
Սերը տարբեր է և ուրիշ․․․
Ես հավատում եմ, որ մարդիկ սիրում են տարբեր խորություններով և բարձրություններում․․․ Այդ պատճառով էլ մի մարդու սերն առաջնորդում է, մյուսին՝ խանգարում․․․ Նույնիսկ տարբեր մարդկանց նույն մարդը սիրում է տարբեր կերպ․․․
Ոչ մի ապացույց չունեմ, ինչպես չունի ապացույց հակառակը պնդող մարդը․․․ Բարեբախտաբար դեռ ոչ մի գիտնական չի ստեղծել երկու մարդու սիրո չափերի համեմատման սարքավորում կամ կշեռք, աստված մի՛ արասցե, թե մի օր ստեղծի․․․ Եվ մի օր էլ հանկարծ Հայը գտնի այդ սարքավորմանը կամ կշեռքը խաբելու ձևը․․․
Իրական սերն այն է, ինչ հնարավոր չէ շոշափել, բայց բոլորը գիտեն, որ անհուն է, ինչ ոչ ոք երբեք չի տեսել, բայց բոլորը համոզված են, որ գեղեցիկ է, ինչը գին չունի և չափելի չի, ինչը չի վաճառվում և չի գնվում․․․
Իրական սերը չի գնվում, գնվում է մարմին և լավ վերաբերմունք, գնվում է արտաքին տեսք և ժպիտ, առանձնատուն և կահկարասի, հագուստ և ժամանց, իրական սերը չի գնվում․․․
Սիրո սցենարները սովորաբար տարբեր են, ձեռքբերումները և կորուստները՝ ևս․․․
Դու սիրում ես, քեզ սիրում է, Ձեզ ծայրահեղ սովորական կամ ծայրահեղ գերբնական մարդ եք համարում և խիզախում եք հաղթահարել համատեղ կենցաղի և սիրո մարման երկյուղի ճանապարհը կամ չեք հաղթահարում, բայց գոհ եք մնում Ձեզանից․․․
Արդյունքում աշխարհը փոխվում է դեպի դրականը․․․
Դու սիրում ես, նա սիրում է, բայց շատ եսասեր եք և մնում եք Ձեր ստեղծած անիմաստ “բարձունքին” կանգնած կամ շատ վախկոտ եք, և դժվարությունները համարում եք անլուծելի․․․
Արդյունքում աշխարհը զարմանում է, թե ինչպես է նման անխելք կերպարներ տանում իր հետ․․․
Դու սիրում ես, քեզ չի սիրում․․․
Նա սիրում է, դու չես սիրում․․․
Ցավը նրանում է, որ վերջին երկու սցենարները սովորաբար միասին են իրականություն դառնում, քանի որ կյանքն ի վերջո պիտի հավասարակշռություն մտցնի զգացմունքների տիեզերական համակարգում․․․
Արդյունքում համակերպվում ես մեկի հետ, ում չես սիրում և ով քեզ չի սիրում․․․ Սեր չի լինում, լինում է ինչ-որ բան, որ քեզ համոզում ես, որ այդքան էլ վատ “սեր” չէ, կայուն է և վստահելի․․․ Ինչ-որ չափի և ինչ-որ պահի հավասարակշռվում եք․․․ Համակերպվում ես ամեն օր մի քիչ մահանալու հետ, համակերպվում ես կյանքդ զոհաբերելու հետ հանուն ոչ այդքան վատ “սիրո” և թվացյալ կայունության․․․
Եվ օրեր են մթնում կյանքի թվացյալ կայուն և սարսափելի միջին նոտաներում՝ հոգու խորքում կուտակած և չլուծած հարցեր ունենալով․․․
Մարդն ամեն դեպքում հնարավորություն ունի կատարյալ մարդ դառնալու, եթե իր կյանքի ընթացքում հաջողություն ունենա սիրո տարբեր սցենարների մասնակից լինելու, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր գնահատել և վայելել այն սերը, որն աշխարհը կփոխի դեպի դրականը․․․