Archive | January 2019

***

Հայ ծնվելն արդեն ենթադրում է դժվար կյանք, իսկ, եթե դու, բացի հայ ծնվելուց, ունես նաև հայրենասիրական անկառավարելի ներքին մղում, ապա քո կյանքը երբեք չի լինելու այնպիսին, ինչպիսին կարող է լինել մեղմ, երջանիկ կյանքը…

Դա քո անգիտակցական որոշումն է մինչև ծնվելը, գենետիկ ժառանգություն կամ գիտակցական որոշում՝ կայացված կյանքի ընթացքում…

Ցանկացած դեպքում դու միշտ լինելու ես անտեսանելի մանր ճաղավանդակների ետևում, որոնց առկայության համար չես էլ կարող տրտնջալ նույնիսկ քո մտերիմների և խոհակիցների մոտ… Դա երբեմն ծայրահեղ անհասկանալի և անբացատրելի երևույթ է, որը բառային ձևակերպումներ չունի և չի էլ կարող գտնել:

…Եվ դու երբեք չես կայացնելու այն հեշտ որոշումները, որոնք ենթադրելու էին քո անհատական պարզ, մեղմ երջանկությունը… Դու ուղղակի երիտասարդության ինչ որ շրջանում պայքարելու ես դրա դեմ, ճնշելու ես այն թվացյալ ժամանակավոր մտքերով կամ թեթև զբաղմունքներով, սակայն, ինչպես ցանկացած ճնշված ուժ, այն կամ մի անկանխատեսելի պահի պայթելու է՝ ավերելով քո հազիվ ստեղծած օդային հեշտ իրականությունը կամ դանդաղորեն թփթփացնելու է ուսիդ և ժպտա քեզ հավետ…

Հայաստանի նկատմամբ հայրենասիրությունը անվերադարձ, մշտապես էներգիա կլանող զգացմունք է, որն ուղղակի հայրենասերին գոյության և տիեզերական վեհության իրավունք է տալիս… Ցավոք, դրանք չշոշափվող և անտեսանելի զգացողություններ են, որոնք, հնարավոր է, թվացյալ արժեքներ են ու աշխարհի արժեհամակարգի համար անկարևոր… Իսկ, եթե ավելի ճիշտ և կատարելապես անկեղծ, ապա Հայաստանի նկատմամբ հիվանդագին հայրենասիրության հիմքերը պետք է փնտրել գոյության պաշտպանության և Հայի տեսակի չվերանալու ծածկված բարդույթներում…

Այդ պատճառով էլ յուրաքանչյուր հայի ամենահաճելի զբաղմունքներից մեկը հայտնիների գեներում հայ փնտրելն է և հայի առանձնահատուկ լինելը ընդգծելը…

Ուղղակի շատ վաղուց առանձնահատուկ ոչինչ չստեղծելը շատ է բարդացնում հայի գոյության խնդիրը… Եվ, ցավոք, առանձնահատկությունների որոնումները խորանում են պատմության էջերի մեջ և կանգ առնում, օրինակ՝ Տիգրան Մեծի իշխանության կարճաժամկետ շրջանում…

Հային աշխարհացունց կամ անկրկնելի առանձնահատկություններ պետք չեն, Հային պետք են պարզ դրսևորումներ՝ անշահախնդիր և միակողմանի բարի արարքների, սեփական անձը ճանաչելու, սեփական զգացմունքները ու զգացողությունները ընդունելու, արդարության, մարդկային և քաղաքացիական պատասխանատվության, կյանքի նկատմամբ հաճելի մղումների տեսքով…

…Մենք պարզ լինելու խնդիր ունենք, բարդ եղել ենք միշտ և դեռ կլինենք…

․․․պատահական չէ․․․

․․․պատահական չէ․․․

․․․Եվ մեր կյանքում ոչինչ պատահական չէ․․․

Եվ կեսգիշերին «պատահական» հնչած զանգից արթնանալն ու հետո չքնելն էլ իր պատճառն ուներ, քանի որ հենց այդ գիշերվա ընթացքում հասունացավ կյանքի համար կարևոր որոշում․․․

Եվ փողոցում «պատահական» անցորդի դեմքի անհույս արտահայտությունը կամ «պատահական» ոչ մուրացկան մարդու կոշիկի անհույս մաշվածությունը պատահական չէին, քանի որ ստիպեցին հույս ստանալ․․․

Եվ մեքենայի ծույլ սլացքի ընթացքում խորհրդային ժամանակներից լքված շենքի նկատելն էլ պատահական չէր, քանի որ ինչ որ բան կամ ինչ որ մեկին չլքելու միտքն ամրացրեց․․․

Եվ ձմեռային արևի տակ տաքացող անտեր շանը նկատելն էլ պատահական չէր, քանի որ աշխարհում ինչ որ մի բան կամ ինչ որ մեկին փրկելու միտքը անիմաստ չթվաց․․․

Եվ այն ազնիվ մարդու հույսով լի հայացքը պատահական չէր, քանի որ կյանքում ազնվության և արդարության համար պայքարը թողեց առաջնահերթություն․․․

Եվ երազում սեփական տան պատուհանից Արարատը և նրա դիմացով հոսող Արաքսը շատ մոտիկից տեսնելն էլ պատահական չէր, քանի որ ՍԵՓԱԿԱՆ հայրենիքը պահպանելու բնազդը դարձավ գաղափարախոսություն․․․

․․․Իսկ մեր կյանքում ոչ ոք պատահական չէ․․․

Իսկ այն մեկը եկել էր, որ քեզ համոզեր, որ առանց քեզ աշխարհը կշարունակի ապրել․․․

Իսկ մյուսը քո կյանքում կա, որ ապացուցի, որ առանց քեզ աշխարհը գոյություն չունի․․․

Իսկ այս մեկը ժամանել էր իր աղմկալից գոյությամբ, որ քեզ դրդեր գրել այն չարաբաստիկ երկու էջը․․․

Իսկ այս մյուսը մխրճվել էր, որ վերջապես քեզ ստիպեր սովորել ասել այն, ինչ զգում ես, ասել այն բառերով, որոնցից ավելի ճիշտը չկա ու չէր կարող լինել․․․

Իսկ այս հինգերորդը հայտնվել էր, որ քեզ վերջապես դրդեր պաշտպանել ինքդ քեզ այնպես, ինչպես այլոց․․․

Իսկ այն մի շատ կարևորը «պատահական» հանդիպել էր մի «պատահական» վայրում, որ քեզ համոզի դժվարությամբ (իսկ դու ըմբոստանում էիր), որ դու և քո հայացքը առանձնահատուկ են․․․

․․․Եվ մեր կյանքում ոչինչ պատահական չէ․․․

․․․Իսկ մեր կյանքում ոչ ոք պատահական չէ․․․