Archive | October 2017

***

Գյուղի ամառանոցային մեր տնից մինչև տատիկիս տուն տանող “օրինական” ասֆալտապատ ճանապարհը խլում էր գրեթե 20 րոպե քայլելով, իսկ հնավեր, բայց ավելի շատ գործածվող ճանապարհը մոտ հինգ րոպե։ Այդ հինգ րոպեներից երեք խիզախ րոպեն անցնում էր բավական նեղ, փշոտ, քարքարոտ և կտրուկ վայրէջքային կածանում։ Եվ, իհարկե, մենք օգտագործում էինք այդ ճանապարհը։ Ես դեռ փոքր հասակից բավական վստահ իջնում էի այդ ճանապարհը, սովոր էի և ֆիզիկական բավարար պատրաստվածությամբ։ Ինձ համար ֆիզիկական խնդիր չէր ներկայացնում այնտեղ գնալը։ Միակ սահմանափակումը մեր բարեկամուհին էր, ով այդ ճանապարհին ինձ պատահելիս սկսում էր բողոքել իր ամուսնուց 1-2 ժամ, նրա ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից,  նրա սիրուհուց, սիրուհու տնից և հագուստից, իր դաժան կյանքից ու անշնորհակալ իրականությունից․․․ Ես՝ աշխարհի տասնամյա բնակիչս, թեև հասկանում էի դառը ճշմարտությունը, այնուամենայնիվ, որևէ կերպ չէի կարողանում իմ աջակցությունը ցույց տալ նրան․․․ Օրեր շարունակ ինձ էլ էին տանջում այդ մտքերը, թեև տանը ոչ ոքի չէի ասում․․․ Իրական դառը ճակատագիր էր սարսափելի ներկայով և տխուր ավարտով․․․

Գյուղում խոսում էին, թե սիրելով էին ամուսնացել․․․

Սարսափում եմ ընդունել, թե սերն այդ մահը կարող է ունենալ․․․

Տատիկս մինչև 85 տարեկան ևս կարողանում էր հաղթահարել այդ ուղին։ Աննկարագրելի աշխատասեր ու ակտիվ մարդ էր։ Այդ տարիքում նույնիսկ կարողանում էր խնամել հսկայական մի այգի՝ ապահովելով բանջարեղենների և մրգերի ձմեռային ողջ պաշարը հորեղբորս ընտանիքի համար։ Դա նրա կենսակերպն էր․․․ Նա անգործ չէր կարողանում մնալ։ Պիտի անպայման մի բանով զբաղված լիներ։

․․․Նույն գենը հայրս էր կրում․․․

․․․Ամառանոցային մեր տունը հայրս ժառանգություն էր ստացել իր մորից․․․ Սկզբում այն մեկհարկանի, մեկսենյականոց մի խղճուկ շինություն էր․․․ Բայց այն լուրջ նշանակություն ուներ հորս համար, քանի որ իր հայրն էր իր ձեռքերով կառուցել պատերազմ գնալուց առաջ․․․ Իսկ պատերազմից այդպես էլ չէր վերադարձել․․․

Այգին հաճելի չափերի էր, ընկուզենիներով, սալորենիներով, խնձորենիներով և հատապտղային թփերով հարուստ․․․ Լեցուն էր գյուղական կյանքի տարբեր բնութագրիչներով, այդ թվում՝ փոքր անասնագոմով, տարբեր աննպատակ շինություններով և բազմահազար տարաբնույթ չափերի քարերով՝ սկսած մարդու չափերից ավարտած ավազի պատվավոր բաղկացուցիչներով․․․

Ծնողներիցս մի քանի տարի պահանջվեց միայն այդ այգին դատարկելու, այդ շինությունները քանդելու և ավելորդությունները թափելու համար։

Այնուհետև մի քանի տարի հոսեց տան և այգու բարեկարգման աշխատանքների համար․․․

․․․Նոր երկհարկանի տունը հանդարտ բազմած էր անհավասար քարերով ու անկանոն դասավորվածությամբ, բայց հոր ձեռքերով կառուցած շինության վրա․․․

Այգին նմանվեց այն ժամանակների համար դեռ անսովոր, սակայն արդիական դիզայնի եռամակարդակ այգու, որտեղից հավաքված տարաբնույթ չափերի քարերը գտել էին իրենց տեղը նորաստեղծ այգու ընդհանուր ոգու մեջ․․․ Այդ ամեն քարի հետ հայրս կռիվ էր տվել մինչև դա գտել էր իր տեղը․․․

Ես հիշում եմ մի ահռելի քար, որը մի քանի անգամ, այգու վերևից տանջվելով, հրում, հասցնում էր ներքև, տեղադրում էր այգու ներքևի մակարդակի ստեղծման քարե պատի անկյունում, հետո մյուս առավոտ ծեգին նորից տանում վերևի հատված, քանի որ իրեն այդպես դուր չէր եկել․․․

Առավոտվանից մինչև երեկո կարող էր այգում կռացած գործ անել․․․

․․․Չնայած մեր լավագույն ցանկություններին և նվիրմանը, մենք չենք կարողանում նույնը պահել, ցավոք․․․