Archive | July 2017

Շունիկի եռօրյա կյանքը մեր ընտանիքում

Հայկական ընտանիքները 90-ականներին ապրում էին, իհարկե, իրենց ամենադժվար և ամենահնարամիտ տարիները։ Տարիները պատերազմական էին, աղքատ, մութ, ցուրտ, դատարկ և կատարյալ անհույս։ Հայ ազգը կրում էր սոցիալական դժվարություններ կյանքի նվազագույն պայմանների բացակայության պատճառով (տնտեսակարգ էինք փոխում), իսկ մյուս կողմից էլ հավերժի ցնցումներ էր կրում արցախյան անհավասար պատերազմի դաժան կորուստների պատճառով (այս արևի տակ մեր ապրելու իրավունքն էինք պաշտպանում)։ Այս ամբողջի ներքո մարդկությանը անհասկանալի մեթոդներով ազգս գտնում էր գոյատևման ուղիներ՝ կարողանալով հայթայթել լույսի շողեր, էլեկտրաէներգիայի վոլտեր, ջրի կաթիլներ, հույսի հյուլեներ և ծիծաղի փշուրներ․․․

Մարդկային շփումն ավելի շատ էր և բնական, կարեկցանքն ու միմյանց աջակցելը ևս շատացել էր և կարևորվել․․․ Ապրում էինք այնպես, ինչպես կարողանում էինք․․․ Մոմի կամ նավթավառ լամպի լույսի ներքո կարդացվում էին հատորներ, ընտանիքները շփվում էին միմյանց հետ ավելի հաճախ, խաղում էին խաղեր, հարևաններով լույս ունեցողի տանը նայում էին ֆիլմեր՝ առանց զգալու սենյակում նավթի տարածված տհաճ հոտը։ Մեզ տարիներ պետք եկան արևմտյան ֆիլմերում և զարգացած երկրներում մոմի և հնաոճ լամպերի լույսի ներքո ընթրիքի ռոմանտիզմի գաղափարի հետ հաշտվելու համար։  Չնայած ռոմանտիզմն ու Հայը մի քիչ հեռու հասկացություններ են, քանի որ ցանկացած երազանք մեր մեջ կորցնելու աննկարագրելի ունակությամբ ենք օժտված, երազողներին էլ համարում ենք չհասունացած և անլուրջ․․․

Եվ այս ազգային համատեքստում իմ՝ երկու սենյակը երեք դարձրած բնակարանում ապրող, չորս երեխա ունեցող ընտանիքի երկու փոքր զավակները, այդ թվում՝ ես՝ իմ 17 տիկնիկներով, շուն էին ուզում․․․ Դե ճիշտն ասած այդ պահանջը կամ խնդրանքը ընդհանուր օրակարգում չկար էլ, քանի որ շանը քնելու տեղ էր պետք ինչ-որ անկյունում։

Հետո չգիտեմ, թե ինչպես, չգիտեմ, թե ինչու հայրս որոշում է մեզ համար տուն բերել մի փողոցային շնիկի։ Նա բաց մոխրագույն, շատ ակտիվ, փողոցային շանը հատուկ առավելություններով և թերություններով օժտված մի ձագուկ էր։ Դե մեր ուրախությանը, իհարկե, չափ ու սահման չկար։ Տանը հայտնվել էր մի կերպար, որը վաղուց ցանկալի էր։ Այս կերպարին ընդամենը կես օր պետք եկավ մամայիս փայլացրած տան բոլոր փայլող անկյուններում թողնել իր հետքերը, վազել անկառավարելիորեն, ցատկոտել, ուր հնարավոր էր և հնարավոր չէր։ Բոլորին կթվա, թե մամաս հանեց այդ շունիկին մեր տանից, բայց պատմությունը մի փոքր այլ, ավելի զավեշտալի ընթացք ստացավ։ Այդ խեղճը սկսեց վայելել մեր ընտանիքի խնամքի, ուշադրության, կերակրման ամբողջ տիեզերական ծավալը։ Այդ ծավալին ամեն մեկը չի դիմանա․․․

Առաջին ժամերի ընթացքում լողացավ մի ահագին, սանրվեց, սիրվեց, գուրգուրվեց, տանը տեղադրված վառարանի տակ հատուկ ձևավորված անկյուն ստացավ, կերակրվեց․․․ Սա երջանկությունից սկսեց մեր տունն ավելի կեղտոտել ու թափթփել։

