Ցեղասպանության զոհերը

Ռուբեն Սևակը սովորել է Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետում․․․

Սիամանթոն եղել է Սորբոնի համալսարանի գրականության բաժնի ազատ ունկնդիր․․․

Դանիել Վարուժանը ավարտել է Գենտի համալսարանը․․․

Կոմիտասը սովորել է Բեռլինում մասնավոր կոնսերվատորիայում, այնուհետև՝ հաճախել է Բեռլինի կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին․․․

1915 թվականի ապրիլի 24-ի գիշերվա ընթացքում այլ շատ մտավորականների հետ ձերբակալվում և սպանվում են նրանք բոլորը․․․

Գրիգոր Զոհրապը եղել է գրող, փաստաբան-իրավաբան, թուրքական պառլամենտի պատգամավոր․․․

Զոհրապը իր բոլոր ջանքերը գործադրում է իր հայրենակիցներին, հայ մտավորականության գենոֆոնդը և իր ընկերներին փրկելու համար․․․

Որոշ ժամանակ անց նա ևս ձերբակալվում է և սպանվում․․․

Հայը նման ինտելեկտուալ գենետիկ հարստություն ունի․․․

Այս հարստությունը մեր մեջ է, որը պետք չէ մոռանալ․․․

Շեքսպիրի գիրքը

Խաչիկ Դաշտենցը 5 տարեկան էր, երբ նրան «բախտ վիճակվեց» բռնել գաղթի ճանապարհը Սասնա լեռներից մինչև Արևելյան Հայաստան։

Գաղթի ճանապարհին ինչ-որ մի տեղում 5-ամյա Խաչիկը գրքերի կույտից վերցնում է Շեքսպիրի աշխատությունները անգլերեն և հետը բերում մինչև վերջ․․․

Այնուհետև որբանոցից որբանոց է անցնում և իր վերջնական տունը գտնում այժմյան Գյումրիի ամերիկյան որբանոցում։

Խաչիկ Դաշտենցը, բացի գրական ստեղծագործություններից, հայ ժողովրդին պարգևել է դասական գրականության մի շարք արժեքավոր գործերի թարգմանություններ անգլերենից։

Նա բանասիրական գիտությունների թեկնածու էր, թարգմանիչ և գրող․․․

Անգլերենը նրա ուժն էր․․․

․․․Խաչիկ Դաշտենցը եղել և մնում է Շեքսպիրի բազմաթիվ գործերի լավագույն թարգմանիչը․․․

Դե իսկ Արևմտյան Հայաստանից և գաղթի ճանապարհից մնացած միակ նյութական հուշը՝ Շեքսպիրի գիրքը, նա ոչ միայն չի կորցնում, այլև հատուկ խնամքով և սիրով պահում է մինչև կյանքի վերջ․․․

Մի նախանձի պատմություն․․․

Սովորելը նրա համար երբեք խնդիր չէր։ Փոքր հասակում նա սովորել էր իրենց բնակավայրին մոտ գտնվող գրեթե բոլոր վարժարաններում, իսկ նրա ընտանիքը բնակության վայրը հաճախ էր փոխում։ Այնուհետև սկսեց սովորել բոլոր հնարավոր համալսարաններում։ Մշտական կրթությունը դարձել էր նրա կյանքի անբաժանելի մասը։ Այն գիտելիքները, տեղեկությունները և խելքը, որը կուտակում էր իր խիստ հայկական ԳԼԽՈՒՄ, կիրառում էր միայն աշխատելիս, ստեղծագործելիս, արարելիս, բանավիճելիս կամ զրուցելիս։ Անազնվության մասին այդպես էլ գիտելիքներ չկուտակեց։ Դավաճանության ուսմունքը նրան հասու չեղավ։ Նորին մեծություն խորամանկությամբ բնությունը չէր օժտել նրան, իսկ նրա համալսարաններում դա չէին ուսուցանում։ Նվիրական ընկեր և խորհրդատու էր իր երիտասարդ հետևորդների համար։ Ապրում էր իր ԳԼԽՈՒՄ կուտակած խելքի շնորհիվ։

 

Նրա անունն էր Գրիգոր Զոհրապ․․․

 

