Պայծառ ապագայի կերտման դժվարությունների մասին – Շարունակություն

1990-ականների սկիզբը բոլորն են հիշում։ Հիշում են որպես մութ և ցուրտ տարիներ, անլույս, անգազ և անջուր․․․ Եթե միջին վիճակագրական եվրոպացուն 1 ժամ զրկեն էլեկտրաէներգիայից, ապա, շատ հավանական է, որ նա մշակութային այնպիսի շոկ ապրի, որից մահվան դեպք գրանցվի։ Բայց արի ու տես, որ Հայ մարդը կարող է գոյատևել առանց բոլոր հարմարությունների, ավելին՝ հենց այդ ընթացքում տանել իր գոյության ընթացքում արձանագրված սակավաթիվ հաղթանակներից ամենախրոխտը։ Այս ազգն ամեն դեպքում անբացատրելի է․ չունի լավ ապրելու մոտիվացիա, բայց գոյատևում է ոչ մարդկային պայմաններում ու չգիտի, թե ինչի համար։

Այդ նույն տարիներին ապրած ցանկացած հայ կարող է պատկերացնել, թե ինչ կնշանակեր ինքնաթիռի տոմս գնել, մանավանդ, որ տոմս ամեն տեղ չէր վաճառվում։ Հենց նույն պայմաններում ապրող իմ ընտանիքը պիտի լուծում գտներ ինձ Ռուսաստանի մի շրջանից Հայաստան հասցնելու համար, քանի որ ես յուրաքանչյուր զանգի ընթացքում կամ ասում էի, որ իրենք գան կամ իրենք գան ու ինձ տանեն։ Լիլիթն էլ միշտ հիշում է, որ անընդհատ իրեն եմ ասել, որ գա․․․

Այդ զանգ ասվածն այդքան էլ հեշտ չէր։ Հեռախոս կար միայն մեր ճաշարանում, ուր մենք գնում էինք օրական երեք անգամ, և մերոնք, ինչպես նաև մյուս երեխաների “մերոնք” պիտի հասցնեին այդ ընթացքում զանգել։ Դե բայց, իհարկե, իմ ընտանիքը գրավում էր առաջատար դիրքերն այս հարցում։ Դեկտեմբերի առաջին օրերին մերոնք ասացին, որ մոտակա օրերին մեր հարևանի տղան, ով ապրում էր Մոսկվայում, կգա իմ ետևից և կտանի։ Դե դա իմ ամենաերջանիկ օրերից մեկն էր։ Մի քանի օր անց, իրոք, այդ տղան իր ընկերոջ հետ եկավ։ Իմ իրերը նախօրոք հավաքել էինք, ինձ օգնել էին մեր գիմնազիայի ավագ սան աղջիկները շատ բարեխղճորեն և տաք հագցրել (դա էլ մեր ընտանիքի հիշողություններում կա)։ Եվ մենք մեքենայով ուղևորվեցինք Մոսկվա, այդ տղայի տուն, որտեղ ինձ մի կարգին հայկական սեղան էր սպասվում։ Կերուխումից հետո գիշերվա կեսին արդեն գնացինք օդանավակայան, որտեղ սկսվում էին իսկական արկածները։ Ես չգիտեի, թե ինչպես եմ գալու Հայաստան… Ես՝ շատ ցածրահասակ, այդ տղան՝ շատ բարձրահասակ, քայլում էինք մի դռնից մյուսը, որտեղ նա ինչ-որ հարցեր էր ճշտում, որոնք ես չէի լսում, բայց հասկանում էի, որ բարդություններ կան․․․ Այս խեղճը մի լավ տանջվեց իմ ձեռքը։ Ձեռքիցս բռնած մոտենում էր տարբեր ռուս ոստիկանների, անվտանգության աշխատողների կամ չգիտեմ նրանք այդ թվերին ինչ էին կոչվում, ինչ-որ բան էր խնդրում, որը դրանք անդրդվելի կերպով չէին անում։ Վերջապես մոտեցավ մեկին, ինձ հեռացրեց, ինչ-որ բաներ խոսեց, պայմանավորվեց ընդունված ձևերով, որից հետո դա համաձայնվեց։ Այնուհետև, իմ իրերը և ինձ փոխանցեց այդ պարոնին, ով ինձ շարունակեց ուղեկցել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանի միջանցքներով մինչև օդանավ՝ ավելի կոնկրետ օդաչուների խցիկ, որտեղ իրականում հազիվ օդաչուներն են տեղավորվում։ Ես տեղավորվեցի շտուրմանի (կներեք այս պահին հայերեն բառը չգիտեմ) աթոռին և դեռ կարգին չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Այս անհասկանալի վիճակը միանգամից ստացավ իր լուծումը, երբ խցիկ մտավ օդաչուական համազգեստով մի տղամարդ (իսկ այդ համազգեստից ես շատ էի տեսել), ով ինձ լայն ժպտաց․․․ Պապայիս երկարամյա ընկերն էր և օդանավի հրամանատարն էր․․․ Գրկեց, ճշտեց սոված եմ, թե չէ, բայց մինչ այդ պատահած մյուս Հայն արդեն հասցրել էր ինձ մի չորս օրվա համար կերակրել, ու ես նստած մնացի շտուրմանի աթոռին, իսկ թե շտուրմանն ուր նստեց, ճիշտն ասած, չեմ հիշում։

