Տղամարդ տղամարդկանց և կանացի կանանց մասին

Պատմականորեն հայ հասարակությունը տղամարդկանց նկատմամբ իր պաշտամունքը հասցրել է գրեթե աննկարագրելի մակարդակի։ Վստահ եմ, որ շատ ընթերցողներ հիմա կհիշեն աֆրիկյան մի շարք ազգերի, որոնք ունեն տղամարդկանց մեծարման ավելի հիվանդ համակարգեր։ Հնարավոր է, և ես չեմ բացառում իմ սխալ լինելը, բայց ես դեռ ոչ մի լեզվում չեմ լսել “տղամարդ աղջիկ” արտահայտությունը՝ որպես գովեստի խոսք կամ մարդկային իդեալին հավասարեցնող արժանիք․․․

Խորապես ներողություն խնդրելով ազգիս լավագույն տղամարդկանցին՝ պետք է արտահայտեմ հանդուգն կարծիքս․ “Տղամարդ աղջիկ” արտահայտությունը նույնքան հաճելի է ինձ, որքան տղամարդուն “կանացի տղամարդ” որակելը։

Ավելի տխուրն այն է, որ կանայք էլ են դա համարում առավելություն և արժանիք, ձգտում են հասարակության տեսանկյունից լինել “տղամարդ”։

Հարգելի կանա՛յք, եղե՛ք կանացի, մի՛ շեղվեք բնությունից և բնության Ձեզ տրված դերից։ Ինչ էլ անեք, որքան էլ Ձեզ տանջեք և փորձեք դրսևորել տղամարդկային հատկանիշներ (ոչ մի կերպ չեմ հասկանում՝ ինչու), միևնույն է հաջողությունն աննշան է լինելու։ Կանացի լինելը հեշտ չէ, բայց շատ ավելի հավանական է: Գեղեցիկ զգեստով, խնամված արտաքինով, բարի էությամբ և բնական ժպիտով Ձեր հաջողության հնարավորություններն անհամեմատ ավելի մեծ են, քան պայքարի դաշտում ճղճղալով պայքարելիս։

Հարգելի տղամարդի՛կ, տղամարդ լինելն էլ հեշտ գործ չի և չի սահմանափակվում անձնագրում տպագրված մեկ տառով: Մի հեշտացրե՛ք Ձեր կյանքը՝ Տիգրան Մեծի հիշողությունների վրա հիմնվելով․․․ Եթե ուզում եք որակվել իրական տղամարդ, եղե՛ք տղամարդ․․․

․․․Թո՛ղ կանայք լինեն կին, իսկ տղամարդիկ՝ տղամարդ․․․

Կյանքն այն է, ինչ կա․․․

11742855_10207533569802375_7681454199369203548_n

Եթե չլիներ հայոց մեծ եղեռնը, ես ծնված կլինեի Արևմտյան Հայաստանում…

Իմ հոր ծնողները Սասունից էին ծագմամբ, մորս ծնողները՝ Սուրմալուից և Մուշից, այնպես, որ Արևելյան Հայաստանում ծնվելու տարբերակ չունեի։

Կյանքն այն է, ինչ կա…

Երկուսն էլ բարդ ընտանիքներից են եղել։ Հայրս կորցրել է իր հորը 6 ամսականում, մայրս՝ 17 տարեկանում։ Երկուսն էլ բնատուր խորը լրջություն ունեն… Այսօրվա դատելու և մտածելու իմ կարողությունների սահմաններում կարող եմ վստահաբար հաստատել, որ նրանց լրջությունը և խորաթափանցությունը մոտ տասն անգամ ավելի է, քան պետք է ծախսել այս սրիկա և կեղծավոր աշխարհում․․․ Միգուցե մի քանի տարի հետո հերքեմ ինքս ինձ…

Հայրս հինգ երեխաներից փոքրն էր, մայրս՝ հինգ երեխաների ավագը։ Հայրս շատ վատ էր ապրել մինչև 17 տարեկանը, մորս կյանքն ավիրվեց 17 տարեկան հասակում, երբ կորցրեց իր հորը։

Կյանքն այն է, ինչ կա…

Հայրս չէր վախենում ոչնչից, նույնիսկ կարող էր օձ որսալ առանց տատանման։ Առնվազն ինձ համար ճիշտ է մտածել, թե չէր վախենում ոչնչից… Արտաքուստ և բացահայտ վախենում էր միայն շներից, քանի որ մոտ մեկ տարեկան հասակում բակում խաղալիս շունը հարձակվել էր, և մինչև ավագ եղբայրը կհասցներ փրկել, կծել էր այտը։ Դեմքի զուգահեռ սպիերը նրա հետ էին մինչև վերջ։ Նոր ծանոթներին թվում էր, թե հայրս քրեական աշխարհի կարևոր ներկայացուցիչ է, բայց սպիերն ընդամենը մանկությունից բերված անհավասար մարտի և անուժության հետևանքն էին։

Մայրս միշտ վախենում է մեզ համար, որ հանկարծ մեզ մի բան չպատահի, ընդ որում՝ այդ մի բանն ամեն ինչ է՝ սկսած մեր տրամադրության թեթև տատանումից մինչև աշխարհի փլուզումը։ Հիմա էլ, երբ միասին փողոց ենք անցնում, ձեռքս բռնում է․․․Եվ որ ամենակարևորն է, ես ինձ այդ պահին առավելագույնս պաշտպանված եմ զգում․․․այս աշխարհում, այս արևի տակ և այս հողի վրա…

Հանկարծակի կամ ակնթարթային սեր չի եղել, ծանոթացրել էին նրանց, երբ հայրս արդեն օդաչու է եղել, մայրս՝ ուսանողուհի։ Այդ պահին մայրս հոգսաշատ ընտանիքի ծանրակշիռ ավագ երեխան էր։ Գեղեցիկ, հանգիստ, բնական․․․ ծով կապուտաչյա և սպիտակամաշկ։  Հայրս թուխ էր, հայկական խիտ ունքերով, արտահայտիչ մուգ աչքերով… Հայ տղամարդ էր…

Դե բայց գրքային կամ ֆիլմային դրվագներ նրանց կյանքում էլ են եղել։ Ուրիշները հորինում են, ես ուղղակի արձանագրելու եմ այն, ինչ եղել է․ այսօր առնվազն մեկ դրվագ…

Ծանոթությունից որոշ ժամանակ հետո հայրս մամայիս ասում է, որ այդ օրը երբ համալսարանից դուրս գան, սպասեն ընկերուհիներով, քանի որ ինքը գալու է… Մամաս իր երկու ընկերուհիների հետ ահագին սպասում է համալսարանի բակում, նա ուշանում է։ Եվ հանկարծ ի՞նչ… Համալսարանի շենքի վերին անկյունից հայտնվում է սավառնող օդանավը, որը տևական ժամանակ պտույտներ է անում համալսարանի տարածքը ծածկող երևանյան երկնքում՝ ուրվագծելով երկու բարդ ընտանիքների լուրջ զավակների միավորման ոչ հեշտ հորիզոնը…

Հետո՞։

Հետո՝ մենք մեր ոչ կապույտ աչքերով, երբեմն հորից, երբեմն մորից ժառանգած գեներով, երբեմն երկնքում երազելիս, երբեմն հողին կառչած իրականությունը վայելելիս…

Հետո՞։

Հետո՝ թոռնիկները․․․ Մեկը՝ պապիկի դիրքով քնելիս, տատիկի դեմքով, մեկը՝ պապիկի անունով և կարծրատիպերով, տատիկին անսահման սիրող, մեկը՝ պապիկի նման բռնկվող, տատիկից անցած ստեղծագործական գեներով և միակ աղջիկ թոռնիկը՝ ծով կապույտ աչքերով…

Կյանքն այն է, ինչ կա…

 

Միայնակ կինը՝ “կանացի հոգս”

