցույց տալու, որ մենք ուզում ենք նրա մասին տեղեկություն ստանալ: Facebook-ի ակտիվ բնակիչներին, այդ թվում՝ ինձ, շատ է դուր գալիս այն փաստը, որ կոնկրետ ոչ ոք չի իմանում քո՝ նրա էջ կատարած այցելությունների մասին: Տեղեկատվություն ենք հավաքում և հավաքում՝ տարիներով, զգալի չափի և բարձր որակի, որպեսզի չօգտագործենք… Գիտենք, թե ով ինչ է ուտում, ինչ է խմում, որտեղ, ինչ տրամադրությամբ, ինչ շորերով, դե, իհարկե, «ում հետը» լրիվ քաղաքական տարր պարունակող տեղեկատվություն է, որից ածանցված՝ իրական կյանքում գիտենք ումից զգույշ լինել և որքան, կամ ումից նեղանալ, ինչի համար, չներել և չներել: Ոչինչ, որ նա այդպես էլ չի իմանում դրա մասին…

Եվ ինչ… Ի՞նչով ենք զբաղված, ի՞նչ ենք անում, ինչու՞ ենք անում… Զգացմունքներն ենք թաքցնում, փոփոխում, սպանում, քանի որ տարիներ շարունակ մեզ համոզել ենք, որ «կարևորը խելացի լինելն է, գիտությամբ զբաղվելը, իսկ զգացմունքները մեզ շեղում են ռացիոնալ լինելուց, ճիշտ որոշումներ կայացնելուց կամ ճիշտ ապրելուց»: Իհարկե, ճիշտ ապրելու տեսությունը բոլորս գիտենք, բայց հազարամյակների ընթացքում ոչ ոք այդպես էլ չխիզախեց հրապարակել, որ մարդիկ սովորեին ու միանման ճիշտ ապրեին: Ես հերքում եմ հայկական շատ ընդունելի «Ճիշտը մեկն է» ասացվածքը: Ցավոք, ամեն ինչ այդքան հեշտ չէ, և ճիշտն էլ մեկը չէ:

Ցավը նրանում է, որ ճիշտ ապրել չկա: Յուրաքանչյուր մարդ ապրում է այնքան և այնպես, ինչքան և ինչպես նրա խիզախությունը ներում է (արդարացումները հիմնավորումներ չեն): Եվ հիմա գիտությունը մեզ ապահովել է հրաշալի գործիքներով, որոնք մեզ հնարավորություն են տալիս արդարացնել մեր խիզախության բացակայությունը՝ արտահայտելու մեր զգացմունքները, վայելելու դրանք կամ կրելու դրանց հետևանքները:

Հիմա ասածս ինչ է… Գիտությունը մեր շատ խնդիրներ է լուծել, հեշտացրել է կյանքն էականորեն, բայց դրա փոխարեն մեզանից ստացել է աննկարագրելի բարձր գին: Մենք անդառնալի և չգիտակցված զոհաբերություն ենք արել. մենք թույլ ենք տվել միանման դարձնել մեր զգացմունքները, միտքը, դառնալ ինքնակամ տեխնոլոգիական ստրուկ, ում հաճելի է այդ դերը և արդարացված: Բոլորս սիրում ենք նույն կերպ, արտահայտում կամ չենք արտահայտում մեր լավ ու վատ զգացմունքները և հիմա ավելի հեշտորեն արդարացնում ենք մեր խիզախության բացակայությունը: Չենք խիզախում ապրել, բայց հերոսաբար նայում ենք՝ ինչպես են ապրում ուրիշները…եվ ավել ոչինչ չենք անում:

Պետք է անել: Լսենք հաճելի երաժշտություն, կարդանք որակյալ գրականություն, չվախենանք մտածելուց մեր զգացմունքների մասին, մեզ հարցեր տանք մեր զգացմունքների մասին և պատասխանելիս չխաբենք ինքներս մեզ. մեր մեջ նախանձը կոչենք նախանձ (չխաբենք մեզ «ես նախանձ մարդ չեմ» հայտարարություններով), սերը՝ սեր, ատելությունը՝ ատելություն, հիացմունքն էլ հիացմունք: Եվ բուժենք մեր արատավոր զգացմունքները, իսկ հաճելի զգացմունքներն արտահայտենք ճիշտ պահին և ճիշտ տեղում:

