Archives

Նամակ իմ Աստծուն

Letter-To-God--4d2882b80835d_hires

Ես Հայ եմ՝ բնության ողջ ուժով և եռանդով, Հայ լինելու առավելագույն շնորհներով և արատներով…

Դու ես որոշել…

Ես իմ ընտանիքի զավակն եմ՝ նրա գենետիկ և դաստիարակչական ամբողջ ժառանգությամբ…

Դու ես որոշել…

Ես քրիստոնյա եմ՝ առաջին քրիստոնյա երկրի զավակը և նրա փիլիսոփայության կրողն այնքան, որքան կարող է կրել Հայը…

Դու ես որոշել…

Իմ ծննդի, գոյության, աշխարհում ինձ տրված պայմանների լավ ու վատի հետ պայքարը, կարծես թե, ավարտել ենք, ընդունել եմ այն ամենը, ինչ Դու ես որոշել…

Չէի էլ պայքարում, հարցնում էի Ինձ և Քեզ, պատճառներն էի փնտրում, Ինձ հետ անկեղծ էի, Քեզ հետ՝ առավել, Ինձ խաբում էի երբեմն, Քեզ՝ հնարավոր չէր, Ինձ մոլորեցնում էի, Դու ինձ դուրս էիր բերում իմ իսկ ստեղծած լաբիրինթոսից…

Հասկացել եմ, որ Իմ և Քո արդարությունը մի փոքր տարբեր է, Իմն այս պահին է և այստեղ, Քոնը՝ ժամանակի և տարածության մեջ, Ես այսօրվա պատասխանատուն եմ, Դու՝ հավերժի, Ես միայն իմ աչքերով եմ աշխարհը տեսնում, Դու՝ բոլորի, Ես իմ հոգին էլ նորմալ չեմ ճանաչում, Դու՝ բոլորինն ես տեսնում, Իմ գործը դժվար է, Քոնը՝ անհնար…

Գիտակցել եմ, թե որքան ես իմ մեջ, որքան ես ինձ հետ, որքան չես թողնում ինքս ինձ կործանեմ…

Քո կատարելությունը և արդարությունը չեմ քննարկում, բայց դեռ հարցեր ունեմ Քեզ, որոնց պատասխանները չեմ գտնում: Կան երևույթներ, որոնց գոյությունը դեռ չեմ կարողանում տեղավորել ժամանակային և տարածական արդարության հավասարման բանաձևում… Կարող ես ինձ զգացմունքային համարել, կարող ես ինձ երիտասարդ անվանել, երբեմն նույնիսկ կոչել միամիտ և անխելք…

Չե՛մ ուզում փողի և փառքի գերիների զորքեր…

Չե՛մ ուզում քծնանքի և վախի իշխանություն…

Չե՛մ ուզում միջակություն և կեղծիք…

Չե՛մ ուզում անարգվող և տանջվող մարդիկ…

Չե՛մ ուզում երիտասարդ մահ…

Չե՛մ ուզում ազնվության պարտություն և մահ…

Չե՛մ ուզում ստորության հաղթանակ…

Չե՛մ ուզում, այո՛, չե՛մ ուզում պատերազմ և աշխարհի ոչ մի անկյունում չե՛մ ուզում …

Միգուցե տարիներ հետո այս երևույթների գոյության հետ հաշտվեմ իմաստության ճնշման տակ կամ անզորության գահ բարձրանալիս, միգուցե նույնիսկ հասկանամ, որ դրանք են Երկրի շարժիչը, արևի և լուսնի հաջորդական փոփոխության գրավականը, Մարդու զարգացման նախադրյալը, միգուցե…

Բայց կա մի բան, որի հետ մինչև մահ չեմ հաշտվելու հոգով, սրտով և մտքով… Առնվազն պայքարելու եմ, որ չհաշտվեմ…

Չե՛մ ուզում անծնող կամ քաղցած կամ տանջված կամ մահացող անմեղ երեխա՝ անկախ կրոնից, ռասայից, ազգությունից, ապրելու վայրից, սոցիալական խավից…

