․․․Հայաստան․․․
Ինչ ասել է “Հայաստան”․․․ Դա ուղղակի բառ չէ․ դա ճակատագիր է, անբաժանելի մասնիկ, մտքի ու հոգու խարան։ Հայաստանը նկարագրել հնարավոր չէ, այն պետք է զգալ, ապրել և ներծծվել նրանով։
Առաջին հայացքից Հայաստանը փոքր, հին, առանձնապես աչքի չընկնող, աշխարհի “զարգացած” բնակիչներին ոչ հայտնի մի երկիր է։ Դա առաջին և մի քիչ կարճատես հայացքի դեպքում…
Հայը գիտի, թե ինչ է Հայաստանը… Հայը զգում է, թե ինչ է Հայաստանը… Հայն ապրում է Հայաստանը…
Այն հոգի է, միտք, արյուն, մարմին, տեսողություն ու լսողություն, այն կյանքի ու մահվան իրավունք է, տուն և ճաղազուրկ բանտ, որի բնակիչները չեն ուզում լքել այն։
Ամենապարզ ձևակերպմամբ Հայաստանը Անդրկովկասում ծվարած լեռնային փոքր երկիր է՝ շրջապատված հիմնականում թշնամի երկրներով, որն առաջինն է աշխարհում ընդունել քրիստոնեությունը՝ որպես պաշտոնական կրոն: Աշխարհի ամենահին երկրներից է, քաղաքակրթության հիմնադիրներից և տարածողներից՝ հագեցած հինավուրց եկեղեցիներով և խաչքարերով, որոնք այսօր Հայաստանի հնության միակ վկաներն են:
Ավելի բարդ նշանակությամբ Հայաստանը էության մասնիկ է, որը մինչև մահ իր զավակներին հոգեպես կապում է իրեն և թույլ չի տալիս ապրել առանց իր մասին մտածելու: Դա անբացատրելի, անհասկանալի, գիտության և տիեզերքի կողմից չբացահայտված կարմայական մի կապվածություն է, որից գրեթե անհնար է ազատվել նույնիսկ երկար տարիներ այլ շատ ավելի զարգացած, ճարտարապետական և քանդակագործական հարստություններով լեցուն երկրներում ապրելուց հետո:
Հայը Հայաստանը կարող է պատկերավոր և տպավորիչ զգալ փակ աչքերով…
Ջերմություն…
Ամառ է, մի քիչ շոգ…
Երկինքը կապույտ է կապույտի ամենաիրական հնարավորություններով, որը խախտվում է կիլոմետրերով իրարից հեռու, բայց նույն ուղղությամբ սահող ամպերի ծվեններով…
Արևը դեղին է, այնքան պայծառ ու վառ, որ ակնթարթային ջերմություն է հասցնում նույնիսկ ամենասառը և անտարբեր հոգիներին…
Հայաստանը բնութագրող քարերը տաքացել են այնքան, որ նույնիսկ սողուններն են սահել հով տարածք…
Հավա՞տ…
Եկեղեցի է, որը մարմնավորում է աստծո նկատմամբ անբացատրելի զգացողությունը դեպի երկինք ձգվող խաչով… Բնութագրում է Հայաստանը՝ որպես առաջին քրիստոնեական երկիր… Երկիր, որը խիզախել է հաստատել կրոն, որին դեռ ոչ ոք լուրջ չէր վերաբերվում, որը հետագայում աշխարհի քաղաքակրթության և մշակույթի փոփոխության հիմք է հանդիսանալու…
Ամեն Հայ իր աստվածն ունի… Այս հարցը շատ անհատական է Հայերի համար և եթե անկեղծ զրույցի բռնվեք Հայի հետ, ապա մի քիչ հետո կպարզվի, որ հավատում է ինչ-որ գերբնական ուժի, ինքն էլ չգիտի, թե ինչ ուժի, ընդ որում՝ վստահաբար կհամոզի, որ առաջին քրիստոնյա երկրից է… Հավա՞տ… Դեռ ոչ ոք չգիտի…
Երջանկություն…
Թոնրի նորաթուխ լավաշը պանրի, ինչու ոչ նաև խորովածի վայելքը, հատկապես բնության գրկում, հասցնում է Հային կատարելության զգացողության: Խաղողի վազերի կամ ծիրանենիների ստվերում փռված ծածկոցի վրա հարազատ և սիրելի մարդկանց հետ զրույցները, շատ հաճախ բղավոցների օկտավաներում, ծիծաղը, հաջորդ վայրկյանին խոհափիլիսոփայական քննարկումները և հայկական անհասկանալի ճակատագրի քննարկումները յուրաքանչյուր հայկական երջանկության պարտադիր բաղադրիչն են… Եվ այդ ամենը տեղի է ունենում առվակում սառող ձմերուկի և սեխի, լվացված թավշյա ծիրանների և տանը խնամքով պատրաստված գաթայի թաքնված սպասելիքներով….
Անցյալից պահանջ…
Տեսարանի հորիզոնն ավարտվում է, իհարկե, բիբլիական չիրականացած երազանքով… Արարատի լանջը մաքրվել է ձյունից, իսկ գագաթին դեռ համաչափ սպիտակ քող է սփռված…
Արարատը Հայերիս՝ Աստծուց ստացած յուրօրինակ պարգևն ու պատիժն է միաժամանակ՝ չկատարված երազանք, այդքան մոտ և այդքան անհասանելի: Հիրավի, նման է սիրո մի պատմության, երբ ամեն օր տեսնում ես սիրած մարդուն, սակայն նա ոչ մի պահ քոնը չէ: Սա ստիպում է քեզ ձևացնել, թե իբր լավ և երջանիկ ես ապրում, սակայն ամեն օր էությանդ մի մասնիկը գլորվում է հոգուդ ամենախորքում թաքնված և անբացատրելի մի տարածություն, որը սկիզբ ու վերջ չունի…
Նույն զգացողությամբ է Հայը դիմավորում յուրաքանչյուր առավոտը՝ վայելելով Արարատի գերբնական գեղեցկությունը…
Սա Հայաստանն է, այստեղ Դու տանն ես, եթե նույնիսկ ֆիզիկապես Հայաստանում չես…
Եթե Դու Հայ ես, Դու տարբերակ չունես Հայաստանում չլինելու…