Երբ Facebook-ում տեսնում ենք մեր հին ընկերոջ, գործընկերոջ, բարեկամի կամ առավել ևս նոր հաճելի ծանոթի նկար և ժպտում ենք, ապա պետք է զանգել, շփվել, հանդիպել, ժպտալ իրական, ժպտալ հենց այդ մարդուն, քանի որ այդ ժպիտը և ժպիտով լեցուն հայացքը պատկանում է այդ մարդուն: Առնվազն հիմարություն է բնական բարի ժպիտը թաքցնել գիշերվա մթում՝ էլեկտրոնային ինչ-որ անհաղորդ հիմար սարքի առկայծող լույսի և սեփական կոկորդից մինչև թոքերը սահող, արդեն ցավալիորեն անհասկանալի և անծանոթ զգացմունքի հատման կիզակետում:

Հ.Գ.  Գիտությունը խելոքացել է, բայց մենք չենք խելոքացել… Սպանում ենք զգացմունքները, որ խելոք երևանք…

 

Խնձորը

20653742-three-yellow-apples-isolated-on-white-background-stock-photo

Եվ Երկիրն ինչպես միշտ պտտվում էր իր առանցքի շուրջ նույնիսկ այդ օրը…

Դասամիջոցի ընթացքում տարրական դպրոցի միջանցքներն, ինչպես միշտ, աղմկոտ էին, և երեխաները վազվզում էին, հրում միմյանց, բարձր ծիծաղում` չնայած ուսուցիչների` նրանց ուրախությանը խոչընդոտող բղավոցներին և դիտողություններին: Դասերի ընթացքում մանուկների մեջ կուտակված էներգիան և ակտիվությունը դուրս մղելու կարճ ակնթարթներն օգտագործվում էին հնարավորինս արդյունավետ, քանի որ նրանք միաժամանակ վազում էին, ծիծաղում, արտահայտում տվյալ պահի համար խիստ կարևոր մտքեր` ուշադրության տակ պահելով մրցակիցներին: Եվ հանկարծ տեղի ունեցավ այն, ինչ մշտապես հիասթափություն էր առաջացնում խիստ երիտասարդ սերնդի բոլոր ներկայացուցիչների մեջ: Հնչեց զանգը` ահազանգելով նրանց անազատության` դասի սկիզբը: Իհարկե, դա ոչ միայն չարգելակեց վազքի արագությունը, այլ միանգամայն հակառակը` վազորդներն ավելի արագ սկսեցին վազել` վերջնակետը հատելու մարմաջով: Ուսուցիչներին անհրաժեշտ եղավ ևս հինգ րոպե իրենց աշակերտներին ամբոխից գտնելու, սաստելու և դասարանում տեղավորելու համար, այնուհետև դպրոցի միջանցքները ամայացան` որոշակի կարճ ժամկետով հանգստանալու և նորից ապագայի հույս հանդիսացող սերնդի կողմից ոտնակոխ լինելու նպատակով:

Երրորդ Ա դասարանի միջին աշակերտը ոչնչով չէր տարբերվում միջանցքում վազող երեխաներից: Նա էլ էր վազում, բարձր ծիծաղում և հրում համադասարանցիներին: Եվ հիմա ևս, ինչպես բոլորը դպրոցում, երրորդ Ա դասարանի աշակերտները նստած էին իրենց նստարաններին` մաթեմատիկայի գանձերի ուսումնասիրության նպատակով: Այդ երեխաներին այդքան էլ չէր հետաքրքրում մաթեմատիկան, քանի որ նրանց շնչառությունը նոր էր կարգավորվել դասամիջոցյան մարաթոնից հետո: Իսկ նրանցից յուրաքանչյուրի ծնողն իր աշխատավայրում սրտատրոփ սպասում էր իր առանձնահատուկ երեխայի աշխարհալուր հաջողություններին ուսման մեջ:

Երրորդ Ա դասարանի աշակերտ Վաչեի ընտանիքը ևս շատ լուրջ ակնկալիքներ ուներ իրենց որդու ապագայի առնչությամբ: Դեմ չէին լինի հատկապես բնական գիտություններում որդու կայացմանը և դրսևորմանը, մանավանդ, որ հայրական գեներում առկա էր հակվածությունը դեպի մաթեմատիկան և ֆիզիկան: Այնուամենայնիվ, Վաչեն մանկուց դրսևորվում էր նկարչության և ձեռքի աշխատանքների բնագավառում:

Նրանց ընտանիքը շատ լուրջ էր վերաբերվում երեխայի` “ՄԱՐԴ” դառնալու բոլոր կարևոր հանգամանքներին: Դեռ շատ փոքրուց նա դաստիարակվել էր նույնիսկ փոքր քաղցրավենիքը ընտանիքի բոլոր անդամների մեջ կիսելու մոդելով (չնայած միշտ տեսնում էր, որ արդյունքում ընտանիքն ամենամեծ կտորը իրեն է զիջում): Այս մոդելը նրան խնդրահարույց էր թվում սկզբում, քանի որ ամբողջական քաղցրավենիքի նկատմամբ գայթակղությունը մեծ էր, և նա չէր հասկանում, թե ինչպես կարելի է փոքր քաղցրավենիքը կիսել ընտանիքի բոլոր անդամների մեջ և թե ինչ օգուտ բերեց պապիկին մեկ փշուր քաղցրավենիքը: Չնայած այդ ամենին` Վաչեն յուրաքանչյուր անգամ առաջարկում էր կիսել իրեն հասած ամեն ինչը…

Եվ Երկիրն ինչպես միշտ պտտվում էր իր առանցքի շուրջ նույնիսկ այդ օրը…

Մաթեմատիկայի դասն էր… Ուսուցչուհին բացատրում էր բազմապատկման ինչ-որ կանոններ, հարցեր էր տալիս աշակերտներին: Ոմանք մեծ հաճույքով բղավում էին պատասխանները, ոմանք, իմանալով պատասխանները, ձեռնպահ էին մնում արտահայտվելուց, որոշներին ընդհանրապես չէին հետաքրքրում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ մի խումբն էլ կուզենար իմանալ պատասխանները, բայց չգիտեր:

…Վաչեն տվյալ պահին հիշել էր ամառանոցի պարտեզում իր կողմից հողից պատրաստված գնդիկը և մտածում էր, որ մյուս անգամ ամառանոց գնալիս այդ գնդիկը պետք է վերափոխել ինչ-որ կենդանու, որին միայն ինքն էր ճանաչում: Ժամանակ առ ժամանակ լսում էր ուսուցչուհու և համադասարանցիների արտահայտությունները, լսելիս հասկանում էր, բայց չէր մասնակցում դասին: Հանկարծ հիշեց, որ մայրիկն առավոտյան իր համար նախատեսել է սննդի պաշար (այդ օրը` հաց, պանիր, երշիկ և որ ամենագրավիչն էր` կտրտած և իր կողմից շատ սիրելի խնձոր) և այն պահեստավորել պայուսակի համապատասխան մասնաբաժնում: Դա նրանց ընտանիքում հատուկ միջոցառում էր, որի ականատեսն էր եղել Վաչեն դեռևս այն ժամանակ, երբ նրա ավագ քույրն էր դպրոց հաճախում: Հիմա մայրիկը նույնատիպ պաշար էր հատկացնում և քրոջը, և իրեն, սակայն կար մի առանձնահատուկ և տարերային տարբերություն` քրոջը երբեմն նաև փող էին հատկացնում, քանի որ  նա մեծ էր, իսկ ինքը` ոչ:

Դաստիարակչական այս միջոցառումն ուղղակի չէր իրականացվում: Այն նպատակ ուներ, որքան հնարավոր է, երեխային հեռու պահել փողի հետ առնչվելու փաստից, քանի որ երեխան պետք է ունենա սեփական ձեռքբերումներ (թեկուզ հողե գնդիկի տեսքով), այլ ոչ թե մտածի դրանք գնելու մասին: Մարդու դաստիարակության տարբեր առաջնորդներ միգուցե կբանավիճեին այս մեթոդի շուրջ, սակայն տվյալ երեխայի դաստիարակության հենքերից մեկը դա էր: Եվ այդ օրը ևս նա ուներ տանից բերված ուտելիք, որին սպասում էր արդեն մոտ քսան րոպե` հիշելու պահից սկսած: Իհարկե, ավելի շատ գրավում էր խնձորի փաստը, որը շատ էր սիրում, բայց ախր ըստ “ճշմարտության” տեսության խնձորն էլ պետք է ուտեր հաց ու պանիրից հետո:

  • 45*5 հավասար է ….,- հարցրեց ուսուցչուհին, և հնչեց Վաչեի կողմից երկար սպասված զանգը և արդեն ինչ կարևոր է, թե ինչի է հավասար 45*5-ը:

Երեխաները վազեցին միջանցք` վայելելու իրենց ազատ րոպեները, իսկ Վաչեն որոշեց զոհաբերել վազքի հնարավորությունը և ուտել մայրիկի դասավորած սնունդը ճիշտ հերթականությամբ: Դասարանում այդ պահին ոչ ոք չկար, ինչը նպաստեց, որ ուտելիքի ոչնչացումը մեծ ախորժակով իրականացվի: Մոտ երեք րոպե անց արդեն խնձորի վերջին կտորն էլ չկար, բայց Վաչեն գոհ էր և նույնիսկ պատրաստ էր ռուսերենի դասին: Հավաքեց սեղանից ավելորդ իրերը, դասավորեց ռուսերենի դասի համար անհրաժեշտ բոլոր պարագաները և դեռ ուներ մի քանի ազատ րոպե: Չէր ուզում դուրս գալ միջանցք, քանի որ չէր հասցնի վազվզել, բացի այդ խիստ գոհ էր իր անցկացրած նախորդ րոպեներից: Սկսեց ուշադիր նայել մորաքրոջ նվիրած գրչի վրայի պատկերներին, որոշեց դրանցից մի քանիսը նկարել երեկոյան, երբ, իհարկե, բոլոր դասերն արած կլինի: Նույնիսկ հիշեց, որ ռուսերենի դասը շատ լավ էր սովորել և որոշեց անպայման պատասխանել` առանձնանալով ընկերներից (քանի որ գիտեր, որ ռուսերեն լավ է խոսում):

Նման մտորումներն ընդհատվեցին բարակ և դողացող ձայնով: Վաչեն պտտվեց և տեսավ համադասարանցի մի աղջկա, ով ամաչկոտ հայացքով իրեն հարց էր ուղղում: Այդ հարցը ինչ-որ չափով Վաչեի համար հասկանալի դարձրեց “նույնիսկ փոքր քաղցրավենիքը ընտանիքի բոլոր անդամների մեջ կիսելու” գաղափարը և, ամենայն հավանականությամբ, փոխեց ինչ-որ բան նրա մեջ ապագայի համար ևս:

Աղջնակը հարցնում էր, ընդ որում` հարցնում էր շատ ցածր և վախեցած.

  • Ուտելու ինչ-որ բան ունե՞ս:

Վաչեն հիշեց խնձորը:

Այս պահին դաստիարակության մեթոդները չխոսեցին նրա մեջ, նա ինքը կուզենար կիսել իր ուտելիքը, մասնավորապես` խնձորը, որն արդեն չկար: Մի պահ փոքր մարմնում մեծ հոգին չտեղավորվեց, տակնուվրա եղավ, ուզեց դուրս պրծնել ուտելիքի որոնման համար, բայց պետք էր ինչ-որ բան ասել.

  • Նոր կերա…,-կմկմաց…

Աղջկա հայացքն ավելի տխուր և հուսահատ դարձավ, քանի որ նա միշտ տեսնում էր Վաչեի սննդային և աղանդերային պաշարները, որոնք այսօր, ավաղ, սպառված էին: Աղջիկը մտածեց, որ ինքն ուղղակի հաջողակ չէ (աղջկական մտածելակերպ), ուսերն ակամայից վեր բարձրացան, պտտվեց դանդաղորեն և հեռացավ:

Եվ Երկիրն ինչպես միշտ պտտվում էր իր առանցքի շուրջ նույնիսկ այդ օրը…

Դասի սկիզբը “ավետող” զանգը հնչեց և ռուսերենի դասը սկսվեց:

