Always, always and always surround yourself with the people who believe in you more than even you!!!
Always, always and always care for the people who are important and reliable for the lifetime!!!
Always, always and always love the people who really love you!!!
Always, always and always appreciate the people who can recover and heal you from the very bottom!!!
These people are few but fortunately they exist!!!
Archive | May 2017
Արցախիս մասին
Իմ նախնիներից և ոչ ոք չի եղել Արցախից, և ես ինչ-որ հոգեկան կապվածություն երբևէ չէի ունեցել Հայաստանի այդ տարածաշրջանի նկատմամբ։ Միշտ ինչ-որ ձգողականություն զգացել եմ դեպի Արևմտյան Հայաստան, բայց դեպի Արցախ՝ ոչ․․․ Մինչև առաջին այցելությունս․․․
Առաջին անգամ բախտ վիճակվեց (այդ արտահայտության հնարավորինս խորը իմաստով) այցելել Արցախ, երբ ես աշխատում էի ապահովագրական ընկերությունում։ Պետք է գործուղվեի Շուշի, ընդ որում՝ ես անտանելի չէի ուզում, քանի որ արդեն չորս ամիս էր, որ աշխատում էի առավոտյան 8։30-ից մինչև երեկոյան 11։00, և բավական հոգնած էի։ Եվ երբ ինձ ասացին, որ պետք է գնամ Շուշի, անելանելիության զգացողություն տիրեց, քանի որ չէի պատկերացնում, թե այդ վեց ժամվա ճանապարհն ինչպես պիտի գնամ։
Բայց բախտ էր վիճակվել, որը ես չէի գիտակցում, ինչպես չենք գիտակցում վիճակված բախտը գրեթե բոլոր դեպքերում և հնարավորինս ավիրում ենք այն․․․
Դեկտեմբեր ամիսն էր․․․ Մենք մեքենայով ճանապարհվեցինք դեպի մի հրաշագեղ, խրոխտ, ուժեղ, վեհ, ինքնատիպ վայր, որն իր հեռու գտնվելով արդեն հասկացնում է, որ արժե հասնել իրեն։
Արցախ տանող ճանապարհն էլ պատահական չէ․․․ Ամբողջ մի ժամ և կես տեսնում ես Արարատը, մտածում Արարատի մասին, հիանում նրանով, երջանկանում Հայ լինելով, տեսնում ես Արարատյան դաշտավայրի խաղողի երկար այգիները, հիշում մեր կոնյակի մասին, անցնում ես Հայի հոգին լցնող Պարույր Սևակի ծննդավայրի կողքով, անպայման հիշում նրա տողերից, հիշում անցած կամ ներկա սիրո մասին, մեղմ ժպտում ես կամ շռայլություն ես թույլ տալիս ինքդ քեզ ճնշած զգացողությունները մի պահ արթնացնել ճանապարհի թույլատրելի անգործության և մտախոհ հայացքը մեքենայից դուրս հառելու հնարավորության շնորհիվ։ Այնուհետև՝ անցնում ես Վայոց Ձորի աննման և գունավոր ժայռերի միջով, մտածում ես Հայիս լեռնեցու հոգեբանության մասին, մի պահ դառնում լեռնեցի և հաղթող, թիկունքդ ուղղվում է, շունչդ բացվում է և ձեռք ես բերում հաղթողի էություն, հասնում ես Արենի, հաճախ հայկական քաղցրավենիք, գինի կամ ինչ-որ մրգային օղի ես գնում։ Հետո Սյունիքն է․․․ Հայոց պատմության ընթացքում բոլոր պատերազմների, կոտորածների և կործանումների մշտական մասնակիցը, պայքարող ուժը, լուռ, աննկուն վկան, Հայաստանի ոգեշունչ զավակների ծննդավայրը և թաքստոցը։
Ես առաջին անգամ այդ ճանապարհն անցնում էի կիսասրտխառնոցային և դժգոհ զգացողությամբ և մի լավ սոված։ Ընթացքում զգացել եմ այն ամենը, ինչ նկարագրել եմ, բայց միաժամանակ ինձ դա հիշեցնում էր Ֆրանց Կաֆկայի “Դղյակը” ստեղծագործությունը, որի ամբողջ ընթացքում մտածում ես, թե արդյոք այդ մարդու անցած ճանապարհն արժի նրա վերջին։
Արցախ հասնելու համար ես երկու այդքան էլ կգնայի․․․
