Archives

Սանահինն ու մեր հոգու ծառը

․․․Սանահինն աշխարհում իմ ամենասիրելի եկեղեցին է․․․

Ու ես համարում եմ, որ աշխարհում նրանից ավելի գեղեցիկ եկեղեցի գոյություն չունի․․․

Այն զարդաքանդակները, որոնք ունի այդ եկեղեցին, ինձ համար ամենաբարձրաճաշակն են թե՛ հոգևոր, թե՛ ճարտարապետական տեսանկյունից․․․

Եվ ես, նրանից հարյուր և ավելի կիլոմետր հեռու գտնվելով հանդերձ, պարբերաբար հիշում եմ ինձ այդ եկեղեցու կիսաքանդ պատերի, հազիվ նշմարվող խոյակների, հողածածկ ու պատահական ծլած մոլախոտերի մեջ կանգնած՝ լի հավատով և ապագայի սպասելիքներով․․․Այնտեղ իմ չասած խոսքերը լսելի էին․․․

Վաղուց չեմ այցելել․․․

Սանահինը, ցավոք, ավիրվում է․․․

Ասում են, թե ուզում են վերանորոգել․․․

Դա ավելի սարսափելի է․․․

․․․Սանահինի եկեղեցու գլխին մի ծառ է աճում․․․

Ասում են, թե գյուղի բնակիչները պարբերաբար այդ ծառը կտրում են, իսկ սա չի զիջում, աներեսաբար նորից է աճում․․․ Դե երևի իր չասած խոսքերն էլ են լսելի այնտեղ․․․

Յուրաքանչյուր մարդու հոգի ունի այս ծառի նման աներեսաբար աճող մի զգացում, որն իրեն խանգարում է, ավիրում է, բայց որը կտրելն անհնար է, քանի որ նրա արմատներն են շատ ամուր խարսխված․․․

Sanahin monastery in Armenia

Sanahin monastery in Armenia

***

Կյանքն այն է, ինչ կա․․․

Առողջության հիմքը մեր գեներն են և դրա պահպանման մեր ջանքերը, ոչինչ պատահական․․․

Վստահության հիմքը ազնվությունն է, ոչինչ ավելի անհնար կամ ոչինչ ավելի բարդ․․․

Հաջողության հիմքը տքնաջան և նվիրված աշխատանքն է, ոչինչ բախտի բերմամբ կամ պատահմամբ․․․

Երջանկության հիմքը մեր սպասումներն են աշխարհից և մարդկանցից, ոչինչ ավելի գերբնական կամ ոչինչ գրքային․․․

Սիրահարվածության հիմքը հարմար պահն է, ոչինչ ավելի առեղծվածային կամ ավելի հեքիաթային․․․

Սիրո հիմքը մեր պակաս կեսն է, ոչինչ օդային կամ անիրական․․․

Օտարության հիմքը նախկին սերն է կամ մոխրացրած վստահությունը, ոչինչ թշնամական կամ պապենական․․․

Կյանքն այն է, ինչ կա․․․

Ոգեշնչվենք մեր առավելագույնով․․․

Կյանքում ապրելու (իրապես ապրելու) ամուր հիմքը կյանքի ցանկացած պահի ինչ որ բանով կամ ինչ որ մեկով ոգեշնչված կամ մոտիվացված լինելն է, ընդ որում՝ ոգեշնչման աղբյուրը կարող է լինել ինչ ասես՝ սկսած պահարանում հագուստը գունային տրամաբանությամբ դասավորելուց մինչև սեփական երեխայի նկարչության տետրերը ստուգելը․․․
Ընդ որում՝ կյանքի տարբեր փուլերում ոգեշնչման մի աղբյուրից մյուսին անցումը պիտի շատ ժամանակ չկլանի․․․Հատկապես, որ կյանքը ժամկետային առումով սահմանափակ է, իսկ ոգեշնչման առիթները՝ անսահմանափակ․․․
Չվարանե՛նք և չվախենա՛նք ոգեշնչվել․․․Հատկապես նորով, հատկապես նորովի և հատկապես դրականով․․․

“Հաղթանակի” մասին

․․․Մինչև հոգու խորքը և մտքի թաքուն անկյունները ոգևորվածներին, ինչպես նաև այն անձանց, ում նյարդերի վրա ես ինչ-ինչ պատճառներով ազդում եմ, հոգաչափ խնդրում եմ չկարդալ կամ կարդալիս մինչև վերջ կարդալ․․․ Ձեզ համար եմ ասում, իմ չէ․․․

