2018 թվական․․․
Ապրիլի 7․․․
Երևան․․․
Քաղաք, որտեղ երջանիկ լինելը պարտադիր է․․․
Խաղալիքների խանութ․․․
Նվեր եմ ընտրում ինձ շատ սիրելի երկու բալիկի համար՝ աղջկա և տղայի․․․
Դե, իհարկե, մոտ մեկ ժամ տվայտվում եմ՝ խանութի ողջ տարածքի խաղալիքներն ուսումնասիրելով, քանի որ ուզում եմ այդ խաղալիքներն ինչ որ բարի և հաճելի հիշողություն թողնեն իրենց նոր սեփականատերերի մոտ։ Ընթացքում վերհիշում եմ իմ ունեցած և երազած բոլոր խաղալիքները, իմ անվերջանալի խաղերը, նկատում եմ որոշումներ արագ կայացնող և անընդհատ փոփոխվող հաճախորդներին, արդեն մի քիչ կաշկանդվելով՝ ժպտում եմ երկու հաճելի վաճառողուհիներին և մեկ՝ մոտ 18 տարեկան շիկահեր և կապուտաչյա երիտասարդ վաճառողին․․․
Վաճառողուհիներից մեկի օգնությամբ վերջապես ընտրում եմ տղայի ատրճանակը և անցնում աղջիկների խաղալիքների բաժնի մի հատված, որտեղից ուզում եմ մանկական զարդատուփ ընտրել։ Մոտ մեկ ժամ էլ այդտեղ եմ տատանվում՝ երիտասարդ վաճառողի քաղաքավարի ժպիտը չարաշահելով։ Այս երիտասարդը բացահայտ ինչ-որ բանով շատ անհանգիստ է և բացարձակ տրամադրություն չունի ինձ խորհուրդներ տալու իմ զարդատուփի և նրա գունային եղանակների մասին, սակայն իր տրամադրության այդ պահի հնարավորությունների սահմաններում համոզում է ինձ վերցնել ինչ որ սպիտակ զարդատուփ իմ ընտրած վարդագույնի փոխարեն։ Երկար բանակցություններից հետո ես չեմ զիջում, և մենք մոտենում ենք դրամարկղին իմ ընտրած վարդագույնով։ Երբ խնդրում եմ փաթեթավորել նվերները, վաճառողները սկսում են տուփերի մեջ տեղադրել դրանք, և այդ պահին նույն երիտասարդն աննկարագրելի երջանկությամբ (չնայած խիստ անհանգիստ և լարված տրամադրությանը) նկատում է, որ վարդագույն զարդատուփի անկյունը մի լավ վնասված է։ Կատարյալ հերոսացած դեմքով ինձ ցույց է տալիս այդ վնասը, ստուգում, որ դա պահեստում վերջինն է և ժպիտով ինձ հարցնում․ «Սպիտակը բերե՞մ»․․․
Մինչ ատրճանակն ու «սպիտակը» կփաթեթավորեն, այս երիտասարդն սկսում է իր գործընկեր մի աղջկա բողոքել, թե առաքման ծառայության վարորդն ուշանում է արդեն կես ժամ․․․ Այս աղջիկն սկսում է հանգստացնել բոլոր հնարավոր տարբերակներով, թե ամեն ինչ նորմալ կլինի, պետք չի անհանգստանալ, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են․․․
Վերջապես խանութի թափանցիկ դռանը դանդաղորեն և առանց որևէ անհանգստության մոտենում է կատարյալ անտարբեր դեմքով առաքիչը։ Նրան տեսնելուն պես խանութի երիտասարդ վաճառողը տեղից պոկվում է և անհետանում խանութի ետնամաս և նույն վայրկյանին հայտնվում մի հաճելի չափերի սպիտակ փափուկ արջուկով և կարմիր վարդերի փնջով։
Մի կարգին փնթփնթում է այդ մարդու վրա ուշանալու համար՝ այդ ընթացքում վարդերի փունջը արջուկի թևերի մեջ խցկելով։
․․․Այս արջը բացարձակ ցանկություն չունի այդ վարդերը բռնելու, այդ առաքիչը պահի կարևորությունը ընդհանրապես չի հասկանում և ձանձրույթով նայում է հուզված երիտասարդին, արջին և նրա թևերի միջից դավաճանաբար սահող վարդերի փնջին, դրսի անցորդները անտարբեր քայլում են, կյանքն անցնում է, կարծես ամեն ինչ սովորական է, երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջը․․․
․․․Մինչդեռ ինչ որ մեկը ինչ որ բան է որոշել․․․
Առաքիչին շատ հուզված և, հազիվ բառերն արտաբերելով, բացատրում է տան տեղը․
– Մալաթիայի *** խանութի ետևում ընդամենը մեկ տուն կա, տանում եք այդտեղ․․․
Ո՛չ ես, ո՛չ առաքիչը չենք համոզվում, որ այնտեղ մեկ տուն կա, բայց պահը փրկում է գործընկեր աղջիկը, երբ հիշեցնում է, որ հասցեն ինչ որ տեղ գրած կա։ Արդյունքում գրպանում ճմրթված թղթի մի կտորի վրա հազիվ ընթեռնելի ձեռագրով գրված հասցեն փոխանցվում է առաքիչին․․․
Պարզվում է անտարբեր առաքիչի մեջ էլ սիրտ է բաբախում, քանի որ նրա դեմքին ժպիտանման մի երևույթ է հայտնվում և մի քիչ վախենալով հարցնում է․
– Ու՞մ․․․
Պատասխանը ցնցող է․․․ Հուզմունքից ասում է․
– Կարևոր չի․․․ Թո՛ղ գաղտնի լինի․․․
Ես, իհարկե, ծիծաղում եմ և նրա կողքից ցածրաձայն ասում․
– «Ում»-ը չի, որ պետք է գաղտնի լինի, «ում»-իցը թող գաղտնի լինի․․․
Շիկնելով ժպտում է և հասկանում պահի զավեշտը․․․
․․․ Գործընկեր աղջիկն էլ է ծիծաղում և կողքից մեղմ ձայնով ասում․
– Մերի․․․
Այս երիտասարդը մի քիչ շնորհակալ նայում է «դավաճան» գործընկերոջը, որ այդ բարդագույն գործն արել է․․․ Ինքն այդ պահին այդ անունն ասել չէր կարող․․․
․․․Առաքիչը փակում է թափանցիկ դուռը դրսից՝ իր հետ տանելով ջերմագույն զգացմունքների մարմնացում մի սպիտակ անտարբեր արջուկ և անուշաբույր վարդերի փունջ․․․
․․․Ես փակում եմ թափանցիկ դուռը դրսից՝ ինձ հետ տանելով իմ սիրելի Լեայի և Ռաֆայի խաղալիքները․․․
․․․Մոտ 18 տարեկան շիկահեր և կապուտաչյա երիտասարդ վաճառողը ներսից կանգնած է մնում Մաշտոցի պողոտայի վրա գտնվող խանութի թափանցիկ դռան մոտ՝ հայացքը, միտքը և հոգին հառած Մալաթիայի *** խանութի ետևում գտնվող ընդամենը միակ տանը, որը նրա համար անհերքելիորեն միակ տունն է աշխարհում․․․
