Իմ ամենամեծ արժեքը

17457932_10212855768454015_3727561834841526098_n

Կա մի խնդիր, որի հետ առնչվում եմ ցավոք ամեն օր։ Դա հայրենիքիս նկատմամբ սիրո բացակայությունն է և նրա նկատմամբ արհամարհանքը հայրենակիցներիցս շատերի կողմից: Անշուշտ, շատերն են խոսել, գրել, երգել և ի վերջո մտածել հայրենասիրության մասին, բայց դասական սահմանումները շատ հաճախ չեն բավարարում հոգու մղումներին և չեն լուծում այն խնդիրը, որն արմատացած է շատերիս բանականության մեջ: Եվ այսօր ես որոշեցի գրել իմ զգացած հայրենասիրության մասին, փորձել տալ հայրենասիրության իմ սահմանումը, որը հուսով եմ փոքր-ինչ կփորձի լուծել խնդիրը…առնվազն ինձ համար…առնվազն այսօր…

Հայրենասիրության մարմնացում Գարեգին Նժդեհի պնդմամբ. “Հոգեբանորեն անհայրենիք է նա, ով պատրաստ չէ ամեն վայրկյան մեռնելու իր հայրենիքի համար”… Միանշանակ ես դեռ Նժդեհ չեմ, և, անկեղծ ասած, չեմ էլ հանդգնում ասել, որ վաղը կլինեմ, ուղղակի կարող եմ պնդել, որ ինձ հաճելի է գիտակցել, որ կան մարդիկ աշխարհում, ում համար հենց սա է հայրենասիրությունը և որ հայրենիքն ավելի բարձր արժեք է, քան ավելի տաք տանը բնակվելը: Նման մարդկանց եմ շնորհակալ այսօրվա Հայաստանի գոյության համար, ընդ որում` բազմաթիվ անձանց կողմից հայրենիքի նկատմամբ սերն է այն հստակ ուղին, որը երաշխավորում է Հայաստանի կայուն ապագան և զարգացումը: Ինչպես որ մեր երեխայի նկատմամբ սերն է նրան դարձնում հասարակության լիարժեք և կայացած անդամ, այնպես էլ հայրենիքի նկատմամբ առողջ սերը կարող է նրան վերածել աշխարհի հզոր տերություններին համարժեք մասնիկի:

Այնուամենայնիվ, ես գտել եմ Նժդեհի հայրենասիրության մեկ այլ, ավելի մեղմ և եսասիրական սահմանում, որտեղ մահվան մասին ոչինչ չկա: Այն իմ հոգեկան մղումների հետ համահունչ է այնքան, որ ինձ թվաց, թե ես լսել եմ դա ներքուստ: “Ես և հայրենիքս – մենք լծորդված ենք իրար` ինչպես հոգի և մարմին, ինչպես նպատակ և միջոց. Նա գերագույն նպատակ է, ես` միջոց:”

Ես ինձ հայրենիքիս մի մասնիկն եմ զգում, որի կայունությունը կարևոր է ամբողջության համար: Ես ինձ հայրենիքիս գոյության պարտադիր պայման եմ համարում, քանի որ ես նրա զավակն եմ և նրա ներկայացուցիչը աշխարհում: Եվ ուզում եմ, որ իմ շրջապատում ապրող բոլոր մարդիկ այդպիսի զգացում ունենան և իրենց զարգացումը պարտադիր համարեն ոչ միայն իրենց, իրենց ընտանիքների, այլև իրենց հայրենիքի համար:

Հայրենիքի նկատմամբ սերն ինձ համար ընդգծվում է հատկապես հայրենիքից դուրս: Աշխարհի այլ վայրերում մշակույթի և արվեստի ամենագեղեցիկ, տպավորիչ գործերն ինձ համար աշխարհընկալման մի տարր են, գիտելիք, տեղեկատվություն, նորություն, հանգստի ձև, որը մինչ այդ չէի տեսել և գնահատել:

Հայրենիքիս լքված եկեղեցիներն ու վայրերը ինձ հոգու նոր շունչ են տալիս և ստացած զգացողություններն անհամեմատելի են ցանկացած այլ զգացողության հետ… Դրանք հոգեկան են ու մտավոր, դրանք բնական են ու անթաքույց: Հայաստանի ծառերն են ինձ անկրկնելի թվում, Հայաստանի դեղձի և ծիրանի համն է ինձ ուրիշ թվում, Հայաստանում աճող վարդերն եմ ես սիրում, հայ մարդու հետ շփվելիս եմ ես ինձ տանը զգում…

Այս ամենի արդյունքում ես գիտակցում եմ մի պարզ բան. Ես ավելի երջանիկ վերադառնում եմ Հայաստան, քան մեկնում եմ Հայաստանից: Եվ դա ոչ այլ ինչ է, քան հայրենասիրություն:

Եվ ես ուզում եմ տեսնել իմ բոլոր հայրենակիցներին այդպիսին. լինել կապված այն հողի ու ջրի հետ, որոնցից նրանք կյանք են ստացել ու սնվել: Այդ հողն ու ջուրը թող միշտ թվան գերբնական, անկրկնելի, միակ, ոչ թե այն բանի համար, որ, իրոք, անկրկնելի են, այլ որովհետև դրանք մերն են, մենք նրանց ենք սովոր, ու դա ենք տեսել մեր ծննդյան օրվանից: Դրա մեջ ոչ մի փիլիսոփայական տարր չկա. դա մարդ արարածն է, ով սիրում է իր տունը, իսկ հայրենիքը մեր տունն է, և մենք բոլորս ունենք այս պահին մեկ տուն: Մեր հայրենիքը զարգացնելու միակ նախադրյալը այն սիրելն է և նրան չփնովելը:

Ինչպես ընտանիքի անդամներին ենք մենք սիրում անկախ նրանց բնավորության գծերից, այնպես էլ հայրենիքը պետք է սիրենք անկախ նրա ճանապարհների որակից, տրանսպորտի և կապի ենթակառուցվածքից, սպասարկման որակից և ձևից, քանի որ հայրենիքը վայր է, իսկ մնացածը մենք ենք կառուցում կամ չենք կառուցում:

Leave a comment