Archives

Հայի գենը

…Հայի գենը ծաղրողներին կարելի էր հրավիրել հայաճանաչման դասընթացի, իսկ հետո հավերժ ճանապարհել հեռավոր «լավ ու բարեկիրթ աշխարհ»…

…Հայի գենը…

Հայի գենը սեփական հողին անմնացորդ նվիրումն է…

Հայի գենը սեփական հողի հետ մահանալը սարսափելի չհամարելն է…

Հայի գենը մայրական նվիրական բնազդը, երեխայի նկատմամբ սիրո բարձրագույն դրսևորումը, աննկարագրելի խնամքն ու հոգատարությունն է…

Հայի գենը հայրական բարձր պատասխանատվության զգացումն է, մի քիչ չարտահայտվող, բայց շատ մեծ սերն ու մինչև խորը ծերություն երեխայի համար ինչ որ բան անելու ձգտումն է…

Հայի գենը մինչև կյանքի վերջը ծնողներից իրենց ստացած ջերմությունը, սերը ու հոգատարությունը վերադարձնող զավակներն են…

Հայի գենը երեխայի ու ծերի նկատմամբ անհարց ուշադրությունն է…

Հայի գենը մեր երկինք հառված հավատն է պայծառ ապագայի, արդարության և ազնվության հաստատման մասին…

Հայի գենը մեր պահպանողական ու մաքսիմալիստական վերաբերմունքն է գրքասիրության նկատմամբ…

Հայի գենը մեր հայերենը պահպանելն ու աստվածային համարելն է…

Հայի գենը հայերենը չաղավաղելն է…

Հայի գենը կանանց ներկայությամբ հայհոյանքի բացառումն է…

Հայի գենը օտարության մեջ Հայկականը տարածելն է…

Հայի գենը հայկական պարի տղամարդկային խրոխտությունն ու կանացի նազանքն է…

Հայի գենը հայկականը ճանաչելն է հեռավորությունից՝ հայ աչքերը, հայ մարդուն, հայ նկարը, հայ երաժշտությունը, հայ եկեղեցին, հայ էությունը…

Հայի գենը Արարատը պաշտելն է…

…Հայի գենը, ցավոք, նաև ցեղասպանությունը կրողն է…

Իսկ մնացյալը, դժբախտաբար, այլ մշակույթների և պետությունների բացասական ազդեցությունն է, որը պետք չէ խառնել իրական արժեքների և հայկական իրական դրսևորումների հետ…

41747_b

***

Հայ ծնվելն արդեն ենթադրում է դժվար կյանք, իսկ, եթե դու, բացի հայ ծնվելուց, ունես նաև հայրենասիրական անկառավարելի ներքին մղում, ապա քո կյանքը երբեք չի լինելու այնպիսին, ինչպիսին կարող է լինել մեղմ, երջանիկ կյանքը…

Դա քո անգիտակցական որոշումն է մինչև ծնվելը, գենետիկ ժառանգություն կամ գիտակցական որոշում՝ կայացված կյանքի ընթացքում…

Ցանկացած դեպքում դու միշտ լինելու ես անտեսանելի մանր ճաղավանդակների ետևում, որոնց առկայության համար չես էլ կարող տրտնջալ նույնիսկ քո մտերիմների և խոհակիցների մոտ… Դա երբեմն ծայրահեղ անհասկանալի և անբացատրելի երևույթ է, որը բառային ձևակերպումներ չունի և չի էլ կարող գտնել:

…Եվ դու երբեք չես կայացնելու այն հեշտ որոշումները, որոնք ենթադրելու էին քո անհատական պարզ, մեղմ երջանկությունը… Դու ուղղակի երիտասարդության ինչ որ շրջանում պայքարելու ես դրա դեմ, ճնշելու ես այն թվացյալ ժամանակավոր մտքերով կամ թեթև զբաղմունքներով, սակայն, ինչպես ցանկացած ճնշված ուժ, այն կամ մի անկանխատեսելի պահի պայթելու է՝ ավերելով քո հազիվ ստեղծած օդային հեշտ իրականությունը կամ դանդաղորեն թփթփացնելու է ուսիդ և ժպտա քեզ հավետ…

Հայաստանի նկատմամբ հայրենասիրությունը անվերադարձ, մշտապես էներգիա կլանող զգացմունք է, որն ուղղակի հայրենասերին գոյության և տիեզերական վեհության իրավունք է տալիս… Ցավոք, դրանք չշոշափվող և անտեսանելի զգացողություններ են, որոնք, հնարավոր է, թվացյալ արժեքներ են ու աշխարհի արժեհամակարգի համար անկարևոր… Իսկ, եթե ավելի ճիշտ և կատարելապես անկեղծ, ապա Հայաստանի նկատմամբ հիվանդագին հայրենասիրության հիմքերը պետք է փնտրել գոյության պաշտպանության և Հայի տեսակի չվերանալու ծածկված բարդույթներում…

Այդ պատճառով էլ յուրաքանչյուր հայի ամենահաճելի զբաղմունքներից մեկը հայտնիների գեներում հայ փնտրելն է և հայի առանձնահատուկ լինելը ընդգծելը…

Ուղղակի շատ վաղուց առանձնահատուկ ոչինչ չստեղծելը շատ է բարդացնում հայի գոյության խնդիրը… Եվ, ցավոք, առանձնահատկությունների որոնումները խորանում են պատմության էջերի մեջ և կանգ առնում, օրինակ՝ Տիգրան Մեծի իշխանության կարճաժամկետ շրջանում…

Հային աշխարհացունց կամ անկրկնելի առանձնահատկություններ պետք չեն, Հային պետք են պարզ դրսևորումներ՝ անշահախնդիր և միակողմանի բարի արարքների, սեփական անձը ճանաչելու, սեփական զգացմունքները ու զգացողությունները ընդունելու, արդարության, մարդկային և քաղաքացիական պատասխանատվության, կյանքի նկատմամբ հաճելի մղումների տեսքով…

…Մենք պարզ լինելու խնդիր ունենք, բարդ եղել ենք միշտ և դեռ կլինենք…

․․․Հայաստանի մասին․․․

․․․Հայաստան․․․

Ինչ ասել է “Հայաստան”․․․ Դա ուղղակի բառ չէ․ դա ճակատագիր է, անբաժանելի մասնիկ, մտքի ու հոգու խարան։ Հայաստանը նկարագրել հնարավոր չէ, այն պետք է զգալ, ապրել և ներծծվել նրանով։

Առաջին հայացքից Հայաստանը փոքր, հին, առանձնապես աչքի չընկնող, աշխարհի “զարգացած” բնակիչներին ոչ հայտնի մի երկիր է։ Դա առաջին և մի քիչ կարճատես հայացքի դեպքում…

Հայը գիտի, թե ինչ է Հայաստանը… Հայը զգում է, թե ինչ է Հայաստանը… Հայն ապրում է Հայաստանը…

Այն հոգի է, միտք, արյուն, մարմին, տեսողություն ու լսողություն, այն կյանքի ու մահվան իրավունք է, տուն և ճաղազուրկ բանտ, որի բնակիչները չեն ուզում լքել այն։

Ամենապարզ ձևակերպմամբ Հայաստանը Անդրկովկասում ծվարած լեռնային փոքր երկիր է՝ շրջապատված հիմնականում թշնամի երկրներով, որն առաջինն է աշխարհում ընդունել քրիստոնեությունը՝ որպես պաշտոնական կրոն: Աշխարհի ամենահին երկրներից է, քաղաքակրթության հիմնադիրներից և տարածողներից՝ հագեցած հինավուրց եկեղեցիներով և խաչքարերով, որոնք այսօր Հայաստանի հնության միակ վկաներն են:

Ավելի բարդ նշանակությամբ Հայաստանը էության մասնիկ է, որը մինչև մահ իր զավակներին հոգեպես կապում է իրեն և թույլ չի տալիս ապրել առանց իր մասին մտածելու: Դա անբացատրելի, անհասկանալի, գիտության և տիեզերքի կողմից չբացահայտված կարմայական մի կապվածություն է, որից գրեթե անհնար է ազատվել նույնիսկ երկար տարիներ այլ շատ ավելի զարգացած, ճարտարապետական և քանդակագործական հարստություններով լեցուն երկրներում ապրելուց հետո:

Հայը Հայաստանը կարող է պատկերավոր և տպավորիչ զգալ փակ աչքերով…

Ջերմություն…

Ամառ է, մի քիչ շոգ…

Երկինքը կապույտ է կապույտի ամենաիրական հնարավորություններով, որը խախտվում է կիլոմետրերով իրարից հեռու, բայց նույն ուղղությամբ սահող ամպերի ծվեններով…

Արևը դեղին է, այնքան պայծառ ու վառ, որ ակնթարթային ջերմություն է հասցնում նույնիսկ ամենասառը և անտարբեր հոգիներին…

Հայաստանը բնութագրող քարերը տաքացել են այնքան, որ նույնիսկ սողուններն են սահել հով տարածք…

Հավա՞տ…

Եկեղեցի է, որը մարմնավորում է աստծո նկատմամբ անբացատրելի զգացողությունը դեպի երկինք ձգվող խաչով… Բնութագրում է Հայաստանը՝ որպես առաջին քրիստոնեական երկիր… Երկիր, որը խիզախել է հաստատել կրոն, որին դեռ ոչ ոք լուրջ չէր վերաբերվում, որը հետագայում աշխարհի քաղաքակրթության և մշակույթի փոփոխության հիմք է հանդիսանալու…

Ամեն Հայ իր աստվածն ունի… Այս հարցը շատ անհատական է Հայերի համար և եթե անկեղծ զրույցի բռնվեք Հայի հետ, ապա մի քիչ հետո կպարզվի, որ հավատում է ինչ-որ գերբնական ուժի, ինքն էլ չգիտի, թե ինչ ուժի, ընդ որում՝ վստահաբար կհամոզի, որ առաջին քրիստոնյա երկրից է… Հավա՞տ… Դեռ ոչ ոք չգիտի…

Երջանկություն…

Թոնրի նորաթուխ լավաշը պանրի, ինչու ոչ նաև խորովածի վայելքը, հատկապես բնության գրկում, հասցնում է Հային կատարելության զգացողության: Խաղողի վազերի կամ ծիրանենիների ստվերում փռված ծածկոցի վրա հարազատ և սիրելի մարդկանց հետ զրույցները, շատ հաճախ բղավոցների օկտավաներում, ծիծաղը, հաջորդ վայրկյանին խոհափիլիսոփայական քննարկումները և հայկական անհասկանալի ճակատագրի քննարկումները յուրաքանչյուր հայկական երջանկության պարտադիր բաղադրիչն են… Եվ այդ ամենը տեղի է ունենում առվակում սառող ձմերուկի և սեխի, լվացված թավշյա ծիրանների և տանը խնամքով պատրաստված գաթայի թաքնված սպասելիքներով….

Անցյալից պահանջ…

Տեսարանի հորիզոնն ավարտվում է, իհարկե, բիբլիական չիրականացած երազանքով… Արարատի լանջը մաքրվել է ձյունից, իսկ գագաթին դեռ համաչափ սպիտակ քող է սփռված…

Արարատը Հայերիս՝ Աստծուց ստացած յուրօրինակ պարգևն ու պատիժն է միաժամանակ՝ չկատարված երազանք, այդքան մոտ և այդքան անհասանելի: Հիրավի, նման է սիրո մի պատմության, երբ ամեն օր տեսնում ես սիրած մարդուն, սակայն նա ոչ մի պահ քոնը չէ: Սա ստիպում է քեզ ձևացնել, թե իբր լավ և երջանիկ ես ապրում, սակայն ամեն օր էությանդ մի մասնիկը գլորվում է հոգուդ ամենախորքում թաքնված և անբացատրելի մի տարածություն, որը սկիզբ ու վերջ չունի…

Նույն զգացողությամբ է Հայը դիմավորում յուրաքանչյուր առավոտը՝ վայելելով Արարատի գերբնական գեղեցկությունը…

Սա Հայաստանն է, այստեղ Դու տանն ես, եթե նույնիսկ ֆիզիկապես Հայաստանում չես…

Եթե Դու Հայ ես, Դու տարբերակ չունես Հայաստանում չլինելու…11923572_10207753314575857_5301319469894269443_n

Արցախիս մասին

Իմ նախնիներից և ոչ ոք չի եղել Արցախից, և ես ինչ-որ հոգեկան կապվածություն երբևէ չէի ունեցել Հայաստանի այդ տարածաշրջանի նկատմամբ։ Միշտ ինչ-որ ձգողականություն զգացել եմ դեպի Արևմտյան Հայաստան, բայց դեպի Արցախ՝ ոչ․․․ Մինչև առաջին այցելությունս․․․

Առաջին անգամ բախտ վիճակվեց (այդ արտահայտության հնարավորինս խորը իմաստով) այցելել Արցախ, երբ ես աշխատում էի ապահովագրական ընկերությունում։ Պետք է գործուղվեի Շուշի, ընդ որում՝ ես անտանելի չէի ուզում, քանի որ արդեն չորս ամիս էր, որ աշխատում էի առավոտյան 8։30-ից մինչև երեկոյան 11։00, և բավական հոգնած էի։ Եվ երբ ինձ ասացին, որ պետք է գնամ Շուշի, անելանելիության զգացողություն տիրեց, քանի որ չէի պատկերացնում, թե այդ վեց ժամվա ճանապարհն ինչպես պիտի գնամ։

Բայց բախտ էր վիճակվել, որը ես չէի գիտակցում, ինչպես չենք գիտակցում վիճակված բախտը գրեթե բոլոր դեպքերում և հնարավորինս ավիրում ենք այն․․․

Դեկտեմբեր ամիսն էր․․․ Մենք մեքենայով ճանապարհվեցինք դեպի մի հրաշագեղ, խրոխտ, ուժեղ, վեհ, ինքնատիպ վայր, որն իր հեռու գտնվելով արդեն հասկացնում է, որ արժե հասնել իրեն։

