Archive | August 2020

***

Նայում ես նրա աչքերին ու տեսնում ես կյանքի համար “անկարևոր” ցավ, անելանելի խուց, ելքի որոշման ճիգեր, ճչացող լռություն…
…Չէ, ճիշտ չեմ ասում…
…Լավ էլ լսում ես չարտաբերված ճչացող լռությունը… Շատ լավ էլ գիտես, թե ինչու այդ լռությունը ձայն չի դառնում… Եվ իրականում ինքդ էլ չէիր ուզենա լսել այն… Եվ իրականում հենց քո ձևական, իբր անմիջական, բայց իրականում թափանցիկ, սակայն անէ քարե պարսպով ժամանակավոր կանխում ես այդ լռության քեզ հասնելը… Դու չգիտես էլ, թե ինչ կանես, եթե հանկարծ պարիսպը փլվի և քեզ ձայն ուղղվի…
Այդ լռությունն էլ աներես դավաճանի պես սողոսկում է քո հորինած քարե պարսպի վատ ցեմենտված անցքերից ու սառնագույն քամու պես պարուրում քո ողջ էությունը… Մի պահ սարսռում ես ամբողջ մարմնով, հետո կծկվում են ուսերդ, հետո սիրտդ է ելքի ուղի փնտրում իր բանտախցից, հետո աչքերդ են խորունկ արտահայտություն ստանում, հետո մտածում ես ու մտածում, զգում ես ու զգում, հետո անընդհատ հարցնում ես “ինչու՞”, հետո՞…
Հետոն արդեն, ոնց կլինի…
Հետոն արդեն, ոնց կստացվի…
Հետոն արդեն լավ կլինի, որ լեցուն լինի այլ ձայներով, այլոց աչքերով…
Եվ, ի վերջո, հետո լավ կլինի լավ շինարար դառնաս, պարիսպդ ավելի ցեմենտես, ավելի որակյալ ցեմենտով, որ ոչ մեկի ճչացող լռությունը չլսես…

…Քեզ քո լռությունն էլ բավարար է…

Չէ, դա սեր չէր․․․

Դե, իհարկե, դա սեր չէր․․․

Նա վստահ էր․ ինքն իրեն քրքրել էր տարիներով և ինքն իրեն լավ էր ճանաչում, ինքնախաբեությունը երբեք չէր ստացվել, գիտեր իր զգացմունքները շատ լավ, սեփական սրտի զարկերի արագացումն ու դանդաղումը այլևս չէին զարմացնում․․․

Չէ, սա սեր չէր․․․

Սա հետաքրքրվածություն էր, կորստի անհանգստություն, քմահաճություն մի փոքր, զգացմունքային անհասկանալի մի կույտ, կենտրոնացած ուշադրություն կամ ուղղակի երկարատև ձանձրույթի և միապաղաղության բուժում․․․

Նրան դեռ մանկությունից թվացել էր, թե իր մոտ չի ստացվում ինքնախաբեությունը (այլոց խաբելն էլ առանձնապես լավ չէր ստացվում), թե ինքը ամեն ինչ լավ է տեսնում և հասկանում․․․

Առաջին հերթին տեսնում էր իրականությունը հոգով, ապրում էր լավը կամ վատը և հետո նոր փորձում դատողություններ անել․․․ Դատողություններն էլ միայն մեղմացուցիչ բնույթ էին կրում, որպեսզի, հնարավորության դեպքում, մարդկանց և կյանքը ավելի վառ ու դրական գույների մեջ տեսներ․․․ Իսկ վերջում՝ շատ հաճախ ներքին երկարատև քննարկումների արդյունքում խորը հոգոց էր հանում և նորից ու նորից ընդունում, որ ինքնախաբեությունը նրա «առավելություններից» չի եղել երբեք․․․

Տեսնում էր կեղծիքը, սուտը, իր հանդեպ անշահախնդիր սերն ու ուշադրությունը․․․

Սերն ու ուշադրությունը սովորական էին, կեղծիքն ու սուտը՝ աններելի ու մեղսավոր․․․

Նրան թվացել էր, թե ինքն իր մեջ գիտի ամեն ինչ․․․ Գիտի ամենակարևորը․․․ Ու գիտի միշտ․․․

․․․Եվ հիմա գիտեր, որ սա սեր չէր․․․

Ուղղակի, չգիտես թե ինչու, այս իրավիճակում բազմակետերը հենց սկզբից էին և ազդարարում էին լռություն․․․ Ավելի ճիշտ, միայն բազմակետեր էին․․․ Նա ինքն էլ ապշահար նայում էր սեփական խիստ կանոնակարգված կյանքի այդ կետին, որը սլանում էր դեպի ինչ-որ անվերջանալի խորություն, դեպի անհայտ սկիզբ և գոյություն չունեցող ապագա․․․

Չէ, դա սեր չէր․․․

Սերն այնպես չպիտի սկսվի, որ նրա վերջանալու ցանկությունը այսքան մեծ լինի․․․

Սերն այսքան «ոչ» և «հերքում» չպիտի ունենա, այսքան սառը չպիտի լինի եվ վերջապես այն այսքան սխալ չպիտի լինի․․․

Եվ նույնիսկ հիմա այս զգացմունքի սեր կամ չ-սեր լինելը չէր մեծ խնդիրը․․․

Այլ հարց էր առաջ եկել և չէր նահանջում․․․

Արդյո՞ք ինքն իրեն չի խաբում և չի խաբել շատ երկար․․․

Միգուցե ինքը ինքնախաբեության լրջագույն, արհեստավարժ «մասնագետներից» է եղել դեռ մանկությունից․․․ Եվ ինքնախաբեությունը օգտագործել է ոչ թե ի շահ սեփական անձի, այլ մյուսների պաշտպանության կամ արդարացման համար․․․

Իսկ, եթե սե՞ր էր․․․

Իսկ, եթե, իրոք, սխալվե՞լ էր, թե ինքնախաբեություն իր մոտ չի ստացվում․․․

Իսկ, եթե տարիներ շարունակ շատ այլ հարցերին է նույն վստահությամբ ներքին պատասխաններ տվել ու անցել առաջ այն համոզմունքով, որ ինքը ոչ ոքի չի խաբում, ուստի՝ իրեն էլ չի խաբում․․․

Եվ այդ հարցի պատասխանը դեռ չէր գտնում ո՛չ ներսում, ո՛չ դրսում․․․

Ներսում ճնշված փոթորիկ էր, դրսում՝ մեղմ անձրև ու սեթևեթող քամի․․․

Ներսում շրջապատին թողած բազմաթիվ հնարավորություններն էին, դրսում՝ կատարյալ անտարբերությունը․․․

Ներսում պաշտպանական վստահությունն էր, որ ամեն ինչ ճիշտ է, դրսում՝ հենց աչքի առաջ, օդում կախված օրորվող հարցականները և դրանց գրեթե բացահայտ, մի քիչ վախեցնող պատասխանները․․․

 

Ինքնախաբեությունը արդեն չգիտեր ստացվում է, թե ոչ, բայց տեսողությունից հաստատ երբեք չէր բողոքել․․․

Դեռ մանկությունից սկսած՝ տարբեր տարիքներում մի շարք բժիշկներ փաստաթղթավորել էին գրեթե կատարյալ տեսողությունը․․․