Archives

***

Լվացվելիս հայացքը բարձրացրեց ու նայեց հայելուն ինքնաբերաբար, բնազդաբար, ակամայից, սակայն հանդիպեց սեփական աչքերին․․․

Հայելուն օրվա մեջ շատ անգամներ էր նայում շպարվելու, սանրվելու, մի քիչ ժպտալու համար, սակայն այդ պահին սեփական աչքերի մեջ տեսավ այն, ինչին դեռ պատրաստ չէր․․․

Ու արդեն տևական բնույթ կրող ինքնախաբեության փորձերը ձախողվեցին։ Փաստորեն բարձր գիտակցությունը, ճշտի ու սխալի սահմանումների ծանրութեթևը, բնատուր լրջության ու խոհեմության նոտաները իրենց խաղը տանուլ էին տվել։

Իսկ ինքը դրա մասին չգիտեր․․․ Ավելի ճիշտ, թվում էր, թե գիտեր․․․ բայց  իրականության հենց հակառակը ․․․

Մի վերջին թույլ և աղավաղված ճիգ գործադրեց՝ մտածելով, թե միգուցե այս հայելին էր սխալ լուսավորության տակ ․․․

Ինչ կարևոր է, թե ճշտի ու սխալի ինչ սահմանումներ կան, ինչ կարևոր է, թե խոհեմության ելևէջները ինչ էին պնդում․․․․ Կար արդեն բացահայտ ինչ-որ ճշմարտություն, որի հետ կռիվը չէր հաջողվել․ կար այն, ինչ կար․․․

Եվ հայելու միջոցով արտացոլված այդ նոր ճշմարտությունը թափանցել էր հոգու թաքնված անկյունները և բացել նոր հորիզոններ ․․․ ուղղակի «հայելին» դեռ չէր բացահայտում, թե դեպի ուր ․․․

… Արդեն սիրում էր աշունը ․․․

․․․ Նա սկսել էր սիրել աշունը ․․․

Անշուշտ, դա վկայում էր հասունանալու մասին կամ, եթե ավելի ճիշտ, լավ էլ, մեծանալու մասին․․․

Երեկոյան հանդիպեց առույգ և էներգիայով լեցուն մի երիտասարդի, ով դեմքի տհաճ արտահայտությամբ ասում էր, թե ինքը գարունն ու ամառն է սիրում, իսկ աշնանն ու ձմռանը անելիք չկա ․․․

Իսկ ինքն արդեն սիրում էր աշունը և հիշում էր հենց իր դեմքի նույն տհաճ արտահայտությունը աշնան մասին արտահայտվելիս նույն երիտասարդ տարիքում․․․

Սիրում էր գույները, սառնությունը, տաք և փափուկ հագուստ կրելը, տաք թեյը կամ տաք գլինտվեյնը անձրևի ժամանակ, բնության այն ներդաշնակությունը, որով նա գլորվում էր դեպի վերջ ․․․․

Այդ ձևական հասունությունը ոչինչ չէր նշանակում, քանի որ ինքն էլ էր գիտակցում, որ 18 տարեկանում ինքը շատ ավելի լուրջ էր, ուժեղ և շատ ավելի քիչ էր սխալվում, գիտակցում էր, որ արդեն հասուն տարիքում ավելի հաճախ է թույլ տալիս սխալներ, որոնք նույն 18-ում չէր անի ոչ մի դեպքում ․․․ Եվ թաքցնում էր այդ սխալներն իր մեջ թաքնված 18 տարեկանից նրա խոժոռ և դժգոհ դեմքից խուսափելու համար․․․

Դե, իհարկե, փոփոխություններ էլ կային․․․

Սիրված և վստահելի մարդկանց շրջանակն էր նեղացել, որտեղ մուտքը անհնար էր գրեթե, այլևս չէր պայքարում շատ սուրճ խմելու դեմ, համակերպվել էր ոչ կատարյալ լինելու հետ և շուտ էր իրեն ներում արած սխալների համար (18 տարեկան իր խոժոռ և դժգոհ դեմքից խուսափելով), գիտակցում էր, թե կյանքը որքան կարճ է և թե որքան անիմաստ զբաղմունք է կյանքի իմաստ փնտրելը ․․․

․․․ Եվ սկսել էր սիրել աշունը ․․․

***

Նայում ես նրա աչքերին ու տեսնում ես կյանքի համար “անկարևոր” ցավ, անելանելի խուց, ելքի որոշման ճիգեր, ճչացող լռություն…
…Չէ, ճիշտ չեմ ասում…
…Լավ էլ լսում ես չարտաբերված ճչացող լռությունը… Շատ լավ էլ գիտես, թե ինչու այդ լռությունը ձայն չի դառնում… Եվ իրականում ինքդ էլ չէիր ուզենա լսել այն… Եվ իրականում հենց քո ձևական, իբր անմիջական, բայց իրականում թափանցիկ, սակայն անէ քարե պարսպով ժամանակավոր կանխում ես այդ լռության քեզ հասնելը… Դու չգիտես էլ, թե ինչ կանես, եթե հանկարծ պարիսպը փլվի և քեզ ձայն ուղղվի…
Այդ լռությունն էլ աներես դավաճանի պես սողոսկում է քո հորինած քարե պարսպի վատ ցեմենտված անցքերից ու սառնագույն քամու պես պարուրում քո ողջ էությունը… Մի պահ սարսռում ես ամբողջ մարմնով, հետո կծկվում են ուսերդ, հետո սիրտդ է ելքի ուղի փնտրում իր բանտախցից, հետո աչքերդ են խորունկ արտահայտություն ստանում, հետո մտածում ես ու մտածում, զգում ես ու զգում, հետո անընդհատ հարցնում ես “ինչու՞”, հետո՞…
Հետոն արդեն, ոնց կլինի…
Հետոն արդեն, ոնց կստացվի…
Հետոն արդեն լավ կլինի, որ լեցուն լինի այլ ձայներով, այլոց աչքերով…
Եվ, ի վերջո, հետո լավ կլինի լավ շինարար դառնաս, պարիսպդ ավելի ցեմենտես, ավելի որակյալ ցեմենտով, որ ոչ մեկի ճչացող լռությունը չլսես…

…Քեզ քո լռությունն էլ բավարար է…

***

Եվ վրձինները կանգ առան օդում․․

Եվ գրիչները կոտրվեցին․․․

Եվ քանդակները շունչ չառան․․․

Եվ տարիներով կուտակված փողերը փոշիացան․․․

Եվ տարիներով հավաքված փառքն ու ամբոխները զրոյացան․․․

Եվ ցորենի դաշտերը սևացան․․․

Եվ կակաչների դաշտերը գունազրկվեցին․․․

Եվ ցերեկը գիշեր դարձավ, իսկ արևը՝ մութ․․․

Եվ ծխնելույզները չծխացին․․․

Եվ կյանքի իմաստը հարցականի տակ դրվեց ու դուրս չեկավ․․․

 

․․․Երբ մանուկ մնաց անծնող․․․

․․․Երբ տարեց ծնող մնաց աներեխա․․․

․․․Երբ երիտասարդ հարազատի անդառնալի կորուստ եղավ․․․

․․․Երբ ծնվեց երեխա աշխարհի որևէ անկյունում, որը ճանաչելու էր սով ու զրկանք․․․

․․․Երբ եղավ պատերազմ, որից անմեղներն էին դժբախտանալու, իսկ մեղավորները՝ հարստանալու․․․

 

Իսկ մնացածը ամռան տապին պատուհանի ներսի կողմից տզզացող ճանճի պես կնյարդայնացնի այնքան, մինչև չենք ծուլանա, տեղից վեր կկենանք, կսատկացնենք կամ կքշենք, որ գնա․․․

 

 

Կյանքը հոսում է և չի սպասում․․․

․․․Ու նեղլիկ փողոցներով, հին ու նոր շենքերով հոսում է կյանքը․․․

Հոսում է ու չի սպասում․․․

Յուրաքանչյուր պատուհանից ներս տիրում է սերունդների պատմություն, ինչ-որ ներկա ու հնարավոր ապագա․․․

Քայլում ես փողոցներով, նայում անցորդներին, ճաղավանդակներին, շենքերին ու տներին ու հասկանում ես, որ կյանքը հենց այն ամենն է, ինչ ընթանում է նրանցից ներս ու դուրս․․․