Ես արթնացել եմ նույն՝ իմ շատ սիրելի Հայաստանում․․․ Հայաստանն ինձ համար միշտ է սիրելի՝ անկախ այն ղեկավարող անձանցից կամ նրանց քաղաքականությունից․․․ Հայաստանն այլ արժեք է․․․

Եվ այսօր ինձ համար, միևնույն է, ապրիլի 24-ն է․․․

Եվ այսօր ինձ համար մեր պատմության ամենամութ օրն է՝ անկախ ամեն ինչից, քանի որ շուրջ 103 տարի ազգովի չենք կարողանում այդ հարցի լուծումը տալ․․․

Եվ ինձ համար Հայաստանի իրական հաղթանակը կլինի մի օր «Ապրիլի 24»-ը պատմության մեջ լուծելի դարձնելը, ինչ որ մի օր Արցախի մեկ միլիմետր հողի համար սրտի արագ բաբախ չունենալը, ինչ որ մի օր արթնանալը ու հասկանալը, որ սահմանին կանգնած նույնիսկ անծանոթ երիտասարդի կյանքի կամ մրսելու համար չեմ անհանգստանում, ինչ որ մի օր արթնանալը և հասկանալը, որ հեռավոր գյուղերում սոված և անապագա երեխա չկա, մի օր արթնանալը և հասկանալը, որ իմ երկիրն անձանցից չի կախված․․․

․․․Եվ այս ամենի պատասխանատուն բոլորս ենք, և բոլորս մեր մասնակցությունն ունենք այդ գործում․․․

Ասելիքս շատ-շատ է, զգացմունքներս՝ անծայրածիր, մտքերս՝ արդեն բարեբախտաբար կանոնակարգված․․․

Ինձ համար ազգային «հաղթանակը» իմ հայրենակցի նկատմամբ չէ․․․

Ինձ համար ազգային «հաղթանակը» իմ ազգակից եղբորն ու քրոջն ուղղված անթույլատրելի, շատ հաճախ անտեղի հայհոյանքներով, ցածրագույն սարկաստիկ հումորներով ու տհաճ վիրավորանքներով չէ․․․

Ինձ համար ազգային «հաղթանակը» իմ ազգակից եղբորը և քրոջը պատճառված մարմնական և հոգեկան վնասվածքներով չէ․․․

Ինձ համար ազգային «հաղթանակը» «Հայը Հայի նկատմամբ» ծայրահեղական և ստիպողական գաղափարախոսությամբ չի՝ կամ մեզ հետ ես կամ մեզ դեմ, երրորդ կողմ չկա (իսկ ես ոչ մի կողմից չեմ, քանի որ կա երրորդ կողմ)․․․

Ինձ համար ազգային «հաղթանակում» արևածաղիկն ու գարեջուրը տեղ չունեն․․․

Ինձ համար ազգային «հաղթանակում» ցինիկ ծիծաղը տեղ չունի․․․

Ինձ համար ազգային «հաղթանակը» մեկ օրով չի հաստատվում․․․

Ինձ համար ազգային «հաղթանակի» առաջնորդների մեջ կասկածելի անձինք չպիտի նշմարվեն թեկուզ մեկ վայրկյան․․․

Ինձ համար Հայը Հայ է վերջին հաշվով․․․

Այնպես, որ ես տեղի ունեցածն ազգային «Հաղթանակ» չեմ կոչում․․․

Ես այն կոչում եմ պատմական ժամանակաշրջան, պատմական ապրիլ և պատմական օր, որը դեռ երկար է մեզ օգնելու, քանի որ․

Երեկ խայտառակ լարված իրավիճակ է խաղաղվել առանց «Հայը Հայի սպանելու» (մենք ամեն դեպքում արյունարբու ազգ չենք ու իրար հեշտ չենք սպանում)․․․

Այս ընթացքում կուտակված բացասական լիցքերի և ինչու ոչ նախանձի դուրսբերման ժամանակահատված է եղել․․․

Այս ընթացքում Հայը Հային սիրել է միանշանակ․․․

1915-ից ի վեր առաջին անգամ է, որ ապրիլին հայ ազգն այսքան ուրախ է եղել (անկախ ուրախության դրսևորման անթույլատրելի դրսևորումից) ․․․

Երեկ տեղի է ունեցել շատ-շատերի երազանքի իրականացումը (որի վրա դեռ աշխատել է պետք)․․․

Երեկ ևս մեկ անգամ Հայաստանը ինչ որ մի բանում՝ անարյուն հեղափոխությամբ, առաջինն է համարվել (մեր արտասահմանյան ընկերների մոտ գլուխներս կգովենք ինձ համար «հեղափոխություն» չհամարվող ինչ որ մի բանով)․․․

Երեկ մենք աշխարհին ցույց տվեցինք, որ մենք դեմոկրատիայի կողմնակից ենք․․․

Երեկ տեղի է ունեցել մի բան, որի իրական շարժառիթները, կազմակերպողներին, իրական առաջնորդներին և մասնակիցներին, նրանց նպատակները մենք կամ կիմանանք կամ չենք էլ իմանա․․․

Շատերի երեկվա անկառավարելի էյֆորիան չկիսելով հանդերձ (ես Հայաստանն իր ամեն ինչով սիրել եմ միշտ, սիրում եմ այսօր և սիրելու եմ վաղը)՝ ես հավատում եմ իմ երկրի վառ ապագային, և այդ հավատի պատճառը բացառապես այսօր Երևանը մաքրող սակավաթիվ երիտասարդներն են, ովքեր վստահ եմ, որ չէին էլ աղտոտել քաղաքը և պիտի շարունակեն իրենց արդար և մշտական պայքարն աղտոտողների դեմ․․․

P.S. Հայրենասիրությունը և քաղաքականությունը սովորենք տարբերել իրարից․․․ Զգացմունքային կամ պլանավորված «հաղթանակին» պետք է հաջորդի ողջամիտ և խելացի ռազմավարությունը, որի ներուժը, հուսանք, որ ունենք․․․

Մեկ էլ, աստծու սիրուն, խնդրում եմ Մոնթեի անունը չնույնացնենք քաղաքական գործիչների անունների հետ․․․ Ես՝ որպես Հայ, դրա իրավունքն ունեմ․․․

 

 

Դիլիջանի մասին

Դիլիջանի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ բնության բոլոր դրսևորումները հնարավոր են նույն պահին, նույն տեղում, նույն ազդեցությամբ և նույն ուժգնությամբ՝ ամպեր՝ նիրհած սարերին, սարեր՝ պատված մշուշով, մշուշ՝ վառված արևով և արև՝ ցողված անձրևով…
Եվ դա մեխանիկորեն տեղի է ունենում նաև մարդկային զգացմունքների դրսևորումներում…
…Միայն այստեղ է հնարավոր անձրևը զգալ հոգով..

Մինչև Դիլիջանը ես անձրևից բան չէի հասկանում և չէի սիրում…
Սա զգացմունքային քաղաք է, ինչ խոսք…

Այս քաղաքը հետաքրքիր է մխրճվել իմ կյանք և իմ էություն։ Առաջին անգամ ես տեսել եմ Դիլիջանը նրա ամենախեղճ վիճակում, երբ ամեն ինչ հետսովետական “ճոխության“ մնացորդի տեսք ուներ… Հետո կյանքը ստիպեց այստեղ “վայելել” տհաճ զգացողությունների մի տարափ և հենց այս նույն սարի (որով հիանում եմ Դիլիջանում եղած ամեն առավոտ մեր սիրելի տնից) ստորոտային մի մասում ես պառկած էի նախկին հյուրանոցին պատկանող անտառի հանգստյան գոտում և մի քանի ժամ անց պետք է վերադառնայի Երևան ինչ որ անհասկանալի ապագա ինչ որ անլուծելի հարցերով ….
Եվ ես Դիլիջանից հեռացա նրան չսիրելով…այստեղ ինչ որ բան կիսատ թողած… Եվ հետագայում բոլորին ասում էի, թե Դիլիջանի օդը ծանր է և տհաճ…
…Եվ անձրևն անդադար է ու տխուր…

Հետո՝ տարիներ անց եղավ այն, ինչ պիտի լիներ…
Եղավ այս հրաշք տունը, որի ամեն ինչը սիրում եմ, այս հրաշք սարն այլ աուրայով, որը հիմա ամեն անգամ նկարում եմ մեծ բավականությամբ (միաժամանակ հոգու մի անկյունում ունենալով այն պահը, որը հետագայում ստացավ ինչ որ “լուծում”…), եղան կյանքի հրաշալի հիշողություններ, որոնք բնական ժպիտ են առաջացնում, եղավ մի անկյուն, որտեղ երջանկությունն ավելի քան հավանական է…
Եղավ այն, ինչ պիտի լիներ…
Հիմա բոլորին ասում եմ, որ Դիլիջանի միակ թերությունն այն է, որ մաքուր օդի շնորհիվ հաճախ ու շատ ես քաղցի զգացում ունենում…
…Եվ ասում եմ նաև, որ այստեղ կարելի է վայելել երջանկություն անձրևի ժամանակ….Դիլիջան