Ռուսերենի դասին ներկա Վաչեն էապես տարբերվում էր մաթեմատիկայի դասին ներկա Վաչեից: Դրանք միանգամայն տարբեր էակներ էին: Հիմա չէր էլ հիշում, որ դասը լավ էր սովորել, որ ուզում էր պատասխանել և առանձնանալ ընկերներից: Նա անընդհատ հիշում էր իր` ախորժակով կերած խնձորը և նիհարիկ աղջկա վեր բարձրացած ուսերը: Արտաքուստ դա դրսևորվում էր երեխայի անհանգստությամբ, ով չի ուզում հանգիստ նստել, անընդհատ շարժվում է և կողքերը նայում: Խնդիրը լուծում էր պահանջում. փոքր մարմինը չէր տանում իր իսկ մեծ հոգին: Մարմինը հանդուրժեց ալեկոծված հոգին մոտ տաս րոպե, այնուհետև վրա հասավ խնդրի լուծման վերաբերյալ որոշման կայացումը: Տիեզերքում քիչ է պատահում, երբ զգայական և մտածողության մակարդակներն այդքան համահունչ են գործում և արդյունքի են հանգեցնում: Աչքերը փայլեցին, սիրտն արագ բաբախեց և ձեռքը ակամայից բարձրացավ: Ուսուցչուհուն թվաց, թե դաս է ուզում պատասխանել, բայց տղան պատճառաբանեց, թե դուրս գալ է ուզում դասասենյակից: Ուսուցչուհին առանց երկար մտածելու համաձայնվեց և շարունակեց իր դասը: Նա չգիտեր, թե այդ պահին ինքն իր համաձայնությամբ ինչ արարքի է նպաստում:

Վաչեն դուրս պրծավ դասասենյակից և, օգտագործելով վազքի բնագավառում բակում, ամառանոցում և դասամիջոցների ընթացքում ձեռքբերված փորձը, հասավ դպրոցում աշխատող պապիկի աշխատասենյակը և ներխուժեց վայրենաբար: Պապիկը վախեցավ մի պահ, սակայն, լսելով թոռնիկի խնդրանքը, հանգստացավ: Առանց խորանալու սիրելի թոռնիկի խնդրանքի պատճառների մեջ (այդ պահին պապիկը չէր հիշում նրա նկատմամբ կիրառվող դաստիարակչական մեթոդների բուն էությունը և նպատակը)` կատարեց այն:

Վայրկյաններ անց Վաչեն կանգնած էր դպրոցական կաֆետերիայի դրամարկղի մոտ, որտեղ նրա հասակը չէր էլ ներում տեսնելու ցուցադրված ամեն ինչը: Նույն պահին կաֆետերիայի աշխատակիցը գորովանքով նայում էր կոլեգայի թոռնիկին` մտածելով, որ նա սոված է: Հարցրեց.

  • Ի՞նչ ես ուզում, տղա՛ս:
  • Կարկանդակ,- հնչեց հպարտ պատասխանը:

Միասին ընտրեցին նորաթուխ կարկանդակներից ամենամեծը և ամենագեղեցիկը, որը տեղավորեցին փաթեթի մեջ: Պապիկից ստացված փողը հպարտությամբ փոխանցեց գանձապահին, սակայն նույն պահին մտածեց, թե մայրիկը ինչ կասեր, եթե իր ձեռքում փող տեսներ: Միգուցե դժգոհ լիներ, բայց չէ որ այս պահին փողը պետք եկավ, այն էլ ինչքան (հետաքրքիր է` մայրիկը ինչու՞ փող չի սիրում): Որոշեց չասել մայրիկին այս իրադարձության մասին, հետո մտածեց, որ պապիկը կասի, հետո… ուրիշ բաներ մտածեց և որոշեց այդ պահին դրա մասին չմտածել: Նա ավելի կարևոր գործ ուներ…

Մինչև դասարան քայլեց ավելի հանգիստ, քանի որ հոգին հանդարտվել էր: Հոգին արդեն իր կարողացածն արել էր: Հասավ դասարան, կամացուկ բացեց դուռը և սահեց մինչև իր նստարանը: Դասի ավարտին քիչ էր մնացել, բայց ինքն արդեն չէր անհանգստանում:

  • “Окно” пишется через “О”,- ասաց ուսուցչուհին, և աստեղային զանգը հնչեց:

Բոլոր երեխաները համախմբված դուրս վազեցին: Դասարանում մնացին երկուսը: Այս անգամ ամաչկոտ մոտեցողը Վաչեն էր, քանի որ նա չէր հասկանում, թե իր արարքը ինչպիսինն է և ինչ գնահատական կստանա աղջկա և հետո նաև մայրիկի կողմից: Մոտեցավ աղջկան և կամացուկ դիպավ ուսին: Աղջիկը պտտվեց և նրա հայացքը կրկին դարձավ տխուր: Վաչեին տեսնելով` հիշեց, որ սոված է և ուտելու ոչինչ չկա: Հարցական հայացքով շարունակում էր նայել, երբ Վաչեն տատանվելով փաթեթից հանեց աշխարհի ամենագեղեցիկ կարկանդակը:

  • Սա քեզ,- կարողացավ արտաբերել դժվարությամբ:

Աղջկա հայացքն ավելի հարցական դարձավ: Չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Մի կողմից` արդեն համակերպվել էր իր անհաջողակ լինելու գաղափարի հետ, մյուս կողմից` իրեն դուր էր գալիս նաև հաջողակ լինելու տարբերակը (ուղղակի նա չէր կարողանում հավատալ, որ կարելի է լինել այդքան հաջողակ): Եվ, զգացմունքային տարբեր վայրիվերումների արդյունքում հարցրեց.

  • Ամբո՞ղջը, թե՞ կեսը (ամենայն հավանականությամբ աղջկա ընտանիքում էլ էր հարազատների մեջ “բարիքները կիսելու” գաղափարախոսությունը տիրում):
  • Ամբողջը,- հնչեց խրոխտ պատասխանը:

Աղջնակը մտածեց, որ նման բան աշխարհում միայն իր հետ կարող է պատահել (կրկին աղջկական մտածելակերպ) և վերցրեց հոգեկան պոռթկումների ծնունդ հանդիսացող կարկանդակը: “Շնորհակալությունը” բառացի չհնչեց, քանի որ այն, վերածվելով երախտագիտության և երջանկության համերաշխ միացության, արմատացել էր աղջկա հոգում և իր արտացոլումը գտել նրա մուգ մոխրագույն աչքերում:

Վաչեն չէր էլ սպասում “Շնորհակալություն” բառին, քանի որ չէր սպասում:

Նա դեռ մտածում էր, որ ավելի լավ կլիներ, եթե խնձորի վերջին կտորը պահած լիներ…

 

Եվ, Երկիրն ինչպես միշտ պտտվում էր իր առանցքի շուրջ նույնիսկ այդ օրը…

 

Իմ ամենամեծ արժեքը

17457932_10212855768454015_3727561834841526098_n

Կա մի խնդիր, որի հետ առնչվում եմ ցավոք ամեն օր։ Դա հայրենիքիս նկատմամբ սիրո բացակայությունն է և նրա նկատմամբ արհամարհանքը հայրենակիցներիցս շատերի կողմից: Անշուշտ, շատերն են խոսել, գրել, երգել և ի վերջո մտածել հայրենասիրության մասին, բայց դասական սահմանումները շատ հաճախ չեն բավարարում հոգու մղումներին և չեն լուծում այն խնդիրը, որն արմատացած է շատերիս բանականության մեջ: Եվ այսօր ես որոշեցի գրել իմ զգացած հայրենասիրության մասին, փորձել տալ հայրենասիրության իմ սահմանումը, որը հուսով եմ փոքր-ինչ կփորձի լուծել խնդիրը…առնվազն ինձ համար…առնվազն այսօր…

Հայրենասիրության մարմնացում Գարեգին Նժդեհի պնդմամբ. “Հոգեբանորեն անհայրենիք է նա, ով պատրաստ չէ ամեն վայրկյան մեռնելու իր հայրենիքի համար”… Միանշանակ ես դեռ Նժդեհ չեմ, և, անկեղծ ասած, չեմ էլ հանդգնում ասել, որ վաղը կլինեմ, ուղղակի կարող եմ պնդել, որ ինձ հաճելի է գիտակցել, որ կան մարդիկ աշխարհում, ում համար հենց սա է հայրենասիրությունը և որ հայրենիքն ավելի բարձր արժեք է, քան ավելի տաք տանը բնակվելը: Նման մարդկանց եմ շնորհակալ այսօրվա Հայաստանի գոյության համար, ընդ որում` բազմաթիվ անձանց կողմից հայրենիքի նկատմամբ սերն է այն հստակ ուղին, որը երաշխավորում է Հայաստանի կայուն ապագան և զարգացումը: Ինչպես որ մեր երեխայի նկատմամբ սերն է նրան դարձնում հասարակության լիարժեք և կայացած անդամ, այնպես էլ հայրենիքի նկատմամբ առողջ սերը կարող է նրան վերածել աշխարհի հզոր տերություններին համարժեք մասնիկի:

Այնուամենայնիվ, ես գտել եմ Նժդեհի հայրենասիրության մեկ այլ, ավելի մեղմ և եսասիրական սահմանում, որտեղ մահվան մասին ոչինչ չկա: Այն իմ հոգեկան մղումների հետ համահունչ է այնքան, որ ինձ թվաց, թե ես լսել եմ դա ներքուստ: “Ես և հայրենիքս – մենք լծորդված ենք իրար` ինչպես հոգի և մարմին, ինչպես նպատակ և միջոց. Նա գերագույն նպատակ է, ես` միջոց:”

Ես ինձ հայրենիքիս մի մասնիկն եմ զգում, որի կայունությունը կարևոր է ամբողջության համար: Ես ինձ հայրենիքիս գոյության պարտադիր պայման եմ համարում, քանի որ ես նրա զավակն եմ և նրա ներկայացուցիչը աշխարհում: Եվ ուզում եմ, որ իմ շրջապատում ապրող բոլոր մարդիկ այդպիսի զգացում ունենան և իրենց զարգացումը պարտադիր համարեն ոչ միայն իրենց, իրենց ընտանիքների, այլև իրենց հայրենիքի համար:

Հայրենիքի նկատմամբ սերն ինձ համար ընդգծվում է հատկապես հայրենիքից դուրս: Աշխարհի այլ վայրերում մշակույթի և արվեստի ամենագեղեցիկ, տպավորիչ գործերն ինձ համար աշխարհընկալման մի տարր են, գիտելիք, տեղեկատվություն, նորություն, հանգստի ձև, որը մինչ այդ չէի տեսել և գնահատել:

Հայրենիքիս լքված եկեղեցիներն ու վայրերը ինձ հոգու նոր շունչ են տալիս և ստացած զգացողություններն անհամեմատելի են ցանկացած այլ զգացողության հետ… Դրանք հոգեկան են ու մտավոր, դրանք բնական են ու անթաքույց: Հայաստանի ծառերն են ինձ անկրկնելի թվում, Հայաստանի դեղձի և ծիրանի համն է ինձ ուրիշ թվում, Հայաստանում աճող վարդերն եմ ես սիրում, հայ մարդու հետ շփվելիս եմ ես ինձ տանը զգում…

Այս ամենի արդյունքում ես գիտակցում եմ մի պարզ բան. Ես ավելի երջանիկ վերադառնում եմ Հայաստան, քան մեկնում եմ Հայաստանից: Եվ դա ոչ այլ ինչ է, քան հայրենասիրություն:

Եվ ես ուզում եմ տեսնել իմ բոլոր հայրենակիցներին այդպիսին. լինել կապված այն հողի ու ջրի հետ, որոնցից նրանք կյանք են ստացել ու սնվել: Այդ հողն ու ջուրը թող միշտ թվան գերբնական, անկրկնելի, միակ, ոչ թե այն բանի համար, որ, իրոք, անկրկնելի են, այլ որովհետև դրանք մերն են, մենք նրանց ենք սովոր, ու դա ենք տեսել մեր ծննդյան օրվանից: Դրա մեջ ոչ մի փիլիսոփայական տարր չկա. դա մարդ արարածն է, ով սիրում է իր տունը, իսկ հայրենիքը մեր տունն է, և մենք բոլորս ունենք այս պահին մեկ տուն: Մեր հայրենիքը զարգացնելու միակ նախադրյալը այն սիրելն է և նրան չփնովելը:

Ինչպես ընտանիքի անդամներին ենք մենք սիրում անկախ նրանց բնավորության գծերից, այնպես էլ հայրենիքը պետք է սիրենք անկախ նրա ճանապարհների որակից, տրանսպորտի և կապի ենթակառուցվածքից, սպասարկման որակից և ձևից, քանի որ հայրենիքը վայր է, իսկ մնացածը մենք ենք կառուցում կամ չենք կառուցում: