Սովորելը նրա համար երբեք խնդիր չէր։ Փոքր հասակում նա սովորել էր իրենց բնակավայրին մոտ գտնվող գրեթե բոլոր վարժարաններում, իսկ նրա ընտանիքը բնակության վայրը հաճախ էր փոխում։ Այնուհետև սկսեց սովորել բոլոր հնարավոր համալսարաններում։ Մշտական կրթությունը դարձել էր նրա կյանքի անբաժանելի մասը։ Այն գիտելիքները, տեղեկությունները և խելքը, որը կուտակում էր իր խիստ հայկական ԳԼԽՈՒՄ, կիրառում էր միայն աշխատելիս, ստեղծագործելիս, արարելիս, բանավիճելիս կամ զրուցելիս։ Անազնվության մասին այդպես էլ գիտելիքներ չկուտակեց։ Դավաճանության ուսմունքը նրան հասու չեղավ։ Նորին մեծություն խորամանկությամբ բնությունը չէր օժտել նրան, իսկ նրա համալսարաններում դա չէին ուսուցանում։ Նվիրական ընկեր և խորհրդատու էր իր երիտասարդ հետևորդների համար։ Ապրում էր իր ԳԼԽՈՒՄ կուտակած խելքի շնորհիվ։
Նրա անունն էր Գրիգոր Զոհրապ․․․
Բնությունը չէր խնայել նրան նենգություն և խորամանկություն շնորհելիս։ Խելացի էր, ինչ խոսք, և կարողանում էր հաղթահարել կյանքի բոլոր այն դժվարությունները, որոնց բախվում էր իր անհաշտ և չար բնավորության պատճառով։ Տարիների ընթացքում կուտակել էր տեղեկատվության զգալի մի պաշար, որն օգտագործում էր պաշտոնական դիրքի առաջխաղացման ընթացքում։ Կրթվել առանձնապես չէր սիրում և դրա արժեքն էլ չգիտեր։ Բնության օժտած “առավելությունները” նրան դարձրել էին ապրող և զարգացող տեսակ։ Ազնիվ մարդկանց լուրջ չէր վերաբերվում և շահագործում էր՝ ըստ անհրաժեշտության։ Ապրում էր իր խորամանկության և նենգության շնորհիվ։
Նրա անունն էր Մեհմեդ Թալեաթ փաշա․․․
Կյանքի անտրամաբանական լաբիրինթը միացրել էր այս երկու անձանց, և նրանք մտերմացել էին։ Այդ հարաբերության շնորհիվ Զոհրապը հայերի հարցեր էր կարողանում լուծել՝ Օսմանյան մեջլիսի անդամ լինելով։ Թալեաթն էլ, հանգիստ լինելով Հայի ազնվությունից, վստահում էր նրան և առավելագույնս օգտագործում նրա ԳԼԽՈՒՄ կուտակված խելքը և գիտելիքները, որոնց ինքը չէր տիրապետում։ Նրանց “ընկերական” շփման ողջ ընթացքում Թալեաթը գիտակցում էր թշնամի ընկերոջ առավելությունները, ինքնավստահությունը և հանգստությունը, հայտարարում էր այդ մասին բոլորին, առանձնացնում Զոհրապին՝ որպես մտածողի։ Զոհրապն էլ Հային հատուկ “թուրքին հեշտ հավատալու” արդյունքում վստահում էր թշնամի ընկերոջը։ Այդ ընկերությունը կարճատև չէր և, հնարավոր է, չավարտվեր, եթե Թալեաթի գլխավորությամբ ապրիլի 24-ը չդառնար Հայոց օրացույցի սև ամսաթիվ։ Ձերբակալվեցին Զոհրապի ընկերները․․․ Ինքը՝ ոչ․․․
Դա էլ յուրօրինակ պատիժ էր, քանի որ Զոհրապը հույս ուներ, թե կփրկի նրանց։ Միանգամից շտապեց “ընկերոջ”՝ Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի մոտ։
Մի տարբերակի համաձայն Թալեաթը հանգստացնում է Զոհրապին, թե դա թյուրիմացություն է, և ինքը ամեն ինչ կկարգավորի։ Մեկ այլ վարկածով Զոհրապին առաջարկում է փախչել իր օգնությամբ, որը Զոհրապը չի ընդունում։ Իմ՝ գենետիկ Հայիս ինտուիցիան պնդում է, որ առաջին տարբերակն է եղելությունը։
Որոշ ժամանակ անց Զոհրապին իր լավագույն ընկերոջ՝ Վարդգեսի հետ ձերբակալում են նենգորեն և դավադրաբար․․․
․․․Թալեաթի հրամանով Հայ մեծ մտածող, մտավորական, գրող-հրապարակախոս և իրավաբան Գրիգոր Զոհրապին սպանել են ԳԼՈՒԽԸ քարկոծելով․․․
Հ.Գ. Թշնամիները չեն դավաճանում, ընկերներն են դավաճանում․․․