Ախր Սյունիքով չի ավարտվում ճանապարհը։ Գորիսը շրջանցող կամուրջով անցնում ես դեպի “Ստեփանակերտ” ցուցանակը, և հենց այդ պահին ինչ-որ աղոտ հույս է առկայծում, թե հասնում ես, բայց չէէէէ․ դրանից հետո սկսվում են գրեթե ժամ ու կես երկարությամբ ոլորաններ, որոնց ընթացքում շատ մեծ հավանականությամբ կիսասրտխառնոցային զգացողությունը հասնում է իր տրամաբանական ավարտին։
Այս ոլորանների ընթացքում արդեն աչքերս ավելի լայն բացվեցին, քանի որ հոգիս էր բացվել ու ավելի շատ էր ուզում ընկալել։ Ձմեռ էր, և այդ լեռները թվում էր, թե սովորական մերկ ու ձանձրալի լեռներ էին, բայց աչք կտրել չէր լինում։ Ուզում էի իջնել մեքենայից, իջնել այդ ձորերը, բարձրանալ այդ լեռները, դիպչել նրանց, զգալ նրանց, հարցնել ինչ-որ բան, և վստահ էի, որ պատասխան կստանամ մեղմ քամու, մանրիկ անձրևի կամ խրոխտ ամպրոպի տեսքով։ Այդ լեռները տեսել էին այն, ինչ հնարավոր չէր, տարել էին այնպիսի մարդկանց, ովքեր գերբնական ուժ ունեին, սատարել էին հերոսներին, այնպես, ինչպես կարողացել էին, նրանց մեջ էր այդ հերոսների արյունը և ուժը։ Դրանով էլ նրանք իմաստուն էին և զորեղ։ Այդ լեռները վկան են ոգու հզորության, նրանք վստահ են, որ զենքն ու մարդկանց քանակը ոչինչ է, եթե մարդկանց մի խումբ գիտի, թե ինչ է ուզում և վստահ է, որ իր ուզածը ճիշտ է ու բարոյական։
Հոգիս տակնուվրա էր լինում, քանի որ նոր էի գիտակցում, թե ինչ ասել է “Արցախ”։
Այն իմ մի մասն էր դարձել այլևս և չէր լքելու իմ էությունը երբեք։ Եվ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը գնում է Արցախ, զգում եմ այդ անկառավարելի մղումը գնալ նորից, գնալ մեկ անգամ ևս, տեսնել ու զգալ այն․․․
Հասանք Շուշի անտանելի սոված (ես այդքան սոված կյանքումս չեմ եղել)․․․ Կիսավեր, բայց գեղեցիկ եվրոպական ոճ հիշեցնող շենքերով, երեկոյան մութ, բայց ներքին լույսով լեցուն, նուրբ և խաղաղ մի քաղաք է Շուշին։ Սիրել եմ շատ, սիրում եմ այսօր էլ, կսիրեմ միշտ։
Շուշիում ես պետք է մնայի մեր բանկի հանգստյան տանը, հասել էինք ուշ երեկոյան, և ես չէի պատկերացնում, թե որտեղ պետք է հաց ուտեի, քանի որ մութ էր և ինձ համար անծանոթ։ Մտածում էի, թե տանից ինչու բան չեմ վերցրել։ Ինձ տեղավորեցին մեր հաճելի սենյակներից մեկում, և ես դեռ չէի հասցրել իրերս գետնին դնել, երբ սենյակի դուռը թակեց մեր բանկի խոհարար Գայանեն, ով լայն ժպտացող դեմքով ասաց, որ իրենք ինձ սպասում էին և ներքևում ինձ համար հաց են դնում․․․ Ես, կուտակային հոգնած, սոված, մի քիչ խեղճացած, մի քիչ մտախոհ, շաաաատ ոգեշնչված, զգացի, որ կոկորդս խեղդում է ինչ-որ վեհության, երախտիքի, կատարելության, հուզմունքի, մի փոքր էլ անսպասելիության զգացողությունների համախումբ։
Ես չգիտեի, որ Արցախում ինձ սպասում են և որ Արցախում սոված մնալն էլ հեշտ գործ չի․․․Կյանքումս այդքան համեղ խաշլամա չեմ կերել․․․Խաշլամա չեմ էլ սիրում, ճիշտն ասած․․․ Դրանից հետո գնացել եմ արդեն առանց վարանելու, ֆիզիկապես ճանապարհին վատ զգալով, սակայն հոգեկան ուժգին մղումով․․․
Արցախում մեզ սպասում են, Արցախը մեր հայրենասիրության վերածննդի վայրն է, Արցախը մեր հաղթանակի միակ վկան է, Արցախը մենք ենք, Արցախի լռության մեջ անսահման խորհուրդ կա, որն ամեն Հայ պիտի զգա․․․
Գնացե՛ք և չե՛ք զղջա, մի քիչ կտխրեք, բայց տխրելն է մարդուն Մարդ դարձնում․․․ Մի վախեցեք մի փոքր տխրելուց, քանի որ Արցախից այնպիսի հզոր զգացողությամբ կվերադառնաք, որ կբավականացնի մի տարի մոտիվացված ապրելու և աշխատելու համար․․․
