Archive | 15 Feb 2017

Բարևի մասին

Ամենայն հավանականությամբ միայն հայերն ունեն “Բարև”-ին ձոնված բանաստեղծություն։ Անձամբ չեմ ստուգել, սակայն ինձ դուր է գալիս այն միտքը, որ միայն մենք ունենք այն։

Չնայած դրան՝ բարևել առանձնապես չենք սիրում․․․ Բարևողների տարբեր խմբեր եմ առանձնացրել ինձ համար․

1․ Աջուձախ բոլոր ծանոթներին բարևողներ, ովքեր իրենց բարևին ընդհանրապես արժեք չեն տալիս և բարևում են առանց շարժառիթների։

2․ Շատ կոնկրետ նպատակային բարևողներ, ովքեր սկսում են բարևել ինչ-որ աչքի ընկնող իրադարձությունից կամ ինչ-որ աչքի ընկնող մարդու հետ քեզ տեսնելուց հետո, բայց “աստեղային” պահից հետո ոչ երկար ժամանակով, այսինքն՝ իրենց կողմից սահմանված վաղեմության ժամկետում։

3․ Իրենց պետք եկած պահին բարևողներ, ովքեր այդ պահին կարող են բոլոր հնարավոր մեթոդներով հմայել քեզ, միայն թե իրենց անհրաժեշտ խնդիրը լուծվի։ Նրանց չի կանխի նույնիսկ այն փաստը, որ մեկ օր առաջ տեսել, նայել է դեմքիդ և չի բարևել։

4․ Ինչ-որ պահից հետո չբարևողներ, ում ամեն անգամ տեսնելիս ուզում ես կանգնեցնել և ճշտել, թե կոնկրետ որ աչքն ես հանել կամ պապերդ իր պապերին ինչքան գումար են պարտք եղել, որ այդպես էլ չեն վերադարձրել։ Կամ նյարդերը չեն ներում կամ այդքան կարևորություն չենք տալիս կամ դաստիարակությունը թույլ չի տալիս դա անել․․․

5․ Եվ ինձ համար ամենասարսափելի խումբը, որը բարևում է գլխի, աչքերի կամ բերանի աննշան շարժմամբ՝ վկայելով “նորին մեծության”՝ քո գոյության իրավունքի ճանաչման փաստը։ Սովորաբար սրանք այն մարդիկ են, ովքեր չեն կարողանում հավատալ իրենց գոյությանը․․․

Դե ժպիտով բարևն ընդհանրապես մեծ շռայլություն և մեծահոգություն է Հայոց մեջ՝ նախատեսված ոչ բոլորի համար, բայց հայերիս ժպտալու անկարողությունը միանգամայն այլ թեմա է․․․

Հիմա ասածս ինչ է , ի՛մ լավ բարեկամներ։ Բարևելուց դեռ ոչ ոք չի նահատակվել, կարծես թե հոսպիտալացման դեպքեր էլ չեն եղել։ Բարևե՛ք ձեր ծանոթներին, մասնավորապես՝ մեզ՝ նվաստներիս, քանզի մի օր մի բան պետք կլինի․․․Ձեր արիական արյունը կների ձեզ թեկուզ ձեր “մեծահոգության” համար։