Բնությունը չէր խնայել նրան նենգություն և խորամանկություն շնորհելիս։ Խելացի էր, ինչ խոսք, և կարողանում էր հաղթահարել կյանքի բոլոր այն դժվարությունները, որոնց բախվում էր իր անհաշտ և չար բնավորության պատճառով։ Տարիների ընթացքում կուտակել էր տեղեկատվության զգալի մի պաշար, որն օգտագործում էր պաշտոնական դիրքի առաջխաղացման ընթացքում։ Կրթվել առանձնապես չէր սիրում և դրա արժեքն էլ չգիտեր։ Բնության օժտած “առավելությունները” նրան դարձրել էին ապրող և զարգացող տեսակ։ Ազնիվ մարդկանց լուրջ չէր վերաբերվում և շահագործում էր՝ ըստ անհրաժեշտության։ Ապրում էր իր խորամանկության և նենգության շնորհիվ։

 

Նրա անունն էր Մեհմեդ Թալեաթ փաշա․․․

 

Կյանքի անտրամաբանական լաբիրինթը միացրել էր այս երկու անձանց, և նրանք մտերմացել էին։ Այդ հարաբերության շնորհիվ Զոհրապը հայերի հարցեր էր կարողանում լուծել՝ Օսմանյան մեջլիսի անդամ լինելով։ Թալեաթն էլ, հանգիստ լինելով Հայի ազնվությունից, վստահում էր նրան և առավելագույնս օգտագործում նրա ԳԼԽՈՒՄ կուտակված խելքը և գիտելիքները, որոնց ինքը չէր տիրապետում։ Նրանց “ընկերական” շփման ողջ ընթացքում Թալեաթը գիտակցում էր թշնամի ընկերոջ առավելությունները, ինքնավստահությունը և հանգստությունը, հայտարարում էր այդ մասին բոլորին, առանձնացնում Զոհրապին՝ որպես մտածողի։ Զոհրապն էլ Հային հատուկ “թուրքին հեշտ հավատալու” արդյունքում վստահում էր թշնամի ընկերոջը։ Այդ ընկերությունը կարճատև չէր և, հնարավոր է, չավարտվեր, եթե Թալեաթի գլխավորությամբ ապրիլի 24-ը չդառնար Հայոց օրացույցի սև ամսաթիվ։ Ձերբակալվեցին Զոհրապի ընկերները․․․ Ինքը՝ ոչ․․․

Դա էլ յուրօրինակ պատիժ էր, քանի որ Զոհրապը հույս ուներ, թե կփրկի նրանց։ Միանգամից շտապեց “ընկերոջ”՝ Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի մոտ։

Մի տարբերակի համաձայն Թալեաթը հանգստացնում է Զոհրապին, թե դա թյուրիմացություն է, և ինքը ամեն ինչ կկարգավորի։ Մեկ այլ վարկածով Զոհրապին առաջարկում է փախչել իր օգնությամբ, որը Զոհրապը չի ընդունում։ Իմ՝ գենետիկ Հայիս ինտուիցիան պնդում է, որ առաջին տարբերակն է եղելությունը։

Որոշ ժամանակ անց Զոհրապին իր լավագույն ընկերոջ՝ Վարդգեսի հետ ձերբակալում են նենգորեն և դավադրաբար․․․

․․․Թալեաթի հրամանով Հայ մեծ մտածող, մտավորական, գրող-հրապարակախոս և իրավաբան Գրիգոր Զոհրապին սպանել են ԳԼՈՒԽԸ քարկոծելով․․․

 

Հ.Գ. Թշնամիները չեն դավաճանում, ընկերներն են դավաճանում․․․

 

Ամենայն հայոց բանաստեղծը

Ցեղասպանությունից հետո բազմաթիվ գաղթականներ, ներառյալ անծնող ու որբ երեխաներ, հասնում են Էջմիածին՝ որպես հայ աստծո բնակավայր․․․

Արդարության պահանջը, գոյատևման բնազդը և փրկության հույսը այլ ուղի չէր թողել այդ մարդկանց համար․․․

Էջմիածնի փողոցներում և վանքի բակում գետնին ծվարած էին բազմաթիվ հայեր՝ անտուն, անոթի, անհույս և անօգնական․․․

