…Իսկ ես չեմ ծխում…

…Եվ ես հասկացա, թե ինչքան լավ է, որ ես չեմ ծխում…

Լավ է, քանի որ ոգևորվելիս շատ եմ ոգևորվում, տարվելիս շատ եմ տարվում, կախվածություն դառնալու ռիսկն էլ մեծ է…

Ինչ-որ բանով տարվելիս տարվում եմ մինչև վերջին բջիջը, մինչև անհնարինի ու հնարավորի առավելագույնը, տարվում եմ մինչև անուժություն, նվիրվում եմ մինչև էներգիայի վերջին կաթիլը…

Կախվածությունը, իհարկե, ունի անգնահատելի առավելություն, եթե ինքդ քեզ հետ պայքարող էակ ես…Եվ միայն այդ զգացողության տարերային և տիեզերական շարժումը վայելած մարդը գիտի, թե որքան ջանք, եռանդ և էներգիա է պետք ներդնել կախվածությունը ապրելու, դրանից օգուտներ և վնասներ ստանալու, իսկ վերջում էլ ազատվելու համար…

Եվ այդ նույն մարդը գիտի, որ ցանկացած կախվածությունից ազատվելուց հետո գոնե մի փոքր շնչելու ժամանակ է պետք…

…Ասում են, թե ծխելը քայքայում է առողջությունը…

Ծխախոտի տուփերին գրում են նրա վնասակարության մասին, պատկերում են ահասարսուռ նկարներ…

…Զգուշացնում են…

Ցավոք, ոչ ոք դեռ չի գնահատել գործին, գաղափարին, մարդուն նվիրվելու, այդ ընթացքում սպառած էներգիայի ազդեցությունն առողջության վրա, ոչ ոք դեռ չի համարել դա նույնքան վնասակար, որքան սեփական որոշմամբ կամ պատահաբար կողքիդ հայտնվածի որոշմամբ կլանած ծխի ազդեցությունը…

Դեռ ոչ ոք չի գնահատել, քանի որ անհնար է գնահատել…

 

Ցավոք, ոչ ոք չի զգուշացնում, որ նվիրումն էլ ռիսկեր ունի առողջության համար, թեկուզ չգնահատված, թեկուզ չբացահայտված…

 

Ծխի ազդեցությունը պարզ է ու առանձնապես ապացույցների կարիք չունի… Իսկ կորցրած էներգիայի ազդեցությունը չգիտես, թե ինչու, ապացույցի կարիք ունի… կամ հեշտության համար կոչում են վերացական անվամբ՝ «նյարդեր»… Կորցրած էներգիան «նյարդեր» չի, կորցրած էներգիան կորցնողը գիտի, թե ինչ է…

Իսկ կորցնողն անընդհատ կորցնելու է, քանի որ նվիրման աղբյուրները բազմաթիվ են և անվերջ…

 

…Իսկ ես չեմ ծխում… Խնայում եմ առողջությունս…

…Իսկ ես նվիրվում եմ անմնացորդ… Նվիրում եմ առողջություն…

 

Leave a comment