***

Այս կյանքում ամեն ինչ ջանք և աշխատանք է պահանջում․ գործ, ընտանիք, հարազատներ, ընկերներ, գործընկերներ, հարաբերություններ, սեր․․․
Ամեն ինչի պահպանման համար էլ ամենօրյա անշահախնդիր նվիրում է պետք՝ առանց տատանման, առանց երկմտանքի ու կասկածի․․․
Մեկը մյուսից ավելի կարևոր ու թանկ չէ, դրանք բոլորն էլ մեր կյանքի ու անձի կայացման կարևոր նախապայմաններն են, ուստի՝ երբ մեկում ավելի ջանք ու եռանդ ենք ծախսում, “անգրագետ” ենք մնում այլ տեղերում․․․
Եվ եթե ցանկանում ենք պահպանել ամեն ինչ, ապա կյանքի տարբեր փուլերում ստիպված ենք կատարել ամենադժվարը և ամենացավոտը՝ փոխել մեր վարքագիծը, ճանաչել մեր թերությունները և աշխատել դրանց վրա․․․ Այդ աշխատանքը, ցավոք, մերն է, այն մեր փոխարեն ոչ ոք չի անում․․․ Մենք էլ միշտ չէ, որ այն լավ ենք անում, բայց փորձել առնվազն պարտավոր ենք․․․
Բոլոր այն պահերին, երբ հայտարարում ենք, թե դիմացինները կամ հանգամանքները պիտի հարմարվեն մեզ, մենք վստահաբար թակում ենք ինքնահաստատման ձախողման դարպասները․․․

***

Նախապես ասում եմ, որ սա իմ գրքի մի հատվածն է լինելու, որը, եթե լավ աղջիկ լինեմ, շուտ կավարտեմ 🙂 🙂 🙂 Այս դրվագը հավաքական կերպարի մասին է․․․Թվում էր, թե հիմա ամեն ինչ լավ է․․․

Մայրաքաղաքից բավական հեռու գավառական մի քաղաքի զավակ էր նա և ոչ մի անգամ չէր մերժել իր արմատները և ինքնությունը։ Ավելին, նա այնքան խորն էր խարսխված իր հայրենի քաղաքի հողին, ջրին, երկնքին, մոտակա լեռներից փչող սառը և մաքուր օդին, որ օր ու ժամ չկար, որ չմտածեր նրա մասին, «չշնչեր» նրա լեռնային օդը և խաղաղությունը, չերազեր գոնե մի պահ հայտնվել այնտեղ։ Քաղաքը նրա կարոտն էր, նրա մանկությունն ու պատանեկությունը, նրա մի մասնիկը, որը գերակա էր մնացած բազմահազար մասնիկների նկատմամբ։ Քաղաքի նկատմամբ խորը և անբուժելի կարոտը մայրաքաղաքում ապրելու, զվարճանքներ վայելելու և հաջողությունների հասնելու ուրախության գերագույն հակակշիռն էր։ Ամեն անգամ երջանկության կատարյալ պահին աղոտ և ճնշված մեղավորության զգացում էր առաջանում ծննդավայրը հիշելիս։ Ներկա բնակավայրի լուսավոր գիշերները վայելելիս հիշում էր, որ իր Քաղաքը բավարար լուսավորություն չունի, մայրաքաղաքի գրեթե եվրոպական ոճի սրճարաններում անուշաբույր սուրճ վայելելիս գիտակցում էր, որ դեռ տևական ժամանակ այս սուրճը չի հասնի իր Քաղաքի սրճարաններ, որոնք առանձնապես մեծ տարածում էլ չունեն, մարդաշատ փողոցներով քայլելիս հիշում էր, որ երեկոյան ժամերին մարդիկ Քաղաքի փողոցներում քիչ են հանդիպում․․․Արագորեն փորձում էր վանել այդ մտքերը, ինչը շատ դժվարությամբ էր ստացվում կամ չէր էլ ստացվում, ուղղակի իրեն թվում էր, թե ստացվում է․․․

Իր համար Քաղաքի զարգացման տասնյակ նախագծեր էր մտածել, մտովի իրականացրել, վայելել դրանց հնարավոր իրականացման արդյունքները, ժպտացել մտովի, հետո սարսափելիորեն գիտակցել իր անզորությունը այդ նախագծերի իրականացման հարցում․․․