Չե՛մ ուզում, չե՛մ ընդունում, չե՛մ հասկանում, չեմ ընկալում… Քո կողմից ինձ տրված հնարավորությունները բավական չեն…

Այդ երևույթի գոյությունը համընդհանուր արդարության կամ հավիտենական հավասարակշռության մոդելում չեմ կարողանում հավասարակշռել արդարության և ոչ մի բաղկացուցիչի հետ: Այն հավասարության և ոչ մի մաս չի՛ կարող կազմել:

Ուզում եմ Դու ինչ-որ մի օր լրացնես հավասարության բանաձևի այդ մյուս կողմը…

 

Շնորհակալ լինենք դավաճան ընկերներին, քանզի նրանք են մեզ ԼԱՎԵՐԻՆ ցույց տալիս․․․

Հիշեցի, երբ առաջին անգամ ընկեր ինձ դավաճանեց․․․

Փոքր չէի, աշխատում էի արդեն բավական ժամանակ, և ասել, թե ճակատագիրն ինձ թաքցրել էր կյանքի բոլոր խնդիրներից, այդքան էլ ճիշտ չի լինի։ Արդեն հասկացրել էր իր լրջությունը, ստիպել էր մի լավ մտածել, զգալ սեփական և՛ անպարտելի հզորությունը, և՛ կատարյալ անզորությունը։ Կարճ ասած, ապրել էի արդեն մի լավ․․․ Այդ պահին առնվազն ինձ թվում էր, թե ապրել եմ․․․

Այնուամենայնիվ, պարզվեց, որ “կյանքի խնդիրների” իմ դասընթացը բավարար գիտելիք և հմտություն չէր տվել, իսկ սա միանգամայն այլ դաս էր, որն ուրիշ մեթոդներով էր պետք սերտել։

Նվիրվել էի, որքան հնարավոր էր, հավատում էի այնքան, որքան պետք չէր, արդարացնում էի ամեն քայլ և անհամար սխալներ, պաշտպանում էի բացահայտ և թաքնված վտանգներից, պաշտպանում էի՝ ինձ վնասելով։

Հավատում էի, որ ճիշտ եմ, վստահ էի, որ նա իմ պաշտպանության կարիքն ունի։ Եվ այդ հիմնարար “ընկերության” ընթացքում իմ կույր նվիրման պատճառով յուրաքանչյուր օր ես էի կորուստներ կրում, որոնք չէի էլ նկատում․․․

Դավաճանությունը մեկ օրում չի եղել․․․ Այն տևական ժամանակ իմ ներկայությամբ և այլ “ինձ շատ սիրող” մարդկանց մասնակցությամբ էր եղել, այն գաղտնի էլ չէր եղել, ուղղակի ինձ մոտ մեկ տարի էր պետք մարդկային ստի, կեղծիքի և այլ մարդու չարաշահելու իրական համը գիտակցելու և “վայելելու” համար։ Նրանք ոչ մի վատ բան չէին արել իրենց պատկերացմամբ, ամեն ինչ պարզ էր և բացահայտ։ Ես չէի մասնակցել խրախճանքին իրենց արժեքներով․․․

Ո՛չ ուղեղս, ո՛չ առավել ևս հոգիս չէին ընկալում այդ սարսափելի իրողությունը, չէին նկատում տիրող անարդարությունը, ուր մնաց, թե պայքարեին դրա դեմ։ Եթե նույնիսկ մի բան հասկացել կամ զգացել էի, հիմնավոր կերպով ինձ չէի համոզել, արդյունքում՝ չէի հավատում ինքս ինձ, կռիվ էի տալիս ինքս ինձ հետ, հարցեր էի տալիս ինձ ու ստացած պատասխաններն ուղարկում էի մութ և անհայտ ուղղությամբ․․․

