Archive | 15 Aug 2017

***

Նախապես ասում եմ, որ սա իմ գրքի մի հատվածն է լինելու, որը, եթե լավ աղջիկ լինեմ, շուտ կավարտեմ 🙂 🙂 🙂 Այս դրվագը հավաքական կերպարի մասին է․․․Թվում էր, թե հիմա ամեն ինչ լավ է․․․

Մայրաքաղաքից բավական հեռու գավառական մի քաղաքի զավակ էր նա և ոչ մի անգամ չէր մերժել իր արմատները և ինքնությունը։ Ավելին, նա այնքան խորն էր խարսխված իր հայրենի քաղաքի հողին, ջրին, երկնքին, մոտակա լեռներից փչող սառը և մաքուր օդին, որ օր ու ժամ չկար, որ չմտածեր նրա մասին, «չշնչեր» նրա լեռնային օդը և խաղաղությունը, չերազեր գոնե մի պահ հայտնվել այնտեղ։ Քաղաքը նրա կարոտն էր, նրա մանկությունն ու պատանեկությունը, նրա մի մասնիկը, որը գերակա էր մնացած բազմահազար մասնիկների նկատմամբ։ Քաղաքի նկատմամբ խորը և անբուժելի կարոտը մայրաքաղաքում ապրելու, զվարճանքներ վայելելու և հաջողությունների հասնելու ուրախության գերագույն հակակշիռն էր։ Ամեն անգամ երջանկության կատարյալ պահին աղոտ և ճնշված մեղավորության զգացում էր առաջանում ծննդավայրը հիշելիս։ Ներկա բնակավայրի լուսավոր գիշերները վայելելիս հիշում էր, որ իր Քաղաքը բավարար լուսավորություն չունի, մայրաքաղաքի գրեթե եվրոպական ոճի սրճարաններում անուշաբույր սուրճ վայելելիս գիտակցում էր, որ դեռ տևական ժամանակ այս սուրճը չի հասնի իր Քաղաքի սրճարաններ, որոնք առանձնապես մեծ տարածում էլ չունեն, մարդաշատ փողոցներով քայլելիս հիշում էր, որ երեկոյան ժամերին մարդիկ Քաղաքի փողոցներում քիչ են հանդիպում․․․Արագորեն փորձում էր վանել այդ մտքերը, ինչը շատ դժվարությամբ էր ստացվում կամ չէր էլ ստացվում, ուղղակի իրեն թվում էր, թե ստացվում է․․․

Իր համար Քաղաքի զարգացման տասնյակ նախագծեր էր մտածել, մտովի իրականացրել, վայելել դրանց հնարավոր իրականացման արդյունքները, ժպտացել մտովի, հետո սարսափելիորեն գիտակցել իր անզորությունը այդ նախագծերի իրականացման հարցում․․․

Զինաթափ էր եղել երազներից և հանձնվել իրականությանը․․․

Արդյունքում լուծումը գտել էր մի քանի հոգու կամ ընտանիքի՝ իր կարողությունների և հնարավորությունների սահմաններում աջակցության կամ օգնության ցուցաբերմամբ։

Թվում էր, թե հիմա ամեն ինչ լավ է․․․

Ծնողները․․․Ծնողներն էլ Քաղաքի հետ արմատացած էին անմեղ մեղավորի հոգեկան վայրիվերումներում․․․ Ամեն ինչ անելուն զուգահեռ անպայման ուղեղում առկայծում էր նույն բանը ծնողների համար անելու միտքը, չնայած, որ անհրաժեշտից ավելին էր անում նրանց համար։ Նրանք ավելի չէին էլ պահանջում, բայց հայկական գենետիկ ինքնահրկիզումը և որդիական պարտքը նրան թույլ չէին տալիս հանգիստ վայելել իր իսկ վաստակածը։

