
Նոր տարին սիրել եմ միշտ՝ մանկությունից մինչև այսօր։ Մեր տանը դեկտեմբերի սկզբից Նոր տարվա պատրաստությունները սկսվում էին, ինչպես հայկական բոլոր ընտանիքներում։ Ուտելիքից հատկապես հիշում եմ մամայիս Նապոլեոնը, որը հատուկ էր և անկրկնելի։ Շատ քաղցրակեր չլինելով հանդերձ՝ սիրում էի հատկապես ամանորի համար պատրաստված Նապոլեոնը, քանի որ տոնածառի լույսերի, Նոր տարվա խորհրդի և Ձմեռ պապիկի այցելության սպասելիքների ներքո վայելած սիրելի քաղցրավենիքը երջանկության աներեր հիմք էր դառնում։ Քույրերս զարդարում էին տունն ամեն տարի նորովի, տոնածառը միշտ մեզ հետ էր՝ խորհրդային շրջանում չպատահող գերմանական խաղալիքներով։ Տրամաբանական է, իհարկե, որ, չնայած այս ամենին, ամանորյա իմ մանկական հիշողությունները կենտրոնացած են Ձմեռ պապիկի այցելությունների շուրջ։
Ձմեռ պապիկի գոյությանը հավատացել եմ գրեթե մինչև 9 տարեկան։ Հավատացել եմ մանկական ամբողջ էությամբ, հոգով և մտքով։ Նույնիսկ երկրորդ դասարանում, երբ դասարանցի մի տղա ասաց ինձ, որ Ձմեռ պապիկ չկա, ես մտքումս ինձ ասացի․ “Սա բան չի հասկանում կյանքից” և նույնիսկ չվիճեցի նրա հետ։ Հավատս չերերաց ընդհանրապես։ Դրա պատճառը, իհարկե, մերոնց անմնացորդ նվիրումն էր այդ հեքիաթի կայացմանը։
Ձմեռ պապիկի հեքիաթը մեր տանը Լիգիայի համար այսպիսինն էր․
Տարվա ընթացքում ինձ Ձմեռ պապիկին առանձնապես չէին հիշեցնում։ Իմ մանկական վարքագիծը ոչ մի առնչություն չուներ Ձմեռ պապիկի՝ ինձ այցելելու հետ։ Ճիշտ է, ես շատ լուրջ երեխա էի փոքր ժամանակ, (կասեի, ավելի լուրջ էի, քան հիմա) և մանկական իմ վարքագիծը բավական կանոնավոր էր։ Ամեն դեպքում ես գիտեի, որ Ձմեռ պապիկն ինձ այցելելու է։ Նա իմ բարձի տակ նվերներ չէր դնում, տոնածառի տակ ևս չէր թողնում, նա միշտ, ամեն տարվա դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:55, երկար, բարձր հնչեցնում էր մեր նախկին բնակարանի զանգը, որը հենց այս պահին լսում եմ։ Եվ ես վազում էի ամբողջ բնակարանով, որպեսզի հասցնեմ տեսնել նրան, բայց միշտ չէի հասցնում, դե քանի որ նա պիտի հասցներ այլ բալիկների նվերներ հասցնել։ Վազում էի մեր մուտքի աստիճաններով վերև և ներքև նրան գտնելու համար։ Իհարկե, ինչ որ տարիքից արդեն տրամաբանական մի հարց ինձ տանջում էր, թե ուր էր կորում Ձմեռ պապիկը, եթե մենք երրորդ հարկում էինք ապրում, իսկ և՛ առաջին, և՛ չորրորդ հարկերում ինձնից փոքր բալիկներ կային։ Իսկ ես ջանասիրաբար ստուգում էի բոլոր հարկերը։ Բացի այդ չէի հասկանում՝ ինչպես էր սահնակով շրջում, եթե այդ տարի ձյուն չկար։ Հարցերի պատասխանները չստանալուց հետո (չէի էլ հարցնում առանձնապես՝ մտածելով, որ ինքս մի բան կհասկանամ), մի քիչ հիասթափված, բայց ներքին ոգևորությամբ վերադառնում էի տուն տարվա լավագույն պահը վայելելու համար՝ հատուկ գեղեցիկ փաթեթավորված նվերները պետք է բացեի։ Այդ նվերներն ավելի էի սիրում, քան ծննդյանս առթիվ ստացած նվերները։ Գիտեմ ինչու… Այդ նվերները հրաշքի տարր էին պարունակում․ Ձմեռ պապիկն ինձ չէր ճանաչում, բայց բերում էր ինձ այնքան պետքական և հաճելի նվերներ։ Տանը տիրող հեքիաթի համաձայն Ձմեռ պապիկը գիտեր, որ ես տիկնիկներ եմ սիրում և աղջկական խաղալիքներ, որ ես դրանք լավ եմ պահում, դրա համար նվերում դրանք շատ հավանական էին։ Մանդարինները և կոնֆետները պարտադիր էին, իսկ խաղալիքները ժամանում էին ճիշտ պահին և ըստ անհրաժեշտության։ Նամակ Ձմեռ պապիկին ես չէի գրում, ինձ ուղղակիորեն չէին հարցնում, թե ես ինչ կուզենայի նվեր ստանալ նրանից, բայց Ձմեռ պապիկը կռահում էր և բերում էր այն, ինչի կարիքն իմ խաղալիքային տնտեսությունը տվյալ պահին ուներ։ Հենց դա էր հրաշքը։ Դե զարմանքիս մյուս առիթն այն էր, թե որտեղից էր նա հագուստի իմ չափերն այդքան ճիշտ գտնում։ Եվ մի բան չէի հասկանում, բայց միշտ մտածում էի դրա մասին։ Եթե շրջապատում բոլորը տվյալ փուլում ֆինանսական ծանր դրության մեջ էին (մեր ընտանիքին էլ հեշտ չէր) այդ Ձմեռ պապիկը որտեղից էր գումար գտնում իմ որակյալ նվերների համար։
Հարցեր կային, որոնք պատասխաններ չունեին… այդ պահին չունեին…
Հենց հիմա հիշում եմ ինձ՝ նստած մեր նեղ միջանցքի հատակին, նվերները փաթեթավորումից հանած և շուրջս թափած վայելելիս։
Ինչ եղավ հետո՞: Հետո ոչինչ չեղավ. ես ուղղակի մեծացա…
Այդ հեքիաթն իմ այսօրվա դիմադրողականության, կյանքում դժվարությունների հաղթահարման և երջանիկ լինելու ամուր հիմքն է, որը ոչ ոք և երբեք չի կարող ինձանից խլել։ Դա իմ հիմքն է և իմ մասնիկը։ Դա իմ կարողությունն է հավատալու դրականի, լավի և բարու գոյությանը։ Դա իմ կարողությունն է հավատալու, որ հրաշքները մարդկային բարի, լավ և արդար արարքներն են…
Լինե՛նք հրաշագործ մեր սիրելիների համար ամանորյա հաճելի օրերին և միշտ…