… Իսկ ամեն ինչ նույնն էր՝ ներսում, դրսում, հոգում, շրջապատում…
Աշուն էր՝ գունավոր, լուսավոր, ջերմ ու անքամի…
Հոգին հին թափառողն էր, միտքը՝ հին կայունը…
Անցել էր գրեթե տասը տարի կամ ավելի շատ… Ժամերը, օրերը, տարիները կարևոր չէին նրա համար…
Ամեն ինչ նույնն էր, բացի տարեթվից և մազերի գույնից…
Եվ մի քիչ էլ «բեռն» էր շատացել…
Հոսել էին անհամար զգացմունքներ, անհետացել էին մարդիկ, հայտնվել էին նորերը, հիշողության մեջ խարանվել էին պահեր, էության մեջ ներթափանցել էր ամեն ինչ…
Նորացել էր զգեստապահարանը, լավացել էր արտաքին տեսքը, թեյ էր ավելի քիչ խմում…
Ամեն ինչ գրեթե նույնն էր, ուղղակի հոգին էր խորացել դեպի անհունություն, և հայացքն էր խորացել մինչև անտեսանելի կածաններ:
Ոչինչ չէր փոխվել այնպես, որ հնարավոր լիներ բացատրել:
Ոչինչ չէր եղել նշանավոր և պատմական:
Եղել էին պահեր, երբ նպատակների իրականացման պահին շունչը չէր բավականացրել և հաղթանակներ, որոնց չէր էլ սպասել…
Եղել էին մարդիկ, ում հետ հանդիպելիս կրծքավանդակում ցավ էր զգացել…
Եղել էին մարդիկ, ովքեր ծնկած վիճակում ձեռք էին մեկնել և օրեր, երբ ծնկած վիճակից ինքնուրույն էր բարձրացել,
Եղել էին վայրեր, որտեղով անցնելիս հայացքը ներքև էր հառել…
Եղել էին հեկեկոցներ առանց արցունքների և արցունքներ առանց հեկեկոցների…
Եղել էր ծիծաղ և ուրախություն, զարմանք և հիասթափություն…
Եղել էին օրեր, երբ կրկին հավատացել էր, որ աշխարհը հնարավոր է փոխել և պահեր, երբ հուսահատությունն էր կլանել աշխարհը…
Եղել էին օրեր, երբ փոխել էր ինչ-որ մեկի աշխարհը դեպի լավը և պահեր, երբ ինքը հիմնահատակ ավերել էր ինչ-որ մեկի աշխարհը…
Եղել էր ամեն ինչ և չէր եղել ոչինչ պատմական կամ նշանավոր…
Արդյունքում ամեն ինչ նույնն էր մնացել, քանի որ ինքը նույն իրատեսն էր մնացել, իսկ իրերը և մարդիկ նույնն էին մնացել…