Այդ պայքարը տևեց մի ահագին ժամանակ, որի ընթացքում հասցրեցի ինձ փնովել և մեղադրել․․․ Արդեն ահագին ժամանակ էր անցել, ինչ մենք նախկինի պես չէինք շփվում, իսկ ես դեռ ինձ հարցեր էի տալիս․․․ Չէի հասկանում, թե ինչու է նա հոգեպես հեռացել  ինձանից․․․ Խորը իմաստ չկար, մեղավորներ՝ ևս չկային․․․ Ուղղակի իմ առաքելությունն ավարտվել էր․․․

Ինքը՞․․․ Ինքը դա դավաճանություն չէր էլ համարում, քանի որ այդ պահին նա ինձ այդքան էլ չէր կարևորում իր կյանքում։ Համարել էր, որ իմ նվիրումն իր արժեքների շնորհիվ է, համարել էր, որ դա տրված և մշտական պարգև է։ Օգտակար էր ինձ հետ ընկերություն ցուցադրելը, դա իր շնորհքն էր, իր թվացյալ պայծառ ապագային նպաստող փշուրներից մեկը, սակայն այդ փշուրն իմ հոգու մի պատառն էր՝ անշահախնդիր հատկացված մի մարդու, ով կյանքի դաս էր կրում․․․

Պայծառացումը տեղի ունեցավ վայրկենական․․․

Աշխատավայրումս՝ շատ հաճելի մարդկանց կողքին նստած, աշխատանքային օրվա ավարտին մոտ՝ ժամը 4-5-ի հատվածում, առավոտյան մի շատ պատահական մարդուց իմացած մի դրվագ հատվեց վաղուց պատահած այլ դեպքերի՝ չթողնելով տատանման և ինքնախաբեության ոչ մի հնարավորություն․․․

Պայծառացումը հաղթական չէր բնավ․․․ Այն մի փոքր այլ տեսարան էր, քան կարելի էր պատկերացնել․․․

Հաճելի գործընկերներ նույն սենյակում աշխատելիս, ականջակալներում հնչող ինչ-որ երաժշտություն, որը չեմ հիշում հիմա, բայց հաստատ չեմ սիրում, համակարգչի էկրանից առկայծող լույս՝ ընկած արդեն մոտեցող երեկոյի կիսամթում, կոկորդում քարացած վիրավորանք և այտերից անդադար հոսող անձայն արցունքներ․․․

P.S. Բարևում ենք միմյանց, հանդիպման ժամանակ նույնիսկ անտարբեր ժպտում ենք, հաց էլ կարող եմ ուտել նրա հետ․․․

Կապուչինո չեմ խմի, այն սիրում եմ սիրելի մարդկանց հետ խմել․․․

 

 

․․․շատացել են կամ միշտ շատ են եղել․․․

Շատացել են մարդիկ, ովքեր լռեցնում են խղճի ձայնը, քանի որ այն կարող է մի քանի րոպեով ազդել նրանց տրամադրության և թվացյալ ժամանակավոր երջանկության վրա․․․
Շատացել են մարդիկ, ովքեր փնովում են և “ծանր” անվանում մտածող և խորը զգացմունքներ ունեցող մարդկանց․․․
Շատացել են մարդիկ, ովքեր քննադատում են ինչ-որ բան անող մարդկանց․․․
Շատացել են մարդիկ, ովքեր բամբասանքի ուժով կյանքի իրավունք են պահպանում․․․
Շատացել են մարդիկ, ովքեր քծնանքի և վախի գերի են․․․
Շատացել են մարդիկ, ովքեր բարի և ազնիվ մարդկանց համարում են միամիտ և անխելք․․․
․․․ Կամ միշտ շատ են եղել․․․