Էջմիածնում էր Թումանյանը, ով եկել էր հայ գաղթականներին օգնելու և նրանց ապագայի հարցերին որևէ լուծում գտնելու նպատակով։

Թումանյանի խնդրանքով ամենայն հայոց հայրապետը թույլ էր տվել գաղթականների մի մասին ժամանակավորապես տեղավորել Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Շողակաթ եկեղեցիներում, բայց դեռ գաղթականների մի մեծ զանգված փողոցում էր․․․

Սկսվում է անձրև․․․

Թումանյանը արդեն մի քանի օր էր, ինչ դիմել էր կաթողիկոսին, որպեսզի թույլ տան գաղթականներին այս անգամ արդեն բնության վնասներից ապաստան գտնել վեհարանում․․․

Կաթողիկոսը թույլ չէր տվել․․․

Արդեն անձրևի ժամանակ Թումանյանը վիճաբանում և շատ կոպիտ է խոսում կաթողիկոսի հետ՝ պահանջելով, որ բացեն վեհարանի դռները, ինչին ի պատասխան կաթողիկոսը ասում է․

  • Քեզ հետ խոսում է ամենայն հայոց կաթողիկոսը․․․
  • Իսկ քեզ հետ խոսում է ամենայն հայոց բանաստեղծը ,- հնչում է պատասխանը՝ Թումանյանին դարձնելով ամենայն հայոց իրական բանաստեղծը և հայասերը․․․

․․․Վեհարանի դռները բացվում են՝ հայ աստծո հովանու տակ առնելով հայոց հնարավոր ապագան ու հայոց արևի ծագումը․․․

Ոչ սովորական կյանք

․․․Լինել Երևանում և կարոտել Երևանը․․․
Կարոտել եմ Կասկադը շաբաթ կամ կիրակի առավոտյան կամ թեկուզ աշխատանքային օրվա ավարտին՝ մարդկանցով լցված․․․
․․․ Աբովյան փողոցը՝ նեղլիկ, միշտ լեցուն և թեկուզ շինարարության մեջ․․․
Կարոտել եմ նույնիսկ իմ չսիրած Հյուսիսային պողոտան․․․
Չեմ գտնում նույնիսկ այն բառը, որը կբնութագրի իմ զգացողությունը դեպի Սարյան փողոցը․․․
Կարոտել եմ մարդկանց, ովքեր միմյանցից չէին վախենում ու զզվում․․․
Կարոտել եմ մարդկանց, ովքեր ավելի բարի էին և միմյանց չէին մեղադրում․․․
Կարոտել եմ իմ անիմաստ և աննպատակ քայլելը Երևանի փողոցներով․․․Ինչ-որ մի պահի ցանկացած վայր, խանութ, սրճարան մտնելը և դուրս գալը, գրախանութ գնալը առանց որևէ նախնական պլանների, այնտեղ պտտվելը այնքան, որքան ես կուզենամ․․․
Կարոտել եմ իմ սիրած սուրճի միշտ հնարավոր լինելը, առանց մեղքի զգացումի և առանց օրինազանցի զգացողության դրսում լինելը․․․
Կարոտել եմ շաբաթ-կիրակի օրերին սպասելը և հետաքրքիր պլաններ կազմելը, այդ պլանները իրագործելը․․․
Կարոտել եմ իմ ազատությունը, որը ոչնչով չի փոխարինվում․․․
Կարոտել եմ այն կյանքը, որը սովորական էր թվում, բայց պարզվում է, թե, բնավ, սովորական չէր․․․

***

Եվ վրձինները կանգ առան օդում․․

Եվ գրիչները կոտրվեցին․․․

Եվ քանդակները շունչ չառան․․․

Եվ տարիներով կուտակված փողերը փոշիացան․․․

Եվ տարիներով հավաքված փառքն ու ամբոխները զրոյացան․․․

Եվ ցորենի դաշտերը սևացան․․․

Եվ կակաչների դաշտերը գունազրկվեցին․․․

Եվ ցերեկը գիշեր դարձավ, իսկ արևը՝ մութ․․․

Եվ ծխնելույզները չծխացին․․․

Եվ կյանքի իմաստը հարցականի տակ դրվեց ու դուրս չեկավ․․․

 

