Շնորհավոր, մեր Հայաստան!!!
Քեզ քիչ ենք սիրում, քիչ խնայում, մեր ամեն արարքը ճոխացնում, քո գոյությունը նվաստացնում, ինչ-որ անհասկանալի սպասելիքներ ունենք քո հողից ու ջրից, երկնքից ու օդից, ինչ-որ մարդկանց արարքների համար քեզ ենք վարկաբեկում, մենք ոչինչ չենք անում, բայց ուզում ենք քո դարամյա գոյությունը մեր կյանքում փոփոխություններ մտցնի, մեկ օր գնում ենք զարգացած աշխարհ և միանգամից քեզ ենք փնովում…, քիչ ենք քեզ սիրում…
Բայց միաժամանակ, սրտի անկառավարելի բաբախյունով և արցունքակալած աչքերով նայում ենք ծածանվող Հայ դրոշին, հպարտանում ենք ամեն հայի նույնիսկ չկրած հաղթանակով, “Երազ իմ երկիր” չենք լսում, որովհետև ուզում ենք արտասվել, Արարատի տեսքից ամեն հայի գլխում պտտվող մտքերը մի պահ անհետանում են, աշխարհին կարող ենք համոզել, որ հայի միտքն ամենասուրն է, իսկ հայի աչքերը ամենախորունկը, վստահ ենք, որ հայը կարևոր դեր է խաղում աշխարհի գեոպոլիտիկ զարգացումներում, և որ Հայաստանը մշակույթների և քաղաքականության կիզակետում գտնվող որոշիչ երկիր է…
Այսօր ուզում եմ ասել, որ ես ուրախ եմ, որ հայ դրոշ է բարձրանում հայ մարզիկի գլխին, իսկ ես անասելի հպարտ եմ լինում ինչ որ մի կոնֆերանսի ընթացքում նստել փոքրիկ հայկական դրոշի դիմաց և հավատացնում եմ, որ այդ դեպքերում ես անում եմ իմ լավագույն հնարավորություններից նույնիսկ ավելին:
Շնորհավոր իմ Լավ Հայաստան !!!
Մանկության հիշողություններից 12+ Ամանորյա հրաշք

Նոր տարին սիրել եմ միշտ՝ մանկությունից մինչև այսօր։ Մեր տանը դեկտեմբերի սկզբից Նոր տարվա պատրաստությունները սկսվում էին, ինչպես հայկական բոլոր ընտանիքներում։ Ուտելիքից հատկապես հիշում եմ մամայիս Նապոլեոնը, որը հատուկ էր և անկրկնելի։ Շատ քաղցրակեր չլինելով հանդերձ՝ սիրում էի հատկապես ամանորի համար պատրաստված Նապոլեոնը, քանի որ տոնածառի լույսերի, Նոր տարվա խորհրդի և Ձմեռ պապիկի այցելության սպասելիքների ներքո վայելած սիրելի քաղցրավենիքը երջանկության աներեր հիմք էր դառնում։ Քույրերս զարդարում էին տունն ամեն տարի նորովի, տոնածառը միշտ մեզ հետ էր՝ խորհրդային շրջանում չպատահող գերմանական խաղալիքներով։ Տրամաբանական է, իհարկե, որ, չնայած այս ամենին, ամանորյա իմ մանկական հիշողությունները կենտրոնացած են Ձմեռ պապիկի այցելությունների շուրջ։
Ձմեռ պապիկի գոյությանը հավատացել եմ գրեթե մինչև 9 տարեկան։ Հավատացել եմ մանկական ամբողջ էությամբ, հոգով և մտքով։ Նույնիսկ երկրորդ դասարանում, երբ դասարանցի մի տղա ասաց ինձ, որ Ձմեռ պապիկ չկա, ես մտքումս ինձ ասացի․ “Սա բան չի հասկանում կյանքից” և նույնիսկ չվիճեցի նրա հետ։ Հավատս չերերաց ընդհանրապես։ Դրա պատճառը, իհարկե, մերոնց անմնացորդ նվիրումն էր այդ հեքիաթի կայացմանը։
Ձմեռ պապիկի հեքիաթը մեր տանը Լիգիայի համար այսպիսինն էր․
Տարվա ընթացքում ինձ Ձմեռ պապիկին առանձնապես չէին հիշեցնում։ Իմ մանկական վարքագիծը ոչ մի առնչություն չուներ Ձմեռ պապիկի՝ ինձ այցելելու հետ։ Ճիշտ է, ես շատ լուրջ երեխա էի փոքր ժամանակ, (կասեի, ավելի լուրջ էի, քան հիմա) և մանկական իմ վարքագիծը բավական կանոնավոր էր։ Ամեն դեպքում ես գիտեի, որ Ձմեռ պապիկն ինձ այցելելու է։ Նա իմ բարձի տակ նվերներ չէր դնում, տոնածառի տակ ևս չէր թողնում, նա միշտ, ամեն տարվա դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:55, երկար, բարձր հնչեցնում էր մեր նախկին բնակարանի զանգը, որը հենց այս պահին լսում եմ։ Եվ ես վազում էի ամբողջ բնակարանով, որպեսզի հասցնեմ տեսնել նրան, բայց միշտ չէի հասցնում, դե քանի որ նա պիտի հասցներ այլ բալիկների նվերներ հասցնել։ Վազում էի մեր մուտքի աստիճաններով վերև և ներքև նրան գտնելու համար։ Իհարկե, ինչ որ տարիքից արդեն տրամաբանական մի հարց ինձ տանջում էր, թե ուր էր կորում Ձմեռ պապիկը, եթե մենք երրորդ հարկում էինք ապրում, իսկ և՛ առաջին, և՛ չորրորդ հարկերում ինձնից փոքր բալիկներ կային։ Իսկ ես ջանասիրաբար ստուգում էի բոլոր հարկերը։ Բացի այդ չէի հասկանում՝ ինչպես էր սահնակով շրջում, եթե այդ տարի ձյուն չկար։ Հարցերի պատասխանները չստանալուց հետո (չէի էլ հարցնում առանձնապես՝ մտածելով, որ ինքս մի բան կհասկանամ), մի քիչ հիասթափված, բայց ներքին ոգևորությամբ վերադառնում էի տուն տարվա լավագույն պահը վայելելու համար՝ հատուկ գեղեցիկ փաթեթավորված նվերները պետք է բացեի։ Այդ նվերներն ավելի էի սիրում, քան ծննդյանս առթիվ ստացած նվերները։ Գիտեմ ինչու… Այդ նվերները հրաշքի տարր էին պարունակում․ Ձմեռ պապիկն ինձ չէր ճանաչում, բայց բերում էր ինձ այնքան պետքական և հաճելի նվերներ։ Տանը տիրող հեքիաթի համաձայն Ձմեռ պապիկը գիտեր, որ ես տիկնիկներ եմ սիրում և աղջկական խաղալիքներ, որ ես դրանք լավ եմ պահում, դրա համար նվերում դրանք շատ հավանական էին։ Մանդարինները և կոնֆետները պարտադիր էին, իսկ խաղալիքները ժամանում էին ճիշտ պահին և ըստ անհրաժեշտության։ Նամակ Ձմեռ պապիկին ես չէի գրում, ինձ ուղղակիորեն չէին հարցնում, թե ես ինչ կուզենայի նվեր ստանալ նրանից, բայց Ձմեռ պապիկը կռահում էր և բերում էր այն, ինչի կարիքն իմ խաղալիքային տնտեսությունը տվյալ պահին ուներ։ Հենց դա էր հրաշքը։ Դե զարմանքիս մյուս առիթն այն էր, թե որտեղից էր նա հագուստի իմ չափերն այդքան ճիշտ գտնում։ Եվ մի բան չէի հասկանում, բայց միշտ մտածում էի դրա մասին։ Եթե շրջապատում բոլորը տվյալ փուլում ֆինանսական ծանր դրության մեջ էին (մեր ընտանիքին էլ հեշտ չէր) այդ Ձմեռ պապիկը որտեղից էր գումար գտնում իմ որակյալ նվերների համար։