Արցախ տանող ճանապարհն էլ պատահական չէ․․․ Ամբողջ մի ժամ և կես տեսնում ես Արարատը, մտածում Արարատի մասին, հիանում նրանով, երջանկանում Հայ լինելով, տեսնում ես Արարատյան դաշտավայրի խաղողի երկար այգիները, հիշում մեր կոնյակի մասին, անցնում ես Հայի հոգին լցնող Պարույր Սևակի ծննդավայրի կողքով, անպայման հիշում նրա տողերից, հիշում անցած կամ ներկա սիրո մասին, մեղմ ժպտում ես կամ շռայլություն ես թույլ տալիս ինքդ քեզ ճնշած զգացողությունները մի պահ արթնացնել ճանապարհի թույլատրելի անգործության և մտախոհ հայացքը մեքենայից դուրս հառելու  հնարավորության շնորհիվ։ Այնուհետև՝ անցնում ես Վայոց Ձորի աննման և գունավոր ժայռերի միջով, մտածում ես Հայիս լեռնեցու հոգեբանության մասին, մի պահ դառնում լեռնեցի և հաղթող, թիկունքդ ուղղվում է, շունչդ բացվում է և ձեռք ես բերում հաղթողի էություն, հասնում ես Արենի, հաճախ հայկական քաղցրավենիք, գինի կամ ինչ-որ մրգային օղի ես գնում։ Հետո Սյունիքն է․․․ Հայոց պատմության ընթացքում բոլոր պատերազմների, կոտորածների և կործանումների մշտական մասնակիցը, պայքարող ուժը, լուռ, աննկուն վկան, Հայաստանի ոգեշունչ զավակների ծննդավայրը և թաքստոցը։

Ես առաջին անգամ այդ ճանապարհն անցնում էի կիսասրտխառնոցային և դժգոհ զգացողությամբ և մի լավ սոված։ Ընթացքում զգացել եմ այն ամենը, ինչ նկարագրել եմ, բայց միաժամանակ ինձ դա հիշեցնում էր Ֆրանց Կաֆկայի “Դղյակը” ստեղծագործությունը, որի ամբողջ ընթացքում մտածում ես, թե արդյոք այդ մարդու անցած ճանապարհն արժի նրա վերջին։

Արցախ հասնելու համար ես երկու այդքան էլ կգնայի․․․

Ախր Սյունիքով չի ավարտվում ճանապարհը։ Գորիսը շրջանցող կամուրջով անցնում ես դեպի “Ստեփանակերտ” ցուցանակը, և հենց այդ պահին ինչ-որ աղոտ հույս է առկայծում, թե հասնում ես, բայց չէէէէ․ դրանից հետո սկսվում են գրեթե ժամ ու կես երկարությամբ ոլորաններ, որոնց ընթացքում շատ մեծ հավանականությամբ կիսասրտխառնոցային զգացողությունը հասնում է իր տրամաբանական ավարտին։

Այս ոլորանների ընթացքում արդեն աչքերս ավելի լայն բացվեցին, քանի որ հոգիս էր բացվել ու ավելի շատ էր ուզում ընկալել։ Ձմեռ էր, և այդ լեռները թվում էր, թե սովորական մերկ ու ձանձրալի լեռներ էին, բայց աչք կտրել չէր լինում։ Ուզում էի իջնել մեքենայից, իջնել այդ ձորերը, բարձրանալ այդ լեռները, դիպչել նրանց, զգալ նրանց, հարցնել ինչ-որ բան, և վստահ էի, որ պատասխան կստանամ մեղմ քամու, մանրիկ անձրևի կամ խրոխտ ամպրոպի տեսքով։ Այդ լեռները տեսել էին այն, ինչ հնարավոր չէր, տարել էին այնպիսի մարդկանց, ովքեր գերբնական ուժ ունեին, սատարել էին հերոսներին, այնպես, ինչպես կարողացել էին, նրանց մեջ էր այդ հերոսների արյունը և ուժը։ Դրանով էլ նրանք իմաստուն էին և զորեղ։ Այդ լեռները վկան են ոգու հզորության, նրանք վստահ են, որ զենքն ու մարդկանց քանակը ոչինչ է, եթե մարդկանց մի խումբ գիտի, թե ինչ է ուզում և վստահ է, որ իր ուզածը ճիշտ է ու բարոյական։

Հոգիս տակնուվրա էր լինում, քանի որ նոր էի գիտակցում, թե ինչ ասել է “Արցախ”։

Այն իմ մի մասն էր դարձել այլևս և չէր լքելու իմ էությունը երբեք։ Եվ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը գնում է Արցախ, զգում եմ այդ անկառավարելի մղումը գնալ նորից, գնալ մեկ անգամ ևս, տեսնել ու զգալ այն․․․

Հասանք Շուշի անտանելի սոված (ես այդքան սոված կյանքումս չեմ եղել)․․․ Կիսավեր, բայց գեղեցիկ եվրոպական ոճ հիշեցնող շենքերով, երեկոյան մութ, բայց ներքին լույսով լեցուն, նուրբ և խաղաղ մի քաղաք է Շուշին։ Սիրել եմ շատ, սիրում եմ այսօր էլ, կսիրեմ միշտ։