Բանն այն է, որ ես պիտի թռչեի անտոմս՝ խորհրդային ժամանակներում “նապաստակ” կոչվող կարգավիճակով։ Պիտի վերադառնայի Հայաստան ինքնաթիռի հրամանատարի հովանավորությամբ, իսկ նրան ինձ պիտի ինչ-որ ձևով հասցնեին, քանի որ ինքը չէր հասցնի դուրս գալ և ինձ տանել․․․

Օդանավը թռավ՝ բերելով իր հետ մի երեխայի, ով մինչև վերջին հնարավոր ջանքը պայքարում էր իր իրական ցանկությունների համար։ Իսկ այդ օրն աննկարագրելի էր և հրաշալի, քանի որ ցանկությունը կատարվում էր։ Որոշ ժամանակ անց ինձ արդեն տարան և տեղավորեցին օդանավի հարմարավետ աթոռի՝ մի երիտասարդ զույգի կողքի։ Ես անտանելի հոգնած էի ու միանգամից քնեցի, իսկ երբ արթնացա, տեսա, որ այդ զույգը պահել էր ինձ համար ուտելիք, որի ազնվամորու ջեմն առայսօր հիշում եմ։ Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես ջեմ կյանքիս ընթացքում գումարային երևի 10 անգամ եմ կերել և հիմնականում հանգստյան տների նախաճաշերի ժամանակ, իսկ ազնվամորի տանել չեմ կարողանում, նույնիսկ հիվանդ ժամանակ չեմ օգտագործում․․․

Օդանավը վայրէջք կատարեց իմ Հայաստանում․․․ Օդանավն ամբողջությամբ դատարկվեց, իսկ ես մնացել էի մինչև հրամանատարը գար։ Ինձ մինչև տուն խոստացել էր տանել․․․ Մամաս հիշում է, թե ինչպես է գիշերվա կեսին մեր պատուհանից նշմարվել մեր տուն բերող փոքրիկ կամրջի վրայով անցնող կանաչ մեքենան․․․

Դե հնդկական հանդիպում չէր, քանի որ մեր ընտանիքը շատ հայկական զուսպ ընտանիք էր՝ հատկապես զգացմունքների արտահայտման տեսանկյունից։

Իհարկե, այդ օրը շատ հարցեր էին ուղղվում մի երեխայի, ով առանձնապես խոսել չէր սիրում։ Մինչև հիմա էլ առանձնապես չի սիրում և, աստված մի՛ արասցե, դրդեն խոսել այն պահին, երբ հատկապես չի ուզում։ Բայց այդ օրը խոսում էի անդադար, պատմում էի հիմար ու խելոք բաներ, պատմում էի բնությունից, երեխաներից, պարում էի ու խոսում․․․ Խոսում էի ու պատմում բաներ, որոնք հիմա աղոտ եմ հիշում, բայց որոնք կարևոր էին այդ պահին․․․ Խոսում էի ու պատմում լամպի լույսի ներքո, վառվող վառարանի ջերմացրած սենյակում, քանի որ էլեկտրաէներգիան անջատված էր, ջեռուցման հնարավորություն չկար։ Դա բնավ չէր խանգարում իմ երջանկությանը, չնայած ես եկել էի տաք և լուսավոր երկրի տաք ու լուսավոր սենյակից․․․

Եվ այդ օրվանից հասկացա, որ ոչ մի վառվող էլեկտրական լամպ և  չի փոխարինում ընտանեկան ջերմությանը և մարդու մեջ բոցավառվող լույսին․․․

Ոչ մի պայծառ ապագա չպիտի հանգցնի այսօր մարդու մեջ բոցավառվող լույսը, անկախ նրանից, թե այդ մարդը երեխա է, թե մեծահասակ։ Մարդուն ապրելու հնարավորություն է տալիս նրա ներքին լույսը, որը, ի սեր աստծո, մի՛ սպանեք հանուն երեսուն տարի հետոյի հնարավոր հաջողությունների։ Կյանքն այսօր է և այստեղ, եղե՛ք սիրելի մարդկանց հետ, նրանց կողքին, արե՛ք այն, ինչ սիրում եք, մի՛ զսպեք ցանկություններ, որոնք մի օր դրդելու են անել այն, ինչ չեք արել տարիներ շարունակ․․․ Մի՛ հանգցրեք ներքին կրակը․․․

 

Պայծառ ապագայի կերտման դժվարությունների մասին

Իմ կյանքի մի հետաքրքիր փուլ է իննամյա հասակում Ռուսատանի Նորոֆոմինսկ շրջանի մի ճամբարում մենակ անցկացրած երեք ամիսները։ Ասում են, թե մարդը կոչում է “հետաքրքիր” մի երևույթ, որը “վատ” կոչել չի ուզում, բայց վստահաբար “լավ” էլ չի համարում։

Սերժ Ջիլավյան անունով մի հարուստ և լավ Հայ որոշել էր Ռուսաստանում ստեղծել հատուկ իր ազգանունը կրող գիմնազիա, որտեղ կսովորեն հայ շնորհալի երեխաներ։ Այդ երեխաներին ընտրում էին բավական խիստ քննությունների և հարցազրույցների արդյունքում։ Տեղերը սահմանափակ էին, իհարկե։ Գիմնազիան արդեն մի տարի գործում էր, երբ մեր ընտանիքն իմացավ դրա մասին։ Եթե չեմ սխալվում, քրոջս ընկերուհու եղբայրն էր խորհուրդ տվել (իսկ հիմա արթուն մարդ չկա, որ հաստատ ճշտեմ)։ Ընդունելության բոլոր վերջնաժամկետներն անցել էին, երբ ինչ որ միջոցառման վերջում (նորմալ չեմ էլ հիշում, թե ինչ միջոցառում էր) փողոցում ինձ հետ հարցազրույց էին անցկացնում։ Իմ հարցազրույցն էապես տարբերվեց այլ երեխաների հարցազրույցներից։ Ես փողոցում՝ ծնկիս վրա տետրում ինչ-որ բաներ էի գրում և փողոցում պատմում էի հունական դիցաբանություն, որն իմ տարերքն էր այդ տարիքում, քանի որ ամբողջ օրը կարդում էի, վերընթերցում, մտածում լեգենդների և աստվածների մասին, ապրում նրանցով։ Արդյունքում՝ ինձ ընդունեցին գիմնազիա։ Ծնողներս կայուն և լավ ապագա էին ուզում ինձ համար, միանգամից ուզում էին հնարավորություն տալ լավ միջավայրում սովորելու և խելացի երեխաների հետ շփվելու։ Ես ուրախ էի այդ պահին։ Հետո տխուր էի։ Ես կասեի, որ շատ տխուր էի։ Հետո պայծառ ապագան ինձ չէր խանդավառում “առանց մամայի” ներկայի պարագայում։ Ամեն դեպքում երեխան մի քիչ չի պատկերացնում, թե ինչու է պետք տանջվել այսօր ինչ-որ լավ ապագայի համար․․․ Այսօր կասեմ, որ կուզենայի՝ դա ինձ հետ պատահած չլիներ։ Ասում են, թե ամեն ինչ մեզ տրվում է ինչ-որ բանի համար, ինչ-որ դաս սովորելու համար։ Առայսօր չեմ հասկանում կյանքիս այդ փուլի դասը։ Եվ թո՛ղ աշխարհի բոլոր փիլիսոփաները և հոգեբանները կոչեն ինչ ոչ բավարար խելացի և պարտվող տեսակ, բայց ես, իրոք, կուզենայի դա պատահած չլիներ․․․

Դե լավ, դա չի կարևորը․․․

1993-ի սեպտեմբերի 9-ին ես ու մայրիկս մեկնեցինք Մոսկվա, որտեղ մի քանի օր ապրեցինք մեր բարեկամների տանը։ Ամենադժվար տարիներն էին ամբողջ հայ ազգի, այդ թվում՝ մեր ընտանիքի համար։ Մոսկվայի կացության ընթացքում պարզորոշ հիշում եմ մի օր, երբ ես ու մամաս խանութ էինք գնացել, ու մամաս գնեց ինձ համար մի տիկնիկ ու հեքիաթների գիրք (որը աններելի կերպով մոռացա ճամբարի իմ դարակում և մինչև այսօր հիշում եմ)։

Մեր գիմնազիան տեղակայված էր նախկին մի ճամբարում, որը գտնվում էր ռուսական շատ գեղեցիկ անտառում։ Ռուսական շատ բարձր ծառերով, նրանց միջից թափանցող կիսաարևոտ երկնքով, նեղլիկ ու գրքային արահետներով, վազվզող սկյուռիկներով և ռուսական հյուղակներով անտառ էր։ Հիմա, երբ հիշում եմ, հասկանում եմ, որ արտակարգ գեղեցկություն ուներ այդ անտառը, որի արահետները մեզ տանում էին ճաշարան, ուր մենք այցելում էինք օրը երեք անգամ։ Այնուամենայնիվ, այդ ժամանակ ես ատում էի այդ ամեն ինչը, քանի որ արդյունքում մամաս էլ վերադարձավ Հայաստան ու ես մնացի մենակ։ Ապրում էինք երեխաներով և ուսուցիչներով, կիսատ-պռատ դաս էինք անում, հաց էինք ուտում, գնում էինք խաղալու, երեկոյան դիսկոտեկաներ էինք կազմակերպում, երգում, պարում, խաղում։ Ամեն ինչ ուրախ էր հիմնականում, բայց ես այնքան էի կարոտում, որ ինձ ընդհանրապես չէին երջանկացնում այդ խանդավառ զբաղմունքները։ Դրանք ընդամենը ժամանակն անցկացնելու միջոց էին։ Իսկական տոն էր, երբ երեխաներից մեկի ծնողը գալիս էր։ Հիշում եմ, երբ երեխաներից մեկի մաման եկել էր, դրամապանակից հանեց մի 10 դրամանոց թղթադրամ ու ասաց․ “Երեխանե՛ր, մենք արդեն մեր ազգային փողն ունենք”։ Այդ 10 դրամանոցը բոլորի ձեռքերով անցավ, և այսօրվա պես հիշում եմ, երբ ես կարդացի “Կենտրոնական բանկ” բառերը, որոնք ինձ այդ պահին ոչինչ չասացին։

Դե, իհարկե, մերոնք, բոլորի հետ մի բան ինձ ուղարկում էին։ Ավելին ասեմ, հերիք չի իմ մաման ինձ հետ համարյա կես ամիս մնաց, հետո էլ երկու անգամ հայրս եկավ մի քանի օրով։ Ամենաշատ այցելվող և զանգվող անձը ես էի։ Առաջին անգամ, երբ հայրս եկել էր, զուգադիպել էր մեր ճաշի ժամին, և ռուս պահակը նրան ասել էր, թե մենք արդեն ճաշարան ենք գնացել, և որ նա շենքում սպասի մեզ։ Իսկ ես հենց այդ օրը չէի գնացել ճաշելու, քանի որ պառկել, քնել էի։ Հայրս էլ ընդունարանում մի ահագին սպասել մինչև տղաներից մեկը պատահաբար շուտ եկել և ասել էր նրան, որ ես վերևում եմ։ Չնկարագրեմ իմ ուրախությունը․․․ Եվ իմ թեթևությունը, երբ նա ինձ օգնեց քամել իմ ջինսից շալվարը, որը երբեք չէի կարողանում նորմալ անել․․․

Կյանքը հետաքրքիր է իր դժվարություններով, որոնք թույլ են տալիս գնահատել լավ օրերը․․․ Միգուցե ենթագիտակցորեն մենք մեր կյանք ենք բերում այդ դժվարությունները, որ կարողանանք ինչ-որ պետքական դաս քաղել․․․ Կամ ոչ մի բան էլ չենք անում, նրանք են գալիս․․․

Ամեն դեպքում կյանքն այն է, ինչ կա․․․ Եվ այն ապրել է պետք ամբողջությամբ և հնարավոր ողջ խորությամբ․․․

Հ.Գ.Վերադարձս Հայաստան մի ամբողջ պատմվածք է, որը մի օր ևս կգրեմ․․․

***

I want to fly to the times you haven’t been born yet!
I want to move to the places you haven’t ever been!
I want to live with the people who have never known you!
I want to delete all the memories I have in my head right now!
And then and there I want to be a person I AM after meeting you!!!

…Մի նախանձի պատմություն․․․

th6UY2Z0Q3Սովորելը նրա համար երբեք խնդիր չէր։ Փոքր հասակում նա սովորել էր իրենց բնակավայրին մոտ գտնվող գրեթե բոլոր վարժարաններում, իսկ նրա ընտանիքը բնակության վայրը հաճախ էր փոխում։ Այնուհետև սկսեց սովորել բոլոր հնարավոր համալսարաններում։ Մշտական կրթությունը դարձել էր նրա կյանքի անբաժանելի մասը։ Այն գիտելիքները, տեղեկությունները և խելքը, որը կուտակում էր իր խիստ հայկական ԳԼԽՈՒՄ, կիրառում էր միայն աշխատելիս, ստեղծագործելիս, արարելիս, բանավիճելիս կամ զրուցելիս։ Անազնվության մասին այդպես էլ գիտելիքներ չկուտակեց։ Դավաճանության ուսմունքը նրան հասու չեղավ։ Նորին մեծություն խորամանկությամբ բնությունը չէր օժտել նրան, իսկ նրա համալսարաններում դա չէին ուսուցանում։ Նվիրական ընկեր և խորհրդատու էր իր երիտասարդ հետևորդների համար։ Ապրում էր իր ԳԼԽՈՒՄ կուտակած խելքի շնորհիվ։

Նրա անունն էր Գրիգոր Զոհրապ․․․

Բնությունը չէր խնայել նրան նենգություն և խորամանկություն շնորհելիս։ Խելացի էր, ինչ խոսք, և կարողանում էր հաղթահարել կյանքի բոլոր այն դժվարությունները, որոնց բախվում էր իր անհաշտ և չար բնավորության պատճառով։ Տարիների ընթացքում կուտակել էր տեղեկատվության զգալի մի պաշար, որն օգտագործում էր պաշտոնական դիրքի առաջխաղացման ընթացքում։ Կրթվել առանձնապես չէր սիրում և դրա արժեքն էլ չգիտեր։ Բնության օժտած “առավելությունները” նրան դարձրել էին ապրող և զարգացող տեսակ։ Ազնիվ մարդկանց լուրջ չէր վերաբերվում և շահագործում էր՝ ըստ անհրաժեշտության։ Ապրում էր իր խորամանկության և նենգության շնորհիվ։