Մի քիչ ծանր խնդրի մասին․․․

Միջին վիճակագրական հայի պատկերացմամբ “երկիր” է այն երկիրը, որտեղ հնարավորինս քիչ աշխատանքի դիմաց տալիս են աննորմալ շատ փող, որով հնարավոր կլինի գնել շքեղ առանձնատուն, հարևանի մեքենայից մեծ մեքենա, երեխաները լավագույն հեռախոսները և հագուստները կունենան, քիչ կսովորեն, որ հանկարծ չհոգնեն, իրենք անպայման ինչ-որ մեկին խաբելու հնարավորություն կունենան․․․ Բացի այդ երկիրը պետք է ապահովված լինի լավագույն տրանսպորտային ենթակառուցվածքով, խանութներով, սրճարաններով, ակումբներով և ծովափերով, և այդ ամեն ինչը նույն հայի համար պետք է անվճար լինի։ Նաև երկիրը պետք է ունենա բարձր տնտեսական աճ, որի իմաստը 10 տոկոս մարդ է հասկանում, երկրում լինի դեմոկրատիա, որի դրական իմաստն էլ ես չեմ հասկանում (ինչու պետք է կողքիս երեքը ճիշտ մտածեն, այն էլ ինձ վերաբերող հարցերի մասին), երկիրը պետք է լինի սոցիալական, որի իմաստը կրկին չի ընկալվել (սոցիալական երկրում մարդկանց վճարած հարկերը իրենց ստացած աշխատավարձից շատ են), երկրի ընդերքից անպայման պիտի նավթ ժայթքի կամ գոնե ոսկի արդյունահանվի, միաժամանակ ծառերը պիտի չկտրվեն, թուղթը պիտի խնայվի, փողը պիտի բաժանվի և լավ կլինի, որ տուն բերեն, թե չէ, հերթ կանգնելու ժամանակ չկա․․․ Ի լրումն տնտեսական հրաշքների առկա են սոցիալ-մշակութային պահանջներ, ինչպիսիք են՝ աղջիկը՝ հեզ, տղան՝ աչքաբաց, “ընտանիքում տղան է հենասյունը”, “տղա երեխային սա կարելի է, աղջկան՝ ոչ”, կինը կարող է շատ փող աշխատել, բայց պիտի իր տեղն անպայման ճանաչի, տղամարդը կարող է քիչ վաստակել, բայց վերջին խոսքն իրենն է, տղամարդը կարող է ձայն բարձացնել կնոջ վրա, կնոջը՝ վայել չէ․․․ Այս բոլոր “պետք է”-ները ձևավորվել են մեր եվրոպական-թուրքական-պարսկական-արաբական-ասիական քաղաքակրթությունների մեծ ազդեցության հետևանքով՝ արդյունքում սպանելով դրական ողջ հայկականը․․․

Չեմ ժխտում, որ վերոնշյալ անիմաստ սկզբունքներից որոշներն իմ մտածողության մեջ էլ կային, մինչև Եվրոպա կատարած իմ այցելությունները․․․ Ընդ որում՝ արմատական փոփոխություն առաջին անգամ տեղի չի ունեցել, երբ երկու և կես ամիս, կատարյալ երջանկություն վայելելով, թափառում էի եվրոպական տարբեր քաղաքներում և ըմբոշխնում էի եվրոպական մաքուր, չաղտոտված օդը, հիանում էի ճարտարապետական հզոր արժեքներով, օգտվում էի տրանսպորտային զարգացած միջոցներից, այցելում էի թանգարաններ, որոնք երազանքներ էին նախկինում և վերջապես վայելում էի իմ սիրելի կապուչինոն մենակ կյանքի, անծանոթ մարդկանց անցուդարձի, անտարբերության, սեփական մտքերի կատարյալ ազատության և հաճելի տեսարանների կիզակետում։

Ես դեռ մտածում էի, թե գեղեցիկ շենքերն են որոշում երկրի զարգացած լինելը․․․

Երկրորդ անգամն էլ բան չփոխեց, չնայած տեսա, թե ինչ է մայրամուտը ծովի վրա, իսկ այդ դրվագն անմոռանալի է և մեխված է հիշողությանս մեջ․․․ Ավելի ճիշտ սխալ փոխեց․ ամրապնդվեց այն գաղափարը, որ մենք զարգացած չենք, քանի որ ծով չունենք, և դյումայական նավերը տախտակամածին ապրանք չեն մոտեցնում․․․ կամ մեր սիրելի մարդու հետ ծովափին թափառելու և սիրո խոստովանություն անելու հնարավորություն չունենք․․․