Զգացել եմ մի օրինաչափ վերաբերմունք հայոց հասարակության մեջ միայնակ կանանց նկատմամբ: Միայնակ ասելով՝ նկատի ունեմ կնոջ, ում լքել է նրա ամուսինը հիմնավոր և անհիմն պատճառներով: Նրա բարդ կյանքը, երեխային կամ երեխաներին որոշակի նպատակների հասցնելու “դյուրին” ուղիները, վաստակած կամ հայթայթած փողը, չապրած օրերը միանգամայն համարվում են կանացի խնդիրներ և դուրս են հայ արիական շատ տղամարդկանց օրակարգից: Նրա զգացմունքները, չքնած գիշերները, էլ ուր մնաց արցունքները, ընդհանրապես համարվում են աղջկական և զուտ կանացի դրսևորումներ, որոնց հետ տղամարդն առնչություն չունի: Էլ չասած, որ մեղքի մեծ մասը բաժին է ընկնում կնոջը ոչ ի պաշտոնե, բայց փաստացի բարոյականության դատավորների կողմից․․․

Եկե՛ք դերերը ճիշտ բաժանենք և ճիշտ խաղանք: Թո՛ղ կինը մնա կին, տղամարդն էլ՝ տղամարդ:

Հայի սերը

Զգացել եմ, թե Հայ մարդն ինչ տարօրինակ ձևով է արտահայտում իր սերը։ Հանդգնում եմ մտածել նաև, որ տարօրինակ էլ սիրում է, բայց շատ դժվար կլինի համեմատությունն իրականացնել զգացողությունների մակարդակում։ Շատ հայերից եմ լսել, թե ինչպես են զսպում իրենց դրական զգացմունքները դրա իրական սեփականատիրոջից։ Ախր ա՛յ մարդիկ, երբ Դուք ինչ-որ մեկին սիրում եք, դա միայն Ձեր  շնորհքը չի, ավելին, այդ զգացմունքը պատկանում է ուրիշին և Դուք գրեթե գողություն եք անում՝ այն թաքցնելով։

Տիկնիկներ 2

Փոքր ժամանակ ես բավական ինքնամփոփ և լռակյաց երեխա էի, սիրում էի խաղալ մենակ կամ կոնկրետ ինձ հաճելի մի քանի երեխայի հետ։ Իմ խաղալիքները վստահում էի միայն ընտրյալների և չէի սիրում, երբ ինձ ոչ հաճելի երեխաներ մխրճվում էին իմ կողմից կերտված մանկական տնտեսություն և խախտում այնտեղ տիրող ներդաշնակությունը։ Ինքս չէի կոտրում կամ փչացնում ինչ-որ խաղալիք, այդ պատճառով էլ ինձ համար մահվան հավասար էր տեսնել, թե ինչպես օտար և անծանոթ ինչ որ երեխա կարող էր մի կողմ շպրտել սրբություն հանդիսացող իմ որևէ տիկնիկի։ Հնարավոր է՝ հոգեբանական մի դպրոց կամ ուսմունք սա անվանի “խոզություն” տեսական ինչ-որ անհասկանալի տերմինով, բայց դրան զուգահեռ պիտի լուծում տա իմ հոգեբանական տվայտանքներին, որոնք սովորաբար հավասարակշիռ և հանդարտ երեխային հասցնում էին անզորության վերջին մակարդակի։ Պայքարում էի ամբողջ ուժով “օտարների” դեմ։ Ժամանակի ընթացքում, ընտանիքի դաստիարակչական-բացատրական դասերից հետո (դե Լիգիա ջան, դու լավ բալիկ ես, նայի՛ր՝ ինչքան խաղալիք ունես, մեկը տուր, թող տանի, մենք քեզ նորը կգնենք…), սեփական որոշմամբ ձևավորել էի հյուր երեխաների համար խաղալիքների մի տպավորիչ պաշար, որոնք տրամադրվում էին առանց տվայտանքների։ Այնուամենայնիվ, այդ պաշարում տիկնիկներ չկային… Դրանք շատ կարևոր էին զիջելու համար։

Հիմա էլ է նույնը․ չեմ զիջում ամենաթանկը, չեմ զիջում ամենակարևորը, չեմ զիջում այն կամ ում, ինչի կամ ում նկատմամբ թույլ չեմ տա ոչ պատշաճ վերաբերմունք, չեմ զիջում այն կամ ում, առանց ինչի կամ ում կմահանամ, չեմ զիջում այն, ինչ այլևս չեմ վերադարձնի…Կյանքի ամենադժվար պահերին դրսևորվում է պաշտպանական ողջ էությունս իր դրական և բացասական հետևանքներով…

