Ապրիլի 24-ին ընդառաջ․․․

Ազգիս հայրենասիրական շաբաթն սկսվեց, որն իր կտրուկ սկզբի պես կտրուկ էլ կավարտվի․․․ Դա սովորաբար այլոց ազդեցության կամ ուղղակի օրացույցի օրվա հետևանք է։ Արարատի նկար, Հայոց դրոշ, Հայ երեխա՝ այտին Հայ դրոշ, անմոռուկ, Հայ դրոշը թշնամական դրոշներին աքացի տալիս, պատմության մեկ հատոր պակաս, խրոխտ մտքեր սպանվածների և կոտորվածների մասին․․․
Ոչ մի վայրկյան ինձ չեմ առանձնացնում ազգիցս, քանի որ ես էլ եմ նրա մասնիկը և ես էլ եմ նրա վատ ու լավի կրողը․․․ Ցավոք, նաև վատի․․․ Եվ բարեբախտաբար նաև լավի․․․
Ոչ երկար և ոչ շատ խորը ապրած կյանքիս ընթացքում հասկացել եմ մի բան․ թուրքերին փնովելն ու միայն մեր ընկերների շրջանակում քննադատելը չի լուծելու այդ խնդիրը։ Նախորդ հիսուն տարվա ընթացքում հույսներս Շարլն էր, վերջին հինգ տարում՝ Քիմ Քարդաշյանը․․․ Ժամանակն է գիտակցել, որ այդ խնդրի լուծումը մեր ուժերից վեր է և այդ խնդրից կառչած մնալը ազդարարում է մեր վերջնական կործանումը։ Ազգովի ուզում ենք Արևմտյան Հայաստանի հողերը, երբ Արևելյան Հայաստանի հողն էլ արդեն չենք մշակում։ Եվ գիտե՞ք ինչու չենք մշակում։ Չենք մշակում, քանի որ “Դժվար է․․․”, ինչպես նաև մեր հորեղբորորդին Ռուսաստանից գումար է ուղարկում։ Անձամբ ես եմ լսել բազում գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներից։ Իհարկե, դժվար է և, իհարկե, հորեղբորորդին, ամոթից ու դարերով եկած անիմաստ պատասխանատվությունից դրդված, դա անում է, բայց նրա հայաստանյան բնակիչ բարեկամը չի գիտակցում, որ Ռուսաստանում նրա աշխատանքն էլ է դժվար․․․ Նույնը հիմա մենք բոլորս ենք անում․ հույսներս դրել ենք Քիմ Քարդաշյանի վրա, որ նրա ֆեյսբուքյան ստատուսից տարին մեկ անգամ թուրքերը դողում են։ Բայց մեր թշնամին դարեր շարունակ մեզ շատ ավելի լավ է ճանաչել, քան մենք նրան։ Նա գիտի, որ դա տարին մեկ անգամ է, առավելագույնը՝ մեկ շաբաթ․․․ Մենք մեր թշնամու մասին ոչինչ չգիտենք։ Մենք նույնիսկ կրիտիկական զանգվածի թուրքագետներ և թուրքերեն իմացողներ էլ չունենք, քանի որ բոլոր հարցերին վերաբերում ենք զգացմունքային, նեղացածությամբ և, ցավով պիտի նշեմ, մշտապես զոհի կարգավիճակում։ Իմ երեխան թուրքերեն չպիտի խոսի, դրանք ով են, որ ես նրանց մասին կարդամ և այլն։
Սիրտս ճաքում է, բայց պիտի հայտարարեմ, որ արդեն “Ով են” և “Ով են”, քանի որ մենք ծուլացել ենք և նեղացել, ալարում ենք և տեղից չենք շարժվում, քանի որ մոտիվացիա չունենք, քանի որ պիտի մեջբերեմ ինձ համար ատելի, սակայն հայոց մեջ շատ ընդունելի արտահայտությունը՝ “մեջը փող չկա”։ Ավաղ, քանի որ հայրենասիրության պակաս կա։ Հայրենասեր ազգը երբեք-երբեք չէր ունենա “Սա երկիր չի” արտահայտությունը։ Երկիրը երկիր է, մարդիկ մարդ չեն․․․ Դավաճանում ենք միմյանց դարերով, պատմականորեն, հարվածներ հասցնում միմյանց մեջքից, ամենաանսպասելի պահին, նախանձում անխտիր բոլորին։ Փառաբանում ենք ետնաբեմում դավաճանության գաղտնի սցենարներ մշակողներին, նրանց համարում ենք խելացի և բանիմաց։ Ազնիվ և անկեղծ մարդուն համարում ենք պարզամիտ և անպիտան․․․ Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք․․․
Քանի դեռ մենք մեր մեջ չենք գտել և սպանել չարը, լինելու ենք այս վիճակում․․․
Հ.Գ. Հազիվ եմ ինձ զսպում, որ որոշ մարդկանց չասեմ․ “Դու արժանի չես Արարատի նկարով ինքնահաստատվելու և Հայ կոչվելու, քանի որ դու հենց երեկ ինձ՝ Հայիս, մեջքից հարվածել ես՝ դրանով իսկ նպաստելով թուրքերի հաղթանակին”․․․

Leave a comment