Archive | July 2018

Հավերժական բախումը

․․․Այդ անտառում սողունները թռչուններից արագ էին տեղաշարժվում հողի վրայով․․․

Եվ այդ անտառի սողունները ցանկանում էին թռչունների ճախրանքն արգելակել․․․

Եվ այդ սողունները ձգվում էին դեպի հողը․․․

Եվ հենց այդ հողն էր նրանց ուժը և կործանումը․․․

․․․Հողով անհույս փակված շնչառությամբ և փոշոտ սողուններ․․․

Իսկ այդ թռչուններն անպարտելի էին օդում․․․

Իսկ այդ թռչունները նկատում էին սողուններին բացառապես, երբ ուտելիք էր պետք․․․

Իսկ այդ թռչունները սավառնում էին դեպի արևը․․․

Իսկ հենց այդ արևն էր նրանց ուժը և կործանումը․․․

․․․Խանձված փետուրներով և այրվող աչքերով թռչուններ․․․

Եվ այդ սողունները ցանկանում էին թռչուններին էլ քաշել դեպի հողը․․․

Իսկ այդ թռչունները ցանկանում էին սողուններին քաշել դեպի արևը․․․

Անցնում էին տիեզերական դարեր, սակայն ամեն հանդիպման ընթացքում այդ բախումը ցավոտ ու անդառնալի էր լինում՝ թողնելով հետքեր հողի վրա խանձված փետուրի, իսկ օդում՝ հողոտված թռիչքի տեսքով․․․

 

Դա էլ է հնարավոր․․․

Դե դա էլ էր հնարավոր․․․

Եվ ոչ ոք չէր ասել, թե դա քեզ հետ չի պատահելու․․․

Եվ ոչինչ բացառված չի կյանքում․․․ Եվ չկա հասունության և տարիքի այն սահմանը, որից հետո ինչ որ բան չի պատահելու․․․

Եվ, իհարկե, դա էլ էր հնարավոր․․․

Եվ նույնիսկ ամենահավանականը հենց դա էր․․․ Եվ ոչ թե այն պատճառով, որ պատմիչներն էին գրել կամ մարգարեներն էին կանխագուշակել, այլ այն պարզագույն պատճառով, որ ինքդ մի օր վսեմաբար որոշել էիր, թե դա քեզ համար չէ, որ քո տարերային ողջամտության շնորհիվ դա քեզ հետ երբեք չի պատահի․․․

Բայց արի ու տես, որ այդ “երբեք”-ը հատկապես որոշում են այն դեպքերում, երբ ենթագիտակցորեն զգում են, որ դա էլ է հնարավոր, սակայն ինչ-ինչ պատճառներով, “օրենքներում” գրված կամ “մտածողության” մեջ դաջված կանոններով համարում են, թե դա իրենց հետ չպիտի պատահի․․․Կամ ավելի վատ, դու մեծամտաբար մի օր քեզ մարտահրավեր էիր նետել, որ դու դա էլ կհաղթահարես քո ամուր արժեքային համակարգով․․․ Որոշել էիր պարզապես փորձարկել քո առանց այն էլ մի կարգին փորձարկված արժեքային համակարգը․․․

Ինչևէ․․․

Դա իրականություն է այլևս․․․

Լավ, թե վատ, քաղցր, թե ցավոտ, պարզ չէ բնավ․․․

Դա իրականություն է, որը պատահել է քեզ հասունության այլ մակարդակ տանելու համար․ կամ վերև կամ ներքև․․․

Բայց դե դու քո կյանքի ոչ երկարատև փորձից էլ գիտես, որ ինչ էլ, որ պատահի, դու քեզ էլ, քո շրջապատին էլ մի կարգին համոզելու ես, թե դա կյանքի լավագույն դասն էր, որ հնարավոր էր քաղել այս հարցաշատ աշխարհից․․․

Սա այն իրականությունն է, որից շատերը կսարսռան կամ կկործանվեն, կտվայտվեն կամ կերջանկանան, իսկ դու, քո արտաքին ձևական սառնասրտության քողի տակ, բայց փոթորկվող և կոկորդաթոքախառը հեղձուկ առաջացնող ներաշխարհով, քեզ որոշ ժամանակ անհասկացողի տեղ էիր դնում և դրանով փորձում էիր խույս տալ կամ պարզապես հետաձգել դրա գիտակցումը․․․

Իսկ վերջում․․․

“Բարև Ձեզ․․․ Ես Ձեր նոր փորձությունն եմ կամ փորձանքը, դեռ ինքս էլ չեմ կողմնորոշվել․․․ Եվ ես եկել եմ պայքարի նոր թատերաբեմի ստեղծման համար՝ իմանալով, որ “զոհս” բավական փորձառու է․․․ Ուստի՝ ես էլ՝ արժանի եմ “զոհիս”․․․

Դե իսկ դու՞․․․ Դու էլ կիսաժպիտով և կիսալուրջ, գլուխդ անտարբեր հենած մոտակա օտար պատին թեթևակի ողջունում ես և թերահավատորեն լիցքեր հաղորդում, թե իբր անհանգստացել ես․․․

Դե գիտես ընթացքն անգիր․․․

Մի քիչ ուղեղն արագ կաշխատի, մի քիչ առաջընթաց կունենաս, մի քիչ ճնշում կհաղթահարես, մի քիչ սիրտդ արագ կբաբախի, մի քիչ արցունքներ կկուտակվեն անհայտ տեղերում, մի քիչ աչքերդ կփայլեն, մի քիչ ժպիտներ կուղղվեն ոչ այն մարդկանց, մի քիչ նախանձ կծնվի շրջապատում քո անբացատրելի ժպիտի անհայտ աղբյուրների պատճառով, մի քիչ մազերիդ սանրվածքն ու գույնը կփոխես, մի քիչ նոր հագուստ կգնես, մի քիչ վատ արարքներ ու բամբասանք, մի քիչ անհանգստություն, մի քիչ երջանկություն, մի քիչ․․․, մի քիչ ամեն ինչից․․․

․․․Ուզում ես անհանգստանալ, նույնիսկ մի քիչ էլ ձևացնում ես, թե իբր անհանգստանում ես, քանի որ շրջապատում սովորաբար այս դեպքերում անհանգստանում են․․․

Այնինչ, դեռ քո չծնված էությունը, բնությունը և աշխարհը որոշել էր, որ ինչ էլ, որ պատահի, դու քեզ էլ, քո շրջապատին էլ մի կարգին համոզելու ես, թե դա կյանքի լավագույն դասն էր, որ հնարավոր էր քաղել այս հարցաշատ աշխարհից․․․

Ոչինչ ավելի, քան կյանք․․․

Ժամանակն անցնում է, չի անցնում մնացածը․․․

Կամիլ Կլոդելի այս քանդակի անունը “Բամբասանք” է․․․
Նիկոլո Մաքիավելու “Տիրակալում” մի ամբողջ մաս նվիրված է քծնողներին, մեկ այլ մաս էլ նախանձողներին․․․
Շեքսպիրի “Օթելլոյի” ողբերգական հիմքը նախանձն էր․․․
Ներոնի իշխանության օրոք ամենաաշխատող մեխանիզմը միմյանց մեջքի ետևում դավեր նյութելն էր․․․

․․․Ժամանակն անցնում է, չի անցնում մնացածը․․․

38091171_303

Սանահինն ու մեր հոգու ծառը

․․․Սանահինն աշխարհում իմ ամենասիրելի եկեղեցին է․․․

Ու ես համարում եմ, որ աշխարհում նրանից ավելի գեղեցիկ եկեղեցի գոյություն չունի․․․

Այն զարդաքանդակները, որոնք ունի այդ եկեղեցին, ինձ համար ամենաբարձրաճաշակն են թե՛ հոգևոր, թե՛ ճարտարապետական տեսանկյունից․․․

Եվ ես, նրանից հարյուր և ավելի կիլոմետր հեռու գտնվելով հանդերձ, պարբերաբար հիշում եմ ինձ այդ եկեղեցու կիսաքանդ պատերի, հազիվ նշմարվող խոյակների, հողածածկ ու պատահական ծլած մոլախոտերի մեջ կանգնած՝ լի հավատով և ապագայի սպասելիքներով․․․Այնտեղ իմ չասած խոսքերը լսելի էին․․․

Վաղուց չեմ այցելել․․․

Սանահինը, ցավոք, ավիրվում է․․․

Ասում են, թե ուզում են վերանորոգել․․․

Դա ավելի սարսափելի է․․․

․․․Սանահինի եկեղեցու գլխին մի ծառ է աճում․․․

Ասում են, թե գյուղի բնակիչները պարբերաբար այդ ծառը կտրում են, իսկ սա չի զիջում, աներեսաբար նորից է աճում․․․ Դե երևի իր չասած խոսքերն էլ են լսելի այնտեղ․․․

Յուրաքանչյուր մարդու հոգի ունի այս ծառի նման աներեսաբար աճող մի զգացում, որն իրեն խանգարում է, ավիրում է, բայց որը կտրելն անհնար է, քանի որ նրա արմատներն են շատ ամուր խարսխված․․․

Sanahin monastery in Armenia

Sanahin monastery in Armenia