
Պատմություն, քրիստոնեություն, հայոց լեզու, եկեղեցի, ընտանիք, երեխա, ծնող և մի շարք այլ արժեքներ մեզ և՛ պահել են, և՛ կործանել։ Պահել են, քանի որ ամրապնդել են մեզ՝ որպես անձ, ազնվության և արդարության առաջամարտիկ, և կործանել են, քանի որ սահմանափակել են մեր եսասիրական երջանկությունը։ Ոչ մի հայ տևական երջանկություն չի զգում առանց վերոնշյալ և ևս մի հարյուր անհատական արժեքների։ Հազարամյա անցյալի հետ կռիվ ունենք անխտիր բոլորս, բայց հետն էլ ապագայից ենք աննկարագրելի հաջողություններ սպասում։ Այլ կերպ ասած՝ ծեծված, սպանված, թալանված, բռնաբարված անցյալով սպասում ենք ծովից ծով Հայաստան, որտեղ Արարատն էլ է մերը, Արցախն էլ, Արևմտյան ողջ Հայաստանը… Բա Նախիջևանը… Կիլիկիան… Ե՛վ անցյալի հիշողություններն են սուրբ, և՛ ապագայի սպասումները։ Քավարանային այս կիզակետում անհետ կորում են միջին վիճակագրական Հայի (դեռ հարց է՝ արդյոք կա միջին վիճակագրական հայ) երջանիկ լինելու մաքառումները։ Երջանիկ ասելով՝ Հայը հասկանում է իր ողջ ցեղի աննկարագրելի բարեկեցություն, առողջություն, բոլոր երեխաները հաջողակ են ու բախտավոր իրենց ուզած կին/ամուսինների հետ և անպայման Հայաստանին վերադարձվել է չգիտեմ քանի քառակուսի մետր հող՝ Արարատն էլ մեջը։
Հիմա ասածս նա է, որ երջանկության մեր չափանիշները անսահման եմ ու անչափելի, ցաքուցրիվ են ու բազմազան, տարածված են ժամանակի ու տարածության մեջ, որոնք հատման կետ չունեն։ Մեզ մարդկային հասարակ երջանկություն է պետք՝ առանց ճոխությունների ու ապարանքների, որովհետև մեր Հայաստանին երջանիկ Հայեր են պետք, մեր Հայաստանին պակասում է Երջանկություն, Ժպիտ, Ծիծաղ, Ուրախություն… Քանի դեռ չկա լուրջ առիթ տխրելու (Աստված մի՛ արասցե), փորձենք լինել երջանիկ ներկայում՝ մեր ընտանիքով, հարազատներով, ընկերներով, ամռան գույներով, մեր երիտասարդ լինելով, հոգեկան ջերմությամբ և մեր Արարատի անզուգական տեսքով… Չխորանանք ամեն մանրուքի, փոքր, անէական դեռ տեղի չունեցած դեպքի մեջ, ռիսկեր փնտրենք գոյություն չունեցող տեղերում և չնկատենք կարևորը…
Մեր Հայաստանին երջանիկ և բնական ժպիտներով քաղաքացիներ են պետք…
Հատուկ ոչինչ էլ տեղի չէր ունենում, ոչինչ լուրջ կամ կարևոր։ Ոչ ոք քաղցած և ծարավ չէր, օթևան ունեին բոլորը, ապրուստի միջոց ևս։ Շրջապատում բոլորը ողջ էին և առողջ։ Հատուկ ոչինչ էլ տեղի չէր ունենում, ոչինչ լուրջ կամ կարևոր։