Եթե զիջում եմ հեշտությամբ, ապա դա անկարևոր էր կամ անարժեք…

Մեր ամառանոցը, որտեղ ես անցկացնում էի իմ ողջ ամառային կյանքը, ոչ ստանդարտ դիզայն ուներ, ինչն անսովոր էր խորհրդային ժամանակների համար։ Հայրս և հորեղբայրս, հանդիսանալով ոչ ստանդարտ և բավական ըմբոստ Հայ անձնավորություններ, որոշել էին մեր տունը կառուցել երկրաչափական սեղանի տեսքով, քանի որ այդպես մեր տունը ճանապարհի եզրով կլիներ։ Արդյունքում, տան երկու հարկերում կա եռանկյուն ոչ փոքր երկու սենյակ, որոնք ձևավորվել են մնացած սենյակները ստանդարտ ձևավորելու արդյունքում։

Եեեեեեվ, երկրորդ հարկի եռանկյուն սենյակը տրամադրվել էր ինձ՝ որպես խաղասենյակ։ Այն վերանորոգված էր տան մնացած սենյակների նման, ձևավորված էր գեղեցիկ վարագույրով, պատուհանի գոգին կար գեղեցիկ ծաղկաման։ Ինձ համար մեծ պատիվ էր, որ ինձ վստահել էին ոչ թե տան ոչ պետքական, այլ բավական նուրբ ծաղկաման։ Սենյակում կար փոքր բազմոց և սեղան, որոնք հայրս էր պատրաստել ինձ համար, պատից կախված էին պահարաններ, որտեղ տեղադրված էր իմ ամբողջ սպասքը, փոքր մահճակալ, որտեղ կարող էի պառկել, եթե ցանկություն ունենայի (բայց դե ես շատ զբաղված էի և պառկելու ժամանակ չունեի ։)։ Սենյակի մի պատի երկայնքի գրեթե կեսով տիկնիկներիս անկողինն էր՝ իր ողջ կառուցվածքով։ Մյուս պատի տակ տեղադրված էր “կենցաղային տեխնիկան”՝ սառնարան, լվացքի մեքենա, պահարաններ…

Կար մեկ-երկու երեխա, ով տարիների կուտակած վստահություն էր վայելում և հնարավորություն ուներ օգտագործել իմ հարստությունն առանց հարցերի և թույլտվության և մուտքի իրավունք ուներ մեր ամառանոցի իմ խաղասենյակ։ Նրանք ազատորեն առանց ինձ կարող էին մուտք գործել իմ աշխարհ, խաղալ ամեն ինչով, խաղալ որքան կուզենային, խաղալ ինչպես կուզենային…

Նրանք գիտեին իմ տիկնիկների անունները, նրանք չէին խախտում իմ տիկնիկների կյանքի ներդաշնակությունը, արդյունքում՝ նաև իմ մանկական կյանքի ներդաշնակությունը…

Մի զիջե՛ք կարևորը, մի՛ զիջեք Ձեզ հոգեկան հավասարակշռություն ապահովող ոչ մի հյուլե, մի զիջե՛ք այն, ինչ Ձեզ համար թանկ է։ Ըմբոստացե՛ք ուսմունքների, ընդունված անհասկանալի “ճիշտերի” դեմ… Աստծու սիրուն, ըմբոստացե՛ք հատկապես չարիք “միջինի” դեմ։ Մի՛ եղեք այնպիսինը, ինչպիսին Ձեր կողքինն է, եղե՛ք այնպիսինը, ինչպիսին Դուք եք…

Գեների դեմ պարտված պայքարողը

This slideshow requires JavaScript.

