
Գիտությունը հզոր ուժ է, մտքի և խելքի դրսևորում, առաջընթացի հնարավոր ուժ և անհերքելի գրավական: Լավ բան է, խոսք չկա… Ընդ որում՝ հիմնականում մարդիկ ավելի խելացի են համարում գիտնականներին, ովքեր գյուտեր են անում, հաջողությամբ լուծում են մաթեմատիկական խնդիրներ, հասկանում են, թե տիեզերքում, որ աստղը ինչ դիրքում է գտնվում, երբ է ջուրը սառույց դառնում, բենզինն ու կրակն ինչ են իրարից ստանում հրդեհ դառնալիս:
Արվեստը և մշակույթը բնականաբար զգացմունքային դրսևորման արդյունք են, մարդու զգացողությունների արտահայտում: Նկարիչը կամ կոմպոզիտորը արվեստի գլուխգործոց ստեղծելիս սովորաբար դրական կամ բացասական զգացմունքային պոռթկում է ապրում, ինչն էլ բացահայտ արտահայտվում է նրա ստեղծագործություններում:
Եվ բնականաբար միջին վիճակագրական անձը երկուսի կարիքն էլ զգում է, նրան առնվազն երկուսի արդյունքներն էլ անհրաժեշտ են և պետքական: Միգուցե մեկին մի քիչ շատ, մյուսին՝ քիչ, բայց դե երկուսի կարևորությունն էլ բացահայտ է:
Երևի բնական է, որ վերջին հարյուրամյակում գիտությունը տեխնոլոգիական պայթյունի տեսքով թուլացրել է մարդկանց սերը դեպի գեղանկարչությունը, գրականությունը և խորացրել է անպատասխան, բայց անդավաճան սերը դեպի բոլոր տեսակի էլեկտրոնային սարքերը և հեռահաղորդակցման միջոցները: Դե, ինչ խոսք, Wi-Fi-ի առկայությունը երջանկության բարձրագույն մակարդակի ապահովման պարտադիր պայման է, իսկ առանց Facebook չարիքի մի տեսակ լիարժեք չենք: Եվ ընդհանրապես կարևոր չէ, թե ով է դիմացդ նստած՝ սիրելի անձ, ընկեր, թե թշնամի, սիրում է քեզ, թե հանդուրժում, կարևորն այն է, որ դու ինչ որ հիմար սարքի ես նայում, ժպտում կամ նյարդայնանում: Եվ բոլորիս ուրախացնում է այն փաստը, որ Facebook-ում կարելի է ինչ-որ մեկի մասին տեղեկություններ ստանալ առանց մեզ նեղություն տալու, այսինքն՝ առանց զանգելու, առանց խոսելու, առանց հանդիպելու, և որ ամենասարսափելին է, առանց ցույց տալու, որ մենք ուզում ենք նրա մասին տեղեկություն ստանալ: Facebook-ի ակտիվ բնակիչներին, այդ թվում՝ ինձ, շատ է դուր գալիս այն փաստը, որ կոնկրետ ոչ ոք չի իմանում քո՝ նրա էջ կատարած այցելությունների մասին: Տեղեկատվություն ենք հավաքում և հավաքում՝ տարիներով, զգալի չափի և բարձր որակի, որպեսզի չօգտագործենք… Գիտենք, թե ով ինչ է ուտում, ինչ է խմում, որտեղ, ինչ տրամադրությամբ, ինչ շորերով, դե, իհարկե, «ում հետը» լրիվ քաղաքական տարր պարունակող տեղեկատվություն է, որից ածանցված՝ իրական կյանքում գիտենք ումից զգույշ լինել և որքան, կամ ումից նեղանալ, ինչի համար, չներել և չներել: Ոչինչ, որ նա այդպես էլ չի իմանում դրա մասին…