Աչքդ ընկնում է շենքերի միջև ծածանվող լվացքներին ու հասկանում ես, թե այդ տանը ովքեր են ապրում․․․ Տեսնում ես նորածնի գուլպաները և ուրախանում, որ այդ տանը երջանկություն կա․․․

Մյուս տան պատուհանի վառ ծաղկավոր վարագույրը վկայում է այն մասին, որ այդ տանը բնակվում է մեկը, ով գիտի կյանքը պայծառ դարձնել․․․

Մյուս պատուհանից տարածվող նորաթուխ գաթայի բույրը դրդում է մի քիչ ավելի երկար մնալ նույն կետում և, եթե ժամանակին դաստիարակության մի քանի դասից բացակայած լինեիր, միգուցե և հյուր գնայիր այդ ընտանիքին իբր պատահաբար, որ համտեսեիր աշխարհի ամենահայկական ու ամենահամեղ գաթան մեկ գավաթ սև դառը սուրճի հետ միասին․․․

Հաջորդ տանից լսվում է տատիկի ու թոռնիկի համատեղ նվիրումը հայերենի տառերը սովորելուն և ուրախանում ես, որ կրթությունը կարևոր է ընտանիքում․․․

Լսվում են նաև բղավոցներ․ որոշ մարդիկ ճիգեր են գործադրում, որ միմյանց հասկանան․․․

Լսվում է լռություն․ այդ մարդիկ արդեն միմյանց հասկանալու հույս չունեն․․․

Փողոցով արագ քայլում է երիտասարդ մի աղջիկ ականջակալներով, մտախոհ ու առանց շրջապատին ուշադրություն դարձնելու․․․ Մտածում ես, որ միգուցե կարևոր մեկին կկորցնի տեսադաշտից․․․Դիմացից անցնում է այդ կարևոր մեկը՝ հայացքը հեռախոսին հառած ու չի պատկերացնում, որ չդարձավ կարևոր մեկը․․․

Մեկը, իրենց պատշգամբի թախտին կիսապառկած, սոցիալական ցանցերն է թերթում, պարբերաբար բացում իր մտքերում անընդհատ թափառողի էջերը և նյարդայնանում, թե նա ինչու նորություններով չի կիսվում․․․ Նրա մտքերում անընդհատ թափառողն էլ նյարդայնանում է, թե իրեն ինչու չի զանգում․․․

Ինչ-որ մեկը նստած է հիվանդանոցի միջանցքում և գիտի, որ իմաստ չունի իր այդտեղ մնալը․․․Նրա հետ նստած են հարազատները ու ձևացնում են, թե իմաստ ունի իրենց այդտեղ մնալը․․․

Ինչ-որ մեկ ուրիշը արդեն երրորդ օրն է, որ լիարժեք երջանիկ է, քանի որ գնել է ամենանոր հեռախոսը․․․Թե չէ մինչ այդ կյանքը կյանք չէր․․․

Իսկ այն մյուսը արդեն որերորդ շաբաթն է նյարդայնացած է, որ ամուսինը չի գնել ավելի թանկ զարդը․․․

Ֆուտբոլի դաշտում խաղացող պատանիներին ես տեսնում ու հասկանում, որ ապագա զինվորներն են, և նրանց ծնողներն ամեն օր հիշում են դրա մասին․․․

Տեսնում ես անցնող տատիկ-պապիկին ու գիտակցում, որ դա մի ամբողջ գրքի պատմություն է․․․

Տեսնում ես անատամ ու ծեր բեռնակրին ու հասկանում, որ դա արդարության վրիպումն է․․․

Հետո կողքովդ վազում են ու ծիծաղում երեք ակտիվ երեխա ու տեսնում ես, որ նրանց գլխավորողի կոշիկները ամենահինն են, ու հենց նա է նրանց միջից ամենաուրախը այդ պահին․․․

 

Կյանքը հոսում է և չի սպասում․․․

Կյանքը հոսում է առանց ճիշտ ու սխալ որոշելու, առանց արդարության ու անարդարության վճիռների, առանց լավի ու վատի․․․