Գնացե՛ք Արցախ․․․ Այնտեղ մեզ սպասում են․․․
Love is…

Love is…
When you do something to make him/her to smile…
When you don’t do anything to harm his/her mood…
When you do your best to understand what he/she thinks…
When you feel what he/she feels…
When you know what he/she didn’t say…
When you do what he/she wants but doesn’t say…
When you start to cook when during all your life you hated cooking…
When you don’t want to push him/her to anything…
When you think that his/her eyes are exceptional…
When you see the deepness of his/her soul…
When you know his/her favorite coffee and when he/she wants it…
When you are able to let him/her to go if he/she wants it…
When you do want to see him/her happy…
The other things such as jealousy, ownership and fighting are just the explanation of the absence of Love…
Մի քիչ ծանր խնդրի մասին․․․
Միջին վիճակագրական հայի պատկերացմամբ “երկիր” է այն երկիրը, որտեղ հնարավորինս քիչ աշխատանքի դիմաց տալիս են աննորմալ շատ փող, որով հնարավոր կլինի գնել շքեղ առանձնատուն, հարևանի մեքենայից մեծ մեքենա, երեխաները լավագույն հեռախոսները և հագուստները կունենան, քիչ կսովորեն, որ հանկարծ չհոգնեն, իրենք անպայման ինչ-որ մեկին խաբելու հնարավորություն կունենան․․․ Բացի այդ երկիրը պետք է ապահովված լինի լավագույն տրանսպորտային ենթակառուցվածքով, խանութներով, սրճարաններով, ակումբներով և ծովափերով, և այդ ամեն ինչը նույն հայի համար պետք է անվճար լինի։ Նաև երկիրը պետք է ունենա բարձր տնտեսական աճ, որի իմաստը 10 տոկոս մարդ է հասկանում, երկրում լինի դեմոկրատիա, որի դրական իմաստն էլ ես չեմ հասկանում (ինչու պետք է կողքիս երեքը ճիշտ մտածեն, այն էլ ինձ վերաբերող հարցերի մասին), երկիրը պետք է լինի սոցիալական, որի իմաստը կրկին չի ընկալվել (սոցիալական երկրում մարդկանց վճարած հարկերը իրենց ստացած աշխատավարձից շատ են), երկրի ընդերքից անպայման պիտի նավթ ժայթքի կամ գոնե ոսկի արդյունահանվի, միաժամանակ ծառերը պիտի չկտրվեն, թուղթը պիտի խնայվի, փողը պիտի բաժանվի և լավ կլինի, որ տուն բերեն, թե չէ, հերթ կանգնելու ժամանակ չկա․․․ Ի լրումն տնտեսական հրաշքների առկա են սոցիալ-մշակութային պահանջներ, ինչպիսիք են՝ աղջիկը՝ հեզ, տղան՝ աչքաբաց, “ընտանիքում տղան է հենասյունը”, “տղա երեխային սա կարելի է, աղջկան՝ ոչ”, կինը կարող է շատ փող աշխատել, բայց պիտի իր տեղն անպայման ճանաչի, տղամարդը կարող է քիչ վաստակել, բայց վերջին խոսքն իրենն է, տղամարդը կարող է ձայն բարձացնել կնոջ վրա, կնոջը՝ վայել չէ․․․ Այս բոլոր “պետք է”-ները ձևավորվել են մեր եվրոպական-թուրքական-պարսկական-արաբական-ասիական քաղաքակրթությունների մեծ ազդեցության հետևանքով՝ արդյունքում սպանելով դրական ողջ հայկականը․․․
Չեմ ժխտում, որ վերոնշյալ անիմաստ սկզբունքներից որոշներն իմ մտածողության մեջ էլ կային, մինչև Եվրոպա կատարած իմ այցելությունները․․․ Ընդ որում՝ արմատական փոփոխություն առաջին անգամ տեղի չի ունեցել, երբ երկու և կես ամիս, կատարյալ երջանկություն վայելելով, թափառում էի եվրոպական տարբեր քաղաքներում և ըմբոշխնում էի եվրոպական մաքուր, չաղտոտված օդը, հիանում էի ճարտարապետական հզոր արժեքներով, օգտվում էի տրանսպորտային զարգացած միջոցներից, այցելում էի թանգարաններ, որոնք երազանքներ էին նախկինում և վերջապես վայելում էի իմ սիրելի կապուչինոն մենակ կյանքի, անծանոթ մարդկանց անցուդարձի, անտարբերության, սեփական մտքերի կատարյալ ազատության և հաճելի տեսարանների կիզակետում։
