Դա էլ է հնարավոր․․․

Դե դա էլ էր հնարավոր․․․

Եվ ոչ ոք չէր ասել, թե դա քեզ հետ չի պատահելու․․․

Եվ ոչինչ բացառված չի կյանքում․․․ Եվ չկա հասունության և տարիքի այն սահմանը, որից հետո ինչ որ բան չի պատահելու․․․

Եվ, իհարկե, դա էլ էր հնարավոր․․․

Եվ նույնիսկ ամենահավանականը հենց դա էր․․․ Եվ ոչ թե այն պատճառով, որ պատմիչներն էին գրել կամ մարգարեներն էին կանխագուշակել, այլ այն պարզագույն պատճառով, որ ինքդ մի օր վսեմաբար որոշել էիր, թե դա քեզ համար չէ, որ քո տարերային ողջամտության շնորհիվ դա քեզ հետ երբեք չի պատահի․․․

Բայց արի ու տես, որ այդ “երբեք”-ը հատկապես որոշում են այն դեպքերում, երբ ենթագիտակցորեն զգում են, որ դա էլ է հնարավոր, սակայն ինչ-ինչ պատճառներով, “օրենքներում” գրված կամ “մտածողության” մեջ դաջված կանոններով համարում են, թե դա իրենց հետ չպիտի պատահի․․․Կամ ավելի վատ, դու մեծամտաբար մի օր քեզ մարտահրավեր էիր նետել, որ դու դա էլ կհաղթահարես քո ամուր արժեքային համակարգով․․․ Որոշել էիր պարզապես փորձարկել քո առանց այն էլ մի կարգին փորձարկված արժեքային համակարգը․․․

Ինչևէ․․․

Դա իրականություն է այլևս․․․

Լավ, թե վատ, քաղցր, թե ցավոտ, պարզ չէ բնավ․․․

Դա իրականություն է, որը պատահել է քեզ հասունության այլ մակարդակ տանելու համար․ կամ վերև կամ ներքև․․․

Բայց դե դու քո կյանքի ոչ երկարատև փորձից էլ գիտես, որ ինչ էլ, որ պատահի, դու քեզ էլ, քո շրջապատին էլ մի կարգին համոզելու ես, թե դա կյանքի լավագույն դասն էր, որ հնարավոր էր քաղել այս հարցաշատ աշխարհից․․․

Սա այն իրականությունն է, որից շատերը կսարսռան կամ կկործանվեն, կտվայտվեն կամ կերջանկանան, իսկ դու, քո արտաքին ձևական սառնասրտության քողի տակ, բայց փոթորկվող և կոկորդաթոքախառը հեղձուկ առաջացնող ներաշխարհով, քեզ որոշ ժամանակ անհասկացողի տեղ էիր դնում և դրանով փորձում էիր խույս տալ կամ պարզապես հետաձգել դրա գիտակցումը․․․

Իսկ վերջում․․․

“Բարև Ձեզ․․․ Ես Ձեր նոր փորձությունն եմ կամ փորձանքը, դեռ ինքս էլ չեմ կողմնորոշվել․․․ Եվ ես եկել եմ պայքարի նոր թատերաբեմի ստեղծման համար՝ իմանալով, որ “զոհս” բավական փորձառու է․․․ Ուստի՝ ես էլ՝ արժանի եմ “զոհիս”․․․

Դե իսկ դու՞․․․ Դու էլ կիսաժպիտով և կիսալուրջ, գլուխդ անտարբեր հենած մոտակա օտար պատին թեթևակի ողջունում ես և թերահավատորեն լիցքեր հաղորդում, թե իբր անհանգստացել ես․․․

Դե գիտես ընթացքն անգիր․․․

Մի քիչ ուղեղն արագ կաշխատի, մի քիչ առաջընթաց կունենաս, մի քիչ ճնշում կհաղթահարես, մի քիչ սիրտդ արագ կբաբախի, մի քիչ արցունքներ կկուտակվեն անհայտ տեղերում, մի քիչ աչքերդ կփայլեն, մի քիչ ժպիտներ կուղղվեն ոչ այն մարդկանց, մի քիչ նախանձ կծնվի շրջապատում քո անբացատրելի ժպիտի անհայտ աղբյուրների պատճառով, մի քիչ մազերիդ սանրվածքն ու գույնը կփոխես, մի քիչ նոր հագուստ կգնես, մի քիչ վատ արարքներ ու բամբասանք, մի քիչ անհանգստություն, մի քիչ երջանկություն, մի քիչ․․․, մի քիչ ամեն ինչից․․․

․․․Ուզում ես անհանգստանալ, նույնիսկ մի քիչ էլ ձևացնում ես, թե իբր անհանգստանում ես, քանի որ շրջապատում սովորաբար այս դեպքերում անհանգստանում են․․․

Այնինչ, դեռ քո չծնված էությունը, բնությունը և աշխարհը որոշել էր, որ ինչ էլ, որ պատահի, դու քեզ էլ, քո շրջապատին էլ մի կարգին համոզելու ես, թե դա կյանքի լավագույն դասն էր, որ հնարավոր էր քաղել այս հարցաշատ աշխարհից․․․

Ոչինչ ավելի, քան կյանք․․․

Leave a comment