Մարդկանց կյանքում քիչ է լինում, երբ զգում են, որ կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ նրանց մարդ տեսակում։ Պարզորոշ հիշում եմ այն օրը, երբ ես գիտակցեցի, թե որն է ինձ համար զարգացած երկիրը և ինչու։ Հիշում եմ, թե ոնց զարմացա, որ նախկինում այդքան սահմանափակ էի մտածել․․․

Գործուղման էի Հելսինկիում, որը, կարող եմ ասել, իմ ամենաչսիրած եվրոպական քաղաքն է։ Խորին ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր սիրում են այս քաղաքը, քանի որ հոգիս տակնուվրա է լինում, երբ ինչ որ մեկն ասում է, թե Փարիզը չի սիրում․․․ Բուն գործուղումս շատ արդյունավետ և լավն էր և ունեի շատ քիչ ազատ ժամանակ։ Իհարկե, ազատ ժամանակս ծախսվեց քաղաքում թափառելու վրա․․․ Իմ հաջողակ ճակատագիրը նախատեսել էր արևոտ, տաք օր մռայլ և ամպամած Հելսինկիում, և ես, քաղաքի շունչը որոնող անտարբեր էակի պես, զբոսնում էի։

Փոփոխությունս եղել է շոկային, վայրկենական և միանգամից։ Սա այն քաղաքն էր, որտեղ ես տեսա ամենամեծ քանակով մտավոր հիվանդ մարդկանց փողոցներում իրենց հարազատների հետ։ Օրն արևոտ էր, և նրանց հարազատները նրանց բերել էին զբոսանքի՝ ոմանք բացահայտ կոլեկտիվով գործ էին քննարկում, որոշներն ընտանիքով էին, որոշները՝ ընկերների հետ․․․Տարբեր տարիքների հարազատներ էին և տարբեր տարիքի հիվանդներ՝ 0-ից 100 միջակայքում․․․

Ոչ ոք չէր ամաչում և չէր վախենում․․․ Ոչ ոք տարօրինակ, չտես հայացք չէր նետում այդ մարդկանց վրա, բացի ինձանից․․․ Որքան էլ իմ ընտանիքի դաստիարակությունն այդ հարցում հնարավորինս եվրոպական է եղել, իսկ իրոք եղել է, ես էլ միջին վիճակագրական հայի նման չտես էի և չէի տեսել այդ քանակի մտավոր հիվանդ մարդ․․․ Գլխիս կաթվածային պայծառացումը հիշում եմ, երբ տեսա կոլեկտիվի կողքին նստած մոտ 20 ամյա ամբողջությամբ անօգնական հիվանդ տղայի, որի բավական երիտասարդ մայրը կոլեկտիվի քննարկումն ամենայն վստահությամբ ընդհատեց և սրբեց տղայի բերանը․․․ Նա ինքնավստահ էր իր և իր շրջապատի մտածողության շնորհիվ, քանի որ նրա ոչ մի կոլեգա դա տարօրինակ չէր համարում, ընդհակառակը՝ նրանք կքարկոծեին իրենց գործընկերուհուն տղային նման արևային օր չպարգևելու համար․․․

Չեմ ուզում գեղարվեստորեն նկարագրել սրա հայկական տարբերակը, քանի որ չեմ ուզում փչացնել Ձեր երեկոն և, բացի այդ, դուք էլ ինձանից լավ գիտեք այդ ամեն ինչը․․․