Բարդ ուղի էր անցել, իհարկե։ Ուսանողական տարիներ էր մենակ անցկացրել, որոնց ընթացքում, բացի ֆինանսական և սոցիալական դժվարություններից, կրել էր մայրաքաղաքային «զարգացած» անձանց պղտոր հայացքները և քաղքենիական արտահայտությունները՝ չնայած բացահայտ տեսնում էր, որ նրանցից շատերն իր չափ խելացի և կարդացած չեն։ Իսկ ուսանողական տարիներին այսքան ինքնավստահ ու կայուն չէր, որքան հիմա, չէր կարողանում ամբողջությամբ արհամարհել նրանց, անկախ իրենից մտածում էր նրանց ասածների մասին, պայքարում էր, կռվում էր հանուն իր քաղաքի մտովի և իրապես։ Այդ ամբողջ ընթացքում փորձել էր չանհանգստացնել ծնողներին՝ անընդհատ համոզելով, որ ամեն ինչ լավ է իր մոտ և ինքը բացարձակ ոչ մի խնդիր չունի, բայց, իհարկե, մեծ հաճույքով ինքն էլ կգնար երեկոյան մի ուրախ տեղ․․․․

Այնուհետև դժվարությամբ աշխատանքի էր տեղավորվել, նույն բարդությունների միջով բարձր արժանապատվությամբ անցել էր (չնայած կրել էր վիրավորանքներ, որոնք կուզենար կրած չլիներ), խոչընդոտների տարափ հաղթահարելով առաջընթաց էր ունեցել․․․

Ամբողջ կյանքի ընթացքում մշտապես վայելել էր սեփական ուժերով ապրելու բերկրանքը։ Նա դրա մեծ մասնագետն էր և կարող էր դասընթաց կազմակերպել ցանկացողների համար, սակայն ցանկացողներ, կարծես թե, չկային․․․ Ավելին, ինքն էլ չէր կարող համոզել, թե դրա դրական կողմերը որոնք են․․․ Դեռ չէր հասկանում․․․

Թվում էր, թե հիմա ամեն ինչ լավ է․․․

Աշխատանք, համեմատաբար լավ վարձատրություն, պաշտոնական առաջխաղացում, մեծ ապագայի հույսեր, ամուր ընտանիք (չսիրելով, բայց լավ ստացված․․․ սիրո վրա հիմնված ընտանիք ստեղծելու համար ուժերը չբավարարեցին, համարեց, որ դա կարելի է և զոհ տալ․․․), վստահելի և հավատարիմ ընկերներ՝ ուսանողական տարիներից բերած, գեղեցիկ տուն և մեքենա, պայքարելու ավելի կայուն հոգեվիճակ, տոկունություն և հավատ լավի նկատմամբ․․․

Ընդհանուր առմամբ ուրախ էր և երջանիկ, համընդհանուր նախանձի առարկա և պայքարի հզոր օբյեկտ․․․ Ինքն էլ արժանի հակահարվածներ էր արդեն հասցնում «թշնամիներին»․․․ Մեկ պարտվում էր, մեկ՝ հաղթում, բայց ընդհանուր առմամբ գոհ էր պայքարողի իր ձեռքբերումներից․․․

Թվում էր, թե հիմա ամեն ինչ լավ է․․․Եվ հիմա, իրոք, ամեն ինչ լավ էր, համամարդկային չափանիշներով նա ֆիլմի էտալոնային կերպար էր, ով ոչնչից և անհնարինից դարձել էր մայրաքաղաքի մի հատվածը գրավող և հաջողակ կերպար։

Ամեն ինչ անխոս լավ էր․․․ Պարզապես միշտ չէր իրեն լավ․․․ Պարզապես ինքն իր անցած ուղին կցանկանար և անցած չլինել․․․ Պարզապես․․․ Պարզապես չէր էլ ուզենա ֆիլմի կերպար դառնալ․․․ ֆիլմում հնարավոր չէր լինի պատկերավոր ներկայացնել մշտապես նրա հետ թափառող թախիծի այն անհասկանալի պաշարը, որը և ոչ մի ուրախության արդյունքում չի պակասում․․․

Բայց ամեն ինչ իրոք լավ էր․․․