Պայծառ ապագայի կերտման դժվարությունների մասին

Իմ կյանքի մի հետաքրքիր փուլ է իննամյա հասակում Ռուսատանի Նորոֆոմինսկ շրջանի մի ճամբարում մենակ անցկացրած երեք ամիսները։ Ասում են, թե մարդը կոչում է “հետաքրքիր” մի երևույթ, որը “վատ” կոչել չի ուզում, բայց վստահաբար “լավ” էլ չի համարում։

Սերժ Ջիլավյան անունով մի հարուստ և լավ Հայ որոշել էր Ռուսաստանում ստեղծել հատուկ իր ազգանունը կրող գիմնազիա, որտեղ կսովորեն հայ շնորհալի երեխաներ։ Այդ երեխաներին ընտրում էին բավական խիստ քննությունների և հարցազրույցների արդյունքում։ Տեղերը սահմանափակ էին, իհարկե։ Գիմնազիան արդեն մի տարի գործում էր, երբ մեր ընտանիքն իմացավ դրա մասին։ Եթե չեմ սխալվում, քրոջս ընկերուհու եղբայրն էր խորհուրդ տվել (իսկ հիմա արթուն մարդ չկա, որ հաստատ ճշտեմ)։ Ընդունելության բոլոր վերջնաժամկետներն անցել էին, երբ ինչ որ միջոցառման վերջում (նորմալ չեմ էլ հիշում, թե ինչ միջոցառում էր) փողոցում ինձ հետ հարցազրույց էին անցկացնում։ Իմ հարցազրույցն էապես տարբերվեց այլ երեխաների հարցազրույցներից։ Ես փողոցում՝ ծնկիս վրա տետրում ինչ-որ բաներ էի գրում և փողոցում պատմում էի հունական դիցաբանություն, որն իմ տարերքն էր այդ տարիքում, քանի որ ամբողջ օրը կարդում էի, վերընթերցում, մտածում լեգենդների և աստվածների մասին, ապրում նրանցով։ Արդյունքում՝ ինձ ընդունեցին գիմնազիա։ Ծնողներս կայուն և լավ ապագա էին ուզում ինձ համար, միանգամից ուզում էին հնարավորություն տալ լավ միջավայրում սովորելու և խելացի երեխաների հետ շփվելու։ Ես ուրախ էի այդ պահին։ Հետո տխուր էի։ Ես կասեի, որ շատ տխուր էի։ Հետո պայծառ ապագան ինձ չէր խանդավառում “առանց մամայի” ներկայի պարագայում։ Ամեն դեպքում երեխան մի քիչ չի պատկերացնում, թե ինչու է պետք տանջվել այսօր ինչ-որ լավ ապագայի համար․․․ Այսօր կասեմ, որ կուզենայի՝ դա ինձ հետ պատահած չլիներ։ Ասում են, թե ամեն ինչ մեզ տրվում է ինչ-որ բանի համար, ինչ-որ դաս սովորելու համար։ Առայսօր չեմ հասկանում կյանքիս այդ փուլի դասը։ Եվ թո՛ղ աշխարհի բոլոր փիլիսոփաները և հոգեբանները կոչեն ինչ ոչ բավարար խելացի և պարտվող տեսակ, բայց ես, իրոք, կուզենայի դա պատահած չլիներ․․․

Դե լավ, դա չի կարևորը․․․

1993-ի սեպտեմբերի 9-ին ես ու մայրիկս մեկնեցինք Մոսկվա, որտեղ մի քանի օր ապրեցինք մեր բարեկամների տանը։ Ամենադժվար տարիներն էին ամբողջ հայ ազգի, այդ թվում՝ մեր ընտանիքի համար։ Մոսկվայի կացության ընթացքում պարզորոշ հիշում եմ մի օր, երբ ես ու մամաս խանութ էինք գնացել, ու մամաս գնեց ինձ համար մի տիկնիկ ու հեքիաթների գիրք (որը աններելի կերպով մոռացա ճամբարի իմ դարակում և մինչև այսօր հիշում եմ)։

Մեր գիմնազիան տեղակայված էր նախկին մի ճամբարում, որը գտնվում էր ռուսական շատ գեղեցիկ անտառում։ Ռուսական շատ բարձր ծառերով, նրանց միջից թափանցող կիսաարևոտ երկնքով, նեղլիկ ու գրքային արահետներով, վազվզող սկյուռիկներով և ռուսական հյուղակներով անտառ էր։ Հիմա, երբ հիշում եմ, հասկանում եմ, որ արտակարգ գեղեցկություն ուներ այդ անտառը, որի արահետները մեզ տանում էին ճաշարան, ուր մենք այցելում էինք օրը երեք անգամ։ Այնուամենայնիվ, այդ ժամանակ ես ատում էի այդ ամեն ինչը, քանի որ արդյունքում մամաս էլ վերադարձավ Հայաստան ու ես մնացի մենակ։ Ապրում էինք երեխաներով և ուսուցիչներով, կիսատ-պռատ դաս էինք անում, հաց էինք ուտում, գնում էինք խաղալու, երեկոյան դիսկոտեկաներ էինք կազմակերպում, երգում, պարում, խաղում։ Ամեն ինչ ուրախ էր հիմնականում, բայց ես այնքան էի կարոտում, որ ինձ ընդհանրապես չէին երջանկացնում այդ խանդավառ զբաղմունքները։ Դրանք ընդամենը ժամանակն անցկացնելու միջոց էին։ Իսկական տոն էր, երբ երեխաներից մեկի ծնողը գալիս էր։ Հիշում եմ, երբ երեխաներից մեկի մաման եկել էր, դրամապանակից հանեց մի 10 դրամանոց թղթադրամ ու ասաց․ “Երեխանե՛ր, մենք արդեն մեր ազգային փողն ունենք”։ Այդ 10 դրամանոցը բոլորի ձեռքերով անցավ, և այսօրվա պես հիշում եմ, երբ ես կարդացի “Կենտրոնական բանկ” բառերը, որոնք ինձ այդ պահին ոչինչ չասացին։

Դե, իհարկե, մերոնք, բոլորի հետ մի բան ինձ ուղարկում էին։ Ավելին ասեմ, հերիք չի իմ մաման ինձ հետ համարյա կես ամիս մնաց, հետո էլ երկու անգամ հայրս եկավ մի քանի օրով։ Ամենաշատ այցելվող և զանգվող անձը ես էի։ Առաջին անգամ, երբ հայրս եկել էր, զուգադիպել էր մեր ճաշի ժամին, և ռուս պահակը նրան ասել էր, թե մենք արդեն ճաշարան ենք գնացել, և որ նա շենքում սպասի մեզ։ Իսկ ես հենց այդ օրը չէի գնացել ճաշելու, քանի որ պառկել, քնել էի։ Հայրս էլ ընդունարանում մի ահագին սպասել մինչև տղաներից մեկը պատահաբար շուտ եկել և ասել էր նրան, որ ես վերևում եմ։ Չնկարագրեմ իմ ուրախությունը․․․ Եվ իմ թեթևությունը, երբ նա ինձ օգնեց քամել իմ ջինսից շալվարը, որը երբեք չէի կարողանում նորմալ անել․․․

Կյանքը հետաքրքիր է իր դժվարություններով, որոնք թույլ են տալիս գնահատել լավ օրերը․․․ Միգուցե ենթագիտակցորեն մենք մեր կյանք ենք բերում այդ դժվարությունները, որ կարողանանք ինչ-որ պետքական դաս քաղել․․․ Կամ ոչ մի բան էլ չենք անում, նրանք են գալիս․․․

Ամեն դեպքում կյանքն այն է, ինչ կա․․․ Եվ այն ապրել է պետք ամբողջությամբ և հնարավոր ողջ խորությամբ․․․

Հ.Գ.Վերադարձս Հայաստան մի ամբողջ պատմվածք է, որը մի օր ևս կգրեմ․․․

Leave a comment