․․․Երբ մանուկ մնաց անծնող․․․

․․․Երբ տարեց ծնող մնաց աներեխա․․․

․․․Երբ երիտասարդ հարազատի անդառնալի կորուստ եղավ․․․

․․․Երբ ծնվեց երեխա աշխարհի որևէ անկյունում, որը ճանաչելու էր սով ու զրկանք․․․

․․․Երբ եղավ պատերազմ, որից անմեղներն էին դժբախտանալու, իսկ մեղավորները՝ հարստանալու․․․

 

Իսկ մնացածը ամռան տապին պատուհանի ներսի կողմից տզզացող ճանճի պես կնյարդայնացնի այնքան, մինչև չենք ծուլանա, տեղից վեր կկենանք, կսատկացնենք կամ կքշենք, որ գնա․․․

 

 

Կյանքը հոսում է և չի սպասում․․․

․․․Ու նեղլիկ փողոցներով, հին ու նոր շենքերով հոսում է կյանքը․․․

Հոսում է ու չի սպասում․․․

Յուրաքանչյուր պատուհանից ներս տիրում է սերունդների պատմություն, ինչ-որ ներկա ու հնարավոր ապագա․․․

Քայլում ես փողոցներով, նայում անցորդներին, ճաղավանդակներին, շենքերին ու տներին ու հասկանում ես, որ կյանքը հենց այն ամենն է, ինչ ընթանում է նրանցից ներս ու դուրս․․․

Աչքդ ընկնում է շենքերի միջև ծածանվող լվացքներին ու հասկանում ես, թե այդ տանը ովքեր են ապրում․․․ Տեսնում ես նորածնի գուլպաները և ուրախանում, որ այդ տանը երջանկություն կա․․․

Մյուս տան պատուհանի վառ ծաղկավոր վարագույրը վկայում է այն մասին, որ այդ տանը բնակվում է մեկը, ով գիտի կյանքը պայծառ դարձնել․․․

Մյուս պատուհանից տարածվող նորաթուխ գաթայի բույրը դրդում է մի քիչ ավելի երկար մնալ նույն կետում և, եթե ժամանակին դաստիարակության մի քանի դասից բացակայած լինեիր, միգուցե և հյուր գնայիր այդ ընտանիքին իբր պատահաբար, որ համտեսեիր աշխարհի ամենահայկական ու ամենահամեղ գաթան մեկ գավաթ սև դառը սուրճի հետ միասին․․․

Հաջորդ տանից լսվում է տատիկի ու թոռնիկի համատեղ նվիրումը հայերենի տառերը սովորելուն և ուրախանում ես, որ կրթությունը կարևոր է ընտանիքում․․․

Լսվում են նաև բղավոցներ․ որոշ մարդիկ ճիգեր են գործադրում, որ միմյանց հասկանան․․․

Լսվում է լռություն․ այդ մարդիկ արդեն միմյանց հասկանալու հույս չունեն․․․

Փողոցով արագ քայլում է երիտասարդ մի աղջիկ ականջակալներով, մտախոհ ու առանց շրջապատին ուշադրություն դարձնելու․․․ Մտածում ես, որ միգուցե կարևոր մեկին կկորցնի տեսադաշտից․․․Դիմացից անցնում է այդ կարևոր մեկը՝ հայացքը հեռախոսին հառած ու չի պատկերացնում, որ չդարձավ կարևոր մեկը․․․

Մեկը, իրենց պատշգամբի թախտին կիսապառկած, սոցիալական ցանցերն է թերթում, պարբերաբար բացում իր մտքերում անընդհատ թափառողի էջերը և նյարդայնանում, թե նա ինչու նորություններով չի կիսվում․․․ Նրա մտքերում անընդհատ թափառողն էլ նյարդայնանում է, թե իրեն ինչու չի զանգում․․․

Ինչ-որ մեկը նստած է հիվանդանոցի միջանցքում և գիտի, որ իմաստ չունի իր այդտեղ մնալը․․․Նրա հետ նստած են հարազատները ու ձևացնում են, թե իմաստ ունի իրենց այդտեղ մնալը․․․