Եվ ինչ… Ի՞նչով ենք զբաղված, ի՞նչ ենք անում, ինչու՞ ենք անում… Զգացմունքներն ենք թաքցնում, փոփոխում, սպանում, քանի որ տարիներ շարունակ մեզ համոզել ենք, որ «կարևորը խելացի լինելն է, գիտությամբ զբաղվելը, իսկ զգացմունքները մեզ շեղում են ռացիոնալ լինելուց, ճիշտ որոշումներ կայացնելուց կամ ճիշտ ապրելուց»: Իհարկե, ճիշտ ապրելու տեսությունը բոլորս գիտենք, բայց հազարամյակների ընթացքում ոչ ոք այդպես էլ չխիզախեց հրապարակել, որ մարդիկ սովորեին ու միանման ճիշտ ապրեին: Ես հերքում եմ հայկական շատ ընդունելի «Ճիշտը մեկն է» ասացվածքը: Ցավոք, ամեն ինչ այդքան հեշտ չէ, և ճիշտն էլ մեկը չէ:
Ցավը նրանում է, որ ճիշտ ապրել չկա: Յուրաքանչյուր մարդ ապրում է այնքան և այնպես, ինչքան և ինչպես նրա խիզախությունը ներում է (արդարացումները հիմնավորումներ չեն): Եվ հիմա գիտությունը մեզ ապահովել է հրաշալի գործիքներով, որոնք մեզ հնարավորություն են տալիս արդարացնել մեր խիզախության բացակայությունը՝ արտահայտելու մեր զգացմունքները, վայելելու դրանք կամ կրելու դրանց հետևանքները:
Հիմա ասածս ինչ է… Գիտությունը մեր շատ խնդիրներ է լուծել, հեշտացրել է կյանքն էականորեն, բայց դրա փոխարեն մեզանից ստացել է աննկարագրելի բարձր գին: Մենք անդառնալի և չգիտակցված զոհաբերություն ենք արել. մենք թույլ ենք տվել միանման դարձնել մեր զգացմունքները, միտքը, դառնալ ինքնակամ տեխնոլոգիական ստրուկ, ում հաճելի է այդ դերը և արդարացված: Բոլորս սիրում ենք նույն կերպ, արտահայտում կամ չենք արտահայտում մեր լավ ու վատ զգացմունքները և հիմա ավելի հեշտորեն արդարացնում ենք մեր խիզախության բացակայությունը: Չենք խիզախում ապրել, բայց հերոսաբար նայում ենք՝ ինչպես են ապրում ուրիշները…եվ ավել ոչինչ չենք անում:
Պետք է անել: Լսենք հաճելի երաժշտություն, կարդանք որակյալ գրականություն, չվախենանք մտածելուց մեր զգացմունքների մասին, մեզ հարցեր տանք մեր զգացմունքների մասին և պատասխանելիս չխաբենք ինքներս մեզ. մեր մեջ նախանձը կոչենք նախանձ (չխաբենք մեզ «ես նախանձ մարդ չեմ» հայտարարություններով), սերը՝ սեր, ատելությունը՝ ատելություն, հիացմունքն էլ հիացմունք: Եվ բուժենք մեր արատավոր զգացմունքները, իսկ հաճելի զգացմունքներն արտահայտենք ճիշտ պահին և ճիշտ տեղում:
Երբ Facebook-ում տեսնում ենք մեր հին ընկերոջ, գործընկերոջ, բարեկամի կամ առավել ևս նոր հաճելի ծանոթի նկար և ժպտում ենք, ապա պետք է զանգել, շփվել, հանդիպել, ժպտալ իրական, ժպտալ հենց այդ մարդուն, քանի որ այդ ժպիտը և ժպիտով լեցուն հայացքը պատկանում է այդ մարդուն: Առնվազն հիմարություն է բնական բարի ժպիտը թաքցնել գիշերվա մթում՝ էլեկտրոնային ինչ-որ անհաղորդ հիմար սարքի առկայծող լույսի և սեփական կոկորդից մինչև թոքերը սահող, արդեն ցավալիորեն անհասկանալի և անծանոթ զգացմունքի հատման կիզակետում:
Հ.Գ. Գիտությունը խելոքացել է, բայց մենք չենք խելոքացել… Սպանում ենք զգացմունքները, որ խելոք երևանք…