Ես դեռ մտածում էի, թե գեղեցիկ շենքերն են որոշում երկրի զարգացած լինելը․․․
Երկրորդ անգամն էլ բան չփոխեց, չնայած տեսա, թե ինչ է մայրամուտը ծովի վրա, իսկ այդ դրվագն անմոռանալի է և մեխված է հիշողությանս մեջ․․․ Ավելի ճիշտ սխալ փոխեց․ ամրապնդվեց այն գաղափարը, որ մենք զարգացած չենք, քանի որ ծով չունենք, և դյումայական նավերը տախտակամածին ապրանք չեն մոտեցնում․․․ կամ մեր սիրելի մարդու հետ ծովափին թափառելու և սիրո խոստովանություն անելու հնարավորություն չունենք․․․
Մարդկանց կյանքում քիչ է լինում, երբ զգում են, որ կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ նրանց մարդ տեսակում։ Պարզորոշ հիշում եմ այն օրը, երբ ես գիտակցեցի, թե որն է ինձ համար զարգացած երկիրը և ինչու։ Հիշում եմ, թե ոնց զարմացա, որ նախկինում այդքան սահմանափակ էի մտածել․․․
Գործուղման էի Հելսինկիում, որը, կարող եմ ասել, իմ ամենաչսիրած եվրոպական քաղաքն է։ Խորին ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր սիրում են այս քաղաքը, քանի որ հոգիս տակնուվրա է լինում, երբ ինչ որ մեկն ասում է, թե Փարիզը չի սիրում․․․ Բուն գործուղումս շատ արդյունավետ և լավն էր և ունեի շատ քիչ ազատ ժամանակ։ Իհարկե, ազատ ժամանակս ծախսվեց քաղաքում թափառելու վրա․․․ Իմ հաջողակ ճակատագիրը նախատեսել էր արևոտ, տաք օր մռայլ և ամպամած Հելսինկիում, և ես, քաղաքի շունչը որոնող անտարբեր էակի պես, զբոսնում էի։
Փոփոխությունս եղել է շոկային, վայրկենական և միանգամից։ Սա այն քաղաքն էր, որտեղ ես տեսա ամենամեծ քանակով մտավոր հիվանդ մարդկանց փողոցներում իրենց հարազատների հետ։ Օրն արևոտ էր, և նրանց հարազատները նրանց բերել էին զբոսանքի՝ ոմանք բացահայտ կոլեկտիվով գործ էին քննարկում, որոշներն ընտանիքով էին, որոշները՝ ընկերների հետ․․․Տարբեր տարիքների հարազատներ էին և տարբեր տարիքի հիվանդներ՝ 0-ից 100 միջակայքում․․․
Ոչ ոք չէր ամաչում և չէր վախենում․․․ Ոչ ոք տարօրինակ, չտես հայացք չէր նետում այդ մարդկանց վրա, բացի ինձանից․․․ Որքան էլ իմ ընտանիքի դաստիարակությունն այդ հարցում հնարավորինս եվրոպական է եղել, իսկ իրոք եղել է, ես էլ միջին վիճակագրական հայի նման չտես էի և չէի տեսել այդ քանակի մտավոր հիվանդ մարդ․․․ Գլխիս կաթվածային պայծառացումը հիշում եմ, երբ տեսա կոլեկտիվի կողքին նստած մոտ 20 ամյա ամբողջությամբ անօգնական հիվանդ տղայի, որի բավական երիտասարդ մայրը կոլեկտիվի քննարկումն ամենայն վստահությամբ ընդհատեց և սրբեց տղայի բերանը․․․ Նա ինքնավստահ էր իր և իր շրջապատի մտածողության շնորհիվ, քանի որ նրա ոչ մի կոլեգա դա տարօրինակ չէր համարում, ընդհակառակը՝ նրանք կքարկոծեին իրենց գործընկերուհուն տղային նման արևային օր չպարգևելու համար․․․
Չեմ ուզում գեղարվեստորեն նկարագրել սրա հայկական տարբերակը, քանի որ չեմ ուզում փչացնել Ձեր երեկոն և, բացի այդ, դուք էլ ինձանից լավ գիտեք այդ ամեն ինչը․․․
