Archive | 16 May 2017

Մի քիչ ծանր խնդրի մասին․․․

Միջին վիճակագրական հայի պատկերացմամբ “երկիր” է այն երկիրը, որտեղ հնարավորինս քիչ աշխատանքի դիմաց տալիս են աննորմալ շատ փող, որով հնարավոր կլինի գնել շքեղ առանձնատուն, հարևանի մեքենայից մեծ մեքենա, երեխաները լավագույն հեռախոսները և հագուստները կունենան, քիչ կսովորեն, որ հանկարծ չհոգնեն, իրենք անպայման ինչ-որ մեկին խաբելու հնարավորություն կունենան․․․ Բացի այդ երկիրը պետք է ապահովված լինի լավագույն տրանսպորտային ենթակառուցվածքով, խանութներով, սրճարաններով, ակումբներով և ծովափերով, և այդ ամեն ինչը նույն հայի համար պետք է անվճար լինի։ Նաև երկիրը պետք է ունենա բարձր տնտեսական աճ, որի իմաստը 10 տոկոս մարդ է հասկանում, երկրում լինի դեմոկրատիա, որի դրական իմաստն էլ ես չեմ հասկանում (ինչու պետք է կողքիս երեքը ճիշտ մտածեն, այն էլ ինձ վերաբերող հարցերի մասին), երկիրը պետք է լինի սոցիալական, որի իմաստը կրկին չի ընկալվել (սոցիալական երկրում մարդկանց վճարած հարկերը իրենց ստացած աշխատավարձից շատ են), երկրի ընդերքից անպայման պիտի նավթ ժայթքի կամ գոնե ոսկի արդյունահանվի, միաժամանակ ծառերը պիտի չկտրվեն, թուղթը պիտի խնայվի, փողը պիտի բաժանվի և լավ կլինի, որ տուն բերեն, թե չէ, հերթ կանգնելու ժամանակ չկա․․․ Ի լրումն տնտեսական հրաշքների առկա են սոցիալ-մշակութային պահանջներ, ինչպիսիք են՝ աղջիկը՝ հեզ, տղան՝ աչքաբաց, “ընտանիքում տղան է հենասյունը”, “տղա երեխային սա կարելի է, աղջկան՝ ոչ”, կինը կարող է շատ փող աշխատել, բայց պիտի իր տեղն անպայման ճանաչի, տղամարդը կարող է քիչ վաստակել, բայց վերջին խոսքն իրենն է, տղամարդը կարող է ձայն բարձացնել կնոջ վրա, կնոջը՝ վայել չէ․․․ Այս բոլոր “պետք է”-ները ձևավորվել են մեր եվրոպական-թուրքական-պարսկական-արաբական-ասիական քաղաքակրթությունների մեծ ազդեցության հետևանքով՝ արդյունքում սպանելով դրական ողջ հայկականը․․․

Չեմ ժխտում, որ վերոնշյալ անիմաստ սկզբունքներից որոշներն իմ մտածողության մեջ էլ կային, մինչև Եվրոպա կատարած իմ այցելությունները․․․ Ընդ որում՝ արմատական փոփոխություն առաջին անգամ տեղի չի ունեցել, երբ երկու և կես ամիս, կատարյալ երջանկություն վայելելով, թափառում էի եվրոպական տարբեր քաղաքներում և ըմբոշխնում էի եվրոպական մաքուր, չաղտոտված օդը, հիանում էի ճարտարապետական հզոր արժեքներով, օգտվում էի տրանսպորտային զարգացած միջոցներից, այցելում էի թանգարաններ, որոնք երազանքներ էին նախկինում և վերջապես վայելում էի իմ սիրելի կապուչինոն մենակ կյանքի, անծանոթ մարդկանց անցուդարձի, անտարբերության, սեփական մտքերի կատարյալ ազատության և հաճելի տեսարանների կիզակետում։

Ես դեռ մտածում էի, թե գեղեցիկ շենքերն են որոշում երկրի զարգացած լինելը․․․

Երկրորդ անգամն էլ բան չփոխեց, չնայած տեսա, թե ինչ է մայրամուտը ծովի վրա, իսկ այդ դրվագն անմոռանալի է և մեխված է հիշողությանս մեջ․․․ Ավելի ճիշտ սխալ փոխեց․ ամրապնդվեց այն գաղափարը, որ մենք զարգացած չենք, քանի որ ծով չունենք, և դյումայական նավերը տախտակամածին ապրանք չեն մոտեցնում․․․ կամ մեր սիրելի մարդու հետ ծովափին թափառելու և սիրո խոստովանություն անելու հնարավորություն չունենք․․․

Մարդկանց կյանքում քիչ է լինում, երբ զգում են, որ կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ նրանց մարդ տեսակում։ Պարզորոշ հիշում եմ այն օրը, երբ ես գիտակցեցի, թե որն է ինձ համար զարգացած երկիրը և ինչու։ Հիշում եմ, թե ոնց զարմացա, որ նախկինում այդքան սահմանափակ էի մտածել․․․

Գործուղման էի Հելսինկիում, որը, կարող եմ ասել, իմ ամենաչսիրած եվրոպական քաղաքն է։ Խորին ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր սիրում են այս քաղաքը, քանի որ հոգիս տակնուվրա է լինում, երբ ինչ որ մեկն ասում է, թե Փարիզը չի սիրում․․․ Բուն գործուղումս շատ արդյունավետ և լավն էր և ունեի շատ քիչ ազատ ժամանակ։ Իհարկե, ազատ ժամանակս ծախսվեց քաղաքում թափառելու վրա․․․ Իմ հաջողակ ճակատագիրը նախատեսել էր արևոտ, տաք օր մռայլ և ամպամած Հելսինկիում, և ես, քաղաքի շունչը որոնող անտարբեր էակի պես, զբոսնում էի։

Փոփոխությունս եղել է շոկային, վայրկենական և միանգամից։ Սա այն քաղաքն էր, որտեղ ես տեսա ամենամեծ քանակով մտավոր հիվանդ մարդկանց փողոցներում իրենց հարազատների հետ։ Օրն արևոտ էր, և նրանց հարազատները նրանց բերել էին զբոսանքի՝ ոմանք բացահայտ կոլեկտիվով գործ էին քննարկում, որոշներն ընտանիքով էին, որոշները՝ ընկերների հետ․․․Տարբեր տարիքների հարազատներ էին և տարբեր տարիքի հիվանդներ՝ 0-ից 100 միջակայքում․․․

Ոչ ոք չէր ամաչում և չէր վախենում․․․ Ոչ ոք տարօրինակ, չտես հայացք չէր նետում այդ մարդկանց վրա, բացի ինձանից․․․ Որքան էլ իմ ընտանիքի դաստիարակությունն այդ հարցում հնարավորինս եվրոպական է եղել, իսկ իրոք եղել է, ես էլ միջին վիճակագրական հայի նման չտես էի և չէի տեսել այդ քանակի մտավոր հիվանդ մարդ․․․ Գլխիս կաթվածային պայծառացումը հիշում եմ, երբ տեսա կոլեկտիվի կողքին նստած մոտ 20 ամյա ամբողջությամբ անօգնական հիվանդ տղայի, որի բավական երիտասարդ մայրը կոլեկտիվի քննարկումն ամենայն վստահությամբ ընդհատեց և սրբեց տղայի բերանը․․․ Նա ինքնավստահ էր իր և իր շրջապատի մտածողության շնորհիվ, քանի որ նրա ոչ մի կոլեգա դա տարօրինակ չէր համարում, ընդհակառակը՝ նրանք կքարկոծեին իրենց գործընկերուհուն տղային նման արևային օր չպարգևելու համար․․․

Չեմ ուզում գեղարվեստորեն նկարագրել սրա հայկական տարբերակը, քանի որ չեմ ուզում փչացնել Ձեր երեկոն և, բացի այդ, դուք էլ ինձանից լավ գիտեք այդ ամեն ինչը․․․

Ես այդ օրը հասկացա, որ ոչ թե Հայաստանում չկան այսքան մտավոր հիվանդ մարդիկ, այլ նրանք ուղղակի թաքնված են յոթ դարպասի ետևում, բոլորի աչքից և հիշողությունից հեռու։ Ավելին, նրանց քույր և եղբայրների հետ սիրելու դեպքում էլ չեն ամուսնանում․․․

Զարգացած է այն երկիրը, որն ունի զարգացած հասարակություն․․․ “Երկիր” է այն երկիրը, որն ունի կայացած անհատներ, ովքեր չեն վախենում և չեն ամաչում բնության կողմից իրենց բաժին հասած դժվարություններից․․․ Իսկ շենք-շինությունը և տնտեսական աճերը նման հասարակության համար ընդհանրապես խնդիր չեն․․․

P.S. Իզուր չէ, որ Սկանդինավյան երկրները տնտեսապես էլ են ամենազարգացածների ցանկում․․․264783_2242738712977_1445333_n