Ես այդ օրը հասկացա, որ ոչ թե Հայաստանում չկան այսքան մտավոր հիվանդ մարդիկ, այլ նրանք ուղղակի թաքնված են յոթ դարպասի ետևում, բոլորի աչքից և հիշողությունից հեռու։ Ավելին, նրանց քույր և եղբայրների հետ սիրելու դեպքում էլ չեն ամուսնանում․․․

Զարգացած է այն երկիրը, որն ունի զարգացած հասարակություն․․․ “Երկիր” է այն երկիրը, որն ունի կայացած անհատներ, ովքեր չեն վախենում և չեն ամաչում բնության կողմից իրենց բաժին հասած դժվարություններից․․․ Իսկ շենք-շինությունը և տնտեսական աճերը նման հասարակության համար ընդհանրապես խնդիր չեն․․․

P.S. Իզուր չէ, որ Սկանդինավյան երկրները տնտեսապես էլ են ամենազարգացածների ցանկում․․․264783_2242738712977_1445333_n

***

Ցավ կա, որ կոկորդում է ծանրանում․․․ Ասում են, թե դա վիրավորանքի դրսևորում է․․․

Ցավ կա, որ սիրտն է ծանրացնում․․․ Ասում են, թե զգացմունքներն են այդպես ազդում․․․

Ցավ կա, որ ոտքերն է թուլացնում․․․ Երևի անուժության զգացումն է․․․

Եվ երբ երկարատև “ուժեղ” կամ հիմար լինելու արդյունքում դրանցից որոշները կամ բոլորը միասին թույլ չենք տալիս դրսևորվել, տիտանական ցավ է քարանում կրծքավանդակի միջին հատվածում և շնչել չի թողնում, շարժվել չի թողնում, սիրել չի թողնում, ապրել չի թողնում․․․

…Մի նախանձի պատմություն․․․

th6UY2Z0Q3Սովորելը նրա համար երբեք խնդիր չէր։ Փոքր հասակում նա սովորել էր իրենց բնակավայրին մոտ գտնվող գրեթե բոլոր վարժարաններում, իսկ նրա ընտանիքը բնակության վայրը հաճախ էր փոխում։ Այնուհետև սկսեց սովորել բոլոր հնարավոր համալսարաններում։ Մշտական կրթությունը դարձել էր նրա կյանքի անբաժանելի մասը։ Այն գիտելիքները, տեղեկությունները և խելքը, որը կուտակում էր իր խիստ հայկական ԳԼԽՈՒՄ, կիրառում էր միայն աշխատելիս, ստեղծագործելիս, արարելիս, բանավիճելիս կամ զրուցելիս։ Անազնվության մասին այդպես էլ գիտելիքներ չկուտակեց։ Դավաճանության ուսմունքը նրան հասու չեղավ։ Նորին մեծություն խորամանկությամբ բնությունը չէր օժտել նրան, իսկ նրա համալսարաններում դա չէին ուսուցանում։ Նվիրական ընկեր և խորհրդատու էր իր երիտասարդ հետևորդների համար։ Ապրում էր իր ԳԼԽՈՒՄ կուտակած խելքի շնորհիվ։

Նրա անունն էր Գրիգոր Զոհրապ․․․

Բնությունը չէր խնայել նրան նենգություն և խորամանկություն շնորհելիս։ Խելացի էր, ինչ խոսք, և կարողանում էր հաղթահարել կյանքի բոլոր այն դժվարությունները, որոնց բախվում էր իր անհաշտ և չար բնավորության պատճառով։ Տարիների ընթացքում կուտակել էր տեղեկատվության զգալի մի պաշար, որն օգտագործում էր պաշտոնական դիրքի առաջխաղացման ընթացքում։ Կրթվել առանձնապես չէր սիրում և դրա արժեքն էլ չգիտեր։ Բնության օժտած “առավելությունները” նրան դարձրել էին ապրող և զարգացող տեսակ։ Ազնիվ մարդկանց լուրջ չէր վերաբերվում և շահագործում էր՝ ըստ անհրաժեշտության։ Ապրում էր իր խորամանկության և նենգության շնորհիվ։

