Ամենայն հայոց բանաստեղծը

Ցեղասպանությունից հետո բազմաթիվ գաղթականներ, ներառյալ անծնող ու որբ երեխաներ, հասնում են Էջմիածին՝ որպես հայ աստծո բնակավայր․․․

Արդարության պահանջը, գոյատևման բնազդը և փրկության հույսը այլ ուղի չէր թողել այդ մարդկանց համար․․․

Էջմիածնի փողոցներում և վանքի բակում գետնին ծվարած էին բազմաթիվ հայեր՝ անտուն, անոթի, անհույս և անօգնական․․․

Էջմիածնում էր Թումանյանը, ով եկել էր հայ գաղթականներին օգնելու և նրանց ապագայի հարցերին որևէ լուծում գտնելու նպատակով։

Թումանյանի խնդրանքով ամենայն հայոց հայրապետը թույլ էր տվել գաղթականների մի մասին ժամանակավորապես տեղավորել Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Շողակաթ եկեղեցիներում, բայց դեռ գաղթականների մի մեծ զանգված փողոցում էր․․․

Սկսվում է անձրև․․․

Թումանյանը արդեն մի քանի օր էր, ինչ դիմել էր կաթողիկոսին, որպեսզի թույլ տան գաղթականներին այս անգամ արդեն բնության վնասներից ապաստան գտնել վեհարանում․․․

Կաթողիկոսը թույլ չէր տվել․․․

Արդեն անձրևի ժամանակ Թումանյանը վիճաբանում և շատ կոպիտ է խոսում կաթողիկոսի հետ՝ պահանջելով, որ բացեն վեհարանի դռները, ինչին ի պատասխան կաթողիկոսը ասում է․

  • Քեզ հետ խոսում է ամենայն հայոց կաթողիկոսը․․․
  • Իսկ քեզ հետ խոսում է ամենայն հայոց բանաստեղծը ,- հնչում է պատասխանը՝ Թումանյանին դարձնելով ամենայն հայոց իրական բանաստեղծը և հայասերը․․․

․․․Վեհարանի դռները բացվում են՝ հայ աստծո հովանու տակ առնելով հայոց հնարավոր ապագան ու հայոց արևի ծագումը․․․

Leave a comment