Կյանքը հոսում է և չի սպասում․․․

Հարավ…

Երբ ասում են հարավ, ես պատկերացնում եմ ներքև…

Երբ ասում են հորիզոն, ես պատկերացնում եմ Արարատը…

Երբ ասում են հյուսիս, ես ցուրտ եմ զգում…

Երբ ասում են սեր, ես տաղտկալի հավասարակշռության խախտում եմ զգում…

Երբ ասում են ընկեր, ես հանգստություն եմ զգում…

Երբ ասում են արևելք, ես ասիական երկրների ուտելիքն եմ հիշում…

Երբ ասում են կյանք, ես իմաստություն եմ պատկերացնում…

Երբ ասում են արդարություն, ես անապագա ու սոված երեխաների եմ հիշում…

Երբ ասում են արևմուտք, ես նյութական լավ կյանքն եմ պատկերացնում…

Երբ ասում են Արևմտյան Հայաստան, ես մեր կորցրած «պայծառ» ապագան եմ երազում…

Երբ ասում են Արցախ, ես իմ չարած պարտականություններն եմ հիշում…

Երբ ասում են մամա, ես չկրկնվող ջերմությունն եմ հիշում…

Երբ ասում են երազանք, ես իմ չկատարված երազանքներն եմ հիշում, և չգիտես, թե ինչու կատարվածները չեմ հիշում…

Երբ ասում են «ի՞նչ ես մտածում», ես նյարդայնանում եմ…

Երբ ասում են հանգստություն, ես լռություն եմ շնչում…

Երբ ասում են երջանկություն, ես ազատության ճախրանքն եմ վայելում…Compass_Rose_English_South.svg

․․․պատահական չէ․․․

․․․պատահական չէ․․․

․․․Եվ մեր կյանքում ոչինչ պատահական չէ․․․

Եվ կեսգիշերին «պատահական» հնչած զանգից արթնանալն ու հետո չքնելն էլ իր պատճառն ուներ, քանի որ հենց այդ գիշերվա ընթացքում հասունացավ կյանքի համար կարևոր որոշում․․․

Եվ փողոցում «պատահական» անցորդի դեմքի անհույս արտահայտությունը կամ «պատահական» ոչ մուրացկան մարդու կոշիկի անհույս մաշվածությունը պատահական չէին, քանի որ ստիպեցին հույս ստանալ․․․

Եվ մեքենայի ծույլ սլացքի ընթացքում խորհրդային ժամանակներից լքված շենքի նկատելն էլ պատահական չէր, քանի որ ինչ որ բան կամ ինչ որ մեկին չլքելու միտքն ամրացրեց․․․

Եվ ձմեռային արևի տակ տաքացող անտեր շանը նկատելն էլ պատահական չէր, քանի որ աշխարհում ինչ որ մի բան կամ ինչ որ մեկին փրկելու միտքը անիմաստ չթվաց․․․

Եվ այն ազնիվ մարդու հույսով լի հայացքը պատահական չէր, քանի որ կյանքում ազնվության և արդարության համար պայքարը թողեց առաջնահերթություն․․․

Եվ երազում սեփական տան պատուհանից Արարատը և նրա դիմացով հոսող Արաքսը շատ մոտիկից տեսնելն էլ պատահական չէր, քանի որ ՍԵՓԱԿԱՆ հայրենիքը պահպանելու բնազդը դարձավ գաղափարախոսություն․․․

․․․Իսկ մեր կյանքում ոչ ոք պատահական չէ․․․

Իսկ այն մեկը եկել էր, որ քեզ համոզեր, որ առանց քեզ աշխարհը կշարունակի ապրել․․․

Իսկ մյուսը քո կյանքում կա, որ ապացուցի, որ առանց քեզ աշխարհը գոյություն չունի․․․

Իսկ այս մեկը ժամանել էր իր աղմկալից գոյությամբ, որ քեզ դրդեր գրել այն չարաբաստիկ երկու էջը․․․

Իսկ այս մյուսը մխրճվել էր, որ վերջապես քեզ ստիպեր սովորել ասել այն, ինչ զգում ես, ասել այն բառերով, որոնցից ավելի ճիշտը չկա ու չէր կարող լինել․․․

Իսկ այս հինգերորդը հայտնվել էր, որ քեզ վերջապես դրդեր պաշտպանել ինքդ քեզ այնպես, ինչպես այլոց․․․

Իսկ այն մի շատ կարևորը «պատահական» հանդիպել էր մի «պատահական» վայրում, որ քեզ համոզի դժվարությամբ (իսկ դու ըմբոստանում էիր), որ դու և քո հայացքը առանձնահատուկ են․․․

․․․Եվ մեր կյանքում ոչինչ պատահական չէ․․․

․․․Իսկ մեր կյանքում ոչ ոք պատահական չէ․․․

Կյանքը գետնանցումում

3-րդ մաս

Երրորդ մասի գետնանցումում կյանքի մի ամբողջ հանրագիտարան կարելի է կազմել․․․

Կից-կից տեղադրված կրպակներում իրենց կյանքն են անցկացնում տարբեր տարիքների անձինք, ովքեր բառացիորեն օրվա հաց են վաստակում ձմեռվա ցրտին և ամառվա տապին․․․

Դա նրանց կյանքն է, նրանց առօրյան, նրանց աշխատանքը, նրանց արդար քրտինքը և նրանց իրականությունը․․․

Կրպակներից մեկում տարատեսակ մանրուքներ է վաճառում մի տատիկ՝ շատ խամրած աչքերով, ծանրացած շարժումներով․․․ Կողքի կրպակի աղջիկն ինձ պատմեց, որ նա 85 տարեկան է և այդ աշխատանքը նրա գոյատևման միակ միջոցն է․․․

Մի անգամ ուշ երեկոյան նրանից նվերի փաթեթավորման թուղթ էի գնում, որի ընթացքում լսեցի, թե ինչ գեղեցիկ գրական հայերենով է խոսում, ինչ լավ բառապաշարով ու ինչ հնչուն առոգանությամբ․․․Այն ընթացքում, երբ նա դանդաղորեն փաթեթավորում էր այդ թուղթը, իմ կողքին հայտնվեց մեկ այլ տատիկ՝ լրիվ սև հագուստով և սև գլխաշորով, շատ կորացած մեջքով և մեծ տոպրակներով․․․ Նա վաճառում էր կապոցներով նանա, ումից ես գնեցի նրա ձեռքին առկա կապոցները հույսով, թե նա կավարտի իր առևտրական օրը և կգնա տուն։ Ավաղ, նա մի փոքր հեռանալուց հետո իր տոպրակից հանեց ևս նույնքան կապոց և շարունակեց իր երթը։ Այդ ընթացքում մյուս տատիկը լուռ թուղթն էր ոլորում, հետո ինձ իր կողմից շնորհակալություն հայտնեց, որ ես գնեցի նանայի այդ կապերը և պատմեց նանա վաճառող տատիկի կյանքը․․․ Վերջինիս տղան բանտում էր, որի երեխաների նկատմամբ խնամքն այս կորացած մեջքով տատիկի վրա էր։ Թե որտեղ էր նրանց մայրը, անհայտ մնաց․․․

Արդեն անհետացած կորացած մեջքով տատիկն իմ հիշողությունից դժվար թե հեռանա, քանի որ հետո դեռ երկար մտածում էի, թե ինչու ավել կապոցներ չեմ գնել․․․

Մի քիչ խորանում ես, և երկու երիտասարդ աղջիկ վաճառում են կոսմետիկ ապրանքներ և անցկացնում են իրենց կյանքի լավագույն տարիներն իրենց հայրենիքի մի անշուք գետնանցումում․․․

Մոտենում ես գետնանցումի ելքին, աստիճանների վրա մի գեր տատիկ ոչ մաքուր շորերով վատ մրգեր ու կանաչեղեն է վաճառում․․․

Նրանից մի փոքր վերև մեկ այլ տղամարդ կիտրոններ է վաճառում․․․

Ամեն ինչ բնականոն է, սովորական ու աչքի չընկնող․․․

Որոշ մարդկանց համար իրենց հոգեբանությունն անհիմն խաթարող երևույթ․․․

Որոշ մարդկանց համար իրենց «բարձր» տեսակը նման երևույթներից հեռու պահելու առիթ․․․

Շատ մարդկանց համար հայացքը թեքելու հիմնավոր պատճառ․․․

Ոմանց համար կյանքին ու աշխարհին հարցեր տալու և իրականության հետ չհաշտվելու ամուր հիմք․․․

Կյանքն այն է, ինչ կա․․․