Շուշիում ես պետք է մնայի մեր բանկի հանգստյան տանը, հասել էինք ուշ երեկոյան, և ես չէի պատկերացնում, թե որտեղ պետք է հաց ուտեի, քանի որ մութ էր և ինձ համար անծանոթ։ Մտածում էի, թե տանից ինչու բան չեմ վերցրել։ Ինձ տեղավորեցին մեր հաճելի սենյակներից մեկում, և ես դեռ չէի հասցրել իրերս գետնին դնել, երբ սենյակի դուռը թակեց մեր բանկի խոհարար Գայանեն, ով լայն ժպտացող դեմքով ասաց, որ իրենք ինձ սպասում էին և ներքևում ինձ համար հաց են դնում․․․ Ես, կուտակային հոգնած, սոված, մի քիչ խեղճացած, մի քիչ մտախոհ, շաաաատ ոգեշնչված, զգացի, որ կոկորդս խեղդում է ինչ-որ վեհության, երախտիքի, կատարելության, հուզմունքի, մի փոքր էլ անսպասելիության զգացողությունների համախումբ։

Ես չգիտեի, որ Արցախում ինձ սպասում են և որ Արցախում սոված մնալն էլ հեշտ գործ չի․․․Կյանքումս այդքան համեղ խաշլամա չեմ կերել․․․Խաշլամա չեմ էլ սիրում, ճիշտն ասած․․․ Դրանից հետո գնացել եմ արդեն առանց վարանելու, ֆիզիկապես ճանապարհին վատ զգալով, սակայն հոգեկան ուժգին մղումով․․․

Արցախում մեզ սպասում են, Արցախը մեր հայրենասիրության վերածննդի վայրն է, Արցախը մեր հաղթանակի միակ վկան է, Արցախը մենք ենք, Արցախի լռության մեջ անսահման խորհուրդ կա, որն ամեն Հայ պիտի զգա․․․

Գնացե՛ք և չե՛ք զղջա, մի քիչ կտխրեք, բայց տխրելն է մարդուն Մարդ դարձնում․․․ Մի վախեցեք մի փոքր տխրելուց, քանի որ Արցախից այնպիսի հզոր զգացողությամբ կվերադառնաք, որ կբավականացնի մի տարի մոտիվացված ապրելու և աշխատելու համար․․․