Ինչ-որ մեկ ուրիշը արդեն երրորդ օրն է, որ լիարժեք երջանիկ է, քանի որ գնել է ամենանոր հեռախոսը․․․Թե չէ մինչ այդ կյանքը կյանք չէր․․․

Իսկ այն մյուսը արդեն որերորդ շաբաթն է նյարդայնացած է, որ ամուսինը չի գնել ավելի թանկ զարդը․․․

Ֆուտբոլի դաշտում խաղացող պատանիներին ես տեսնում ու հասկանում, որ ապագա զինվորներն են, և նրանց ծնողներն ամեն օր հիշում են դրա մասին․․․

Տեսնում ես անցնող տատիկ-պապիկին ու գիտակցում, որ դա մի ամբողջ գրքի պատմություն է․․․

Տեսնում ես անատամ ու ծեր բեռնակրին ու հասկանում, որ դա արդարության վրիպումն է․․․

Հետո կողքովդ վազում են ու ծիծաղում երեք ակտիվ երեխա ու տեսնում ես, որ նրանց գլխավորողի կոշիկները ամենահինն են, ու հենց նա է նրանց միջից ամենաուրախը այդ պահին․․․

 

Կյանքը հոսում է և չի սպասում․․․

Կյանքը հոսում է առանց ճիշտ ու սխալ որոշելու, առանց արդարության ու անարդարության վճիռների, առանց լավի ու վատի․․․

Կյանքը հոսում է և չի սպասում․․․

Իսկ ամեն ինչ նույնն էր

… Իսկ ամեն ինչ նույնն էր՝ ներսում, դրսում, հոգում, շրջապատում…

Աշուն էր՝ գունավոր, լուսավոր, ջերմ ու անքամի…

Հոգին հին թափառողն էր, միտքը՝ հին կայունը…

Անցել էր գրեթե տասը տարի կամ ավելի շատ… Ժամերը, օրերը, տարիները կարևոր չէին նրա համար…

Ամեն ինչ նույնն էր, բացի տարեթվից և մազերի գույնից…

Եվ մի քիչ էլ «բեռն» էր շատացել…

Հոսել էին անհամար զգացմունքներ, անհետացել էին մարդիկ, հայտնվել էին նորերը, հիշողության մեջ խարանվել էին պահեր, էության մեջ ներթափանցել էր ամեն ինչ…

Նորացել էր զգեստապահարանը, լավացել էր արտաքին տեսքը, թեյ էր ավելի քիչ խմում…

Ամեն ինչ գրեթե նույնն էր, ուղղակի հոգին էր խորացել դեպի անհունություն, և հայացքն էր խորացել մինչև անտեսանելի կածաններ:

Ոչինչ չէր փոխվել այնպես, որ հնարավոր լիներ բացատրել:

Ոչինչ չէր եղել նշանավոր և պատմական:

Եղել էին պահեր, երբ նպատակների իրականացման պահին շունչը չէր բավականացրել և հաղթանակներ, որոնց չէր էլ սպասել…

Եղել էին մարդիկ, ում հետ հանդիպելիս կրծքավանդակում ցավ էր զգացել…

Եղել էին մարդիկ, ովքեր ծնկած վիճակում ձեռք էին մեկնել և օրեր, երբ ծնկած վիճակից ինքնուրույն էր բարձրացել,

Եղել էին վայրեր, որտեղով անցնելիս հայացքը ներքև էր հառել…

Եղել էին հեկեկոցներ առանց արցունքների և արցունքներ առանց հեկեկոցների…

Եղել էր ծիծաղ և ուրախություն, զարմանք և հիասթափություն…

Եղել էին օրեր, երբ կրկին հավատացել էր, որ աշխարհը հնարավոր է փոխել և պահեր, երբ հուսահատությունն էր կլանել աշխարհը…

Եղել էին օրեր, երբ փոխել էր ինչ-որ մեկի աշխարհը դեպի լավը և պահեր, երբ ինքը հիմնահատակ ավերել էր ինչ-որ մեկի աշխարհը…

Եղել էր ամեն ինչ և չէր եղել ոչինչ պատմական կամ նշանավոր…

Արդյունքում ամեն ինչ նույնն էր մնացել, քանի որ ինքը նույն իրատեսն էր մնացել, իսկ իրերը և մարդիկ նույնն էին մնացել…