Երկրորդ օրն ավելի անտանելի էր, քանի որ մաքրել հնարավոր չէր այն արագությամբ, որով նա կեղտոտում էր տունը։ Ես ու քույրս էլ անընդհատ կերակրում էինք մեր շունիկին, իսկ նա էլ, ուտելիքին անսովոր լինելով, ագահաբար ուտում էր ամեն ինչ, ինչ տալիս էինք։ Մենք էլ, ավելի ուրախանալով, ավելի ու ավելի էինք կերակրում։ Սա վազվզում էր, մեզ սիրում, մենք ավելի էինք կերակրում։ Մեր զգացմունքների արտահայտման այդ ձևին նա միանգամից էր արձագանքում, մենք էլ ավելի էինք ոգևորվում․․․

Երրորդ օրը ճակատագրական էր․․․ Մեր մի լավ կերակրված շունիկը օրվա կեսից քնեց վառարանի տակ։ Ես ու քույրս կողքից տեղ չէինք գնում և հիացած նայում էինք նրան մի ժամ, երկու ժամ, երեք ժամ, չորս ժամ․․․ Դե, իհարկե, երրորդ ժամից սկսեցինք անհանգստանալ և բզբզել։ Մեր շունիկը չէր արձագանքում, չէր շարժվում և այդ պահին մեզ, չգիտեմ թե ինչու, թվում էր, թե չի էլ շնչում։ Սկսեցինք ավելի կտրուկ շարժել, նորից ոչ մի արձագանք․․․ Բարձրացավ, իհարկե, մի աննկարագրելի լացուկոծ։ Հայրս վերադարձավ աշխատանքից, մամաս դադարեց մաքրել տան անկյունները, բոլորը միացան համամարդկային սուգին, շունիկին շարժում ենք ու շարժում, բայց ապարդյուն․․․ Ոչ մի արձագանք․․․ Անցավ արցունքաշատ, զգացմունքային և անհասկանալի ևս մեկ  ժամ․․․ Հանկարծ այս “սրիկան” վեր թռավ, կարծես թե, ոչինչ չի էլ պատահել և սկսեց ցատկոտել նույն ակտիվությամբ և ուրախությամբ, որով առաջ էր ցատկոտում։ Առնվազն երկար չսնված և չտաքացած շունիկը, մեծածավալ սննդին, տաքությանը, ինչպես նաև մեր ընտանիքի աննկարագրելի և անկարելի սիրուն չդիմանալով, խորը քնել էր՝ գտնելով մեր խնամքից փախչելու միակ տարբերակը․․․

Մենք՝ արցունքակալած և արդեն անուժ, ծնողներս՝ մտահոգված և արդեն փոշմանած, տունը՝ կեղտոտ և թափթփված, շունիկը՝ ակտիվ և երջանիկ․․․

Մյուս օրվանից շունիկն սկսեց ապրել հորս աշխատավայրի բակում․․․

Ճիշտն ասած՝ մենք այնքան էինք լաց եղել, որ մենք էլ արդեն դեմ չէինք, տխուր էինք, բայց դեմ չէինք․․․

puppies

 

 

 