Գնացե՛ք Արցախ․․․ Այնտեղ մեզ սպասում են․․․

Ապրիլի 24-ին ընդառաջ․․․

Ազգիս հայրենասիրական շաբաթն սկսվեց, որն իր կտրուկ սկզբի պես կտրուկ էլ կավարտվի․․․ Դա սովորաբար այլոց ազդեցության կամ ուղղակի օրացույցի օրվա հետևանք է։ Արարատի նկար, Հայոց դրոշ, Հայ երեխա՝ այտին Հայ դրոշ, անմոռուկ, Հայ դրոշը թշնամական դրոշներին աքացի տալիս, պատմության մեկ հատոր պակաս, խրոխտ մտքեր սպանվածների և կոտորվածների մասին․․․
Ոչ մի վայրկյան ինձ չեմ առանձնացնում ազգիցս, քանի որ ես էլ եմ նրա մասնիկը և ես էլ եմ նրա վատ ու լավի կրողը․․․ Ցավոք, նաև վատի․․․ Եվ բարեբախտաբար նաև լավի․․․
Ոչ երկար և ոչ շատ խորը ապրած կյանքիս ընթացքում հասկացել եմ մի բան․ թուրքերին փնովելն ու միայն մեր ընկերների շրջանակում քննադատելը չի լուծելու այդ խնդիրը։ Նախորդ հիսուն տարվա ընթացքում հույսներս Շարլն էր, վերջին հինգ տարում՝ Քիմ Քարդաշյանը․․․ Ժամանակն է գիտակցել, որ այդ խնդրի լուծումը մեր ուժերից վեր է և այդ խնդրից կառչած մնալը ազդարարում է մեր վերջնական կործանումը։ Ազգովի ուզում ենք Արևմտյան Հայաստանի հողերը, երբ Արևելյան Հայաստանի հողն էլ արդեն չենք մշակում։ Եվ գիտե՞ք ինչու չենք մշակում։ Չենք մշակում, քանի որ “Դժվար է․․․”, ինչպես նաև մեր հորեղբորորդին Ռուսաստանից գումար է ուղարկում։ Անձամբ ես եմ լսել բազում գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներից։ Իհարկե, դժվար է և, իհարկե, հորեղբորորդին, ամոթից ու դարերով եկած անիմաստ պատասխանատվությունից դրդված, դա անում է, բայց նրա հայաստանյան բնակիչ բարեկամը չի գիտակցում, որ Ռուսաստանում նրա աշխատանքն էլ է դժվար․․․ Նույնը հիմա մենք բոլորս ենք անում․ հույսներս դրել ենք Քիմ Քարդաշյանի վրա, որ նրա ֆեյսբուքյան ստատուսից տարին մեկ անգամ թուրքերը դողում են։ Բայց մեր թշնամին դարեր շարունակ մեզ շատ ավելի լավ է ճանաչել, քան մենք նրան։ Նա գիտի, որ դա տարին մեկ անգամ է, առավելագույնը՝ մեկ շաբաթ․․․ Մենք մեր թշնամու մասին ոչինչ չգիտենք։ Մենք նույնիսկ կրիտիկական զանգվածի թուրքագետներ և թուրքերեն իմացողներ էլ չունենք, քանի որ բոլոր հարցերին վերաբերում ենք զգացմունքային, նեղացածությամբ և, ցավով պիտի նշեմ, մշտապես զոհի կարգավիճակում։ Իմ երեխան թուրքերեն չպիտի խոսի, դրանք ով են, որ ես նրանց մասին կարդամ և այլն։
Սիրտս ճաքում է, բայց պիտի հայտարարեմ, որ արդեն “Ով են” և “Ով են”, քանի որ մենք ծուլացել ենք և նեղացել, ալարում ենք և տեղից չենք շարժվում, քանի որ մոտիվացիա չունենք, քանի որ պիտի մեջբերեմ ինձ համար ատելի, սակայն հայոց մեջ շատ ընդունելի արտահայտությունը՝ “մեջը փող չկա”։ Ավաղ, քանի որ հայրենասիրության պակաս կա։ Հայրենասեր ազգը երբեք-երբեք չէր ունենա “Սա երկիր չի” արտահայտությունը։ Երկիրը երկիր է, մարդիկ մարդ չեն․․․ Դավաճանում ենք միմյանց դարերով, պատմականորեն, հարվածներ հասցնում միմյանց մեջքից, ամենաանսպասելի պահին, նախանձում անխտիր բոլորին։ Փառաբանում ենք ետնաբեմում դավաճանության գաղտնի սցենարներ մշակողներին, նրանց համարում ենք խելացի և բանիմաց։ Ազնիվ և անկեղծ մարդուն համարում ենք պարզամիտ և անպիտան․․․ Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք․․․
Քանի դեռ մենք մեր մեջ չենք գտել և սպանել չարը, լինելու ենք այս վիճակում․․․
Հ.Գ. Հազիվ եմ ինձ զսպում, որ որոշ մարդկանց չասեմ․ “Դու արժանի չես Արարատի նկարով ինքնահաստատվելու և Հայ կոչվելու, քանի որ դու հենց երեկ ինձ՝ Հայիս, մեջքից հարվածել ես՝ դրանով իսկ նպաստելով թուրքերի հաղթանակին”․․․

Երջանիկ հայի որոնումներում

556016_3646417644073_315317527_n
Տևական ժամանակ է արդեն, ինչ փորձում եմ հասկանալ Հայ մարդու խնդրահարույց, բարդ, ծանր և անլուծելի կերպարը։ Իրոք, մի Հայկական հարց։ Իհարկե, այս հարցի մեկնաբանությունը հրաշալի ձևով տվել է Դերենիկ Դեմիրճյանն իր հանճարեղ “Հայը“ ստեղծագործությամբ, բայց ես կփորձեմ իմ բացահայտմամբ կիսվել։
Պատմություն, քրիստոնեություն, հայոց լեզու, եկեղեցի, ընտանիք, երեխա, ծնող և մի շարք այլ արժեքներ մեզ և՛ պահել են, և՛ կործանել։ Պահել են, քանի որ ամրապնդել են մեզ՝ որպես անձ, ազնվության և արդարության առաջամարտիկ, և կործանել են, քանի որ սահմանափակել են մեր եսասիրական երջանկությունը։ Ոչ մի հայ տևական երջանկություն չի զգում առանց վերոնշյալ և ևս մի հարյուր անհատական արժեքների։ Հազարամյա անցյալի հետ կռիվ ունենք անխտիր բոլորս, բայց հետն էլ ապագայից ենք աննկարագրելի հաջողություններ սպասում։ Այլ կերպ ասած՝ ծեծված, սպանված, թալանված, բռնաբարված անցյալով սպասում ենք ծովից ծով Հայաստան, որտեղ Արարատն էլ է մերը, Արցախն էլ, Արևմտյան ողջ Հայաստանը… Բա Նախիջևանը… Կիլիկիան… Ե՛վ անցյալի հիշողություններն են սուրբ, և՛ ապագայի սպասումները։ Քավարանային այս կիզակետում անհետ կորում են միջին վիճակագրական Հայի (դեռ հարց է՝ արդյոք կա միջին վիճակագրական հայ) երջանիկ լինելու մաքառումները։ Երջանիկ ասելով՝ Հայը հասկանում է իր ողջ ցեղի աննկարագրելի բարեկեցություն, առողջություն, բոլոր երեխաները հաջողակ են ու բախտավոր իրենց ուզած կին/ամուսինների հետ և անպայման Հայաստանին վերադարձվել է չգիտեմ քանի քառակուսի մետր հող՝ Արարատն էլ մեջը։
Հիմա ասածս նա է, որ երջանկության մեր չափանիշները անսահման եմ ու անչափելի, ցաքուցրիվ են ու բազմազան, տարածված են ժամանակի ու տարածության մեջ, որոնք հատման կետ չունեն։ Մեզ մարդկային հասարակ երջանկություն է պետք՝ առանց ճոխությունների ու ապարանքների, որովհետև մեր Հայաստանին երջանիկ Հայեր են պետք, մեր Հայաստանին պակասում է Երջանկություն, Ժպիտ, Ծիծաղ, Ուրախություն… Քանի դեռ չկա լուրջ առիթ տխրելու (Աստված մի՛ արասցե), փորձենք լինել երջանիկ ներկայում՝ մեր ընտանիքով, հարազատներով, ընկերներով, ամռան գույներով, մեր երիտասարդ լինելով, հոգեկան ջերմությամբ և մեր Արարատի անզուգական տեսքով… Չխորանանք ամեն մանրուքի, փոքր, անէական դեռ տեղի չունեցած դեպքի մեջ, ռիսկեր փնտրենք գոյություն չունեցող տեղերում և չնկատենք կարևորը…
Մեր Հայաստանին երջանիկ և բնական ժպիտներով քաղաքացիներ են պետք…

Անկախ Հայաստան

Շնորհավոր, մեր Հայաստան!!!
Քեզ քիչ ենք սիրում, քիչ խնայում, մեր ամեն արարքը ճոխացնում, քո գոյությունը նվաստացնում, ինչ-որ անհասկանալի սպասելիքներ ունենք քո հողից ու ջրից, երկնքից ու օդից, ինչ-որ մարդկանց արարքների համար քեզ ենք վարկաբեկում, մենք ոչինչ չենք անում, բայց ուզում ենք քո դարամյա գոյությունը մեր կյանքում փոփոխություններ մտցնի, մեկ օր գնում ենք զարգացած աշխարհ և միանգամից քեզ ենք փնովում…, քիչ ենք քեզ սիրում…
Բայց միաժամանակ, սրտի անկառավարելի բաբախյունով և արցունքակալած աչքերով նայում ենք ծածանվող Հայ դրոշին, հպարտանում ենք ամեն հայի նույնիսկ չկրած հաղթանակով, “Երազ իմ երկիր” չենք լսում, որովհետև ուզում ենք արտասվել, Արարատի տեսքից ամեն հայի գլխում պտտվող մտքերը մի պահ անհետանում են, աշխարհին կարող ենք համոզել, որ հայի միտքն ամենասուրն է, իսկ հայի աչքերը ամենախորունկը, վստահ ենք, որ հայը կարևոր դեր է խաղում աշխարհի գեոպոլիտիկ զարգացումներում, և որ Հայաստանը մշակույթների և քաղաքականության կիզակետում գտնվող որոշիչ երկիր է…
Այսօր ուզում եմ ասել, որ ես ուրախ եմ, որ հայ դրոշ է բարձրանում հայ մարզիկի գլխին, իսկ ես անասելի հպարտ եմ լինում ինչ որ մի կոնֆերանսի ընթացքում նստել փոքրիկ հայկական դրոշի դիմաց և հավատացնում եմ, որ այդ դեպքերում ես անում եմ իմ լավագույն հնարավորություններից նույնիսկ ավելին:
Շնորհավոր իմ Լավ Հայաստան !!!

Իմ ամենամեծ արժեքը

17457932_10212855768454015_3727561834841526098_n

Կա մի խնդիր, որի հետ առնչվում եմ ցավոք ամեն օր։ Դա հայրենիքիս նկատմամբ սիրո բացակայությունն է և նրա նկատմամբ արհամարհանքը հայրենակիցներիցս շատերի կողմից: Անշուշտ, շատերն են խոսել, գրել, երգել և ի վերջո մտածել հայրենասիրության մասին, բայց դասական սահմանումները շատ հաճախ չեն բավարարում հոգու մղումներին և չեն լուծում այն խնդիրը, որն արմատացած է շատերիս բանականության մեջ: Եվ այսօր ես որոշեցի գրել իմ զգացած հայրենասիրության մասին, փորձել տալ հայրենասիրության իմ սահմանումը, որը հուսով եմ փոքր-ինչ կփորձի լուծել խնդիրը…առնվազն ինձ համար…առնվազն այսօր…

Հայրենասիրության մարմնացում Գարեգին Նժդեհի պնդմամբ. “Հոգեբանորեն անհայրենիք է նա, ով պատրաստ չէ ամեն վայրկյան մեռնելու իր հայրենիքի համար”… Միանշանակ ես դեռ Նժդեհ չեմ, և, անկեղծ ասած, չեմ էլ հանդգնում ասել, որ վաղը կլինեմ, ուղղակի կարող եմ պնդել, որ ինձ հաճելի է գիտակցել, որ կան մարդիկ աշխարհում, ում համար հենց սա է հայրենասիրությունը և որ հայրենիքն ավելի բարձր արժեք է, քան ավելի տաք տանը բնակվելը: Նման մարդկանց եմ շնորհակալ այսօրվա Հայաստանի գոյության համար, ընդ որում` բազմաթիվ անձանց կողմից հայրենիքի նկատմամբ սերն է այն հստակ ուղին, որը երաշխավորում է Հայաստանի կայուն ապագան և զարգացումը: Ինչպես որ մեր երեխայի նկատմամբ սերն է նրան դարձնում հասարակության լիարժեք և կայացած անդամ, այնպես էլ հայրենիքի նկատմամբ առողջ սերը կարող է նրան վերածել աշխարհի հզոր տերություններին համարժեք մասնիկի:

Այնուամենայնիվ, ես գտել եմ Նժդեհի հայրենասիրության մեկ այլ, ավելի մեղմ և եսասիրական սահմանում, որտեղ մահվան մասին ոչինչ չկա: Այն իմ հոգեկան մղումների հետ համահունչ է այնքան, որ ինձ թվաց, թե ես լսել եմ դա ներքուստ: “Ես և հայրենիքս – մենք լծորդված ենք իրար` ինչպես հոգի և մարմին, ինչպես նպատակ և միջոց. Նա գերագույն նպատակ է, ես` միջոց:”

Ես ինձ հայրենիքիս մի մասնիկն եմ զգում, որի կայունությունը կարևոր է ամբողջության համար: Ես ինձ հայրենիքիս գոյության պարտադիր պայման եմ համարում, քանի որ ես նրա զավակն եմ և նրա ներկայացուցիչը աշխարհում: Եվ ուզում եմ, որ իմ շրջապատում ապրող բոլոր մարդիկ այդպիսի զգացում ունենան և իրենց զարգացումը պարտադիր համարեն ոչ միայն իրենց, իրենց ընտանիքների, այլև իրենց հայրենիքի համար:

Հայրենիքի նկատմամբ սերն ինձ համար ընդգծվում է հատկապես հայրենիքից դուրս: Աշխարհի այլ վայրերում մշակույթի և արվեստի ամենագեղեցիկ, տպավորիչ գործերն ինձ համար աշխարհընկալման մի տարր են, գիտելիք, տեղեկատվություն, նորություն, հանգստի ձև, որը մինչ այդ չէի տեսել և գնահատել:

Հայրենիքիս լքված եկեղեցիներն ու վայրերը ինձ հոգու նոր շունչ են տալիս և ստացած զգացողություններն անհամեմատելի են ցանկացած այլ զգացողության հետ… Դրանք հոգեկան են ու մտավոր, դրանք բնական են ու անթաքույց: Հայաստանի ծառերն են ինձ անկրկնելի թվում, Հայաստանի դեղձի և ծիրանի համն է ինձ ուրիշ թվում, Հայաստանում աճող վարդերն եմ ես սիրում, հայ մարդու հետ շփվելիս եմ ես ինձ տանը զգում…

Այս ամենի արդյունքում ես գիտակցում եմ մի պարզ բան. Ես ավելի երջանիկ վերադառնում եմ Հայաստան, քան մեկնում եմ Հայաստանից: Եվ դա ոչ այլ ինչ է, քան հայրենասիրություն:

Եվ ես ուզում եմ տեսնել իմ բոլոր հայրենակիցներին այդպիսին. լինել կապված այն հողի ու ջրի հետ, որոնցից նրանք կյանք են ստացել ու սնվել: Այդ հողն ու ջուրը թող միշտ թվան գերբնական, անկրկնելի, միակ, ոչ թե այն բանի համար, որ, իրոք, անկրկնելի են, այլ որովհետև դրանք մերն են, մենք նրանց ենք սովոր, ու դա ենք տեսել մեր ծննդյան օրվանից: Դրա մեջ ոչ մի փիլիսոփայական տարր չկա. դա մարդ արարածն է, ով սիրում է իր տունը, իսկ հայրենիքը մեր տունն է, և մենք բոլորս ունենք այս պահին մեկ տուն: Մեր հայրենիքը զարգացնելու միակ նախադրյալը այն սիրելն է և նրան չփնովելը:

Ինչպես ընտանիքի անդամներին ենք մենք սիրում անկախ նրանց բնավորության գծերից, այնպես էլ հայրենիքը պետք է սիրենք անկախ նրա ճանապարհների որակից, տրանսպորտի և կապի ենթակառուցվածքից, սպասարկման որակից և ձևից, քանի որ հայրենիքը վայր է, իսկ մնացածը մենք ենք կառուցում կամ չենք կառուցում: