Ես վերջին փորձն եմ եղել …
…Մենք չորս քույր ենք…
Այդ տեղեկատվությունը միջին վիճակագրական հայի սրտի բաբախյունի արագացման և երկու հոնքի՝ ճակատի մինչև կենտրոնական հատվածը հավասարաչափ բարձրանալու հիմնավոր առիթ է…
Չեմ չափազանցնում… Իմ կյանքի ընթացքում ունեցած բազմաթիվ փորձերի արդյունքն եմ փաստում…
Մարդկանց զարմանքասարսափային այս զգացմունքի նկատմամբ իմ վերաբերմունքը մանկությունից մինչև հիմա էապես ձևափոխվել է: Երբ մանուկ հասակում անծանոթ և կեղծ ժպտացող մորաքույր-հորեղբայրներն ինձ հարցնում էին, թե ես քույր-եղբայրներից ինչ ունեմ, սկզբից հպարտորեն հայտարարում էի, քանի որ դա իմ կյանքի ամենալուսավոր ու ամենաապահով մասն էր: Հետո ինչ որ մի պահից այդ հարցի պատասխանի ժամանակ ձայնս ցածրացավ, քանի որ հասկացել էի, որ մի բան իմ պատասխանի մեջ այդ մորաքույր-հորեղբայրների համար անընդունելի կամ անհասկանալի էր… Դե, իհարկե, ինձ հատուկ ինքնամփոփության պարագայում ես այդ հարցը չէի տա և ոչ մի հարազատ մեծի, ուստի՝ մտքի սեփական կարողությունների վրա հույսս դնելով՝ ինչ որ եզրակացությունների եկա: Սկզբից հասկացել էի, որ ամեն դեպքում այդ մորաքույր-հորեղբայրների համար «երկու աղջիկ» կոմբինացիան ավելի լավ է, քան «չորս աղջիկը», հետո, մի քիչ մեծանալով, գիտակցեցի, որ այդ մորաքույր-հորեղբայրները մի քիչ տարօրինակ են, քանի որ, ինչպես կարելի է, դեմքի նման տաղտկալի ու տհաճ արտահայտություն ընդունել մի բանի նկատմամբ, ինչն իմ երջանկությունն էր: Դեմքի այդ արտահայտությունը, իհարկե, միշտ ներառում էր ժպիտի խորթ քրոջ նմանվող ինչ որ ծամածռություն՝ իբրև հայկական արիստոկրատական դաստիարակության և քաղաքավարության մեծահոգի դրսևորում:
Այս չորս քույրերը, արի ու տես, չնայած մորաքույր-հորեղբայրների կարծրատիպերին, ամենօրյա կտրվածքով, իրոք, երջանկություն են, դժվար պահերին երջանկության հույս են ու ապավեն, լավ պահերին՝ այդ լավի պարտադիր մաս:
Փոքր հասակում ինձ տանում էին, ուր հնարավոր էր, ինձ համար ստեղծում էին այն, ինչ հնարավոր էր, ինձ համար ապահովում էին այնպիսի ջերմություն, որն անգին էր, Նելլին գրել-կարդալ էր սովորեցրել խաղալու ընթացքում մինչև դպրոց գնալը… Դե ես էլ, որպես այդ քառյակի վերջին մասնիկը, միակ բանը որ կարող էի անել նրանց համար, ձմռանը երբեմն նրանց անկողինը տաքացնելն էր, քանի որ ես միշտ շոգում էի…
Դա մեկ միասնություն էր այն ժամանակ, երբ ամեն ինչ դեռ առջևում էր, հետո, երբ շատ դժվար էր…Եվ միասնություն է հիմա, երբ խաղաղ է…
Եվ այդ հասարակություն հանդիսացող մորաքույր-հորեղբայրները համարձակվում էին փորձել իրենց դեմքի՝ մութ և նեղ հոգիներից արտամղված արտահայտությամբ ինչ որ կարծրատիպային և անհիմն ազդակ հաղորդել համայն աշխարհին և նրա փոքր ներկայացուցչին, ով հարցերի պատասխաններն ինքնուրույն էր գտնում…
Ավելի մեծ տարիքում հումորով էի վերաբերվում և արդեն սպասում էի, թե ով ինչ տպավորություն կստանա և ինչ կասի, ծիծաղում էի երբեմն…
Հիմա՞… Հիմա անտարբեր եմ… Անտարբեր եմ, քանի որ անտարբեր եմ ցանկացած մորաքույր-հորեղբոր ցանկացած կարծիքի նկատմամբ…
Մենք չորս քույր ենք…
…Շատ տարբեր ենք ու շատ նման…
…Շատ պարզ ենք ու շատ բարդ…
…Շատ զգացմունքային ենք ու շատ ռացիոնալ…
…Շատ երազող ենք ու շատ հողային…
…Կարող ենք շատ ուրախանալ ու շատ տխրել…
…Կարող ենք կարեկցել հոգաչափ ՄԵՐ մարդկանց, բայց նաև անտեսել հոգաչափ ոչ ՄԵՐՈՆՑ…
…Երբեմն այլ մոլորակներից…Երբեմն նույն մասնիկից…
…Իրականում տարբեր ենք…
…Կա մի բան, որ նույնն է մեզանում միշտ, ամենուր և բոլորի հետ…
…Մեզ ճանաչող բոլորը գիտեն, թե մենք նրանց մասին ինչ ենք մտածում… Մեր բառերից, որոնց մենք “տեր ենք կանգնում”, մեր հստակ արարքներից, որոնցից մենք չենք հրաժարվում, մեր հոգուց և նրա բացահայտ արտացոլանք աչքերից, որոնց ծանր պատասխանատվությունը ստանձնել ենք ի ծնե …
