Archive | 7 Sep 2018

Շաբաթվա երրորդ մարդը

slug-76605

Մոտ կես տարի առաջ հերթական շաբաթ օր ուշանում եմ պարապմունքից, արագ պատվիրում եմ gg, ինձ նետում մեքենայի մեջ (թե ինչքան կարելի է վազել ու ուշանալ, ես էլ չեմ հասկանում և ավելի շատ չեմ հասկանում, թե, ընդհանուր առմամբ, մարդ արարածն ինչից է ուշանում) և վարորդին խնդրում եմ ինձ հնարավորինս արագ հասցնել Կոմիտաս փողոցի Golds Gym…

Վարորդը շատ ջերմ գյումրեցի էր՝ աննկարագրելի մաքուր հագուկապով և հային ոչ բնորոշ դրական ժպիտով… Նա սկսեց խիստ պատասխանատու երթևեկությունը Բաղրամյան փողոցի վերին տարբեր փողոցներով՝ հնարավորինս կարճ ու առանց խցանումների տարբերակով… Այդ ընթացքում ես հայտնաբերեցի, որ ես ունեմ մի 500 դրամանոց և մի հատ էլ 200 դրամանոց…

Հետո արագ հիշեցի, որ Golds Gym-ի ընդունարանում կա բանկոմատ, որը բացարձակապես իմ ուշանալու գրաֆիկում չէր տեղավորվում…

Հասանք Golds Gym, խնդրեցի երկու րոպե սպասի… Ես իմ սպորտային համեստ ուժեղությամբ և ճկունությամբ ներխուժեցի շենք, որտեղ բախվեցի բանկոմատի անհույս մութ էկրանին…

Ես, սկսված պարապմունքս, մութ էկրանով բանկոմատը, իմ խեղճուկրակ մեկ 500 դրամանոցը և մի հատ էլ 200 դրամանոցը տիեզերքում անիմաստ անահավասարակշիռ վիճակ էինք ստեղծել…

Դուրս եկա, մեքենային մոտենալու ընթացքում դրամապանակից իմ փողային «700 դրամանոց կարողությունը» հանելիս գցեցի 200 դրամանոցը, որը գլորվեց անհայտ ուղղությամբ և անհետացավ կայանված մեքենաներից մեկի տակ…

Հասա այդ մեքենային արդեն ոչ նույնքան խրոխտ և արագ, և, դե պատկերացրեք, ինչ կարգի ամաչելով, այդ վարորդին ասում եմ.

-Խնդրում եմ Ձեր հեռախոսահամարը, ես հետո կզանգեմ Ձեզ, որ գումարը փոխանցեմ:

-Հեչ չունե՞ք,- հարցնում է…

Դե առանց թաքցնելու ասում եմ «ունեցվածքիս» չափը, ինքն էլ իսկական տղամարդու պես շատ հանգիստ ու անվրդով ասում է, թե․

-Տվեք, նորմալ է․․․

Ես էլ չեմուչումից հետո տալիս եմ այդ 500 դրամանոցը և գետինը մտնելով գնում․․․

Ես, իհարկե, հետո հիշեցի, որ ունեմ նրա համարը, քանի որ gg-ի վարորդ էր, բայց նա այնպես բարի և անվրդով հեռացավ, որ ես նրան չէի վիրավորի իմ զանգով և իմ ավելացրած ևս մի 500 դրամով՝ օրինակ․․․

․․․Մոտ երկու շաբաթ առաջ Ամիրյանի Golds Gym-ից նստում եմ իմ պատվիրած gg-ն, բարևում եմ, ասում եմ, թե ուր պետք է գնանք․․․

Շատ հոգնածության պատճառով առանձնապես շփվել չեմ ուզում, բայց զգում եմ, որ վարորդը դրական, ժպտացող, մաքուր հագնված տղամարդ է․․․

Պատասխանը հնչում է գյումրեցու արտասանությամբ, որն ինձ այդ պահին ոչինչ չի ասում․․․

Ամբողջ ճանապարհը ես հեռախոսիս էկրանին ինչ որ անիմաստ բաներ եմ թերթում․․․

Մեր բակ հասնելուն պես կարծես նոր արթանում եմ և ճանաչում այդ մարդուն․․․

Ու միանգամից ասում եմ․

-Դուք ինձ մի անգամ էլ եք տարել, և ես Ձեզ քիչ եմ վճարել․․․

Այս մարդը հայելու միջից նայում է ինձ ու զգում եմ, որ հաստատ չի ճանաչել, բայց, կիսատ ժպտալով, ասում է․

-Ոնց որ հիշում եմ․․․

Ասում եմ․

-Կոմիտաս եք տարել, իսկ ես այսքան ժամանակ դա հիշում էի․․․

Բարի ժպտում է, ասում է․

-Դա կարևոր չի, մեծ բան չի իմ արածը․․․

Ես էլ թե․

-Ինչը՞ մեծ բան չի, եթե Դուք այսքան մեծահոգաբար եք դա արել․․․Աստված թո՛ղ Ձեզ շատ ավելին վերադարձնի․․․

Նա էլի բարի ժպտում է, հետո ասում․

-Փողով չէ, թող ավելի լավ բաներով վերադարձնի։ Փողը չի կարևորը․․․

Դե ես, իհարկե, համաձայնվում եմ (ինձ էլ մեկը նման բան ասի)․․․

Եվ վերջում ինքն ասում է ինձ համար վերջին զարմանալի նախադասությունը․

-Գիտե՞ք, հետաքրքիրն այն է, որ այս շաբաթվա ընթացքում դուք արդեն երրորդ մարդն եք, որ նման բան եք ասում․․․