Զինաթափ էր եղել երազներից և հանձնվել իրականությանը․․․

Արդյունքում լուծումը գտել էր մի քանի հոգու կամ ընտանիքի՝ իր կարողությունների և հնարավորությունների սահմաններում աջակցության կամ օգնության ցուցաբերմամբ։

Թվում էր, թե հիմա ամեն ինչ լավ է․․․

Ծնողները․․․Ծնողներն էլ Քաղաքի հետ արմատացած էին անմեղ մեղավորի հոգեկան վայրիվերումներում․․․ Ամեն ինչ անելուն զուգահեռ անպայման ուղեղում առկայծում էր նույն բանը ծնողների համար անելու միտքը, չնայած, որ անհրաժեշտից ավելին էր անում նրանց համար։ Նրանք ավելի չէին էլ պահանջում, բայց հայկական գենետիկ ինքնահրկիզումը և որդիական պարտքը նրան թույլ չէին տալիս հանգիստ վայելել իր իսկ վաստակածը։

Բարդ ուղի էր անցել, իհարկե։ Ուսանողական տարիներ էր մենակ անցկացրել, որոնց ընթացքում, բացի ֆինանսական և սոցիալական դժվարություններից, կրել էր մայրաքաղաքային «զարգացած» անձանց պղտոր հայացքները և քաղքենիական արտահայտությունները՝ չնայած բացահայտ տեսնում էր, որ նրանցից շատերն իր չափ խելացի և կարդացած չեն։ Իսկ ուսանողական տարիներին այսքան ինքնավստահ ու կայուն չէր, որքան հիմա, չէր կարողանում ամբողջությամբ արհամարհել նրանց, անկախ իրենից մտածում էր նրանց ասածների մասին, պայքարում էր, կռվում էր հանուն իր քաղաքի մտովի և իրապես։ Այդ ամբողջ ընթացքում փորձել էր չանհանգստացնել ծնողներին՝ անընդհատ համոզելով, որ ամեն ինչ լավ է իր մոտ և ինքը բացարձակ ոչ մի խնդիր չունի, բայց, իհարկե, մեծ հաճույքով ինքն էլ կգնար երեկոյան մի ուրախ տեղ․․․․

Այնուհետև դժվարությամբ աշխատանքի էր տեղավորվել, նույն բարդությունների միջով բարձր արժանապատվությամբ անցել էր (չնայած կրել էր վիրավորանքներ, որոնք կուզենար կրած չլիներ), խոչընդոտների տարափ հաղթահարելով առաջընթաց էր ունեցել․․․

Ամբողջ կյանքի ընթացքում մշտապես վայելել էր սեփական ուժերով ապրելու բերկրանքը։ Նա դրա մեծ մասնագետն էր և կարող էր դասընթաց կազմակերպել ցանկացողների համար, սակայն ցանկացողներ, կարծես թե, չկային․․․ Ավելին, ինքն էլ չէր կարող համոզել, թե դրա դրական կողմերը որոնք են․․․ Դեռ չէր հասկանում․․․

Թվում էր, թե հիմա ամեն ինչ լավ է․․․

Աշխատանք, համեմատաբար լավ վարձատրություն, պաշտոնական առաջխաղացում, մեծ ապագայի հույսեր, ամուր ընտանիք (չսիրելով, բայց լավ ստացված․․․ սիրո վրա հիմնված ընտանիք ստեղծելու համար ուժերը չբավարարեցին, համարեց, որ դա կարելի է և զոհ տալ․․․), վստահելի և հավատարիմ ընկերներ՝ ուսանողական տարիներից բերած, գեղեցիկ տուն և մեքենա, պայքարելու ավելի կայուն հոգեվիճակ, տոկունություն և հավատ լավի նկատմամբ․․․

Ընդհանուր առմամբ ուրախ էր և երջանիկ, համընդհանուր նախանձի առարկա և պայքարի հզոր օբյեկտ․․․ Ինքն էլ արժանի հակահարվածներ էր արդեն հասցնում «թշնամիներին»․․․ Մեկ պարտվում էր, մեկ՝ հաղթում, բայց ընդհանուր առմամբ գոհ էր պայքարողի իր ձեռքբերումներից․․․

Թվում էր, թե հիմա ամեն ինչ լավ է․․․Եվ հիմա, իրոք, ամեն ինչ լավ էր, համամարդկային չափանիշներով նա ֆիլմի էտալոնային կերպար էր, ով ոչնչից և անհնարինից դարձել էր մայրաքաղաքի մի հատվածը գրավող և հաջողակ կերպար։

