Archive | March 2019

Այլոց երջանկության մասնագետը

․․․Օրեր էին անցել նրանց հանդիպումից․․․

Իսկ այդ հանդիպումն էլ շատ «պատահական» էր և ոչ առանձնահատուկ․․․

Ավելի առանձնահատուկ հանդիպումներ էլ էին պատահել՝ ավելի գեղեցիկ, ավելի տպավորիչ, ավելի գրքային և շատ ավելի դրամատիկ․․․

Սա սովորական մի հանդիպում էր, որին ոչ մի լուրջ մարդ լուրջ չէր վերաբերվի․․․

Սա հայացքների հանդիպում էր՝ առանց այն բառերի, որոնք պետք է հնչեին, առանց այն ժպիտի, որը պետք է լիներ և նույնիսկ առանց սրտի արագացած թակոցների․․․

Դե արի ու տես, որ այս անգամը ինչ որ բանով տարբերվում էր․ կամ իրոք առանձնահատուկ էր կամ ուղղակի գարունն էր իր իշխանությունը տարածել և փորձում էր նոր զգացողությունների առիթ գտնել․․․

Այս հանդիպման ընթացքում «ոչինչ» չեղավ, ուղղակի ամենօրյա խոսքեր հնչեցին, սովորաբար անծանոթներին ուղղվող հայացքներ թափառեցին, աչքերը խուսափեցին, միայն թեթևակի ծանրություն առաջացավ այնտեղ՝ շաաա՜տ խորքում․․․

 

․․․Եվ այդ «պատահական» հանդիպումից անցել էին օրեր․․․

Օրերն անցել էին, բայց մնացածը չէր անցել․․․

Մնացածը ճնշում էր ուժգնորեն՝ միավորվելով նոր բացվող գարնան թարմ օդի ու շնչի հետ․․․

․․․Եվ նրա մատները սահում էին ստեղնաշարի վրայով․․․

․․․Եվ նրա մատները փորձում էին արտաբերել այն զգացողությունները, որոնք հնարավոր չէր արտաբերել ու բացատրել․․․

Եվ թվում էր, թե դա միակ ելքն էր ջնջելու պատմության չգրված ու չընթերցված էջերից այդ օրը և այդ հանդիպումը, որի ընթացքում «ոչինչ» չէր եղել․․․

Իսկ միգուցե երջանկությունը թաքնված էր այնտեղ, որտեղ մուտքն արգելել էր հենց ինքը․․․ Եվ շատ հավանական էր, որ ապահովությունն ու պաշտպանվածությունը հենց այդ մթագնած հայացքի հետևում էր, որը նրա մտքից չէր հեռանում արդեն որերորդ օրն էր․․․

․․․Իսկ այսօր ստեղնաշարի վրայով սահող մատները ուզում էին համոզել, որ այն «պատահական» հանդիպման ժամանակ հնչած ամենօրյա խոսքերը կեղծ էին, սովորաբար անծանոթին ուղղվող հայացքը պաշտպանական էր, խուսափող աչքերը թաքցնում էին ճշմարտությունը, իսկ շատ խորքում կուտակված ծանրությունը սրտի զսպված զարկերն էին․․․

Դա իր որոշումն էր դիմացինի իբր թե հաստատված երջանկությունը չխախտելու կամ հավասարակշռությունը պահպանելու համար․․․

Ավելի հավանական էր, որ ինքը իր երջանկության մասնագետը չէր ու չէր էլ կարող լինել, քանի որ երկարամյա փորձ ուներ այլոց երջանկության մասնագետը լինելու գործում․․․IMAG2517