Նրա անունն էր Մեհմեդ Թալեաթ փաշա․․․

Կյանքի անտրամաբանական լաբիրինթը միացրել էր այս երկու անձանց, և նրանք մտերմացել էին։ Այդ հարաբերության շնորհիվ Զոհրապը հայերի հարցեր էր կարողանում լուծել՝ Օսմանյան մեջլիսի անդամ լինելով։ Թալեաթն էլ, հանգիստ լինելով Հայի ազնվությունից, վստահում էր նրան և առավելագույնս օգտագործում նրա ԳԼԽՈՒՄ կուտակված խելքը և գիտելիքները, որոնց ինքը չէր տիրապետում։ Նրանց “ընկերական” շփման ողջ ընթացքում Թալեաթը գիտակցում էր թշնամի ընկերոջ առավելությունները, ինքնավստահությունը և հանգստությունը, հայտարարում էր այդ մասին բոլորին, առանձնացնում Զոհրապին՝ որպես մտածողի։ Զոհրապն էլ Հային հատուկ “թուրքին հեշտ հավատալու” արդյունքում վստահում էր թշնամի ընկերոջը։ Այդ ընկերությունը կարճատև չէր և, հնարավոր է, չավարտվեր, եթե Թալեաթի գլխավորությամբ ապրիլի 24-ը չդառնար Հայոց օրացույցի սև ամսաթիվ։ Ձերբակալվեցին Զոհրապի ընկերները․․․ Ինքը՝ ոչ․․․

Դա էլ յուրօրինակ պատիժ էր, քանի որ Զոհրապը հույս ուներ, թե կփրկի նրանց։ Միանգամից շտապեց “ընկերոջ”՝ Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի մոտ։

Մի տարբերակի համաձայն Թալեաթը հանգստացնում է Զոհրապին, թե դա թյուրիմացություն է, և ինքը ամեն ինչ կկարգավորի։ Մեկ այլ վարկածով Զոհրապին առաջարկում է փախչել իր օգնությամբ, որը Զոհրապը չի ընդունում։ Իմ՝ գենետիկ Հայիս ինտուիցիան պնդում է, որ առաջին տարբերակն է եղելությունը։

Որոշ ժամանակ անց Զոհրապին իր լավագույն ընկերոջ՝ Վարդգեսի հետ ձերբակալում են նենգորեն և դավադրաբար․․․

․․․Թալեաթի հրամանով Հայ մեծ մտածող, մտավորական, գրող-հրապարակախոս և իրավաբան Գրիգոր Զոհրապին սպանել են ԳԼՈՒԽԸ քարկոծելով․․․

P.S. Թշնամիները չեն դավաճանում, ընկերներն են դավաճանում․․․

Սիրո անստեղծ կշեռքը

SONY DSC

Սերը տարբեր է և ուրիշ․․․

Ես հավատում եմ, որ մարդիկ սիրում են տարբեր խորություններով և բարձրություններում․․․ Այդ պատճառով էլ մի մարդու սերն առաջնորդում է, մյուսին՝ խանգարում․․․ Նույնիսկ տարբեր մարդկանց նույն մարդը սիրում է տարբեր կերպ․․․

Ոչ մի ապացույց չունեմ, ինչպես չունի ապացույց հակառակը պնդող մարդը․․․ Բարեբախտաբար դեռ ոչ մի գիտնական չի ստեղծել երկու մարդու սիրո չափերի համեմատման սարքավորում կամ կշեռք, աստված մի՛ արասցե, թե մի օր ստեղծի․․․ Եվ մի օր էլ հանկարծ Հայը գտնի այդ սարքավորմանը կամ կշեռքը խաբելու ձևը․․․

Իրական սերն այն է, ինչ հնարավոր չէ շոշափել, բայց բոլորը գիտեն, որ անհուն է, ինչ ոչ ոք երբեք չի տեսել, բայց բոլորը համոզված են, որ գեղեցիկ է, ինչը գին չունի և չափելի չի, ինչը չի վաճառվում և չի գնվում․․․

Իրական սերը չի գնվում, գնվում է մարմին և լավ վերաբերմունք, գնվում է արտաքին տեսք և ժպիտ, առանձնատուն և կահկարասի, հագուստ և ժամանց, իրական սերը չի գնվում․․․

Սիրո սցենարները սովորաբար տարբեր են, ձեռքբերումները և կորուստները՝ ևս․․․

Դու սիրում ես, քեզ սիրում է, Ձեզ ծայրահեղ սովորական կամ ծայրահեղ գերբնական մարդ եք համարում և խիզախում եք հաղթահարել համատեղ կենցաղի և սիրո մարման երկյուղի ճանապարհը կամ չեք հաղթահարում, բայց գոհ եք մնում Ձեզանից․․․

Արդյունքում աշխարհը փոխվում է դեպի դրականը․․․

Դու սիրում ես, նա սիրում է, բայց շատ եսասեր եք և մնում եք Ձեր ստեղծած անիմաստ “բարձունքին” կանգնած կամ շատ վախկոտ եք, և դժվարությունները համարում եք անլուծելի․․․

Արդյունքում աշխարհը զարմանում է, թե ինչպես է նման անխելք կերպարներ տանում իր հետ․․․

