Զգացել եմ, թե Հայ մարդն ինչ տարօրինակ ձևով է արտահայտում իր սերը։ Հանդգնում եմ մտածել նաև, որ տարօրինակ էլ սիրում է, բայց շատ դժվար կլինի համեմատությունն իրականացնել զգացողությունների մակարդակում։ Շատ հայերից եմ լսել, թե ինչպես են զսպում իրենց դրական զգացմունքները դրա իրական սեփականատիրոջից։ Ախր ա՛յ մարդիկ, երբ Դուք ինչ-որ մեկին սիրում եք, դա միայն Ձեր շնորհքը չի, ավելին, այդ զգացմունքը պատկանում է ուրիշին և Դուք գրեթե գողություն եք անում՝ այն թաքցնելով։
Archive | 8 Mar 2017
Տիկնիկներ 2
Փոքր ժամանակ ես բավական ինքնամփոփ և լռակյաց երեխա էի, սիրում էի խաղալ մենակ կամ կոնկրետ ինձ հաճելի մի քանի երեխայի հետ։ Իմ խաղալիքները վստահում էի միայն ընտրյալների և չէի սիրում, երբ ինձ ոչ հաճելի երեխաներ մխրճվում էին իմ կողմից կերտված մանկական տնտեսություն և խախտում այնտեղ տիրող ներդաշնակությունը։ Ինքս չէի կոտրում կամ փչացնում ինչ-որ խաղալիք, այդ պատճառով էլ ինձ համար մահվան հավասար էր տեսնել, թե ինչպես օտար և անծանոթ ինչ որ երեխա կարող էր մի կողմ շպրտել սրբություն հանդիսացող իմ որևէ տիկնիկի։ Հնարավոր է՝ հոգեբանական մի դպրոց կամ ուսմունք սա անվանի “խոզություն” տեսական ինչ-որ անհասկանալի տերմինով, բայց դրան զուգահեռ պիտի լուծում տա իմ հոգեբանական տվայտանքներին, որոնք սովորաբար հավասարակշիռ և հանդարտ երեխային հասցնում էին անզորության վերջին մակարդակի։ Պայքարում էի ամբողջ ուժով “օտարների” դեմ։ Ժամանակի ընթացքում, ընտանիքի դաստիարակչական-բացատրական դասերից հետո (դե Լիգիա ջան, դու լավ բալիկ ես, նայի՛ր՝ ինչքան խաղալիք ունես, մեկը տուր, թող տանի, մենք քեզ նորը կգնենք…), սեփական որոշմամբ ձևավորել էի հյուր երեխաների համար խաղալիքների մի տպավորիչ պաշար, որոնք տրամադրվում էին առանց տվայտանքների։ Այնուամենայնիվ, այդ պաշարում տիկնիկներ չկային… Դրանք շատ կարևոր էին զիջելու համար։
Հիմա էլ է նույնը․ չեմ զիջում ամենաթանկը, չեմ զիջում ամենակարևորը, չեմ զիջում այն կամ ում, ինչի կամ ում նկատմամբ թույլ չեմ տա ոչ պատշաճ վերաբերմունք, չեմ զիջում այն կամ ում, առանց ինչի կամ ում կմահանամ, չեմ զիջում այն, ինչ այլևս չեմ վերադարձնի…Կյանքի ամենադժվար պահերին դրսևորվում է պաշտպանական ողջ էությունս իր դրական և բացասական հետևանքներով…
Եթե զիջում եմ հեշտությամբ, ապա դա անկարևոր էր կամ անարժեք…
Մեր ամառանոցը, որտեղ ես անցկացնում էի իմ ողջ ամառային կյանքը, ոչ ստանդարտ դիզայն ուներ, ինչն անսովոր էր խորհրդային ժամանակների համար։ Հայրս և հորեղբայրս, հանդիսանալով ոչ ստանդարտ և բավական ըմբոստ Հայ անձնավորություններ, որոշել էին մեր տունը կառուցել երկրաչափական սեղանի տեսքով, քանի որ այդպես մեր տունը ճանապարհի եզրով կլիներ։ Արդյունքում, տան երկու հարկերում կա եռանկյուն ոչ փոքր երկու սենյակ, որոնք ձևավորվել են մնացած սենյակները ստանդարտ ձևավորելու արդյունքում։
Եեեեեեվ, երկրորդ հարկի եռանկյուն սենյակը տրամադրվել էր ինձ՝ որպես խաղասենյակ։ Այն վերանորոգված էր տան մնացած սենյակների նման, ձևավորված էր գեղեցիկ վարագույրով, պատուհանի գոգին կար գեղեցիկ ծաղկաման։ Ինձ համար մեծ պատիվ էր, որ ինձ վստահել էին ոչ թե տան ոչ պետքական, այլ բավական նուրբ ծաղկաման։ Սենյակում կար փոքր բազմոց և սեղան, որոնք հայրս էր պատրաստել ինձ համար, պատից կախված էին պահարաններ, որտեղ տեղադրված էր իմ ամբողջ սպասքը, փոքր մահճակալ, որտեղ կարող էի պառկել, եթե ցանկություն ունենայի (բայց դե ես շատ զբաղված էի և պառկելու ժամանակ չունեի ։)։ Սենյակի մի պատի երկայնքի գրեթե կեսով տիկնիկներիս անկողինն էր՝ իր ողջ կառուցվածքով։ Մյուս պատի տակ տեղադրված էր “կենցաղային տեխնիկան”՝ սառնարան, լվացքի մեքենա, պահարաններ…
Կար մեկ-երկու երեխա, ով տարիների կուտակած վստահություն էր վայելում և հնարավորություն ուներ օգտագործել իմ հարստությունն առանց հարցերի և թույլտվության և մուտքի իրավունք ուներ մեր ամառանոցի իմ խաղասենյակ։ Նրանք ազատորեն առանց ինձ կարող էին մուտք գործել իմ աշխարհ, խաղալ ամեն ինչով, խաղալ որքան կուզենային, խաղալ ինչպես կուզենային…
Նրանք գիտեին իմ տիկնիկների անունները, նրանք չէին խախտում իմ տիկնիկների կյանքի ներդաշնակությունը, արդյունքում՝ նաև իմ մանկական կյանքի ներդաշնակությունը…