Ես փոքր ժամանակ բակ չէի իջնում․․․
Մամաս շատ էր անհանգստանում, իսկ մեր տունը բակ նայող պատուհան չուներ․․․
Պատմությունը սրա մասին չէ․․․
Ամռան ամիսներին մենք ապրում էինք մեր ամառանոցում, որը գտնվում է հորս ծննդավայրում՝ Երևանից մոտ 30 րոպե հեռավորության վրա գտնվող մի գյուղում։ Նույն գյուղում ամռանը հանգստանում էին Երևանից եկած իմ հասակակից շատ երեխաներ։ Ես ակամայից մտերմանում էի միմյանցից շատ տարբեր, գյուղի տարբեր թաղամասերում բնակվող երեխաների հետ, քանի որ իմ հորական բարեկամությունը շատ մեծ էր, հետևաբար նրանց երեխաները մեծաքանակ էին։ Ընդ որում՝ ես մտերմանում էի թե՛ գյուղում ծնված, թե՛ Երևանից եկած երեխաների հետ։ Առանձնակի մտերմություն կար մեր տան դիմաց գտնվող փոքր մի տանը հանգստացող մեր բարեկամների ընտանիքի երեխաների հետ, և հենց այդ տան բակում անցնում էր մեր ամառային մանկությունը, քանի որ նրանց տան դիմացի ասֆալտապատումը լավ էր արված․․․ Երեխաները շատ էին ու տարբեր․․․Դե, իհարկե, կային շատ աղջիկներ և շատ տղաներ, իհարկե, լինում էին վեճեր, իհարկե, պատահում էր սեր, հնարավոր էր նույնիսկ ամեն հաջորդ տարի տարբեր սեր նույն երեխաների մեջ․․․
Ամառն անցնում էր մեղմ ասած կատարյալ, քանի որ ցերեկը ցերեկային այնպիսի խաղեր էին եռում, ինչպիսիք են 7 քար, 15 քար, «Город за городом», բռնոցի, գետնից բարձր, պարան, ռեզին (որը ես չէի սիրում և խաղում էի միայն համաձայնությամբ, որ շուտով պիտի գնդակով մի բան խաղանք) իսկ գիշերը, իհարկե, մեկնարկում էր թաղային հզոր “հալա-մոլան” կամ “հալա-մուլան”, որի շուրջ մասնագետներն առայսօր բանավիճում են, և դեռ աքսիոմատիկ սահմանում չկա։ Ընդ որում՝ գյուղում բարձր էր մեր թաղամասում կայացող խաղի վարկանիշը և շատ հաճախ այլ թաղամասերից երեխաներ էին ներգաղթում։ Նույնիսկ մեծահասակների հատուկ հանդիսատես խմբեր կային, քանի որ ընդհանուր առմամբ դիտարժան խաղեր էին։ Այդ թաղամասում անգիր գիտեինք այդ տարի աճած բոլոր մեծ թփերը, նոր կառուցված տների անկյունները և կտուրները, փողոցների փոսերը և խորշերը։ Դրանք ռազմավարական կարևորության տեղեկատվություն էին, որը մենք հավաքում էինք, իհարկե, ցերեկվա ընթացքում։ Մի ամռան ընթացքում “հալա-մոլայի” որոշիչ պարամետր էին իմ նվեր ստացած սպորտային լուսարձակող կոշիկները, որոնք փոխանցելով թիմի այլ խաղացողի, որոշում էինք խաղի ավարտը։ Հետաքրքիր բաներ շատ ենք արել, հնարամիտ ենք եղել, ծիծաղել ենք շատ, վախեցրել միմյանց ու երջանկացրել․․․ Չեմ հիշում ստորության կամ անազնվության դեպք, չեմ հիշում վատ երեխա, չեմ հիշում վիրավորանքի կամ ցավի զգացողություն․․․ Իմ խաղընկերները բարի էին ու լավը․․․Ցավոք հիմա շատերի անունները չեմ հիշում և ինձ վատ եմ զգում դրա համար, քանի որ նրանք իմ մանկության լավ հիշողությունների մասնակիցն ու նպաստողն են եղել․․․
Հիմա մեղմ և բարի ժպիտով եմ հիշում այն օրը, երբ իմ մանկության ամենամոտ ընկերուհին, ով իմ հորեղբոր թոռնուհին էր, հատուկ առաքելություն իրականացնողի դեմքով եկավ ու ականջիս շշնջաց, թե շատ կարևոր և հույժ գաղտնի 3 լուր ունի ինձ հայտնելու։ Լռելյայն, կողքերս նայելով, վկաներին ոտքից գլուխ ոչնչացնելով՝ սահեցինք գյուղի գագաթին գտնվող քարերի մի կույտի մոտ, և յուրաքանչյուրս ծվարեց տափակ մի քարի վրա, որքան հնարավոր է, միմյանց մոտ․․․
Եվ մոտեցավ այն պահը, երբ ես պիտի իմանայի այդ պահի գեոպոլիտիկ կարևորության 3 լուրը․․․
Ցածրաձայն ասաց, թե իմացել է մեր խաղընկեր երեք կարևոր տղաներից յուրաքանչյուրն ում է սիրում․․․ Եվ ասաց աղջիկների անունների առաջին տառերը․․․ Իմ խնդիրն էր կռահել, թե ովքեր են այդ աղջիկները․․․ Կես ժամ տանջվելուց հետո պարզվեց, որ առաջին տղայի սիրելիին ես ուղղակի չէի ճանաչում։ Անցանք առաջ, երկրորդը հեշտ էր, քանի որ ինձ պատմող աղջիկն էր, երրորդը տևեց շատ ավելի երկար․․․ Այդպես էլ չհասանք տեղ, քանի որ այդ աղջկա անունը սկսվում էր “Լ” տառով, և ես այդպես էլ չկռահեցի, թե դա ով է․․․ Երբ իմ ընկերուհին արդեն չգիտեր ինչ տեխնիկա կիրառել իմ՝ այդ հարցում կատարելապես և անդրդվելիորեն փակ քթածակերը բացելու համար, արդեն մի քիչ հոգնած և նյարդայնացած ասաց, որ դա ես եմ․․․
Հիմա էլ, երբ հիշում եմ իմ զարմանքի աստիճանը, ունքերս նույնքան բարձրանում են։
Իմ զարմանքը չափ չէր ճանաչում, քանի որ դա միակ տղան էր, ով “հալա-մոլայի” ժամանակ անպայման ուզում էր մենք հակառակորդ թիմերից լինենք, ու ինքն իր ինձանից շատ բարձր հասակով աննկարագրելի արագությամբ վազում էր, որ ինձ բռներ, ես էլ, չգիտեմ, թե ոնց էի հաջողացնում պլստալ (կամ ես չէի պլստում․․․) կամ եթե նույն թիմից էին լինում, ինձ անտանելի կոպիտ ու առանց վրաս նայելու ասում էր, որ ես հակառակորդներին որոնման ընթացքում ապահով տարածքում մնամ, քանի որ ես կբռնվեմ (ու ես մինչև հոգուս խորքը վիրավորվում էի, քանի որ ինձ բռնելը այդքան էլ հեշտ գործ չէր և անպայման անարդյունք մռթմռթում էի, որ դա այդպես չէ) և վերջապես երբ հայկական ավանդական ձեռքերի ափերի խաղն էինք խաղում, նրա հարվածներն ամենաուժեղն էին, և ես դա հիշում էի մի օր․․․
Ասածս ինչ է, սիրելի՛ կանայք․․․
Հասկացա՛ք, թե ինչ է․․․