Դու սիրում ես, քեզ չի սիրում․․․

Նա սիրում է, դու չես սիրում․․․

Ցավը նրանում է, որ վերջին երկու սցենարները սովորաբար միասին են իրականություն դառնում, քանի որ կյանքն ի վերջո պիտի հավասարակշռություն մտցնի զգացմունքների տիեզերական համակարգում․․․

Արդյունքում համակերպվում ես մեկի հետ, ում չես սիրում և ով քեզ չի սիրում․․․ Սեր չի լինում, լինում է ինչ-որ բան, որ քեզ համոզում ես, որ այդքան էլ վատ “սեր” չէ, կայուն է և վստահելի․․․ Ինչ-որ չափի և ինչ-որ պահի հավասարակշռվում եք․․․ Համակերպվում ես ամեն օր մի քիչ մահանալու հետ, համակերպվում ես կյանքդ զոհաբերելու հետ հանուն ոչ այդքան վատ “սիրո” և թվացյալ կայունության․․․

Եվ օրեր են մթնում կյանքի թվացյալ կայուն և սարսափելի միջին նոտաներում՝ հոգու խորքում կուտակած և չլուծած հարցեր ունենալով․․․

Մարդն ամեն դեպքում հնարավորություն ունի կատարյալ մարդ դառնալու, եթե իր կյանքի ընթացքում հաջողություն ունենա սիրո տարբեր սցենարների մասնակից լինելու, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր գնահատել և վայելել այն սերը, որն աշխարհը կփոխի դեպի դրականը․․․

Ապրիլի 24-ին ընդառաջ․․․

Ազգիս հայրենասիրական շաբաթն սկսվեց, որն իր կտրուկ սկզբի պես կտրուկ էլ կավարտվի․․․ Դա սովորաբար այլոց ազդեցության կամ ուղղակի օրացույցի օրվա հետևանք է։ Արարատի նկար, Հայոց դրոշ, Հայ երեխա՝ այտին Հայ դրոշ, անմոռուկ, Հայ դրոշը թշնամական դրոշներին աքացի տալիս, պատմության մեկ հատոր պակաս, խրոխտ մտքեր սպանվածների և կոտորվածների մասին․․․
Ոչ մի վայրկյան ինձ չեմ առանձնացնում ազգիցս, քանի որ ես էլ եմ նրա մասնիկը և ես էլ եմ նրա վատ ու լավի կրողը․․․ Ցավոք, նաև վատի․․․ Եվ բարեբախտաբար նաև լավի․․․
Ոչ երկար և ոչ շատ խորը ապրած կյանքիս ընթացքում հասկացել եմ մի բան․ թուրքերին փնովելն ու միայն մեր ընկերների շրջանակում քննադատելը չի լուծելու այդ խնդիրը։ Նախորդ հիսուն տարվա ընթացքում հույսներս Շարլն էր, վերջին հինգ տարում՝ Քիմ Քարդաշյանը․․․ Ժամանակն է գիտակցել, որ այդ խնդրի լուծումը մեր ուժերից վեր է և այդ խնդրից կառչած մնալը ազդարարում է մեր վերջնական կործանումը։ Ազգովի ուզում ենք Արևմտյան Հայաստանի հողերը, երբ Արևելյան Հայաստանի հողն էլ արդեն չենք մշակում։ Եվ գիտե՞ք ինչու չենք մշակում։ Չենք մշակում, քանի որ “Դժվար է․․․”, ինչպես նաև մեր հորեղբորորդին Ռուսաստանից գումար է ուղարկում։ Անձամբ ես եմ լսել բազում գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներից։ Իհարկե, դժվար է և, իհարկե, հորեղբորորդին, ամոթից ու դարերով եկած անիմաստ պատասխանատվությունից դրդված, դա անում է, բայց նրա հայաստանյան բնակիչ բարեկամը չի գիտակցում, որ Ռուսաստանում նրա աշխատանքն էլ է դժվար․․․ Նույնը հիմա մենք բոլորս ենք անում․ հույսներս դրել ենք Քիմ Քարդաշյանի վրա, որ նրա ֆեյսբուքյան ստատուսից տարին մեկ անգամ թուրքերը դողում են։ Բայց մեր թշնամին դարեր շարունակ մեզ շատ ավելի լավ է ճանաչել, քան մենք նրան։ Նա գիտի, որ դա տարին մեկ անգամ է, առավելագույնը՝ մեկ շաբաթ․․․ Մենք մեր թշնամու մասին ոչինչ չգիտենք։ Մենք նույնիսկ կրիտիկական զանգվածի թուրքագետներ և թուրքերեն իմացողներ էլ չունենք, քանի որ բոլոր հարցերին վերաբերում ենք զգացմունքային, նեղացածությամբ և, ցավով պիտի նշեմ, մշտապես զոհի կարգավիճակում։ Իմ երեխան թուրքերեն չպիտի խոսի, դրանք ով են, որ ես նրանց մասին կարդամ և այլն։
Սիրտս ճաքում է, բայց պիտի հայտարարեմ, որ արդեն “Ով են” և “Ով են”, քանի որ մենք ծուլացել ենք և նեղացել, ալարում ենք և տեղից չենք շարժվում, քանի որ մոտիվացիա չունենք, քանի որ պիտի մեջբերեմ ինձ համար ատելի, սակայն հայոց մեջ շատ ընդունելի արտահայտությունը՝ “մեջը փող չկա”։ Ավաղ, քանի որ հայրենասիրության պակաս կա։ Հայրենասեր ազգը երբեք-երբեք չէր ունենա “Սա երկիր չի” արտահայտությունը։ Երկիրը երկիր է, մարդիկ մարդ չեն․․․ Դավաճանում ենք միմյանց դարերով, պատմականորեն, հարվածներ հասցնում միմյանց մեջքից, ամենաանսպասելի պահին, նախանձում անխտիր բոլորին։ Փառաբանում ենք ետնաբեմում դավաճանության գաղտնի սցենարներ մշակողներին, նրանց համարում ենք խելացի և բանիմաց։ Ազնիվ և անկեղծ մարդուն համարում ենք պարզամիտ և անպիտան․․․ Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք․․․
Քանի դեռ մենք մեր մեջ չենք գտել և սպանել չարը, լինելու ենք այս վիճակում․․․
Հ.Գ. Հազիվ եմ ինձ զսպում, որ որոշ մարդկանց չասեմ․ “Դու արժանի չես Արարատի նկարով ինքնահաստատվելու և Հայ կոչվելու, քանի որ դու հենց երեկ ինձ՝ Հայիս, մեջքից հարվածել ես՝ դրանով իսկ նպաստելով թուրքերի հաղթանակին”․․․

…տպագրիչի չկայացած կարիերայի, պաղպաղակի և ձախողված կինոդիտման մասին…

Մանկությանս տարիներին իմ բոլոր քույրերն ինձ տանում էին տարբեր տեղեր, և քանի որ նրանք ինձանից ահագին մեծ էին, ես մշտապես հայտնվում էի ինձանից տարիքով բավական մեծ միջավայրում, որտեղ ինձ ուզում էին կամ կոնֆետ ուտեցնել կամ արտասանեցնել։ Կոնֆետ առանձնապես չէի սիրում, իսկ արտասանելու մի քանի հիշվող դեպքերն ինձ համար իմ մութ անցյալի բաղադրիչ են կազմում։ Ես անպայման մի անկյունում նստում էի մռայլ դեմքով և սպասում էի մինչև տուն կգնանք։ Իրականում դա արվում էր ինձ համար, որպեսզի ես չձանձրանամ տանը, բայց դե ես էլ՝ անշնորհակալս, փորձում էի հնարավորինս ավիրել ամեն ինչ արագ տուն հասնելու համար։

Մեծ քույրս՝ Մարգարիտան, աշխատում էր մեր տանը մոտ գտնվող կաթնամթերքի արտադրության բավական լավ գործարանում, և ես շատ հաճախ նրանց անձնակազմի պատվավոր հյուրն էի։ Թվում է, թե ոչ մի հետաքրքիր բան չկա երեխայի համար կաթնամթերքի գործարանում, բայց արի ու տես, որ այնտեղ կային զբաղմունքի մի շարք հետաքրքիր տեսակներ։ Խորհրդային շրջանի վերջին տարիներն էին, և գործարանում դեռ կիրառվում էին գրամեքենաներ։ Ամեն այցելության ժամանակ ես պարտադիր նստում էի քրոջս գրամեքենայի դիմաց և տպում էի ճանաչած և չճանաչած տառերս այնպիսի լրջությամբ, որ տեսնողին կթվար, թե այդ գործարանն այլ աշխատողներ չունի։ Այդ ժամանակ ավելի արագ էի տպում, քան այսօր՝ ժամանակակից ավելի զարգացած տեխնիկայի պարագայում։ Բայց այդ այցելությունների հետ կապված ամենատպավորիչ հիշողությունն այդտեղ արտադրված մեծ պաղպաղակներն էին, որոնք քրոջս գործընկերներն ինձ հյուրասիրում էին։ Ամեն դեպքում մարդը սիրում է իրեն յուրահատուկ զգալ, և սա այդ դեպքերից էր․ հասկանալ, որ դա բոլորին հասանելի չէ, և քո նկատմամբ կա հատուկ վերաբերմունք։ Այդ պաղպաղակից ավելի համեղը ես կերել եմ Մյունխենում, այն էլ, կարծում եմ, մյունխենյան օրս էր անչափ հաճելի անցել, և արդյունքում պաղպաղակն էլ էր հրաշք թվում։

Եվ իմ մանկության ամենազավեշտալի այցելություններից մեկն էլ առաջին անգամ կինոթատրոն գնալն էր: Երկրորդ քույրս՝ Լիլիթը, իր դասարանի հետ 10-րդ դասարանում պետք է գնար կինո դիտելու և, իհարկե, Լիգիան կինո այցելողների ցանկը գլխավորում էր։ Նա՝ որպես մեծ քույր ուզում է իր փոքր քրոջ կյանքը լեցուն պահել և ամեն տեղ տանել, որ հանկարծ երեխան մի բանից ետ չընկնի, անպայման տպավորվի և ուրախանա։

Այդ օրը 10-րդ դասարանն իր մնացած աշակերտներով՝ կազմ-պատրաստ, խմբավորված ընկերներով, ընկերուհիներով, իրար սիրահարվածներով, ծիծաղով և անկառավարելիությամբ, ազատության ժամանակավոր հաճույքը վայելելով և ապագայի մասին չանհանգստանալով, և մեր Լիլիթը, մի մժեղ իր պատասխանատվության տակ վերցրած և ընդհանուր խմբից հետ ընկնելով, գնում են կինոթատրոն։ Երբ մոտենում են տոմսարկղին, տոմսավաճառը նկատում է ինձ և շատ տարօրինակ հայացքով նայում Լիլիթին, բայց նա պատճառը չի հասկանում (այս մասը ես ընդհանրապես չեմ հիշում, Լիլիթի հիշողություններից է)։ Հիշում եմ պարզ, երբ բազմած էի մութ կինոթատրոնի աթոռին և նայում էի շուրջս։ Վերջապես սկսվեց ֆիլմը՝ “Փոքրիկ Վերան”, որը  խորհրդային փլուզման վերջին տարիներին նկարահանված բավական ծանր ֆիլմ է, որում առաջին անգամ ռուսական ընտանիքը ներկայացված է իր բոլոր թերություններով։ Մի երկու տարի առաջ փորձեցի նայել, հեշտ չէր և կասեի նույնիսկ հնարավոր չէր։ Բայց դա չի կարևորը։ Կարևորն այն է, որ Լիլիթը, լսելով ֆիլմի անունը մտածում է, որ ճիշտ իմ տեղն է։ Իսկ այդ ֆիլմում բավական շատ էին բաց տեսարանները, որտեղ Փոքրիկ Վերան իրեն բնավ Փոքրիկի պես չէր դրսևորում։

Եվ մի 10-15 րոպե անց Լիլիթը որոշում է, որ մենք պիտի լքենք կինոթատրոնը, քանի որ այդքան էլ հարմար չի Փոքրիկ Վերայի օրինակը փոքրիկ Լիգիայի համար կամ այդքան էլ հարմար չի լինի հետո նայել հարցեր պարունակող աչքերին, նույնիսկ, եթե այդ հարցերը բառեր չեն դառնալու։ Պարզ հիշում եմ, թե ինչպես էինք անցնում լեցուն կինոդահլիճի նստարանների միջով, և ինչպես էի ես այդ ընթացքում ուշադիր նայում էկրանին առկայծող կինոդիտման՝ այդ պահին ինձ համար վերջին կադրերին:

 

…about being strong…

Sometimes I am getting surprised how human heart and soul can absorb so much stress, unfairness and difficulties… And in the same time person should stay kind, generous and strong…
They say what doesn’t kill us makes us stronger… And what is the definition of a strong person?
Someone who succeeds in work, someone who bears too much in life, someone who faces challenges with confidence, someone who fails and gets up many times, someone who isn’t afraid of anything, someone who wins always… All these people usually forget about happiness…
I don’t want to be strong and spend so much heart and spirit on it. They can be used much wisely, believe me
I do want to be happy. I want to make people happy. And I want everyone to be happy.
However we don’t define the rules of life and we have to take our role in this world. We are not God and we have to live and being strong is the base of living.
So let’s try to be happy and strong simultaneously.

…the day is today…

Life is one and we should live it and enjoy it as much as it’s possible. However mostly we waste it on worries, bad thoughts, anger, jealousy and bad ambitions.
We wait for the appropriate moment to accomplish our goals or to find desirable work, we are too busy to dream or to love, we are too ambitious to show our love or to talk about it, we prioritize work, power and status versus love and inner peace, we believe in our bad thoughts and we don’t trust our pure feelings, we think that this is not the right moment or circumstance, we are sure that the right moment or circumstance will come, we believe that bright future has other colors, we make our life unhappy by delaying our opportunity to be happy to other moment…
The right moment is today and now! The right things are what we want and what we know. No one knows us better than ourselves. No one wants more happiness to us than ourselves but we prefer to use others opinions and experiences as we think that the thing is right if it happens often.
I can state from my not very rich experience that all the right things I did and all the right moments I used were unusual for most of the people!
The only important thing is that we have to believe in what we do, we have to trust our mental strength and spiritual feelings, we have to make our happiness basing on our own desires and wishes…
…And we have to do it today and here…as life is one and we should live it as deep as we can…

Ես շատ կուզենայի վստահաբար հաստատել, թե կյանքը միշտ լավն է, բարի ու գեղեցիկ, բայց ավաղ վատի, չարի և անգեղի առկայությունն է միայն թույլ տալիս մեզ գնահատել դրա դրական կողմերը։ Միակ բանը, որ կարող եմ պնդել․ ամեն դեպքում կյանքը հետաքրքիր է իր իրադարձություններով․․․