Կյանքն այն է, ինչ կա․․․

11742855_10207533569802375_7681454199369203548_n

Եթե չլիներ հայոց մեծ եղեռնը, ես ծնված կլինեի Արևմտյան Հայաստանում…

Իմ հոր ծնողները Սասունից էին ծագմամբ, մորս ծնողները՝ Սուրմալուից և Մուշից, այնպես, որ Արևելյան Հայաստանում ծնվելու տարբերակ չունեի։

Կյանքն այն է, ինչ կա…

Երկուսն էլ բարդ ընտանիքներից են եղել։ Հայրս կորցրել է իր հորը 6 ամսականում, մայրս՝ 17 տարեկանում։ Երկուսն էլ բնատուր խորը լրջություն ունեն… Այսօրվա դատելու և մտածելու իմ կարողությունների սահմաններում կարող եմ վստահաբար հաստատել, որ նրանց լրջությունը և խորաթափանցությունը մոտ տասն անգամ ավելի է, քան պետք է ծախսել այս սրիկա և կեղծավոր աշխարհում․․․ Միգուցե մի քանի տարի հետո հերքեմ ինքս ինձ…

Հայրս հինգ երեխաներից փոքրն էր, մայրս՝ հինգ երեխաների ավագը։ Հայրս շատ վատ էր ապրել մինչև 17 տարեկանը, մորս կյանքն ավիրվեց 17 տարեկան հասակում, երբ կորցրեց իր հորը։

Կյանքն այն է, ինչ կա…

Հայրս չէր վախենում ոչնչից, նույնիսկ կարող էր օձ որսալ առանց տատանման։ Առնվազն ինձ համար ճիշտ է մտածել, թե չէր վախենում ոչնչից… Արտաքուստ և բացահայտ վախենում էր միայն շներից, քանի որ մոտ մեկ տարեկան հասակում բակում խաղալիս շունը հարձակվել էր, և մինչև ավագ եղբայրը կհասցներ փրկել, կծել էր այտը։ Դեմքի զուգահեռ սպիերը նրա հետ էին մինչև վերջ։ Նոր ծանոթներին թվում էր, թե հայրս քրեական աշխարհի կարևոր ներկայացուցիչ է, բայց սպիերն ընդամենը մանկությունից բերված անհավասար մարտի և անուժության հետևանքն էին։

Մայրս միշտ վախենում է մեզ համար, որ հանկարծ մեզ մի բան չպատահի, ընդ որում՝ այդ մի բանն ամեն ինչ է՝ սկսած մեր տրամադրության թեթև տատանումից մինչև աշխարհի փլուզումը։ Հիմա էլ, երբ միասին փողոց ենք անցնում, ձեռքս բռնում է․․․Եվ որ ամենակարևորն է, ես ինձ այդ պահին առավելագույնս պաշտպանված եմ զգում․․․այս աշխարհում, այս արևի տակ և այս հողի վրա…

Հանկարծակի կամ ակնթարթային սեր չի եղել, ծանոթացրել էին նրանց, երբ հայրս արդեն օդաչու է եղել, մայրս՝ ուսանողուհի։ Այդ պահին մայրս հոգսաշատ ընտանիքի ծանրակշիռ ավագ երեխան էր։ Գեղեցիկ, հանգիստ, բնական․․․ ծով կապուտաչյա և սպիտակամաշկ։  Հայրս թուխ էր, հայկական խիտ ունքերով, արտահայտիչ մուգ աչքերով… Հայ տղամարդ էր…

Դե բայց գրքային կամ ֆիլմային դրվագներ նրանց կյանքում էլ են եղել։ Ուրիշները հորինում են, ես ուղղակի արձանագրելու եմ այն, ինչ եղել է․ այսօր առնվազն մեկ դրվագ…

Ծանոթությունից որոշ ժամանակ հետո հայրս մամայիս ասում է, որ այդ օրը երբ համալսարանից դուրս գան, սպասեն ընկերուհիներով, քանի որ ինքը գալու է… Մամաս իր երկու ընկերուհիների հետ ահագին սպասում է համալսարանի բակում, նա ուշանում է։ Եվ հանկարծ ի՞նչ… Համալսարանի շենքի վերին անկյունից հայտնվում է սավառնող օդանավը, որը տևական ժամանակ պտույտներ է անում համալսարանի տարածքը ծածկող երևանյան երկնքում՝ ուրվագծելով երկու բարդ ընտանիքների լուրջ զավակների միավորման ոչ հեշտ հորիզոնը…

Հետո՞։

Հետո՝ մենք մեր ոչ կապույտ աչքերով, երբեմն հորից, երբեմն մորից ժառանգած գեներով, երբեմն երկնքում երազելիս, երբեմն հողին կառչած իրականությունը վայելելիս…

Հետո՞։

Հետո՝ թոռնիկները․․․ Մեկը՝ պապիկի դիրքով քնելիս, տատիկի դեմքով, մեկը՝ պապիկի անունով և կարծրատիպերով, տատիկին անսահման սիրող, մեկը՝ պապիկի նման բռնկվող, տատիկից անցած ստեղծագործական գեներով և միակ աղջիկ թոռնիկը՝ ծով կապույտ աչքերով…

Կյանքն այն է, ինչ կա…

 

Leave a comment