Ավարտե՛ք պատերազմը Ձեր անցյալի հետ

Կյանքն այն է, ինչ կա․․․
Բոլորս այս կյանքում քայլում ենք՝ մեջքներիս տանելով անցյալից բերած չլուծված խնդիրների և հարցերի անտեսանելի և բավական ծանր բեռ․․․
Մի՛ թողեք կիսատ հարցեր Ձեր կյանքում՝ չհասկացված ընկերներ, չսիրած աշխատանք, անավարտ տուն, կիսատ գործվածք կամ նկար, ընդհատված խոսակցություն, չասված բառեր և, իհարկե, չպարզաբանած և խեղդած սեր․․․
Թվում է, թե այնքան ուժեղ ենք կամ այնքան խելացի, որ կհաղթահարենք մանր կիսատ հարցերն առանց դրանք լուծելու (“ես այդպիսի դժվարություններ եմ անցել” նշանաբանով), բայց, ավաղ, կյանքը ցույց է տալիս, որ այդ հարցերն իրենք են մեր լուծումը տալիս։ Երկարամյա գիտակցական լուրջ ներուժի կիրառման արդյունքում մոռացության մատնած կիսատ հարցերը չեն լուծվում․ դրանք նենգորեն թաքնվում են հոգու, մտքի, էության մութ անկյուններում՝ սպասելով իրենց ի հայտ գալու աստեղային պահին։ Իսկ այդ պահը Դուք չեք ընտրելու բնավ։ Այն հասնելու է ամենաանսպասելի և Ձեզ համար ոչ ցանկալի մի օր՝ մի հայացքից, մի վայրում հայտնվելու պահին, մի բույրի և շփման զգացողությունից, մի մարդու հետ պատահական հանդիպումից, մի երգ կամ երաժշտություն լսելու արդյունքում․․․ Եվ Դուք ավիրելու եք կամ Ձեզ կամ Ձեր հարազատներին կամ Ձեր իսկ կյանքը․․․
Այդ կիսատ հարցերը զսպելը և խեղդելը ոչ թե մեր ուժեղության դրսևորումն է, այլ ընդհակառակը՝ դրանք ցույց են տալիս մեր անզորությունը և թուլությունը չանելու այն, ինչ ուզում էինք, չսիրելու նրան, ում սիրում էինք, չծախսելու փող և ժամանակ այն բաների վրա, որոնք մեզ համար կարևոր էին, այսպես կոչված “արժանապատվության” և “ինքնասիրության” ձևական քողի տակ չնախաձեռնել խոսակցություններ և քայլեր, որոնք կարևոր մարդկանց հետ հարաբերություններ կփրկեին, որոնք սեր կփրկեին մահանալուց կամ Ձեզ կփրկեին հավերժ այդ բեռը կրելուց․․․ Քանի-քանի մարդ կա մեր շրջապատում կքած չասված խոսքերի, զսպած զգացմունքների և չպարզաբանված հարաբերությունների ծանրության տակ։
Ես էլ ունեմ նման կիսատ հարցեր բնականաբար․․․ Փորձում եմ լուծել գրելու միջոցով կամ, որքան ունակ եմ, բացատրելու միջոցով․․․
Ավելի շատ փորձում եմ նոր կիսատ հարցեր չստեղծել․․․
Ամեն դեպքում կյանքն այն է, ինչ կա․․․ Կամ կստացվի կամ կվերագրվի ճակատագրին․․․
Մի՛ թողեք կիսատ հարցեր․․․ Մի վախեցե՛ք հայտնվել դժվար իրավիճակում մեկ-երկու օր, մի զլացեք ավարտել այդ նկարը կամ գործվածքը, մի տատանվեք քար առ քար կառուցել Ձեր երազանքների տունը, մի՛ վախեցեք չսիրած աշխատանքը փոխելուց, մի՛ հետաձգեք ընկերների հետ լարված հարաբերությունների պարզաբանումը, մի՛ սարսափեք Նրանից այն իրոք սարսափելի “ոչ”-ը լսելուց (իսկ եթե պարզվի, որ “այո” էր)․․․ Դուք կիմանաք, որ Դուք արել եք այն, ինչ հնարավոր էր, ինչ կարող էիք․․․ Արդյունքում, եթե նույնիսկ Ձեր ցանկությունները չիրականանան Ձեր պատկերացրած ձևով, վստահեցնում եմ, որ Ձեր մեջքի անտեսանելի բեռը կթեթեևանա և քայլվածքն ավելի ինքնավստահ կդառնա․․․
Մի՛ թողեք կիսատ հարցեր․․․ Զանգե՛ք, գրե՛ք, հանդիպե՛ք, կառուցե՛ք, ստեղծագործե՛ք․․․ Արե՛ք դա այսօր, վաղը, ավարտե՛ք անցյալի հետ պատերազմը, որքան հնարավոր է շուտ և արագ, առանց զոհերի, սկսե՛ք այդ պատերազմն առանց վարանելու, առանց վախենալու, քանի որ հակառակ դեպքում Ձեր իսկ անցյալն իր կիսատ հարցերով արդեն տեսնում է զոհասեղանի իր միակ ինքնակամ զոհին․․․20150629173837_70815