Ամեն ինչ անխոս լավ էր․․․ Պարզապես միշտ չէր իրեն լավ․․․ Պարզապես ինքն իր անցած ուղին կցանկանար և անցած չլինել․․․ Պարզապես․․․ Պարզապես չէր էլ ուզենա ֆիլմի կերպար դառնալ․․․ ֆիլմում հնարավոր չէր լինի պատկերավոր ներկայացնել մշտապես նրա հետ թափառող թախիծի այն անհասկանալի պաշարը, որը և ոչ մի ուրախության արդյունքում չի պակասում․․․

Բայց ամեն ինչ իրոք լավ էր․․․

 

 

….

Նա նստած էր ընդհանուր սրահին մեջքով, քանի որ չէր ուզում ավելորդ տեղեկատվություն և առիթ հիշելու ցանկացած բան իր անցյալից, ներկայից կամ նույնիսկ ձևավորել մեկ ավել միտք անհասկանալի ապագայի մասին․․․ Նրան թվում էր, թե ինքն է որոշում իր կյանքի այդ պահը, և մեջքով բոլորին նստելը պահի թվացյալ դատարկության ապահովման համար կարևոր նախապայման է․․․ Կյանքը որոշելու նրա խրոխտությունը կարճ տևեց․․․

Դիմացի ապակու միջից տեսավ երկու աղջիկների, ովքեր որոշել էին հավերժացնել այդ պահը շատ պրոֆեսիոնալ ձևով տարբեր դիրքերում նկարահանվելու միջոցով․․․ Ժպտաց․․․ Հիշեց նկարվել սիրող մի քանի մարդու և հասկացավ, թե դա նրանց համար ինչքան կարևոր է․․․ Նայեց հեռախոսի մութ էկրանին, քանի որ վախենում էր լույսով նայել սեփական աչքերին․․․ Տեսավ իր հոգնած և մտահոգ աչքերը, հիշեց, թե ինչու են հոգնած և մտահոգ, կրկին նախատեց ինքն իրեն, թե ինչպես կարելի է կյանքը վատնել նման պատճառներով․․․ Երկու աղջիկ անցան՝ խոսակցության ընթացքում արտահայտելով կատարյալ երջանկություն մի քանի քաղքենիական ձեռքբերումների համար․․․ Հասկացավ, որ ինքը նման ձեռքբերումներ տասնյակներով ունի, բայց իր հոգնած աչքերով աշխարհն է ուզում փոխել․․․

Մի այծամորուսով տղա սկսեց իրեն անծանոթ երաժշտական գործիքի վրա ծնգծնգացնել՝ իբր նվագել․․․ Տղայի ընկերուհին անտարբեր դեմքով նայում էր իր հեռախոսին և չէր էլ լսում ծնգծնգոցը․․․․․․ Մտածեց, որ լավ է, երբ մարդն իր հաճելի զբաղմունքը վայելելու հնարավորություն ունի․․․Մտածեց, որ վատ է, որ երկու հոգի նստած են միմյանց մոտ, սակայն սեր չկա․․․

Դեռ լավ էր․․․ Դեռ կառավարում էր իր մտքերի ընթացքը․․․

Մեկը՝ շատ արևմտյան արտաքինով` ձեռքերը կրծքին խաչած, քնած էր անվրդով առանց ներքին և արտաքին պայքարների․․․ Ժպտաց․․․ Լավ էր քնած այդ մարդը․․․ Ոչինչ չհիշեցրեց․․․

Ինչ-որ ներքին կամ արտաքին ուժ ճնշում էր խախտելու այդ հազիվ ձեռքբերված հավասարակշռությունը․․․ Ինքն էլ չէր հասկանում, թե ինչ․․․ Դեռ կառավարում էր իրադարձությունների ընթացքը և իր կյանքը․․․ Դեռ թվում էր, թե ինքն է որոշում իր կյանքը․․․

Հանկարծակի վերջացավ իր համար այդքան հաճելի և վաղուց չպատահած դատարկությունը․․․ Ինքն էլ չհասկացավ, թե ինչպես, բայց անսպասելիորեն արցունք գլորվեց այտի վրայով․․․ Արդեն մի քանի րոպե էր, ինչ սրահում անցորդների համար դրված դաշնամուրի վրա ինչ որ մեկը նվագում էր մի տխուր մեղեդի․․․