Ես այդ օրը հասկացա, որ ոչ թե Հայաստանում չկան այսքան մտավոր հիվանդ մարդիկ, այլ նրանք ուղղակի թաքնված են յոթ դարպասի ետևում, բոլորի աչքից և հիշողությունից հեռու։ Ավելին, նրանց քույր և եղբայրների հետ սիրելու դեպքում էլ չեն ամուսնանում․․․
Զարգացած է այն երկիրը, որն ունի զարգացած հասարակություն․․․ “Երկիր” է այն երկիրը, որն ունի կայացած անհատներ, ովքեր չեն վախենում և չեն ամաչում բնության կողմից իրենց բաժին հասած դժվարություններից․․․ Իսկ շենք-շինությունը և տնտեսական աճերը նման հասարակության համար ընդհանրապես խնդիր չեն․․․
P.S. Իզուր չէ, որ Սկանդինավյան երկրները տնտեսապես էլ են ամենազարգացածների ցանկում․․․
***
Ցավ կա, որ կոկորդում է ծանրանում․․․ Ասում են, թե դա վիրավորանքի դրսևորում է․․․
Ցավ կա, որ սիրտն է ծանրացնում․․․ Ասում են, թե զգացմունքներն են այդպես ազդում․․․
Ցավ կա, որ ոտքերն է թուլացնում․․․ Երևի անուժության զգացումն է․․․
Եվ երբ երկարատև “ուժեղ” կամ հիմար լինելու արդյունքում դրանցից որոշները կամ բոլորը միասին թույլ չենք տալիս դրսևորվել, տիտանական ցավ է քարանում կրծքավանդակի միջին հատվածում և շնչել չի թողնում, շարժվել չի թողնում, սիրել չի թողնում, ապրել չի թողնում․․․
Պայծառ ապագայի կերտման դժվարությունների մասին – Շարունակություն
1990-ականների սկիզբը բոլորն են հիշում։ Հիշում են որպես մութ և ցուրտ տարիներ, անլույս, անգազ և անջուր․․․ Եթե միջին վիճակագրական եվրոպացուն 1 ժամ զրկեն էլեկտրաէներգիայից, ապա, շատ հավանական է, որ նա մշակութային այնպիսի շոկ ապրի, որից մահվան դեպք գրանցվի։ Բայց արի ու տես, որ Հայ մարդը կարող է գոյատևել առանց բոլոր հարմարությունների, ավելին՝ հենց այդ ընթացքում տանել իր գոյության ընթացքում արձանագրված սակավաթիվ հաղթանակներից ամենախրոխտը։ Այս ազգն ամեն դեպքում անբացատրելի է․ չունի լավ ապրելու մոտիվացիա, բայց գոյատևում է ոչ մարդկային պայմաններում ու չգիտի, թե ինչի համար։
Այդ նույն տարիներին ապրած ցանկացած հայ կարող է պատկերացնել, թե ինչ կնշանակեր ինքնաթիռի տոմս գնել, մանավանդ, որ տոմս ամեն տեղ չէր վաճառվում։ Հենց նույն պայմաններում ապրող իմ ընտանիքը պիտի լուծում գտներ ինձ Ռուսաստանի մի շրջանից Հայաստան հասցնելու համար, քանի որ ես յուրաքանչյուր զանգի ընթացքում կամ ասում էի, որ իրենք գան կամ իրենք գան ու ինձ տանեն։ Լիլիթն էլ միշտ հիշում է, որ անընդհատ իրեն եմ ասել, որ գա․․․
Այդ զանգ ասվածն այդքան էլ հեշտ չէր։ Հեռախոս կար միայն մեր ճաշարանում, ուր մենք գնում էինք օրական երեք անգամ, և մերոնք, ինչպես նաև մյուս երեխաների “մերոնք” պիտի հասցնեին այդ ընթացքում զանգել։ Դե բայց, իհարկե, իմ ընտանիքը գրավում էր առաջատար դիրքերն այս հարցում։ Դեկտեմբերի առաջին օրերին մերոնք ասացին, որ մոտակա օրերին մեր հարևանի տղան, ով ապրում էր Մոսկվայում, կգա իմ ետևից և կտանի։ Դե դա իմ ամենաերջանիկ օրերից մեկն էր։ Մի քանի օր անց, իրոք, այդ տղան իր ընկերոջ հետ եկավ։ Իմ իրերը նախօրոք հավաքել էինք, ինձ օգնել էին մեր գիմնազիայի ավագ սան աղջիկները շատ բարեխղճորեն և տաք հագցրել (դա էլ մեր ընտանիքի հիշողություններում կա)։ Եվ մենք մեքենայով ուղևորվեցինք Մոսկվա, այդ տղայի տուն, որտեղ ինձ մի կարգին հայկական սեղան էր սպասվում։ Կերուխումից հետո գիշերվա կեսին արդեն գնացինք օդանավակայան, որտեղ սկսվում էին իսկական արկածները։ Ես չգիտեի, թե ինչպես եմ գալու Հայաստան… Ես՝ շատ ցածրահասակ, այդ տղան՝ շատ բարձրահասակ, քայլում