Հարցեր կային, որոնք պատասխաններ չունեին… այդ պահին չունեին…
Հենց հիմա հիշում եմ ինձ՝ նստած մեր նեղ միջանցքի հատակին, նվերները փաթեթավորումից հանած և շուրջս թափած վայելելիս։
Ինչ եղավ հետո՞: Հետո ոչինչ չեղավ. ես ուղղակի մեծացա…
Այդ հեքիաթն իմ այսօրվա դիմադրողականության, կյանքում դժվարությունների հաղթահարման և երջանիկ լինելու ամուր հիմքն է, որը ոչ ոք և երբեք չի կարող ինձանից խլել։ Դա իմ հիմքն է և իմ մասնիկը։ Դա իմ կարողությունն է հավատալու դրականի, լավի և բարու գոյությանը։ Դա իմ կարողությունն է հավատալու, որ հրաշքները մարդկային բարի, լավ և արդար արարքներն են…
Լինե՛նք հրաշագործ մեր սիրելիների համար ամանորյա հաճելի օրերին և միշտ…
Մայրիկը չի հոգնում
Հայ մայրը ընդհանրապես անհասկանալի և չբացատրվող կերպար է։ Իմ մանկության հուշերից մեկը դրա վառ ապացույցն է: Մայրս, հանդիսանալով իր ընտանիքի անվարան և կատաղի նվիրյալը, ամբողջ օրը զբաղված էր չորս երեխաների և հայ ամուսնու (կարծում եմ, որ դրանով ամեն ինչ ասված է) «հաճելի» հոգսերով և տան պահպանմամբ: Առավոտը սկսվում էր ամենաուշը առավոտյան՝ ժամը վեցին, ավարտվում էր երեկոյան՝ ժամը տասին առանց պաշտոնական ընդմիջումների: Օրվա ընթացքում ես՝ տան փոքրը, իհարկե, վայելում էի մի շարք ժամանցային միջոցառումներ, որոնց ընթացքում մամաս, իր բազմահազար պարտականություններին զուգահեռ, խաղում էր ինձ հետ, տիկնիկներովս էր զբաղվում (բայց երեխայի իմ՝ մաքսիմալիստական եսասիրական չափանիշներով՝ քիչ), կարդում էր ինձ համար, ինչ-որ բաներ էր պատմում (էլի քիչ էր): Մամաս խմորեղեն հաճախ էր թխում, ուստի՝ ժամանցային մեկ այլ միջոցառում էր խմորեղենի պատրաստմանը մասնակցելը: Այդ գործընթացի հենց սկզբից ես ծնկած էի խոհանոցի սեղանի վերին գլխի աթոռին և սպասում էի խմորի և ալյուրի ինձ հասանելիք բաժնին, որպեսզի իմ նշանավոր մասնակցությունը ունենամ այդ ազգանվեր գործում: Այդ խմորի կտորը պտտվում էր իմ ձեռքերում երկար ժամանակ, ամբողջ տանը, հետո վերադառնում էր խոհանոց և անպայման պիտի թխվեր ջեռոցում: Մայրս միշտ դա թխում էր ընդհանուրից առանձին ամանով, բայց մեկ պայմանով՝ ես դա չպիտի ուտեի: Եվ ես միշտ զարմանում էի, թե ինչու իմ պատրաստածի գույնը էապես տարբերվում է մամայի թխածի գույնից: Մամայի բազմաբովանդակ օրվա վերջում, երբ նա կարճ ժամանակով փորձում էր հեռուստացույց դիտել, հազարավոր անգամներ բարձրանում էի նրա գիրկը, իջնում, հենվում ծնկներին, շատ մոտ նստում, բարձրանում բազմոցի գլխին, իջնում հատակ՝ նրա կյանքը հետաքրքիր դարձնելու մտադրություններով: Չեմ հիշում դեպք, երբ ասեր. «Հեռու մնա՛»: Այսօր, երբ ես երեխա չունեմ, ինձ թվում է, թե ես կասեի…
Երեկոյան ժամը իննից սկսվում էր նրա համար ամենասարսափելին. ես՝ փոքր ահաբեկիչս, ընդհանուր առմամբ խելոք, ընտանիքին չանհանգստացնող և չզայրացնող երեխա լինելով (դա ես չեմ ասում, քույրերիս կարող եք հարցնել), նստում էի մամային շատ մոտիկ և մոտ հինգ րոպե ինտերվալներով առանց կամակորության դրսևորման, բայց կատվի կպչուն ձագի մլավող ձայնով ցածրաձայն նվվում էի. «Մամաաա, կլինի՞ ծոցդ քնեմ»: Երևի ավելի հեշտ կլիներ, եթե ես բարձրաձայն և կռվող ձայնով դա ասեի: Մեծ հասակում ունեցած չորրորդ երեխայի ամենօրյա շանտաժիստական ցածրաձայն նվվոցները մամաս փորձում էր լուծել բանակցային եղանակով՝ «արի, մի քիչ իմ մոտ պառկի, հետո գնա քո անկողին», «արի վաղը», «ախր դու խելոք երեխա ես, այդպես ես չեմ կարողանում քնել» փաստարկներով: Հետո միջամտում էին քույրերս, փորձում էին շեղել այլ միջոցներով: Ես անդրդվելի է և հետևողական ամեն օր: Այսօր ինձ լավ ճանաչողները կարող են պատկերացնել ինձ՝ իմ ուզածից շեղելու գործընթացը: Հնարավոր է, իհարկե, բայց հեշտ պրծնել հնարավոր չէ: Չեմ շեղվում, բայց զիջում եմ: Չգիտեմ ինչու, բայց դիմացինները երկար զգում են իրենց՝ իմ նկատմամբ ունեցած բարոյական պարտքի զգացումը: Ես չեմ հիշեցնում, դիմացիններն են հիշում: Ես չեմ էլ ուզում, որ հիշեն, իրենք են հիշում: Մեղավոր չեմ, այդպիսինն եմ…
Այդ անհավասար պայքարի արդյունքում՝ պարտության օրերին ես՝ առավելագույնս դժգոհ և կորուստներով լի դեմքով, գնում էի քնելու իմ անկողնում: Նեղվում եմ, որ մամաս մինչև հիմա հիշում է իմ այդ դեմքը…
Երեխաները կլանում են իրենց մայրերի սերը և նվիրումը անհագ և անսահման, ինչքան շատ, այնքան արագ և վստահ:
Մանկական անդավաճան սեր