Նրա անունն էր Մեհմեդ Թալեաթ փաշա․․․

Կյանքի անտրամաբանական լաբիրինթը միացրել էր այս երկու անձանց, և նրանք մտերմացել էին։ Այդ հարաբերության շնորհիվ Զոհրապը հայերի հարցեր էր կարողանում լուծել՝ Օսմանյան մեջլիսի անդամ լինելով։ Թալեաթն էլ, հանգիստ լինելով Հայի ազնվությունից, վստահում էր նրան և առավելագույնս օգտագործում նրա ԳԼԽՈՒՄ կուտակված խելքը և գիտելիքները, որոնց ինքը չէր տիրապետում։ Նրանց “ընկերական” շփման ողջ ընթացքում Թալեաթը գիտակցում էր թշնամի ընկերոջ առավելությունները, ինքնավստահությունը և հանգստությունը, հայտարարում էր այդ մասին բոլորին, առանձնացնում Զոհրապին՝ որպես մտածողի։ Զոհրապն էլ Հային հատուկ “թուրքին հեշտ հավատալու” արդյունքում վստահում էր թշնամի ընկերոջը։ Այդ ընկերությունը կարճատև չէր և, հնարավոր է, չավարտվեր, եթե Թալեաթի գլխավորությամբ ապրիլի 24-ը չդառնար Հայոց օրացույցի սև ամսաթիվ։ Ձերբակալվեցին Զոհրապի ընկերները․․․ Ինքը՝ ոչ․․․

Դա էլ յուրօրինակ պատիժ էր, քանի որ Զոհրապը հույս ուներ, թե կփրկի նրանց։ Միանգամից շտապեց “ընկերոջ”՝ Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի մոտ։

Մի տարբերակի համաձայն Թալեաթը հանգստացնում է Զոհրապին, թե դա թյուրիմացություն է, և ինքը ամեն ինչ կկարգավորի։ Մեկ այլ վարկածով Զոհրապին առաջարկում է փախչել իր օգնությամբ, որը Զոհրապը չի ընդունում։ Իմ՝ գենետիկ Հայիս ինտուիցիան պնդում է, որ առաջին տարբերակն է եղելությունը։

Որոշ ժամանակ անց Զոհրապին իր լավագույն ընկերոջ՝ Վարդգեսի հետ ձերբակալում են նենգորեն և դավադրաբար․․․

․․․Թալեաթի հրամանով Հայ մեծ մտածող, մտավորական, գրող-հրապարակախոս և իրավաբան Գրիգոր Զոհրապին սպանել են ԳԼՈՒԽԸ քարկոծելով․․․

P.S. Թշնամիները չեն դավաճանում, ընկերներն են դավաճանում․․․

Ես շատ կուզենայի վստահաբար հաստատել, թե կյանքը միշտ լավն է, բարի ու գեղեցիկ, բայց ավաղ վատի, չարի և անգեղի առկայությունն է միայն թույլ տալիս մեզ գնահատել դրա դրական կողմերը։ Միակ բանը, որ կարող եմ պնդել․ ամեն դեպքում կյանքը հետաքրքիր է իր իրադարձություններով․․․

 

 

 

Տղամարդ տղամարդկանց և կանացի կանանց մասին

Պատմականորեն հայ հասարակությունը տղամարդկանց նկատմամբ իր պաշտամունքը հասցրել է գրեթե աննկարագրելի մակարդակի։ Վստահ եմ, որ շատ ընթերցողներ հիմա կհիշեն աֆրիկյան մի շարք ազգերի, որոնք ունեն տղամարդկանց մեծարման ավելի հիվանդ համակարգեր։ Հնարավոր է, և ես չեմ բացառում իմ սխալ լինելը, բայց ես դեռ ոչ մի լեզվում չեմ լսել “տղամարդ աղջիկ” արտահայտությունը՝ որպես գովեստի խոսք կամ մարդկային իդեալին հավասարեցնող արժանիք․․․

Խորապես ներողություն խնդրելով ազգիս լավագույն տղամարդկանցին՝ պետք է արտահայտեմ հանդուգն կարծիքս․ “Տղամարդ աղջիկ” արտահայտությունը նույնքան հաճելի է ինձ, որքան տղամարդուն “կանացի տղամարդ” որակելը։

Ավելի տխուրն այն է, որ կանայք էլ են դա համարում առավելություն և արժանիք, ձգտում են հասարակության տեսանկյունից լինել “տղամարդ”։

Հարգելի կանա՛յք, եղե՛ք կանացի, մի՛ շեղվեք բնությունից և բնության Ձեզ տրված դերից։ Ինչ էլ անեք, որքան էլ Ձեզ տանջեք և փորձեք դրսևորել տղամարդկային հատկանիշներ (ոչ մի կերպ չեմ հասկանում՝ ինչու), միևնույն է հաջողությունն աննշան է լինելու։ Կանացի լինելը հեշտ չէ, բայց շատ ավելի հավանական է: Գեղեցիկ զգեստով, խնամված արտաքինով, բարի էությամբ և բնական ժպիտով Ձեր հաջողության հնարավորություններն անհամեմատ ավելի մեծ են, քան պայքարի դաշտում ճղճղալով պայքարելիս։

Հարգելի տղամարդի՛կ, տղամարդ լինելն էլ հեշտ գործ չի և չի սահմանափակվում անձնագրում տպագրված մեկ տառով: Մի հեշտացրե՛ք Ձեր կյանքը՝ Տիգրան Մեծի հիշողությունների վրա հիմնվելով․․․ Եթե ուզում եք որակվել իրական տղամարդ, եղե՛ք տղամարդ․․․

․․․Թո՛ղ կանայք լինեն կին, իսկ տղամարդիկ՝ տղամարդ․․․

Միայնակ կինը՝ “կանացի հոգս”

Զգացել եմ մի օրինաչափ վերաբերմունք հայոց հասարակության մեջ միայնակ կանանց նկատմամբ: Միայնակ ասելով՝ նկատի ունեմ կնոջ, ում լքել է նրա ամուսինը հիմնավոր և անհիմն պատճառներով: Նրա բարդ կյանքը, երեխային կամ երեխաներին որոշակի նպատակների հասցնելու “դյուրին” ուղիները, վաստակած կամ հայթայթած փողը, չապրած օրերը միանգամայն համարվում են կանացի խնդիրներ և դուրս են հայ արիական շատ տղամարդկանց օրակարգից: Նրա զգացմունքները, չքնած գիշերները, էլ ուր մնաց արցունքները, ընդհանրապես համարվում են աղջկական և զուտ կանացի դրսևորումներ, որոնց հետ տղամարդն առնչություն չունի: Էլ չասած, որ մեղքի մեծ մասը բաժին է ընկնում կնոջը ոչ ի պաշտոնե, բայց փաստացի բարոյականության դատավորների կողմից․․․

Եկե՛ք դերերը ճիշտ բաժանենք և ճիշտ խաղանք: Թո՛ղ կինը մնա կին, տղամարդն էլ՝ տղամարդ:

Հայի սերը

Զգացել եմ, թե Հայ մարդն ինչ տարօրինակ ձևով է արտահայտում իր սերը։ Հանդգնում եմ մտածել նաև, որ տարօրինակ էլ սիրում է, բայց շատ դժվար կլինի համեմատությունն իրականացնել զգացողությունների մակարդակում։ Շատ հայերից եմ լսել, թե ինչպես են զսպում իրենց դրական զգացմունքները դրա իրական սեփականատիրոջից։ Ախր ա՛յ մարդիկ, երբ Դուք ինչ-որ մեկին սիրում եք, դա միայն Ձեր  շնորհքը չի, ավելին, այդ զգացմունքը պատկանում է ուրիշին և Դուք գրեթե գողություն եք անում՝ այն թաքցնելով։