էինք մի դռնից մյուսը, որտեղ նա ինչ-որ հարցեր էր ճշտում, որոնք ես չէի լսում, բայց հասկանում էի, որ բարդություններ կան․․․ Այս խեղճը մի լավ տանջվեց իմ ձեռքը։ Ձեռքիցս բռնած մոտենում էր տարբեր ռուս ոստիկանների, անվտանգության աշխատողների կամ չգիտեմ նրանք այդ թվերին ինչ էին կոչվում, ինչ-որ բան էր խնդրում, որը դրանք անդրդվելի կերպով չէին անում։ Վերջապես մոտեցավ մեկին, ինձ հեռացրեց, ինչ-որ բաներ խոսեց, պայմանավորվեց ընդունված ձևերով, որից հետո դա համաձայնվեց։ Այնուհետև, իմ իրերը և ինձ փոխանցեց այդ պարոնին, ով ինձ շարունակեց ուղեկցել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանի միջանցքներով մինչև օդանավ՝ ավելի կոնկրետ օդաչուների խցիկ, որտեղ իրականում հազիվ օդաչուներն են տեղավորվում։ Ես տեղավորվեցի շտուրմանի (կներեք այս պահին հայերեն բառը չգիտեմ) աթոռին և դեռ կարգին չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Այս անհասկանալի վիճակը միանգամից ստացավ իր լուծումը, երբ խցիկ մտավ օդաչուական համազգեստով մի տղամարդ (իսկ այդ համազգեստից ես շատ էի տեսել), ով ինձ լայն ժպտաց․․․ Պապայիս երկարամյա ընկերն էր և օդանավի հրամանատարն էր․․․ Գրկեց, ճշտեց սոված եմ, թե չէ, բայց մինչ այդ պատահած մյուս Հայն արդեն հասցրել էր ինձ մի չորս օրվա համար կերակրել, ու ես նստած մնացի շտուրմանի աթոռին, իսկ թե շտուրմանն ուր նստեց, ճիշտն ասած, չեմ հիշում։
Բանն այն է, որ ես պիտի թռչեի անտոմս՝ խորհրդային ժամանակներում “նապաստակ” կոչվող կարգավիճակով։ Պիտի վերադառնայի Հայաստան ինքնաթիռի հրամանատարի հովանավորությամբ, իսկ նրան ինձ պիտի ինչ-որ ձևով հասցնեին, քանի որ ինքը չէր հասցնի դուրս գալ և ինձ տանել․․․
Օդանավը թռավ՝ բերելով իր հետ մի երեխայի, ով մինչև վերջին հնարավոր ջանքը պայքարում էր իր իրական ցանկությունների համար։ Իսկ այդ օրն աննկարագրելի էր և հրաշալի, քանի որ ցանկությունը կատարվում էր։ Որոշ ժամանակ անց ինձ արդեն տարան և տեղավորեցին օդանավի հարմարավետ աթոռի՝ մի երիտասարդ զույգի կողքի։ Ես անտանելի հոգնած էի ու միանգամից քնեցի, իսկ երբ արթնացա, տեսա, որ այդ զույգը պահել էր ինձ համար ուտելիք, որի ազնվամորու ջեմն առայսօր հիշում եմ։ Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես ջեմ կյանքիս ընթացքում գումարային երևի 10 անգամ եմ կերել և հիմնականում հանգստյան տների նախաճաշերի ժամանակ, իսկ ազնվամորի տանել չեմ կարողանում, նույնիսկ հիվանդ ժամանակ չեմ օգտագործում․․․
Օդանավը վայրէջք կատարեց իմ Հայաստանում․․․ Օդանավն ամբողջությամբ դատարկվեց, իսկ ես մնացել էի մինչև հրամանատարը գար։ Ինձ մինչև տուն խոստացել էր տանել․․․ Մամաս հիշում է, թե ինչպես է գիշերվա կեսին մեր պատուհանից նշմարվել մեր տուն բերող փոքրիկ կամրջի վրայով անցնող կանաչ մեքենան․․․
Դե հնդկական հանդիպում չէր, քանի որ մեր ընտանիքը շատ հայկական զուսպ ընտանիք էր՝ հատկապես զգացմունքների արտահայտման տեսանկյունից։
Իհարկե, այդ օրը շատ հարցեր էին ուղղվում մի երեխայի, ով առանձնապես խոսել չէր սիրում։ Մինչև հիմա էլ առանձնապես չի սիրում և, աստված մի՛ արասցե, դրդեն խոսել այն պահին, երբ հատկապես չի ուզում։ Բայց այդ օրը խոսում էի անդադար, պատմում էի հիմար ու խելոք բաներ, պատմում էի բնությունից, երեխաներից, պարում էի ու խոսում․․․ Խոսում էի ու պատմում բաներ, որոնք հիմա աղոտ եմ հիշում, բայց որոնք կարևոր էին այդ պահին․․․ Խոսում էի ու պատմում լամպի լույսի ներքո, վառվող վառարանի ջերմացրած սենյակում, քանի որ էլեկտրաէներգիան անջատված էր, ջեռուցման հնարավորություն չկար։ Դա բնավ չէր խանգարում իմ երջանկությանը, չնայած ես եկել էի տաք և լուսավոր երկրի տաք ու լուսավոր սենյակից․․․
Եվ այդ օրվանից հասկացա, որ ոչ մի վառվող էլեկտրական լամպ և չի փոխարինում ընտանեկան ջերմությանը և մարդու մեջ բոցավառվող լույսին․․․
Ոչ մի պայծառ ապագա չպիտի հանգցնի այսօր մարդու մեջ բոցավառվող լույսը, անկախ նրանից, թե այդ մարդը երեխա է, թե մեծահասակ։ Մարդուն ապրելու հնարավորություն է տալիս նրա ներքին լույսը, որը, ի սեր աստծո, մի՛ սպանեք հանուն երեսուն տարի հետոյի հնարավոր հաջողությունների։ Կյանքն այսօր է և այստեղ, եղե՛ք սիրելի մարդկանց հետ, նրանց կողքին, արե՛ք այն, ինչ սիրում եք, մի՛ զսպեք ցանկություններ, որոնք մի օր դրդելու են անել այն, ինչ չեք արել տարիներ շարունակ․․․ Մի՛ հանգցրեք ներքին կրակը․․․
Պայծառ ապագայի կերտման դժվարությունների մասին
Իմ կյանքի մի հետաքրքիր փուլ է իննամյա հասակում Ռուսատանի Նորոֆոմինսկ շրջանի մի ճամբարում մենակ անցկացրած երեք ամիսները։ Ասում են, թե մարդը կոչում է “հետաքրքիր” մի երևույթ, որը “վատ” կոչել չի ուզում, բայց վստահաբար “լավ” էլ չի համարում։
Սերժ Ջիլավյան անունով մի հարուստ և լավ Հայ որոշել էր Ռուսաստանում ստեղծել հատուկ իր ազգանունը կրող գիմնազիա, որտեղ կսովորեն հայ շնորհալի երեխաներ։ Այդ երեխաներին ընտրում էին բավական խիստ քննությունների և հարցազրույցների արդյունքում։ Տեղերը սահմանափակ էին, իհարկե։ Գիմնազիան արդեն մի տարի գործում էր, երբ մեր ընտանիքն իմացավ դրա մասին։ Եթե չեմ սխալվում, քրոջս ընկերուհու եղբայրն էր խորհուրդ տվել (իսկ հիմա արթուն մարդ չկա, որ հաստատ ճշտեմ)։ Ընդունելության բոլոր վերջնաժամկետներն անցել էին, երբ ինչ որ միջոցառման վերջում (նորմալ չեմ էլ հիշում, թե ինչ միջոցառում էր) փողոցում ինձ հետ հարցազրույց էին անցկացնում։ Իմ հարցազրույցն էապես տարբերվեց այլ երեխաների հարցազրույցներից։ Ես փողոցում՝ ծնկիս վրա տետրում ինչ-որ բաներ էի գրում և փողոցում պատմում էի հունական դիցաբանություն, որն իմ տարերքն էր այդ տարիքում, քանի որ ամբողջ օրը կարդում էի, վերընթերցում, մտածում լեգենդների և աստվածների մասին, ապրում նրանցով։ Արդյունքում՝ ինձ ընդունեցին գիմնազիա։ Ծնողներս կայուն և լավ ապագա էին ուզում ինձ համար, միանգամից ուզում էին հնարավորություն տալ լավ միջավայրում սովորելու և խելացի երեխաների հետ շփվելու։ Ես ուրախ էի այդ պահին։ Հետո տխուր էի։ Ես կասեի, որ շատ տխուր էի։ Հետո պայծառ ապագան ինձ չէր խանդավառում “առանց մամայի” ներկայի պարագայում։ Ամեն դեպքում երեխան մի քիչ չի պատկերացնում, թե ինչու է պետք տանջվել այսօր ինչ-որ լավ ապագայի համար․․․ Այսօր կասեմ, որ կուզենայի՝ դա ինձ հետ պատահած չլիներ։ Ասում են, թե ամեն ինչ մեզ տրվում է ինչ-որ բանի համար, ինչ-որ դաս սովորելու համար։ Առայսօր չեմ հասկանում կյանքիս այդ փուլի դասը։ Եվ թո՛ղ աշխարհի բոլոր փիլիսոփաները և հոգեբանները կոչեն ինչ ոչ բավարար խելացի և պարտվող տեսակ, բայց ես, իրոք, կուզենայի դա պատահած չլիներ․․․
Դե լավ, դա չի կարևորը․․․