Հայկական շատ ընտանիքներում մանդարինն ասոցացվում էր Նոր տարվա հետ, իսկ մեր ընտանիքում առայսօր մանդարինն առաջին հերթին Լիգիայի մասին է, այնուհետև` Նոր տարվա: Իմ և մանդարինի միջև մշտապես հատուկ կարմայական կապ է եղել, քանի որ սիրել և սիրում եմ նրան խորը զգացմունքային սիրով: Մանդարինի տեսքը` կեղևով և առանց կեղևի, բույրը, գույնը, իմաստը, բարությունը, փափկությունը աննկարագրելիորեն հաճելի է ինձ և հենց հիմա ժպտալու հիմնավոր առիթ է: Առայսօր, եթե ինչ-որ մեկը փայլող աչքերով ինձ ասում է, որ մանդարին է սիրում, ես գիտեմ, որ նա լավ մարդ է:
Հիշում եմ շատ լավ, երբ ես փոքր էի, ծնողներս գնում էին շատ քանակությամբ մանդարին, որը պահում էինք ստվարաթղթե մեծ տուփի մեջ` յուրաքանչյուր մանդարինը փաթեթավորած թերթերի առանձին կտորների մեջ: Իհարկե, այդ պատվավոր գործի իրականացմանը մասնակցում էի նաև ես: Մեծ լրջությամբ փաթաթում էի մանդարինները թերթերով և տեղավորում տուփի մեջ: Դե կարծում եմ` պարզ է, որ այդ “ծանր” աշխատանքի ընթացքում տան փոքրը, ըստ արժանվույն, վաստակում էր իր սիրելի միրգը այն քանակով, որքան հնարավոր էր տեղավորել տան փոքր մարդու մեջ: Երբ բոլոր մանդարինները փաթեթավորված էին, այդ տուփը տեղափոխվում էր դրսի պատշգամբ, որպեսզի ինձ սրբություն թվացող մանդարինները թարմ մնային ավելի երկար ժամանակով: Նույն պահից սկսած` ես ազատորեն մուտք ունեի այդ տուփ, որտեղից հանում էի մանդարինը` թերթի կտորները սովորաբար թողնելով տուփի մեջ: Տուփի մեջ թերթի դատարկ կտորները գնալով շատանում էին…
Մեր ընտանիքի մշտապես քննարկվող հումորներից մեկն այն է, թե ինչպես են քույրերս առավոտյան արթնացել և տեսել ինձ` քնած իմ մահճակալում` կողքիս պատուհանի գոգին հինգ մաքրած մանդարիններ հերթով շարած: Դե ինչի սեփական անձը երջանիկ դարձնելու վսեմ գործը վստահել մեկ այլ անձի, եթե կարելի է երեկոյան հինգ մանդարին կեղևազերծել` առավոտյան նման դրախտային միջավայրում արթնանալու և երջանկությունը մեկ վայրկյան շուտ վայելելու նպատակով: Առանց համեստության ասեմ, որ այս լավ հատկությունը մինչև հիմա պահպանվել է. երջանկության պահեր ինքս ինձ ապահովում եմ:
Չեմ հիշում, թե որ ծննդյանս օրն էր, բայց օրը շատ պարզ եմ հիշում: Ես, իհարկե, խառն էի իմ տիկնիկների հարցերով և գործերով, երբ զգացի, թե ինչպես մեր ամբողջ ընտանիքը, փսփսալով և միջանցքում վազվզելով,ինչ-որ բան է անում: Դե միանգամից հասկացա, որ նվերի նշանավոր պահն է հասունանում, բայց իմ` ի ծնե ունեցած պարանորմալ համբերատարությանը համապատասխան, զսպեցի մեծ ցանկությունս վազելու միջանցք և սպասեցի պաշտոնական հրավերի: Վերջապես մերոնք ինձ կանչեցին իբր ինչ-որ թեմայով, ես էլ, իբր չիմանալով` ինչու, գնացի միջանցք: Բոլորով միջանցքում էին, իսկ հորս ձեռքում ինչ-որ տուփ էր` կտորով ծածկված: Հորս հարցն էր. “Լիգ, քո կարծիքով ի՞նչ ենք քեզ նվիրում”: Անակնկալից հուզմունքս անասելի մեծ էր, որից ձեռքերս դողում էին, բայց պատասխանս հնչեց 200 տոկոս վստահությամբ և գրեթե ճչոցով. “Մանդարիիին”…
Ստեղծվեց մեր ընտանիքի սիրելի հումորներից մյուսը: Մերոնք մի քիչ անակնկալի եկան, ինչից ես միանգամից հասկացա, որ ես մանդարին չեմ նվեր ստանում, այնուհետև իրենք սկսեցին ուժեղ ծիծաղել, քանի որ առանձնապես մանդարինի պակաս ես չունեի, որ ծննդյանս նվեր դա ակնկալեի: Իհարկե, ինձ մի քիչ անհասկանալի էր, թե ինչպես կարելի է ծիծաղել իմ` մանդարինի նկատմամբ ունեցած խորը զգացմունքների վրա, բայց դիմադրեցի դժգոհությամբ և ոչինչ չասացի: Սպասում էի նվերին, որը չէի պատկերացնում` ինչ պիտի լինի մանդարինից լավ: Վերջապես կտորը հեռացվեց նվերի վրայից և, իրոք, ես այդ օրը մանդարին նվեր չստացա:
Իմ նվերը կանաչ և կապույտ թութակներն էին վանդակում, որոնց ես դեռ երկար սիրեցի` բազմաթիիիիվ մանդարիններ վայելելուն զուգահեռ…
Իմ Տիկնիկները
Շատ հիշողություններ ունեմ մանկությունից, բայց կա մեկը, որն անդառնալի ազդեցություն է ունեցել իմ անձի ձևավորման վրա։
Այդ դեպքը պատմել եմ իմ մտերիմներին, իսկ հիմա ուզում եմ պատմել բոլորին…
Իմ մանկությունը լավն է եղել, ինչի համար ես պարտական եմ ճակատագրիս։
Միշտ ունեցել եմ այն, ինչ ամենաթանկն է եղել՝ տիկնիկ։ Ունեցել եմ 17 տիկնիկ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր անունը։ Սովորաբար անվան ընտրությունն ուղղակիորեն կապված էր նվիրողի հետ, քանի որ ինձ միշտ, հասկանալի է, որ տիկնիկ էին նվիրում։ Մամաս կարել էր կարմիր և սպիտակ հատուկ անկողին մի քանիսի համար, մինչև քույրս մեծացավ և, ի լրումն արդեն ունեցածս օժիտի, կարեց երկնագույն և սպիտակ ժանյակներով մոտ վեց անկողին։ Տիկնիկներս ապահովված էին ավելի լավ, քան մեր ընտանիքը, հավատացնում եմ…
Ամռանը մեր ամառանոցին կից գտնվող այգու վերին խնձորենու տակ հատուկ պատրաստություն էր լինում՝ փռվում էր մեծ գորգ, որի վրա ես դասավորում էի մի ամբողջ տնտեսություն՝ տիկնիկներն իրենց անկողիններով, հագուստով, սպասքով, լվացքի մեքենայով, սառնարանով և մի շարք այլ խաղալիքներով։ Հավատացնում եմ դրանք դասավորված էին այնպես, ինչպես այսօր իմ աշխատանքային սեղանը։ Ո՛չ, ներողություն, դրանք ավելի լավ էին դասավորված։ Իմ ամբողջ օրն անցնում էր խնձորենու տակ։ Մարդկանց հետ քչախոս էի, տիկնիկների հետ՝ ընդհակառակը։ Գիշերը տիկնիկները քնում էին խնձորենու տակ՝ իրենց անկողնում, քանի որ անձրև հազվադեպ էր գալիս, բայց դե ես քնում էի տանը՝ իմ անկողնում:
Հերթական ամռանը, երբ ես երևի 4 տարեկան էի, ամառանոցում էինք ես, մամաս և երեք՝ ինձանից 15, 12 և 7 տարի մեծ քույրերս։
Գիշերը ես արթնացա հորդառատ անձրևի ձայնից… Հենց հիմա, հավատացնում եմ, նույն ուժգնությամբ մարմինս սարսռաց և աչքերս լցվեցին…
Չնայած նրան, որ երբեք լացկան չեմ եղել և լաց եմ լինում միայն անսահման անուժության կամ անսահման վիրավորանքի արդյունքում, այդ պահին միանգամից սկսեցի լաց լինել։ Մամաս, ում առաջին երեխան չէի, ում համար այլևս հեշտ չէր տանել փոքրի նազուտուզ, վեր թռավ։ Արթնացան նաև քույրերս բոլոր, քանի որ ես իմ գործը լավ էի անում, լացս բնական էր և սրտակեղեքիչ: Գիտակցելով խնձորենու տակ պահված “հարստության” չափը՝ առանց լրացուցիչ քննարկումների և տարաձայնությունների, նրանցից յուրաքանչյուրը մեկական պոլիէթիլենային ծածկոցով գիշերվա կեսին ուղևորվեց դեպի խնձորենին։ Ես, իհարկե, մնացի տանը, քանի որ ցուրտ էր, անձրև էր, երեխան կթրջվեր…
Առայսօր հիշում եմ ինձ՝ պատուհանի մոտ՝ ծնկներիս վրա նստած, արդեն առանց լաց լինելու՝ ինչպես էլ չէի տեսնում նրանց հեռանալիս… Վերադառնում էին և բերում էին ինձ համար աշխարհում առայսօր ամենաթանկը՝ իրենց, իրենց սերը և այդ պահի համար ինձ համար շատ կարևոր՝ իմ տիկնիկները…
Վերադարձան, իհարկե, թրջված, ցեխոտված և մրսած, բայց, հիշում եմ, որ ուրախ էին և ծիծաղում էին։ Ես ևս ուրախ էի, բայց, իմ մաքսիմալիստական բնավորությանը համաձայն, հասկանում էի, որ իմ տիկնիկները ցեխոտվել են, նրանցից ոմանց մազերը ոսկեգույն չեն այլևս, չեն սանրվի երբեք, իսկ երկնագույն ու սպիտակ անկողինները…
Բայց դե ես էլ նրանց մի մասն եմ, ուստի՝ այս մտահոգությունս չհայտնեցի և քնեցի… Առավոտյան, երբ արթնացա, բոլորը վեր էին կացել և պատուհանից երևում էր կապույտ երկինք և արևի շողեր։ Սենյակում մենակ էի և լրացուցիչ տեղեկություն չունեի։ Կիսահագնված վազեցի ճաշասենյակ, որտեղ, իմ կարծիքով, տիկնիկներս պետք է լինեին տոպրակներում։ Ուզում էի արագ հանել և ինչ-որ լուծում գտնել առաջացած խնդիրների համար, բայց խաղալիքներս չկային։ Վազեցի դուրս…
Աշխարհի բոլոր երեխաները, ցանկանում եմ, որ ունենան այդ զգացողությունը…
Մամաս վերջին անկողիններն էր փռում պարանին, իսկ տիկնիկներս՝ մեր ընտանիքի ծածկոցների վրա, իրար կողք հարգված պառկած էին արևի տակ՝ իրենց մազերի բնական գույնով և տեսքով…
P.S. Ոչինչ չեմ փոխել, աստված վկա…
…Մի սպանեք Ձեր սերը, դուք երկրորդը էլ չեք ունենա…

Գիտությունը հզոր ուժ է, մտքի և խելքի դրսևորում, առաջընթացի հնարավոր ուժ և անհերքելի գրավական: Լավ բան է, խոսք չկա… Ընդ որում՝ հիմնականում մարդիկ ավելի խելացի են համարում գիտնականներին, ովքեր գյուտեր են անում, հաջողությամբ լուծում են մաթեմատիկական խնդիրներ, հասկանում են, թե տիեզերքում, որ աստղը ինչ դիրքում է գտնվում, երբ է ջուրը սառույց դառնում, բենզինն ու կրակն ինչ են իրարից ստանում հրդեհ դառնալիս:
Արվեստը և մշակույթը բնականաբար զգացմունքային դրսևորման արդյունք են, մարդու զգացողությունների արտահայտում: Նկարիչը կամ կոմպոզիտորը արվեստի գլուխգործոց ստեղծելիս սովորաբար դրական կամ բացասական զգացմունքային պոռթկում է ապրում, ինչն էլ բացահայտ արտահայտվում է նրա ստեղծագործություններում:
Եվ բնականաբար միջին վիճակագրական անձը երկուսի կարիքն էլ զգում է, նրան առնվազն երկուսի արդյունքներն էլ անհրաժեշտ են և պետքական: Միգուցե մեկին մի քիչ շատ, մյուսին՝ քիչ, բայց դե երկուսի կարևորությունն էլ բացահայտ է:
Երևի բնական է, որ վերջին հարյուրամյակում գիտությունը տեխնոլոգիական պայթյունի տեսքով թուլացրել է մարդկանց սերը դեպի գեղանկարչությունը, գրականությունը և խորացրել է անպատասխան, բայց անդավաճան սերը դեպի բոլոր տեսակի էլեկտրոնային սարքերը և հեռահաղորդակցման միջոցները: Դե, ինչ խոսք, Wi-Fi-ի առկայությունը երջանկության բարձրագույն մակարդակի ապահովման պարտադիր պայման է, իսկ առանց Facebook չարիքի մի տեսակ լիարժեք չենք: Եվ ընդհանրապես կարևոր չէ, թե ով է դիմացդ նստած՝ սիրելի անձ, ընկեր, թե թշնամի, սիրում է քեզ, թե հանդուրժում, կարևորն այն է, որ դու ինչ որ հիմար սարքի ես նայում, ժպտում կամ նյարդայնանում: Եվ բոլորիս ուրախացնում է այն փաստը, որ Facebook-ում կարելի է ինչ-որ մեկի մասին տեղեկություններ ստանալ առանց մեզ նեղություն տալու, այսինքն՝ առանց զանգելու, առանց խոսելու, առանց հանդիպելու, և որ ամենասարսափելին է, առանց ցույց տալու, որ մենք ուզում ենք նրա մասին տեղեկություն ստանալ: Facebook-ի ակտիվ բնակիչներին, այդ թվում՝ ինձ, շատ է դուր գալիս այն փաստը, որ կոնկրետ ոչ ոք չի իմանում քո՝ նրա էջ կատարած այցելությունների մասին: Տեղեկատվություն ենք հավաքում և հավաքում՝ տարիներով, զգալի չափի և բարձր որակի, որպեսզի չօգտագործենք… Գիտենք, թե ով ինչ է ուտում, ինչ է խմում, որտեղ, ինչ տրամադրությամբ, ինչ շորերով, դե, իհարկե, «ում հետը» լրիվ քաղաքական տարր պարունակող տեղեկատվություն է, որից ածանցված՝ իրական կյանքում գիտենք ումից զգույշ լինել և որքան, կամ ումից նեղանալ, ինչի համար, չներել և չներել: Ոչինչ, որ նա այդպես էլ չի իմանում դրա մասին…
