Տղամարդ տղամարդկանց և կանացի կանանց մասին

Պատմականորեն հայ հասարակությունը տղամարդկանց նկատմամբ իր պաշտամունքը հասցրել է գրեթե աննկարագրելի մակարդակի։ Վստահ եմ, որ շատ ընթերցողներ հիմա կհիշեն աֆրիկյան մի շարք ազգերի, որոնք ունեն տղամարդկանց մեծարման ավելի հիվանդ համակարգեր։ Հնարավոր է, և ես չեմ բացառում իմ սխալ լինելը, բայց ես դեռ ոչ մի լեզվում չեմ լսել “տղամարդ աղջիկ” արտահայտությունը՝ որպես գովեստի խոսք կամ մարդկային իդեալին հավասարեցնող արժանիք․․․

Խորապես ներողություն խնդրելով ազգիս լավագույն տղամարդկանցին՝ պետք է արտահայտեմ հանդուգն կարծիքս․ “Տղամարդ աղջիկ” արտահայտությունը նույնքան հաճելի է ինձ, որքան տղամարդուն “կանացի տղամարդ” որակելը։

Ավելի տխուրն այն է, որ կանայք էլ են դա համարում առավելություն և արժանիք, ձգտում են հասարակության տեսանկյունից լինել “տղամարդ”։

Հարգելի կանա՛յք, եղե՛ք կանացի, մի՛ շեղվեք բնությունից և բնության Ձեզ տրված դերից։ Ինչ էլ անեք, որքան էլ Ձեզ տանջեք և փորձեք դրսևորել տղամարդկային հատկանիշներ (ոչ մի կերպ չեմ հասկանում՝ ինչու), միևնույն է հաջողությունն աննշան է լինելու։ Կանացի լինելը հեշտ չէ, բայց շատ ավելի հավանական է: Գեղեցիկ զգեստով, խնամված արտաքինով, բարի էությամբ և բնական ժպիտով Ձեր հաջողության հնարավորություններն անհամեմատ ավելի մեծ են, քան պայքարի դաշտում ճղճղալով պայքարելիս։

Հարգելի տղամարդի՛կ, տղամարդ լինելն էլ հեշտ գործ չի և չի սահմանափակվում անձնագրում տպագրված մեկ տառով: Մի հեշտացրե՛ք Ձեր կյանքը՝ Տիգրան Մեծի հիշողությունների վրա հիմնվելով․․․ Եթե ուզում եք որակվել իրական տղամարդ, եղե՛ք տղամարդ․․․

․․․Թո՛ղ կանայք լինեն կին, իսկ տղամարդիկ՝ տղամարդ․․․

Leave a comment