1993-ի սեպտեմբերի 9-ին ես ու մայրիկս մեկնեցինք Մոսկվա, որտեղ մի քանի օր ապրեցինք մեր բարեկամների տանը։ Ամենադժվար տարիներն էին ամբողջ հայ ազգի, այդ թվում՝ մեր ընտանիքի համար։ Մոսկվայի կացության ընթացքում պարզորոշ հիշում եմ մի օր, երբ ես ու մամաս խանութ էինք գնացել, ու մամաս գնեց ինձ համար մի տիկնիկ ու հեքիաթների գիրք (որը աններելի կերպով մոռացա ճամբարի իմ դարակում և մինչև այսօր հիշում եմ)։
Մեր գիմնազիան տեղակայված էր նախկին մի ճամբարում, որը գտնվում էր ռուսական շատ գեղեցիկ անտառում։ Ռուսական շատ բարձր ծառերով, նրանց միջից թափանցող կիսաարևոտ երկնքով, նեղլիկ ու գրքային արահետներով, վազվզող սկյուռիկներով և ռուսական հյուղակներով անտառ էր։ Հիմա, երբ հիշում եմ, հասկանում եմ, որ արտակարգ գեղեցկություն ուներ այդ անտառը, որի արահետները մեզ տանում էին ճաշարան, ուր մենք այցելում էինք օրը երեք անգամ։ Այնուամենայնիվ, այդ ժամանակ ես ատում էի այդ ամեն ինչը, քանի որ արդյունքում մամաս էլ վերադարձավ Հայաստան ու ես մնացի մենակ։ Ապրում էինք երեխաներով և ուսուցիչներով, կիսատ-պռատ դաս էինք անում, հաց էինք ուտում, գնում էինք խաղալու, երեկոյան դիսկոտեկաներ էինք կազմակերպում, երգում, պարում, խաղում։ Ամեն ինչ ուրախ էր հիմնականում, բայց ես այնքան էի կարոտում, որ ինձ ընդհանրապես չէին երջանկացնում այդ խանդավառ զբաղմունքները։ Դրանք ընդամենը ժամանակն անցկացնելու միջոց էին։ Իսկական տոն էր, երբ երեխաներից մեկի ծնողը գալիս էր։ Հիշում եմ, երբ երեխաներից մեկի մաման եկել էր, դրամապանակից հանեց մի 10 դրամանոց թղթադրամ ու ասաց․ “Երեխանե՛ր, մենք արդեն մեր ազգային փողն ունենք”։ Այդ 10 դրամանոցը բոլորի ձեռքերով անցավ, և այսօրվա պես հիշում եմ, երբ ես կարդացի “Կենտրոնական բանկ” բառերը, որոնք ինձ այդ պահին ոչինչ չասացին։
Դե, իհարկե, մերոնք, բոլորի հետ մի բան ինձ ուղարկում էին։ Ավելին ասեմ, հերիք չի իմ մաման ինձ հետ համարյա կես ամիս մնաց, հետո էլ երկու անգամ հայրս եկավ մի քանի օրով։ Ամենաշատ այցելվող և զանգվող անձը ես էի։ Առաջին անգամ, երբ հայրս եկել էր, զուգադիպել էր մեր ճաշի ժամին, և ռուս պահակը նրան ասել էր, թե մենք արդեն ճաշարան ենք գնացել, և որ նա շենքում սպասի մեզ։ Իսկ ես հենց այդ օրը չէի գնացել ճաշելու, քանի որ պառկել, քնել էի։ Հայրս էլ ընդունարանում մի ահագին սպասել մինչև տղաներից մեկը պատահաբար շուտ եկել և ասել էր նրան, որ ես վերևում եմ։ Չնկարագրեմ իմ ուրախությունը․․․ Եվ իմ թեթևությունը, երբ նա ինձ օգնեց քամել իմ ջինսից շալվարը, որը երբեք չէի կարողանում նորմալ անել․․․
Կյանքը հետաքրքիր է իր դժվարություններով, որոնք թույլ են տալիս գնահատել լավ օրերը․․․ Միգուցե ենթագիտակցորեն մենք մեր կյանք ենք բերում այդ դժվարությունները, որ կարողանանք ինչ-որ պետքական դաս քաղել․․․ Կամ ոչ մի բան էլ չենք անում, նրանք են գալիս․․․
Ամեն դեպքում կյանքն այն է, ինչ կա․․․ Եվ այն ապրել է պետք ամբողջությամբ և հնարավոր ողջ խորությամբ․․․
Հ.Գ.Վերադարձս Հայաստան մի ամբողջ պատմվածք է, որը մի օր ևս կգրեմ․․․
***
I want to fly to the times you haven’t been born yet!
I want to move to the places you haven’t ever been!
I want to live with the people who have never known you!
I want to delete all the memories I have in my head right now!
And then and there I want to be a person I AM after meeting you!!!