Իմ հոր ծնողները գաղթել են Արևմտյան Հայաստանից՝ ավելի կոնկրետ Սասունից։ Իմ ընկերները և մտերիմները գիտեն, որ ես երբեմն գլուխ եմ գովում, թե ես սասունցի եմ։ Լսողները կմտածեն, թե քեզանից ինչ սասունցի, եթե նորմալ հայկական քոչարի էլ պարել չգիտես, բայց մի օր միգուցե ասողների “բախտը կբերի” և ինձ կտեսնեն սասունցու ծռության դրսևորման գագաթնակետում, և ես հաստատ բարձր կպահեմ իմ նախնիների պատիվը և ավանդը։ Չիմացողներին ասեմ, որ սասունցու ծռության խնդիրը նրանում է, որ մինչև դրա դրսևորման պահը տվյալ մարդը լրիվ հանգիստ, նորմալ մարդու տպավորություն է թողնում, կարող է տարիներ շարունակ հանդուրժել ինչ-որ բաներ և ցույց չտալ դժգոհություն, բայց մեկ վայրկյանում վերափոխվել կասկածելի ադեկվատությամբ մարդու, որն անկառավարելի է և անհասկանալի, և որ ամենակարևորն է՝ նա ոչ թե ինչ-որ բան է ուզում, այլ ընդհակառակը՝ նա այլևս ոչինչ չի ուզում, բայց դիմացինը պատասխան պիտի տա դրա համար․․․Բայց այդ “խեղճը” չի հասկանում՝ ինչի համար (իրականում այդ “խեղճը” հաստատ արժանի է, հավատացեք ինձ, ուղղակի միգուցե լավ կլինի, եթե մարդկային ձևով բացատրեն․․․)  Հարցը նրանում է, որ այդ ծռությունը մեկ վայրկյանում էլ կարող է անհետանալ, բայց ամեն դեպքում չեմ նախանձում հանդիպողին։

Տատիկս եղեռնի ժամանակ եղել է երեք տարեկան, և նրա մայրը բազմաթիվ երեխաներից կարողացել է փրկել մի քանիսին, այդ թվում՝ տատիկիս, ում իր մեջքին դրած գաղթել է ամբողջ ճանապարհը։

Պապիկս գաղթել է առանձին՝ իր ընտանիքի հետ և եղել է տատիկիցս 12 տարի մեծ։ Տատիկիս ընտանիքը բնականաբար ապրել է շատ վատ և որոշել են 12 տարեկան հասակում նրան ամուսնացնել պապիկիս հետ։ Հաշվի առնելով, որ նա դեռ երեխա է եղել՝ մի քանի տարի քնել է սկեսուրի հետ, որը շատ հոգատար և լավ կին է եղել։ Տատիկս պատմում էր, որ իր սիրելի ուտելիքն էր պատրաստում և իրեն տարբեր բաներ սովորեցնում։ Մանուկ ժամանակ, երբ տեսնում էի նրան, միշտ հիշում էի նրա ամուսնության պատմությունը և սարսափում դրանից։ Երբ մեծացա, սկսեցի հասկանալ, որ իրականում ողբերգությունը նրան 12 տարեկանում բավական լավ ընտանիքի “որդեգրման” հանձնելը չէր, այլ այն ցավն ու հիշողությունները, որոնք գենետիկորեն և գիտակցորեն արդեն մեր գեներում էր։ Եվ առայսօր ես չեմ կարողանում այդ գենի հախից գալ իմ մտքի, գիտակցության, հոգու ողջ ուժով և կարողությամբ։ Երազում եմ, որ աշխարհը մի օր տեսնի գենետիկորեն երջանիկ Հայի․․․

Հետո ունեցել էին հինգ երեխա՝ չորս տղա և մեկ աղջիկ։ Հայրս ծնվել է 1940 թվականին, ամենափոքրն էր ընտանիքում, բայց ծռությամբ չէր զիջում ավագներին և ոչ մի սասունցու։ Ավելի սասունցի էր․․․ Նույն տարում հայրը մեկնում է պատերազմ և չի վերադառնում․․․ Հետաքրքիր է, որ նման հազարավոր պատմություններ են եղել, և մենք դրանք կարդալիս կամ լսելիս խնդրի բարդությունը և ծանրությունը չենք պատկերացնում, քանի որ շատ ենք լսել․․․ Մի փոքրամարմին կին (ինձանից նիհար էր տատիկս) և հինգ երեխա․․․ Նա կարդալ էլ չգիտեր․․․Նա էլ էր ցեղասպանության բարդույթի կրողը, բայց ավելի դիմակայուն էր և ուժեղ, քան այսօր բազմաթիվ երիտասարդներ, ովքեր հիմնավորումների մի պատկառելի ցանկ ունեն, թե ինչու իրենց ունքամեջը չի բացվում։ Պաշտպանական ռեակցիան շատ ուժեղ էր, անասելի ոգի ուներ (ամբողջ գյուղը հաշվի էր նստում իր հետ), ինչը բերել էր իր հետ ծննդյան օրվանից մինչև կյանքի բոլոր բարդությունների վայելքի ավարտը։

Հայրս 15 տարեկանում միայնակ իրենց գյուղից եկել էր քաղաք և ինքնուրույն՝ առանց ծանոթների և կապերի, ընդունվել էր օդաչուների ուսումնարան և սովորել էր գերազանցությամբ։ Արդյունքում երկար տարիներ օդանավի հրամանատար էր։ Ուսման տարիներից ամենաուրախ պատմությունը օդապարիկով թռչելն էր, որը յուրաքանչյուր օդաչու պարտավոր էր անել սովորելու տարիներին երկու անգամ՝ մեկը՝ սկզբից, մյուսը՝ վերջում։ Երբ ես հարցրեցի հորս, թե “հաստատ առաջին անգամը դժվար է լինում, չէ՞”, մի պահ մտածեց ու ասաց․ “չէ, ինչ ես ասում, առաջին անգամը չես հասկանում ոչ մի բան, գնում քեզ գցում ես ցած, այ երկրորդ անգամը շատ ես վախենում”։ Հայրս էլ էր կյանքի դժվարությունների դեմ պայքարող տեսակ, մաքառում էր տիեզերքի, աշխարհի, կյանքի խաչմերուկներում և, ցավոք, հիմնականում հաղթահարելով արտաքին դժվարությունները, երբեմն տանուլ էր տալիս իր ներքին պատերազմներում․․․

Դե ես ավելի “թեթև” տեսակ եմ՝ մի քիչ պայքարում եմ, մի քիչ ապրում եմ, մի քիչ վայելում եմ, մի քիչ տխրում եմ, մի քիչ ուրախանում։ Երբեմն ցեղասպանությունից մազապուրծ եմ, երբեմն աշխարհին հաղթանակած․․․

Սասունցու գենը տատիկիս մեջ էր, հորս մեջ էր, իմ մեջ է և լինելու է իմ երեխայի մեջ․․․ Ցեղասպանության բարդույթը տատիկիս մեջ էր, հորս մեջ էր, իմ մեջ է և, ցավոք, լինելու է իմ երեխայի մեջ․․․

Ուրախանում եմ նրանից, որ այդ գենը և բարդույթը ամեն դեպքում, գնալով թուլանում են, և, իրոք, մի օր իմ երազանքը կիրականանա, և աշխարհը կտեսնի գենետիկորեն երջանիկ Հայի․․․

Հ.Գ. Նկարները Սասունից են՝ իրական Սասունից իրական սասունցիների կողմից նկարված:

Բարևի մասին

Ամենայն հավանականությամբ միայն հայերն ունեն “Բարև”-ին ձոնված բանաստեղծություն։ Անձամբ չեմ ստուգել, սակայն ինձ դուր է գալիս այն միտքը, որ միայն մենք ունենք այն։

Չնայած դրան՝ բարևել առանձնապես չենք սիրում․․․ Բարևողների տարբեր խմբեր եմ առանձնացրել ինձ համար․

1․ Աջուձախ բոլոր ծանոթներին բարևողներ, ովքեր իրենց բարևին ընդհանրապես արժեք չեն տալիս և բարևում են առանց շարժառիթների։

2․ Շատ կոնկրետ նպատակային բարևողներ, ովքեր սկսում են բարևել ինչ-որ աչքի ընկնող իրադարձությունից կամ ինչ-որ աչքի ընկնող մարդու հետ քեզ տեսնելուց հետո, բայց “աստեղային” պահից հետո ոչ երկար ժամանակով, այսինքն՝ իրենց կողմից սահմանված վաղեմության ժամկետում։

3․ Իրենց պետք եկած պահին բարևողներ, ովքեր այդ պահին կարող են բոլոր հնարավոր մեթոդներով հմայել քեզ, միայն թե իրենց անհրաժեշտ խնդիրը լուծվի։ Նրանց չի կանխի նույնիսկ այն փաստը, որ մեկ օր առաջ տեսել, նայել է դեմքիդ և չի բարևել։

4․ Ինչ-որ պահից հետո չբարևողներ, ում ամեն անգամ տեսնելիս ուզում ես կանգնեցնել և ճշտել, թե կոնկրետ որ աչքն ես հանել կամ պապերդ իր պապերին ինչքան գումար են պարտք եղել, որ այդպես էլ չեն վերադարձրել։ Կամ նյարդերը չեն ներում կամ այդքան կարևորություն չենք տալիս կամ դաստիարակությունը թույլ չի տալիս դա անել․․․

5․ Եվ ինձ համար ամենասարսափելի խումբը, որը բարևում է գլխի, աչքերի կամ բերանի աննշան շարժմամբ՝ վկայելով “նորին մեծության”՝ քո գոյության իրավունքի ճանաչման փաստը։ Սովորաբար սրանք այն մարդիկ են, ովքեր չեն կարողանում հավատալ իրենց գոյությանը․․․

Դե ժպիտով բարևն ընդհանրապես մեծ շռայլություն և մեծահոգություն է Հայոց մեջ՝ նախատեսված ոչ բոլորի համար, բայց հայերիս ժպտալու անկարողությունը միանգամայն այլ թեմա է․․․

Հիմա ասածս ինչ է , ի՛մ լավ բարեկամներ։ Բարևելուց դեռ ոչ ոք չի նահատակվել, կարծես թե հոսպիտալացման դեպքեր էլ չեն եղել։ Բարևե՛ք ձեր ծանոթներին, մասնավորապես՝ մեզ՝ նվաստներիս, քանզի մի օր մի բան պետք կլինի․․․Ձեր արիական արյունը կների ձեզ թեկուզ ձեր “մեծահոգության” համար։

 

 

 

…about empathy and love…

This is my first attempt to write in English although writing in Armenian has become the most important and effective way of my self realization. It’s a part of my inner happiness and calmness. So today’s essay is one of my rare English ones and it has a reason.

I wanted to write about “empathy” and “love”. I couldn’t find an appropriate translation for this word which  explains the real meaning of “empathy”.

Firstly I learned the meaning of this word during a specific training on Philosophy. I thought it is the ability of the smartest and strongest people. I was right…It’s not easy…

In classical explanation “empathy” is the ability to understand and share the feelings of another person. Empathy is your ability to place yourself in other’s position and trying to feel other’s feelings in other’s frame. You have to be empathetic if there is a relationship which is important for you. Unless you put yourself in other’s position and try to understand other’s feelings, thoughts and behavior you can’t manage or change anything in your life and in the world. Empathy should be in place in any kind of relationship: at work, everyday activities, diplomatic negotiations, price bargaining and what is the most important thing: in love.

Love is the greatest feeling and healthiest driving force in the world. I do believe that any kind of positive change is driven by love.

Nobody has been brave enough so far to define or explain what is love. For me it’s a greatest feeling which makes my heart to beat faster, my mind to stay kind and clear, and it moves me to make positive changes in the world. Love is my driving force… Love needs no exact definition however it needs big efforts and deep understanding. And, definitely, without empathy love is killed. I don’t want to realize how many loves are killed because of absence of empathy, how many people lose their happiness because of egoism and arrogance, how many positive changes will never happen… The reason of all these is that we don’t want to put ourselves in the position of another person and just feel how this person can feel in his/her frame. It’s possible, it’s the ability of human beings both to feel and to think which should be put in place.

Empathy requires only closing eyes for a moment, forgetting about egocentric “I want-s”, putting yourself in other person’s frame and trying to feel like the other person… And if you understand him/her, if you feel that you will behave like he/she if you don’t blame him/her anymore then you will make the world a better place to live…

And as Love is my driving force so, please, try to be empathetic at least to your loved ones. They will be so grateful for it and will return you more Love 🙂

And as it was told in one of my favorite Armenian songs “don’t kill your love, you will not have the second one…”

Երջանիկ հայի որոնումներում

556016_3646417644073_315317527_n
Տևական ժամանակ է արդեն, ինչ փորձում եմ հասկանալ Հայ մարդու խնդրահարույց, բարդ, ծանր և անլուծելի կերպարը։ Իրոք, մի Հայկական հարց։ Իհարկե, այս հարցի մեկնաբանությունը հրաշալի ձևով տվել է Դերենիկ Դեմիրճյանն իր հանճարեղ “Հայը“ ստեղծագործությամբ, բայց ես կփորձեմ իմ բացահայտմամբ կիսվել։
Պատմություն, քրիստոնեություն, հայոց լեզու, եկեղեցի, ընտանիք, երեխա, ծնող և մի շարք այլ արժեքներ մեզ և՛ պահել են, և՛ կործանել։ Պահել են, քանի որ ամրապնդել են մեզ՝ որպես անձ, ազնվության և արդարության առաջամարտիկ, և կործանել են, քանի որ սահմանափակել են մեր եսասիրական երջանկությունը։ Ոչ մի հայ տևական երջանկություն չի զգում առանց վերոնշյալ և ևս մի հարյուր անհատական արժեքների։ Հազարամյա անցյալի հետ կռիվ ունենք անխտիր բոլորս, բայց հետն էլ ապագայից ենք աննկարագրելի հաջողություններ սպասում։ Այլ կերպ ասած՝ ծեծված, սպանված, թալանված, բռնաբարված անցյալով սպասում ենք ծովից ծով Հայաստան, որտեղ Արարատն էլ է մերը, Արցախն էլ, Արևմտյան ողջ Հայաստանը… Բա Նախիջևանը… Կիլիկիան… Ե՛վ անցյալի հիշողություններն են սուրբ, և՛ ապագայի սպասումները։ Քավարանային այս կիզակետում անհետ կորում են միջին վիճակագրական Հայի (դեռ հարց է՝ արդյոք կա միջին վիճակագրական հայ) երջանիկ լինելու մաքառումները։ Երջանիկ ասելով՝ Հայը հասկանում է իր ողջ ցեղի աննկարագրելի բարեկեցություն, առողջություն, բոլոր երեխաները հաջողակ են ու բախտավոր իրենց ուզած կին/ամուսինների հետ և անպայման Հայաստանին վերադարձվել է չգիտեմ քանի քառակուսի մետր հող՝ Արարատն էլ մեջը։
Հիմա ասածս նա է, որ երջանկության մեր չափանիշները անսահման եմ ու անչափելի, ցաքուցրիվ են ու բազմազան, տարածված են ժամանակի ու տարածության մեջ, որոնք հատման կետ չունեն։ Մեզ մարդկային հասարակ երջանկություն է պետք՝ առանց ճոխությունների ու ապարանքների, որովհետև մեր Հայաստանին երջանիկ Հայեր են պետք, մեր Հայաստանին պակասում է Երջանկություն, Ժպիտ, Ծիծաղ, Ուրախություն… Քանի դեռ չկա լուրջ առիթ տխրելու (Աստված մի՛ արասցե), փորձենք լինել երջանիկ ներկայում՝ մեր ընտանիքով, հարազատներով, ընկերներով, ամռան գույներով, մեր երիտասարդ լինելով, հոգեկան ջերմությամբ և մեր Արարատի անզուգական տեսքով… Չխորանանք ամեն մանրուքի, փոքր, անէական դեռ տեղի չունեցած դեպքի մեջ, ռիսկեր փնտրենք գոյություն չունեցող տեղերում և չնկատենք կարևորը…
Մեր Հայաստանին երջանիկ և բնական ժպիտներով քաղաքացիներ են պետք…

Սիրո մահը

death_of_love_by_mooandmonkeyՀատուկ ոչինչ էլ տեղի չէր ունենում, ոչինչ լուրջ կամ կարևոր։ Ոչ ոք քաղցած և ծարավ չէր, օթևան ունեին բոլորը, ապրուստի միջոց ևս։ Շրջապատում բոլորը ողջ էին և առողջ։ Հատուկ ոչինչ էլ տեղի չէր ունենում, ոչինչ լուրջ կամ կարևոր։
Սեր էր մահանում հենց այդ պահին նրա հոգում….