Հարավ…

Երբ ասում են հարավ, ես պատկերացնում եմ ներքև…

Երբ ասում են հորիզոն, ես պատկերացնում եմ Արարատը…

Երբ ասում են հյուսիս, ես ցուրտ եմ զգում…

Երբ ասում են սեր, ես տաղտկալի հավասարակշռության խախտում եմ զգում…

Երբ ասում են ընկեր, ես հանգստություն եմ զգում…

Երբ ասում են արևելք, ես ասիական երկրների ուտելիքն եմ հիշում…

Երբ ասում են կյանք, ես իմաստություն եմ պատկերացնում…

Երբ ասում են արդարություն, ես անապագա ու սոված երեխաների եմ հիշում…

Երբ ասում են արևմուտք, ես նյութական լավ կյանքն եմ պատկերացնում…

Երբ ասում են Արևմտյան Հայաստան, ես մեր կորցրած «պայծառ» ապագան եմ երազում…

Երբ ասում են Արցախ, ես իմ չարած պարտականություններն եմ հիշում…

Երբ ասում են մամա, ես չկրկնվող ջերմությունն եմ հիշում…

Երբ ասում են երազանք, ես իմ չկատարված երազանքներն եմ հիշում, և չգիտես, թե ինչու կատարվածները չեմ հիշում…

Երբ ասում են «ի՞նչ ես մտածում», ես նյարդայնանում եմ…

Երբ ասում են հանգստություն, ես լռություն եմ շնչում…

Երբ ասում են երջանկություն, ես ազատության ճախրանքն եմ վայելում…Compass_Rose_English_South.svg

Հայի գենը

…Հայի գենը ծաղրողներին կարելի էր հրավիրել հայաճանաչման դասընթացի, իսկ հետո հավերժ ճանապարհել հեռավոր «լավ ու բարեկիրթ աշխարհ»…

…Հայի գենը…

Հայի գենը սեփական հողին անմնացորդ նվիրումն է…

Հայի գենը սեփական հողի հետ մահանալը սարսափելի չհամարելն է…

Հայի գենը մայրական նվիրական բնազդը, երեխայի նկատմամբ սիրո բարձրագույն դրսևորումը, աննկարագրելի խնամքն ու հոգատարությունն է…

Հայի գենը հայրական բարձր պատասխանատվության զգացումն է, մի քիչ չարտահայտվող, բայց շատ մեծ սերն ու մինչև խորը ծերություն երեխայի համար ինչ որ բան անելու ձգտումն է…

Հայի գենը մինչև կյանքի վերջը ծնողներից իրենց ստացած ջերմությունը, սերը ու հոգատարությունը վերադարձնող զավակներն են…

Հայի գենը երեխայի ու ծերի նկատմամբ անհարց ուշադրությունն է…

Հայի գենը մեր երկինք հառված հավատն է պայծառ ապագայի, արդարության և ազնվության հաստատման մասին…

Հայի գենը մեր պահպանողական ու մաքսիմալիստական վերաբերմունքն է գրքասիրության նկատմամբ…

Հայի գենը մեր հայերենը պահպանելն ու աստվածային համարելն է…

Հայի գենը հայերենը չաղավաղելն է…

Հայի գենը կանանց ներկայությամբ հայհոյանքի բացառումն է…

Հայի գենը օտարության մեջ Հայկականը տարածելն է…

Հայի գենը հայկական պարի տղամարդկային խրոխտությունն ու կանացի նազանքն է…

Հայի գենը հայկականը ճանաչելն է հեռավորությունից՝ հայ աչքերը, հայ մարդուն, հայ նկարը, հայ երաժշտությունը, հայ եկեղեցին, հայ էությունը…

Հայի գենը Արարատը պաշտելն է…

…Հայի գենը, ցավոք, նաև ցեղասպանությունը կրողն է…

Իսկ մնացյալը, դժբախտաբար, այլ մշակույթների և պետությունների բացասական ազդեցությունն է, որը պետք չէ խառնել իրական արժեքների և հայկական իրական դրսևորումների հետ…

41747_b