Պտտվեց․․․Կյանքն ինքը չէր կառավարում այլևս․․․ Մինչ այդ մարդը ուրիշներն էլ էին նվագել, սակայն այս մեկն ուրիշ էր․․․ Բաց շագանակագույն և դեղին խառը երանգներով վերնաշապիկով, կիսամորուքով, ուսից անցնող փոքր պայուսակով նստած էր հիսուն տարեկանին մոտ մի անծանոթ տղամարդ, ով նվագում էր, ինչպես կարողանում էր․․․ Մեղեդին անծանոթ էր, ծանոթ էին միայն այդ մեղեդու հնչյունների տխրությունը․․․ Տխրություն, որը կուտակային էր, որը տարիների պաշար էր, որն անիմաստ էր, բայց կար․․․ Մեկ րոպեի չափ քարացած նայում էր այդ անծանոթ մարդուն բացառապես մեկ ցանկությամբ․ ուզում էր մոտենալ և հարցնել․ «Ի՞նչ էի քեզ արել․․․»։ Պարզ էր, որ ոչինչ էլ չէր արել այդ մարդուն, ուղղակի այդ երաժշտությունն այդ երանգներով և հնչյուններով հասել էր հոգու այն անկյունները, ուր ինքն էլ չէր հասել։

Հայացքը մեխված էր նվագողի վրա, աչքերն անթարթ էին ու թաց, հոգին՝ բաց և շնորհակալ, միտքը՝ ազնիվ ու ճշտախոս, կյանքը՝ միակը և անխուսափելի․․․

․․․Կյանքը շատ հաճախ մենք չենք կառավարում․․․

․․․երջանկության մասին․․․

Բոլոր փիլիսոփաներն էլ հարց են տվել իրենց և իրենց շրջապատին, թե ինչ է երջանկությունը, որտեղ և ինչու է թաքնված, ինչու այն բոլորին հավասար չի բաշխվում․․․ Եվ առայսօր դեռ հստակ պատասխան չկա․․․

Ես էլ չգիտեմ, թե որն է համամարդկային տեսանկյունից “երջանկության” սահմանումը, միայն գիտեմ, որ ինձ հանդիպած շատ-շատ մարդկանց աչքերը փայլում են ոչ թե իրենց ունեցած կարողության կամ հարստության, այլ միանգամայն այլ երևույթների կամ մարդկանց մասին խոսելիս, իսկ աչքերի փայլը թաքցնել կամ ձևական ստեղծել հնարավոր չէ։ Այդ փայլը հոգու խանդավառության արտացոլանքն է․․․

Օրեր առաջ հանդիպեցի մի մարդու, ով բավական լուրջ մասնագիտություն և աշխատանք ունի, բայց մի ամբողջ երեկո երջանկությամբ պատմում էր իր աճեցրած լոլիկների և սմբուկների մասին, ցույց էր տալիս դրանց մարգերի նկարները․․․

Երջանկությունն այն հոգեվիճակն է, որում մենք մենք ենք՝ առանց մեր ներաշխարհի ճնշման, առանց մտքի սահմանափակումների, առանց երազելու կարողության սպանության, առանց ձևական արդարացումների, առանց անցյալով և ապագայով ապրելու, առանց անհանգստանալու․․․

Երջանիկ ենք, երբ զբաղվում ենք մեր սիրելի գործով կամ զբաղմունքով, մտածում ենք սիրելի մարդկանց մասին, ժպտում ենք հաճելի մարդկանց, գեղեցիկ ենք հագնվում առանց առիթների, զարգանում ենք, կարդում ենք, լավ տեղեր ենք գնում, լավ մարդկանց հետ ենք շփվում, վայելում ենք կյանքն իր տված հնարավորություններով այսօր և այստեղ․․․

Լինենք երջանիկ մեր ունեցած “այսօրվա” պարագայում, և թող “վաղը” ավելի լավը լինի․․․ Մենք առնվազն երջանիկ մուտք կգործենք ավելի լավ “վաղը”․․․

 

Ավարտե՛ք պատերազմը Ձեր անցյալի հետ

Կյանքն այն է, ինչ կա․․․
Բոլորս այս կյանքում քայլում ենք՝ մեջքներիս տանելով անցյալից բերած չլուծված խնդիրների և հարցերի անտեսանելի և բավական ծանր բեռ․․․
Մի՛ թողեք կիսատ հարցեր Ձեր կյանքում՝ չհասկացված ընկերներ, չսիրած աշխատանք, անավարտ տուն, կիսատ գործվածք կամ նկար, ընդհատված խոսակցություն, չասված բառեր և, իհարկե, չպարզաբանած և խեղդած սեր․․․
Թվում է, թե այնքան ուժեղ ենք կամ այնքան խելացի, որ կհաղթահարենք մանր կիսատ հարցերն առանց դրանք լուծելու (“ես այդպիսի դժվարություններ եմ անցել” նշանաբանով), բայց, ավաղ, կյանքը ցույց է տալիս, որ այդ հարցերն իրենք են մեր լուծումը տալիս։ Երկարամյա գիտակցական լուրջ ներուժի կիրառման արդյունքում մոռացության մատնած կիսատ հարցերը չեն լուծվում․ դրանք նենգորեն թաքնվում են հոգու, մտքի, էության մութ անկյուններում՝ սպասելով իրենց ի հայտ գալու աստեղային պահին։ Իսկ այդ պահը Դուք չեք ընտրելու բնավ։ Այն հասնելու է ամենաանսպասելի և Ձեզ համար ոչ ցանկալի մի օր՝ մի հայացքից, մի վայրում հայտնվելու պահին, մի բույրի և շփման զգացողությունից, մի մարդու հետ պատահական հանդիպումից, մի երգ կամ երաժշտություն լսելու արդյունքում․․․ Եվ Դուք ավիրելու եք կամ Ձեզ կամ Ձեր հարազատներին կամ Ձեր իսկ կյանքը․․․
Այդ կիսատ հարցերը զսպելը և խեղդելը ոչ թե մեր ուժեղության դրսևորումն է, այլ ընդհակառակը՝ դրանք ցույց են տալիս մեր անզորությունը և թուլությունը չանելու այն, ինչ ուզում էինք, չսիրելու նրան, ում սիրում էինք, չծախսելու փող և ժամանակ այն բաների վրա, որոնք մեզ համար կարևոր էին, այսպես կոչված “արժանապատվության” և “ինքնասիրության” ձևական քողի տակ չնախաձեռնել խոսակցություններ և քայլեր, որոնք կարևոր մարդկանց հետ հարաբերություններ կփրկեին, որոնք սեր կփրկեին մահանալուց կամ Ձեզ կփրկեին հավերժ այդ բեռը կրելուց․․․ Քանի-քանի մարդ կա մեր շրջապատում կքած չասված խոսքերի, զսպած զգացմունքների և չպարզաբանված հարաբերությունների ծանրության տակ։
Ես էլ ունեմ նման կիսատ հարցեր բնականաբար․․․ Փորձում եմ լուծել գրելու միջոցով կամ, որքան ունակ եմ, բացատրելու միջոցով․․․
Ավելի շատ փորձում եմ նոր կիսատ հարցեր չստեղծել․․․
Ամեն դեպքում կյանքն այն է, ինչ կա․․․ Կամ կստացվի կամ կվերագրվի ճակատագրին․․․
Մի՛ թողեք կիսատ հարցեր․․․ Մի վախեցե՛ք հայտնվել դժվար իրավիճակում մեկ-երկու օր, մի զլացեք ավարտել այդ նկարը կամ գործվածքը, մի տատանվեք քար առ քար կառուցել Ձեր երազանքների տունը, մի՛ վախեցեք չսիրած աշխատանքը փոխելուց, մի՛ հետաձգեք ընկերների հետ լարված հարաբերությունների պարզաբանումը, մի՛ սարսափեք Նրանից այն իրոք սարսափելի “ոչ”-ը լսելուց (իսկ եթե պարզվի, որ “այո” էր)․․․ Դուք կիմանաք, որ Դուք արել եք այն, ինչ հնարավոր էր, ինչ կարող էիք․․․ Արդյունքում, եթե նույնիսկ Ձեր ցանկությունները չիրականանան Ձեր պատկերացրած ձևով, վստահեցնում եմ, որ Ձեր մեջքի անտեսանելի բեռը կթեթեևանա և քայլվածքն ավելի ինքնավստահ կդառնա․․․
Մի՛ թողեք կիսատ հարցեր․․․ Զանգե՛ք, գրե՛ք, հանդիպե՛ք, կառուցե՛ք, ստեղծագործե՛ք․․․ Արե՛ք դա այսօր, վաղը, ավարտե՛ք անցյալի հետ պատերազմը, որքան հնարավոր է շուտ և արագ, առանց զոհերի, սկսե՛ք այդ պատերազմն առանց վարանելու, առանց վախենալու, քանի որ հակառակ դեպքում Ձեր իսկ անցյալն իր կիսատ հարցերով արդեն տեսնում է զոհասեղանի իր միակ ինքնակամ զոհին․․․20150629173837_70815