Բավական երկար ուշադիր հետևում եմ տեղի ունեցող իրադարձություններին, զարգացումներին և ընդհանրապես այս անհասկանալի աշխարհի արժեքներին․․․
Ցավալի իրականություն ունենք և վերջին արդեն չորս տարիների ընթացքում նույն վարքագիծն է հայը դրսևորում․ խնդիրներն ունենում են լուծման բազմաթիվ տարբերակներ, որոնցից հիմնականում նախապատվությունը տրվում է նրան, որում զոհում ենք ․․․ մարդկային արժանապատվությունը․․․․ Իմ կարծիքով մեր ժողովրդի մեծամասնությունը երբեք չի ունեցել արժանապատվության վեհագույն զգացողության հնարավորություն, այլապես կգիտակցեր, որ արժանապատվության կորուստը հավասար է մահվան ․․․․ Այդ իսկ պատճառով ինձ համար հիմա հայ ժողովուրդը չի ապրում՝ նա ինքնասպան է լինում ժամանակի մեջ․․․ Այլապես փողը և գոյությունը քարշ տալը չէին լինի ավելի կարևոր, քան հոգու ազատությունը և սեփական անձի արժանապատվությունը ․․․
Տարաբնույթ լավատեսական տեսություններ հիմա կպնդեն, թե պետք է լավը մտածել և հուսալ, թե հիմա մենք ունենք այնպիսի հարևաններ, ովքեր մեզ շատ են սիրում և ուզում են մեզ հետ բարեկամություն անել․․․ Այլ, երևի ավելի խելացի կամ ոչ խելացի մարդիկ բարձրախոսներով աղաղակում են, թե մեզ բիզնես է պետք անել մեր երեխաներին սպանելու հրաման տված և իրականացրած մարդկանց հետ, որ սովից չմահանանք․․․ Մեկ այլ ստվերային խումբ ֆեյսբուքում այլոց նկարների տակ թաքնված կարդում է բոլորի գրածները, նայում է ամեն բան, բայց այդ ընթացքում հեռախոսի էկրանին այնքան զգուշորեն է դիպչում, որ հանկարծ մի ավել գործողություն չնկատվի իր կողմից, հանկարծ իր զգուշավոր կյանքը չխաթարվի․․․ Սա անվերջ ցանկ է․․․
Ես մարդասիրությունը համարում եմ լրջագույն արժեք, և այն պետք է սերմանվի բոլորի մեջ և բոլորի նկատմամբ անկախ ռասայից, սեռից կամ ազգությունից․․․ բայց ես գիտեմ մի պարզ բան դեռ մանկուց․ եթե ինչ-որ մեկը քեզ վատություն է արել, հարաբերությունները լավացնել հնարավոր է միայն այն բանից հետո, երբ նա ընդունում է իր սխալը ․․․ հիմա մեր հարևաններն ասում են, որ իրենք ամեն բան ճիշտ են արել, ինչը նշանակում է, որ այդ ճիշտ բաներից նորից են անելու՝ չնայած ձեր վարդագույն ակնոցներին․․․
Արդյունքում ես հարցեր ունեմ թուրքասեր անձանց․ հարաբերությունները լավացնու՞մ եք, որ ի՞նչ լինի․․․ Փող աշխատե՞ք․․․ Ձեզ հիասթափեցնեմ․ դուք չեք աշխատելու․ իրենք են աշխատելու․․․․ որ լա՞վ ապրեք․․․ Դուք լավ չեք ապրելու այնքան ժամանակ, քանի դեռ ձեր վատ ապրելու մեջ մեղավորներ և արդարացումներ եք փնտրում․․․ որ ձեզ ասեն խաղաղասե՞ր․․․ աշխարհին հաղթողներ են պետք․․․ խաղաղություն մուրում են պարտվածները․․․
Եվ ինձ համար մի շատ ցավալի, բայց շատ արագ զարգացող փաստ․ թուրքերին կարծես թե ավելի շատ եք սիրում, քանի հայերին ․․․ Եվ ոնց որ թե արդյունքում հենց թուրքերի հետ էլ ապրելու եք․․․