Եվ ինչ… Ի՞նչով ենք զբաղված, ի՞նչ ենք անում, ինչու՞ ենք անում… Զգացմունքներն ենք թաքցնում, փոփոխում, սպանում, քանի որ տարիներ շարունակ մեզ համոզել ենք, որ «կարևորը խելացի լինելն է, գիտությամբ զբաղվելը, իսկ զգացմունքները մեզ շեղում են ռացիոնալ լինելուց, ճիշտ որոշումներ կայացնելուց կամ ճիշտ ապրելուց»: Իհարկե, ճիշտ ապրելու տեսությունը բոլորս գիտենք, բայց հազարամյակների ընթացքում ոչ ոք այդպես էլ չխիզախեց հրապարակել, որ մարդիկ սովորեին ու միանման ճիշտ ապրեին: Ես հերքում եմ հայկական շատ ընդունելի «Ճիշտը մեկն է» ասացվածքը: Ցավոք, ամեն ինչ այդքան հեշտ չէ, և ճիշտն էլ մեկը չէ:
Ցավը նրանում է, որ ճիշտ ապրել չկա: Յուրաքանչյուր մարդ ապրում է այնքան և այնպես, ինչքան և ինչպես նրա խիզախությունը ներում է (արդարացումները հիմնավորումներ չեն): Եվ հիմա գիտությունը մեզ ապահովել է հրաշալի գործիքներով, որոնք մեզ հնարավորություն են տալիս արդարացնել մեր խիզախության բացակայությունը՝ արտահայտելու մեր զգացմունքները, վայելելու դրանք կամ կրելու դրանց հետևանքները:
Հիմա ասածս ինչ է… Գիտությունը մեր շատ խնդիրներ է լուծել, հեշտացրել է կյանքն էականորեն, բայց դրա փոխարեն մեզանից ստացել է աննկարագրելի բարձր գին: Մենք անդառնալի և չգիտակցված զոհաբերություն ենք արել. մենք թույլ ենք տվել միանման դարձնել մեր զգացմունքները, միտքը, դառնալ ինքնակամ տեխնոլոգիական ստրուկ, ում հաճելի է այդ դերը և արդարացված: Բոլորս սիրում ենք նույն կերպ, արտահայտում կամ չենք արտահայտում մեր լավ ու վատ զգացմունքները և հիմա ավելի հեշտորեն արդարացնում ենք մեր խիզախության բացակայությունը: Չենք խիզախում ապրել, բայց հերոսաբար նայում ենք՝ ինչպես են ապրում ուրիշները…եվ ավել ոչինչ չենք անում:
Պետք է անել: Լսենք հաճելի երաժշտություն, կարդանք որակյալ գրականություն, չվախենանք մտածելուց մեր զգացմունքների մասին, մեզ հարցեր տանք մեր զգացմունքների մասին և պատասխանելիս չխաբենք ինքներս մեզ. մեր մեջ նախանձը կոչենք նախանձ (չխաբենք մեզ «ես նախանձ մարդ չեմ» հայտարարություններով), սերը՝ սեր, ատելությունը՝ ատելություն, հիացմունքն էլ հիացմունք: Եվ բուժենք մեր արատավոր զգացմունքները, իսկ հաճելի զգացմունքներն արտահայտենք ճիշտ պահին և ճիշտ տեղում:
Երբ Facebook-ում տեսնում ենք մեր հին ընկերոջ, գործընկերոջ, բարեկամի կամ առավել ևս նոր հաճելի ծանոթի նկար և ժպտում ենք, ապա պետք է զանգել, շփվել, հանդիպել, ժպտալ իրական, ժպտալ հենց այդ մարդուն, քանի որ այդ ժպիտը և ժպիտով լեցուն հայացքը պատկանում է այդ մարդուն: Առնվազն հիմարություն է բնական բարի ժպիտը թաքցնել գիշերվա մթում՝ էլեկտրոնային ինչ-որ անհաղորդ հիմար սարքի առկայծող լույսի և սեփական կոկորդից մինչև թոքերը սահող, արդեն ցավալիորեն անհասկանալի և անծանոթ զգացմունքի հատման կիզակետում:
Հ.Գ. Գիտությունը խելոքացել է, բայց մենք չենք խելոքացել… Սպանում ենք զգացմունքները, որ խելոք երևանք…
Խնձորը

Եվ Երկիրն ինչպես միշտ պտտվում էր իր առանցքի շուրջ նույնիսկ այդ օրը…
Դասամիջոցի ընթացքում տարրական դպրոցի միջանցքներն, ինչպես միշտ, աղմկոտ էին, և երեխաները վազվզում էին, հրում միմյանց, բարձր ծիծաղում` չնայած ուսուցիչների` նրանց ուրախությանը խոչընդոտող բղավոցներին և դիտողություններին: Դասերի ընթացքում մանուկների մեջ կուտակված էներգիան և ակտիվությունը դուրս մղելու կարճ ակնթարթներն օգտագործվում էին հնարավորինս արդյունավետ, քանի որ նրանք միաժամանակ վազում էին, ծիծաղում, արտահայտում տվյալ պահի համար խիստ կարևոր մտքեր` ուշադրության տակ պահելով մրցակիցներին: Եվ հանկարծ տեղի ունեցավ այն, ինչ մշտապես հիասթափություն էր առաջացնում խիստ երիտասարդ սերնդի բոլոր ներկայացուցիչների մեջ: Հնչեց զանգը` ահազանգելով նրանց անազատության` դասի սկիզբը: Իհարկե, դա ոչ միայն չարգելակեց վազքի արագությունը, այլ միանգամայն հակառակը` վազորդներն ավելի արագ սկսեցին վազել` վերջնակետը հատելու մարմաջով: Ուսուցիչներին անհրաժեշտ եղավ ևս հինգ րոպե իրենց աշակերտներին ամբոխից գտնելու, սաստելու և դասարանում տեղավորելու համար, այնուհետև դպրոցի միջանցքները ամայացան` որոշակի կարճ ժամկետով հանգստանալու և նորից ապագայի հույս հանդիսացող սերնդի կողմից ոտնակոխ լինելու նպատակով:
Երրորդ Ա դասարանի միջին աշակերտը ոչնչով չէր տարբերվում միջանցքում վազող երեխաներից: Նա էլ էր վազում, բարձր ծիծաղում և հրում համադասարանցիներին: Եվ հիմա ևս, ինչպես բոլորը դպրոցում, երրորդ Ա դասարանի աշակերտները նստած էին իրենց նստարաններին` մաթեմատիկայի գանձերի ուսումնասիրության նպատակով: Այդ երեխաներին այդքան էլ չէր հետաքրքրում մաթեմատիկան, քանի որ նրանց շնչառությունը նոր էր կարգավորվել դասամիջոցյան մարաթոնից հետո: Իսկ նրանցից յուրաքանչյուրի ծնողն իր աշխատավայրում սրտատրոփ սպասում էր իր առանձնահատուկ երեխայի աշխարհալուր հաջողություններին ուսման մեջ:
Երրորդ Ա դասարանի աշակերտ Վաչեի ընտանիքը ևս շատ լուրջ ակնկալիքներ ուներ իրենց որդու ապագայի առնչությամբ: Դեմ չէին լինի հատկապես բնական գիտություններում որդու կայացմանը և դրսևորմանը, մանավանդ, որ հայրական գեներում առկա էր հակվածությունը դեպի մաթեմատիկան և ֆիզիկան: Այնուամենայնիվ, Վաչեն մանկուց դրսևորվում էր նկարչության և ձեռքի աշխատանքների բնագավառում:
Նրանց ընտանիքը շատ լուրջ էր վերաբերվում երեխայի` “ՄԱՐԴ” դառնալու բոլոր կարևոր հանգամանքներին: Դեռ շատ փոքրուց նա դաստիարակվել էր նույնիսկ փոքր քաղցրավենիքը ընտանիքի բոլոր անդամների մեջ կիսելու մոդելով (չնայած միշտ տեսնում էր, որ արդյունքում ընտանիքն ամենամեծ կտորը իրեն է զիջում): Այս մոդելը նրան խնդրահարույց էր թվում սկզբում, քանի որ ամբողջական քաղցրավենիքի նկատմամբ գայթակղությունը մեծ էր, և նա չէր հասկանում, թե ինչպես կարելի է փոքր քաղցրավենիքը կիսել ընտանիքի բոլոր անդամների մեջ և թե ինչ օգուտ բերեց պապիկին մեկ փշուր քաղցրավենիքը: Չնայած այդ ամենին` Վաչեն յուրաքանչյուր անգամ առաջարկում էր կիսել իրեն հասած ամեն ինչը…
Եվ Երկիրն ինչպես միշտ պտտվում էր իր առանցքի շուրջ նույնիսկ այդ օրը…
Մաթեմատիկայի դասն էր… Ուսուցչուհին բացատրում էր բազմապատկման ինչ-որ կանոններ, հարցեր էր տալիս աշակերտներին: Ոմանք մեծ հաճույքով բղավում էին պատասխանները, ոմանք, իմանալով պատասխանները, ձեռնպահ էին մնում արտահայտվելուց, որոշներին ընդհանրապես չէին հետաքրքրում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ մի խումբն էլ կուզենար իմանալ պատասխանները, բայց չգիտեր:
…Վաչեն տվյալ պահին հիշել էր ամառանոցի պարտեզում իր կողմից հողից պատրաստված գնդիկը և մտածում էր, որ մյուս անգամ ամառանոց գնալիս այդ գնդիկը պետք է վերափոխել ինչ-որ կենդանու, որին միայն ինքն էր ճանաչում: Ժամանակ առ ժամանակ լսում էր ուսուցչուհու և համադասարանցիների արտահայտությունները, լսելիս հասկանում էր, բայց չէր մասնակցում դասին: Հանկարծ հիշեց, որ մայրիկն առավոտյան իր համար նախատեսել է սննդի պաշար (այդ օրը` հաց, պանիր, երշիկ և որ ամենագրավիչն էր` կտրտած և իր կողմից շատ սիրելի խնձոր) և այն պահեստավորել պայուսակի համապատասխան մասնաբաժնում: Դա նրանց ընտանիքում հատուկ միջոցառում էր, որի ականատեսն էր եղել Վաչեն դեռևս այն ժամանակ, երբ նրա ավագ քույրն էր դպրոց հաճախում: Հիմա մայրիկը նույնատիպ պաշար էր հատկացնում և քրոջը, և իրեն, սակայն կար մի առանձնահատուկ և տարերային տարբերություն` քրոջը երբեմն նաև փող էին հատկացնում, քանի որ նա մեծ էր, իսկ ինքը` ոչ:
Դաստիարակչական այս միջոցառումն ուղղակի չէր իրականացվում: Այն նպատակ ուներ, որքան հնարավոր է, երեխային հեռու պահել փողի հետ առնչվելու փաստից, քանի որ երեխան պետք է ունենա սեփական ձեռքբերումներ (թեկուզ հողե գնդիկի տեսքով), այլ ոչ թե մտածի դրանք գնելու մասին: Մարդու դաստիարակության տարբեր առաջնորդներ միգուցե կբանավիճեին այս մեթոդի շուրջ, սակայն տվյալ երեխայի դաստիարակության հենքերից մեկը դա էր: Եվ այդ օրը ևս նա ուներ տանից բերված ուտելիք, որին սպասում էր արդեն մոտ քսան րոպե` հիշելու պահից սկսած: Իհարկե, ավելի շատ գրավում էր խնձորի փաստը, որը շատ էր սիրում, բայց ախր ըստ “ճշմարտության” տեսության խնձորն էլ պետք է ուտեր հաց ու պանիրից հետո:
- 45*5 հավասար է ….,- հարցրեց ուսուցչուհին, և հնչեց Վաչեի կողմից երկար սպասված զանգը և արդեն ինչ կարևոր է, թե ինչի է հավասար 45*5-ը:
Երեխաները վազեցին միջանցք` վայելելու իրենց ազատ րոպեները, իսկ Վաչեն որոշեց զոհաբերել վազքի հնարավորությունը և ուտել մայրիկի դասավորած սնունդը ճիշտ հերթականությամբ: Դասարանում այդ պահին ոչ ոք չկար, ինչը նպաստեց, որ ուտելիքի ոչնչացումը մեծ ախորժակով իրականացվի: Մոտ երեք րոպե անց արդեն խնձորի վերջին կտորն էլ չկար, բայց Վաչեն գոհ էր և նույնիսկ պատրաստ էր ռուսերենի դասին: Հավաքեց սեղանից ավելորդ իրերը, դասավորեց ռուսերենի դասի համար անհրաժեշտ բոլոր պարագաները և դեռ ուներ մի քանի ազատ րոպե: Չէր ուզում դուրս գալ միջանցք, քանի որ չէր հասցնի վազվզել, բացի այդ խիստ գոհ էր իր անցկացրած նախորդ րոպեներից: Սկսեց ուշադիր նայել մորաքրոջ նվիրած գրչի վրայի պատկերներին, որոշեց դրանցից մի քանիսը նկարել երեկոյան, երբ, իհարկե, բոլոր դասերն արած կլինի: Նույնիսկ հիշեց, որ ռուսերենի դասը շատ լավ էր սովորել և որոշեց անպայման պատասխանել` առանձնանալով ընկերներից (քանի որ գիտեր, որ ռուսերեն լավ է խոսում):
Նման մտորումներն ընդհատվեցին բարակ և դողացող ձայնով: Վաչեն պտտվեց և տեսավ համադասարանցի մի աղջկա, ով ամաչկոտ հայացքով իրեն հարց էր ուղղում: Այդ հարցը ինչ-որ չափով Վաչեի համար հասկանալի դարձրեց “նույնիսկ փոքր քաղցրավենիքը ընտանիքի բոլոր անդամների մեջ կիսելու” գաղափարը և, ամենայն հավանականությամբ, փոխեց ինչ-որ բան նրա մեջ ապագայի համար ևս:
Աղջնակը հարցնում էր, ընդ որում` հարցնում էր շատ ցածր և վախեցած.
- Ուտելու ինչ-որ բան ունե՞ս:
Վաչեն հիշեց խնձորը:
Այս պահին դաստիարակության մեթոդները չխոսեցին նրա մեջ, նա ինքը կուզենար կիսել իր ուտելիքը, մասնավորապես` խնձորը, որն արդեն չկար: Մի պահ փոքր մարմնում մեծ հոգին չտեղավորվեց, տակնուվրա եղավ, ուզեց դուրս պրծնել ուտելիքի որոնման համար, բայց պետք էր ինչ-որ բան ասել.
- Նոր կերա…,-կմկմաց…
Աղջկա հայացքն ավելի տխուր և հուսահատ դարձավ, քանի որ նա միշտ տեսնում էր Վաչեի սննդային և աղանդերային պաշարները, որոնք այսօր, ավաղ, սպառված էին: Աղջիկը մտածեց, որ ինքն ուղղակի հաջողակ չէ (աղջկական մտածելակերպ), ուսերն ակամայից վեր բարձրացան, պտտվեց դանդաղորեն և հեռացավ:
Եվ Երկիրն ինչպես միշտ պտտվում էր իր առանցքի շուրջ նույնիսկ այդ օրը…
Դասի սկիզբը “ավետող” զանգը հնչեց և ռուսերենի դասը սկսվեց:
Ռուսերենի դասին ներկա Վաչեն էապես տարբերվում էր մաթեմատիկայի դասին ներկա Վաչեից: Դրանք միանգամայն տարբեր էակներ էին: Հիմա չէր էլ հիշում, որ դասը լավ էր սովորել, որ ուզում էր պատասխանել և առանձնանալ ընկերներից: Նա անընդհատ հիշում էր իր` ախորժակով կերած խնձորը և նիհարիկ աղջկա վեր բարձրացած ուսերը: Արտաքուստ դա դրսևորվում էր երեխայի անհանգստությամբ, ով չի ուզում հանգիստ նստել, անընդհատ շարժվում է և կողքերը նայում: Խնդիրը լուծում էր պահանջում. փոքր մարմինը չէր տանում իր իսկ մեծ հոգին: Մարմինը հանդուրժեց ալեկոծված հոգին մոտ տաս րոպե, այնուհետև վրա հասավ խնդրի լուծման վերաբերյալ որոշման կայացումը: Տիեզերքում քիչ է պատահում, երբ զգայական և մտածողության մակարդակներն այդքան համահունչ են գործում և արդյունքի են հանգեցնում: Աչքերը փայլեցին, սիրտն արագ բաբախեց և ձեռքը ակամայից բարձրացավ: Ուսուցչուհուն թվաց, թե դաս է ուզում պատասխանել, բայց տղան պատճառաբանեց, թե դուրս գալ է ուզում դասասենյակից: Ուսուցչուհին առանց երկար մտածելու համաձայնվեց և շարունակեց իր դասը: Նա չգիտեր, թե այդ պահին ինքն իր համաձայնությամբ ինչ արարքի է նպաստում:
Վաչեն դուրս պրծավ դասասենյակից և, օգտագործելով վազքի բնագավառում բակում, ամառանոցում և դասամիջոցների ընթացքում ձեռքբերված փորձը, հասավ դպրոցում աշխատող պապիկի աշխատասենյակը և ներխուժեց վայրենաբար: Պապիկը վախեցավ մի պահ, սակայն, լսելով թոռնիկի խնդրանքը, հանգստացավ: Առանց խորանալու սիրելի թոռնիկի խնդրանքի պատճառների մեջ (այդ պահին պապիկը չէր հիշում նրա նկատմամբ կիրառվող դաստիարակչական մեթոդների բուն էությունը և նպատակը)` կատարեց այն:
Վայրկյաններ անց Վաչեն կանգնած էր դպրոցական կաֆետերիայի դրամարկղի մոտ, որտեղ նրա հասակը չէր էլ ներում տեսնելու ցուցադրված ամեն ինչը: Նույն պահին կաֆետերիայի աշխատակիցը գորովանքով նայում էր կոլեգայի թոռնիկին` մտածելով, որ նա սոված է: Հարցրեց.
- Ի՞նչ ես ուզում, տղա՛ս:
- Կարկանդակ,- հնչեց հպարտ պատասխանը:
Միասին ընտրեցին նորաթուխ կարկանդակներից ամենամեծը և ամենագեղեցիկը, որը տեղավորեցին փաթեթի մեջ: Պապիկից ստացված փողը հպարտությամբ փոխանցեց գանձապահին, սակայն նույն պահին մտածեց, թե մայրիկը ինչ կասեր, եթե իր ձեռքում փող տեսներ: Միգուցե դժգոհ լիներ, բայց չէ որ այս պահին փողը պետք եկավ, այն էլ ինչքան (հետաքրքիր է` մայրիկը ինչու՞ փող չի սիրում): Որոշեց չասել մայրիկին այս իրադարձության մասին, հետո մտածեց, որ պապիկը կասի, հետո… ուրիշ բաներ մտածեց և որոշեց այդ պահին դրա մասին չմտածել: Նա ավելի կարևոր գործ ուներ…
Մինչև դասարան քայլեց ավելի հանգիստ, քանի որ հոգին հանդարտվել էր: Հոգին արդեն իր կարողացածն արել էր: Հասավ դասարան, կամացուկ բացեց դուռը և սահեց մինչև իր նստարանը: Դասի ավարտին քիչ էր մնացել, բայց ինքն արդեն չէր անհանգստանում:
- “Окно” пишется через “О”,- ասաց ուսուցչուհին, և աստեղային զանգը հնչեց:
Բոլոր երեխաները համախմբված դուրս վազեցին: Դասարանում մնացին երկուսը: Այս անգամ ամաչկոտ մոտեցողը Վաչեն էր, քանի որ նա չէր հասկանում, թե իր արարքը ինչպիսինն է և ինչ գնահատական կստանա աղջկա և հետո նաև մայրիկի կողմից: Մոտեցավ աղջկան և կամացուկ դիպավ ուսին: Աղջիկը պտտվեց և նրա հայացքը կրկին դարձավ տխուր: Վաչեին տեսնելով` հիշեց, որ սոված է և ուտելու ոչինչ չկա: Հարցական հայացքով շարունակում էր նայել, երբ Վաչեն տատանվելով փաթեթից հանեց աշխարհի ամենագեղեցիկ կարկանդակը:
- Սա քեզ,- կարողացավ արտաբերել դժվարությամբ:
Աղջկա հայացքն ավելի հարցական դարձավ: Չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Մի կողմից` արդեն համակերպվել էր իր անհաջողակ լինելու գաղափարի հետ, մյուս կողմից` իրեն դուր էր գալիս նաև հաջողակ լինելու տարբերակը (ուղղակի նա չէր կարողանում հավատալ, որ կարելի է լինել այդքան հաջողակ): Եվ, զգացմունքային տարբեր վայրիվերումների արդյունքում հարցրեց.
- Ամբո՞ղջը, թե՞ կեսը (ամենայն հավանականությամբ աղջկա ընտանիքում էլ էր հարազատների մեջ “բարիքները կիսելու” գաղափարախոսությունը տիրում):
- Ամբողջը,- հնչեց խրոխտ պատասխանը:
Աղջնակը մտածեց, որ նման բան աշխարհում միայն իր հետ կարող է պատահել (կրկին աղջկական մտածելակերպ) և վերցրեց հոգեկան պոռթկումների ծնունդ հանդիսացող կարկանդակը: “Շնորհակալությունը” բառացի չհնչեց, քանի որ այն, վերածվելով երախտագիտության և երջանկության համերաշխ միացության, արմատացել էր աղջկա հոգում և իր արտացոլումը գտել նրա մուգ մոխրագույն աչքերում:
Վաչեն չէր էլ սպասում “Շնորհակալություն” բառին, քանի որ չէր սպասում:
Նա դեռ մտածում էր, որ ավելի լավ կլիներ, եթե խնձորի վերջին կտորը պահած լիներ…
Եվ, Երկիրն ինչպես միշտ պտտվում էր իր առանցքի շուրջ նույնիսկ այդ օրը…
Իմ ամենամեծ արժեքը

Կա մի խնդիր, որի հետ առնչվում եմ ցավոք ամեն օր։ Դա հայրենիքիս նկատմամբ սիրո բացակայությունն է և նրա նկատմամբ արհամարհանքը հայրենակիցներիցս շատերի կողմից: Անշուշտ, շատերն են խոսել, գրել, երգել և ի վերջո մտածել հայրենասիրության մասին, բայց դասական սահմանումները շատ հաճախ չեն բավարարում հոգու մղումներին և չեն լուծում այն խնդիրը, որն արմատացած է շատերիս բանականության մեջ: Եվ այսօր ես որոշեցի գրել իմ զգացած հայրենասիրության մասին, փորձել տալ հայրենասիրության իմ սահմանումը, որը հուսով եմ փոքր-ինչ կփորձի լուծել խնդիրը…առնվազն ինձ համար…առնվազն այսօր…
Հայրենասիրության մարմնացում Գարեգին Նժդեհի պնդմամբ. “Հոգեբանորեն անհայրենիք է նա, ով պատրաստ չէ ամեն վայրկյան մեռնելու իր հայրենիքի համար”… Միանշանակ ես դեռ Նժդեհ չեմ, և, անկեղծ ասած, չեմ էլ հանդգնում ասել, որ վաղը կլինեմ, ուղղակի կարող եմ պնդել, որ ինձ հաճելի է գիտակցել, որ կան մարդիկ աշխարհում, ում համար հենց սա է հայրենասիրությունը և որ հայրենիքն ավելի բարձր արժեք է, քան ավելի տաք տանը բնակվելը: Նման մարդկանց եմ շնորհակալ այսօրվա Հայաստանի գոյության համար, ընդ որում` բազմաթիվ անձանց կողմից հայրենիքի նկատմամբ սերն է այն հստակ ուղին, որը երաշխավորում է Հայաստանի կայուն ապագան և զարգացումը: Ինչպես որ մեր երեխայի նկատմամբ սերն է նրան դարձնում հասարակության լիարժեք և կայացած անդամ, այնպես էլ հայրենիքի նկատմամբ առողջ սերը կարող է նրան վերածել աշխարհի հզոր տերություններին համարժեք մասնիկի:
Այնուամենայնիվ, ես գտել եմ Նժդեհի հայրենասիրության մեկ այլ, ավելի մեղմ և եսասիրական սահմանում, որտեղ մահվան մասին ոչինչ չկա: Այն իմ հոգեկան մղումների հետ համահունչ է այնքան, որ ինձ թվաց, թե ես լսել եմ դա ներքուստ: “Ես և հայրենիքս – մենք լծորդված ենք իրար` ինչպես հոգի և մարմին, ինչպես նպատակ և միջոց. Նա գերագույն նպատակ է, ես` միջոց:”
Ես ինձ հայրենիքիս մի մասնիկն եմ զգում, որի կայունությունը կարևոր է ամբողջության համար: Ես ինձ հայրենիքիս գոյության պարտադիր պայման եմ համարում, քանի որ ես նրա զավակն եմ և նրա ներկայացուցիչը աշխարհում: Եվ ուզում եմ, որ իմ շրջապատում ապրող բոլոր մարդիկ այդպիսի զգացում ունենան և իրենց զարգացումը պարտադիր համարեն ոչ միայն իրենց, իրենց ընտանիքների, այլև իրենց հայրենիքի համար:
Հայրենիքի նկատմամբ սերն ինձ համար ընդգծվում է հատկապես հայրենիքից դուրս: Աշխարհի այլ վայրերում մշակույթի և արվեստի ամենագեղեցիկ, տպավորիչ գործերն ինձ համար աշխարհընկալման մի տարր են, գիտելիք, տեղեկատվություն, նորություն, հանգստի ձև, որը մինչ այդ չէի տեսել և գնահատել:
Հայրենիքիս լքված եկեղեցիներն ու վայրերը ինձ հոգու նոր շունչ են տալիս և ստացած զգացողություններն անհամեմատելի են ցանկացած այլ զգացողության հետ… Դրանք հոգեկան են ու մտավոր, դրանք բնական են ու անթաքույց: Հայաստանի ծառերն են ինձ անկրկնելի թվում, Հայաստանի դեղձի և ծիրանի համն է ինձ ուրիշ թվում, Հայաստանում աճող վարդերն եմ ես սիրում, հայ մարդու հետ շփվելիս եմ ես ինձ տանը զգում…
Այս ամենի արդյունքում ես գիտակցում եմ մի պարզ բան. Ես ավելի երջանիկ վերադառնում եմ Հայաստան, քան մեկնում եմ Հայաստանից: Եվ դա ոչ այլ ինչ է, քան հայրենասիրություն:
Եվ ես ուզում եմ տեսնել իմ բոլոր հայրենակիցներին այդպիսին. լինել կապված այն հողի ու ջրի հետ, որոնցից նրանք կյանք են ստացել ու սնվել: Այդ հողն ու ջուրը թող միշտ թվան գերբնական, անկրկնելի, միակ, ոչ թե այն բանի համար, որ, իրոք, անկրկնելի են, այլ որովհետև դրանք մերն են, մենք նրանց ենք սովոր, ու դա ենք տեսել մեր ծննդյան օրվանից: Դրա մեջ ոչ մի փիլիսոփայական տարր չկա. դա մարդ արարածն է, ով սիրում է իր տունը, իսկ հայրենիքը մեր տունն է, և մենք բոլորս ունենք այս պահին մեկ տուն: Մեր հայրենիքը զարգացնելու միակ նախադրյալը այն սիրելն է և նրան չփնովելը:
Ինչպես ընտանիքի անդամներին ենք մենք սիրում անկախ նրանց բնավորության գծերից, այնպես էլ հայրենիքը պետք է սիրենք անկախ նրա ճանապարհների որակից, տրանսպորտի և կապի ենթակառուցվածքից, սպասարկման որակից և ձևից, քանի որ հայրենիքը վայր է, իսկ մնացածը մենք ենք կառուցում կամ չենք կառուցում: