Նամակ իմ Աստծուն

Letter-To-God--4d2882b80835d_hires

Ես Հայ եմ՝ բնության ողջ ուժով և եռանդով, Հայ լինելու առավելագույն շնորհներով և արատներով…

Դու ես որոշել…

Ես իմ ընտանիքի զավակն եմ՝ նրա գենետիկ և դաստիարակչական ամբողջ ժառանգությամբ…

Դու ես որոշել…

Ես քրիստոնյա եմ՝ առաջին քրիստոնյա երկրի զավակը և նրա փիլիսոփայության կրողն այնքան, որքան կարող է կրել Հայը…

Դու ես որոշել…

Իմ ծննդի, գոյության, աշխարհում ինձ տրված պայմանների լավ ու վատի հետ պայքարը, կարծես թե, ավարտել ենք, ընդունել եմ այն ամենը, ինչ Դու ես որոշել…

Չէի էլ պայքարում, հարցնում էի Ինձ և Քեզ, պատճառներն էի փնտրում, Ինձ հետ անկեղծ էի, Քեզ հետ՝ առավել, Ինձ խաբում էի երբեմն, Քեզ՝ հնարավոր չէր, Ինձ մոլորեցնում էի, Դու ինձ դուրս էիր բերում իմ իսկ ստեղծած լաբիրինթոսից…

Հասկացել եմ, որ Իմ և Քո արդարությունը մի փոքր տարբեր է, Իմն այս պահին է և այստեղ, Քոնը՝ ժամանակի և տարածության մեջ, Ես այսօրվա պատասխանատուն եմ, Դու՝ հավերժի, Ես միայն իմ աչքերով եմ աշխարհը տեսնում, Դու՝ բոլորի, Ես իմ հոգին էլ նորմալ չեմ ճանաչում, Դու՝ բոլորինն ես տեսնում, Իմ գործը դժվար է, Քոնը՝ անհնար…

Գիտակցել եմ, թե որքան ես իմ մեջ, որքան ես ինձ հետ, որքան չես թողնում ինքս ինձ կործանեմ…

Քո կատարելությունը և արդարությունը չեմ քննարկում, բայց դեռ հարցեր ունեմ Քեզ, որոնց պատասխանները չեմ գտնում: Կան երևույթներ, որոնց գոյությունը դեռ չեմ կարողանում տեղավորել ժամանակային և տարածական արդարության հավասարման բանաձևում… Կարող ես ինձ զգացմունքային համարել, կարող ես ինձ երիտասարդ անվանել, երբեմն նույնիսկ կոչել միամիտ և անխելք…

Չե՛մ ուզում փողի և փառքի գերիների զորքեր…

Չե՛մ ուզում քծնանքի և վախի իշխանություն…

Չե՛մ ուզում միջակություն և կեղծիք…

Չե՛մ ուզում անարգվող և տանջվող մարդիկ…

Չե՛մ ուզում երիտասարդ մահ…

Չե՛մ ուզում ազնվության պարտություն և մահ…

Չե՛մ ուզում ստորության հաղթանակ…

Չե՛մ ուզում, այո՛, չե՛մ ուզում պատերազմ և աշխարհի ոչ մի անկյունում չե՛մ ուզում …

Միգուցե տարիներ հետո այս երևույթների գոյության հետ հաշտվեմ իմաստության ճնշման տակ կամ անզորության գահ բարձրանալիս, միգուցե նույնիսկ հասկանամ, որ դրանք են Երկրի շարժիչը, արևի և լուսնի հաջորդական փոփոխության գրավականը, Մարդու զարգացման նախադրյալը, միգուցե…

Բայց կա մի բան, որի հետ մինչև մահ չեմ հաշտվելու հոգով, սրտով և մտքով… Առնվազն պայքարելու եմ, որ չհաշտվեմ…

Չե՛մ ուզում անծնող կամ քաղցած կամ տանջված կամ մահացող անմեղ երեխա՝ անկախ կրոնից, ռասայից, ազգությունից, ապրելու վայրից, սոցիալական խավից…

Չե՛մ ուզում, չե՛մ ընդունում, չե՛մ հասկանում, չեմ ընկալում… Քո կողմից ինձ տրված հնարավորությունները բավական չեն…

Այդ երևույթի գոյությունը համընդհանուր արդարության կամ հավիտենական հավասարակշռության մոդելում չեմ կարողանում հավասարակշռել արդարության և ոչ մի բաղկացուցիչի հետ: Այն հավասարության և ոչ մի մաս չի՛ կարող կազմել:

Ուզում եմ Դու ինչ-որ մի օր լրացնես հավասարության բանաձևի այդ մյուս կողմը…

 

Leave a comment