Գինու գավաթը կիսով չափ լի էր կամ կիսով չափ դատարկ․․․Գինու գավաթ էր, ոչ ջրի ․․․
Ամեն ինչ ավելի պարզ կլիներ, եթե գավաթում ջուր լիներ, բայց գավաթում, բարեբախտաբար կամ ցավոք, գինի էր․․․
Կյանքն էլ կիսով չափ լավը կամ կիսով չափ վատն էր թվում․․․
Ինչ-որ պահի թվում էր, թե ամեն ինչ դեռ առջևում է, իսկ ինչ-որ սարսափելի մղձավանջային պահերի թվում էր, թե ամեն ինչ անցյալում է և ոչինչ այլևս ուղղել հնարավոր չէ․․․
Իսկ իրականությունը ինչ-որ մի տեղ միջնամասում էր․ լավի ու վատի, արդարի ու անարդարի, չարի ու բարու, հարավի ու հյուսիսի, արևի ու լուսնի, սիրո և ատելության ․․․․ իսկ նա չէր սիրում հորիզոնների միջնակետ, նա գիտեր իր համար ցանկալի և իր կողմից ընդունելի հորիզոնը․․․
Ամբողջ էությունը արևի էր ձգտում, իսկ հիմա լուսնի ժամանակն էր, ամբողջ կյանքը բարու և արդարության պայքար էր մղել, իսկ պարզվել էր, որ ինչ-որ պահերի չարն էլ է հաղթում․․․ բարեբախտաբար ինչ-որ պահերի էր չարը հաղթում, ոչ միշտ, իսկ բարու հաղթանակը լինում էր ոչ շատ հաճախ, բայց երբեմն շռնդալից ու հավիտենական․․․ Եվ պատրաստ էր սպասել այս ոչ հաճախ, բայց շռնդալից ու հավիտենական պահին, քանի որ դա մարդկության գոյության հիմքն էր, մարդուն սովորական կենդանուց տարբերակող թերևս քիչ բնութագրերից մեկը՝ արդարության համար պայքարի մղումը ․․․
Անցյալում կորսված սեր էր մնացել, կիսատ բառեր ու ճիշտ պահին չժպտացած ժպիտներ, անցյալում պայքարներ էր անտեսել կամ ճակատամարտերից էր խուսափել, անցյալում կատարյալ բարությունն էր մնացել ու ամենակարողության հավատը․․․
․․․Իսկ առջևում հավասարակշռված արևն էր ու կյանքի ինչ-որ պահերի արդարի ոչ շռնդալից, բայց մեղմ հաղթանակը, քանզի արդարությունը երբեմն լռություն է նախընտրում և գալիս հանգրվանում է հանգիստ խղճի, հանդարտ քնի, մաքուր մտքերի և դեմքի տարբեր անկյուններում հոգատարության, սիրո և նվիրման արդյունքում ձեռքբերած կնճիռների անքակտելի հանգույցներում ․․․
Գինու գավաթը կիսով չափ լի էր կամ կիսով չափ դատարկ․․․Գինու գավաթ էր, ոչ ջրի․․․