Հիշեցի, երբ առաջին անգամ ընկեր ինձ դավաճանեց․․․
Փոքր չէի, աշխատում էի արդեն բավական ժամանակ, և ասել, թե ճակատագիրն ինձ թաքցրել էր կյանքի բոլոր խնդիրներից, այդքան էլ ճիշտ չի լինի։ Արդեն հասկացրել էր իր լրջությունը, ստիպել էր մի լավ մտածել, զգալ սեփական և՛ անպարտելի հզորությունը, և՛ կատարյալ անզորությունը։ Կարճ ասած, ապրել էի արդեն մի լավ․․․ Այդ պահին առնվազն ինձ թվում էր, թե ապրել եմ․․․
Այնուամենայնիվ, պարզվեց, որ “կյանքի խնդիրների” իմ դասընթացը բավարար գիտելիք և հմտություն չէր տվել, իսկ սա միանգամայն այլ դաս էր, որն ուրիշ մեթոդներով էր պետք սերտել։
Նվիրվել էի, որքան հնարավոր էր, հավատում էի այնքան, որքան պետք չէր, արդարացնում էի ամեն քայլ և անհամար սխալներ, պաշտպանում էի բացահայտ և թաքնված վտանգներից, պաշտպանում էի՝ ինձ վնասելով։
Հավատում էի, որ ճիշտ եմ, վստահ էի, որ նա իմ պաշտպանության կարիքն ունի։ Եվ այդ հիմնարար “ընկերության” ընթացքում իմ կույր նվիրման պատճառով յուրաքանչյուր օր ես էի կորուստներ կրում, որոնք չէի էլ նկատում․․․
Դավաճանությունը մեկ օրում չի եղել․․․ Այն տևական ժամանակ իմ ներկայությամբ և այլ “ինձ շատ սիրող” մարդկանց մասնակցությամբ էր եղել, այն գաղտնի էլ չէր եղել, ուղղակի ինձ մոտ մեկ տարի էր պետք մարդկային ստի, կեղծիքի և այլ մարդու չարաշահելու իրական համը գիտակցելու և “վայելելու” համար։ Նրանք ոչ մի վատ բան չէին արել իրենց պատկերացմամբ, ամեն ինչ պարզ էր և բացահայտ։ Ես չէի մասնակցել խրախճանքին իրենց արժեքներով․․․
Ո՛չ ուղեղս, ո՛չ առավել ևս հոգիս չէին ընկալում այդ սարսափելի իրողությունը, չէին նկատում տիրող անարդարությունը, ուր մնաց, թե պայքարեին դրա դեմ։ Եթե նույնիսկ մի բան հասկացել կամ զգացել էի, հիմնավոր կերպով ինձ չէի համոզել, արդյունքում՝ չէի հավատում ինքս ինձ, կռիվ էի տալիս ինքս ինձ հետ, հարցեր էի տալիս ինձ ու ստացած պատասխաններն ուղարկում էի մութ և անհայտ ուղղությամբ․․․
Այդ պայքարը տևեց մի ահագին ժամանակ, որի ընթացքում հասցրեցի ինձ փնովել և մեղադրել․․․ Արդեն ահագին ժամանակ էր անցել, ինչ մենք նախկինի պես չէինք շփվում, իսկ ես դեռ ինձ հարցեր էի տալիս․․․ Չէի հասկանում, թե ինչու է նա հոգեպես հեռացել ինձանից․․․ Խորը իմաստ չկար, մեղավորներ՝ ևս չկային․․․ Ուղղակի իմ առաքելությունն ավարտվել էր․․․
Ինքը՞․․․ Ինքը դա դավաճանություն չէր էլ համարում, քանի որ այդ պահին նա ինձ այդքան էլ չէր կարևորում իր կյանքում։ Համարել էր, որ իմ նվիրումն իր արժեքների շնորհիվ է, համարել էր, որ դա տրված և մշտական պարգև է։ Օգտակար էր ինձ հետ ընկերություն ցուցադրելը, դա իր շնորհքն էր, իր թվացյալ պայծառ ապագային նպաստող փշուրներից մեկը, սակայն այդ փշուրն իմ հոգու մի պատառն էր՝ անշահախնդիր հատկացված մի մարդու, ով կյանքի դաս էր կրում․․․
Պայծառացումը տեղի ունեցավ վայրկենական․․․
Աշխատավայրումս՝ շատ հաճելի մարդկանց կողքին նստած, աշխատանքային օրվա ավարտին մոտ՝ ժամը 4-5-ի հատվածում, առավոտյան մի շատ պատահական մարդուց իմացած մի դրվագ հատվեց վաղուց պատահած այլ դեպքերի՝ չթողնելով տատանման և ինքնախաբեության ոչ մի հնարավորություն․․․
Պայծառացումը հաղթական չէր բնավ․․․ Այն մի փոքր այլ տեսարան էր, քան կարելի էր պատկերացնել․․․
Հաճելի գործընկերներ նույն սենյակում աշխատելիս, ականջակալներում հնչող ինչ-որ երաժշտություն, որը չեմ հիշում հիմա, բայց հաստատ չեմ սիրում, համակարգչի էկրանից առկայծող լույս՝ ընկած արդեն մոտեցող երեկոյի կիսամթում, կոկորդում քարացած վիրավորանք և այտերից անդադար հոսող անձայն արցունքներ․․․
P.S. Բարևում ենք միմյանց, հանդիպման ժամանակ նույնիսկ անտարբեր ժպտում ենք, հաց էլ կարող եմ ուտել նրա հետ․․․
Կապուչինո չեմ խմի, այն սիրում եմ սիրելի մարդկանց հետ խմել․․․